Step1.am-ի հարցերին պատասխանել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
-Պարո՛ն Այվազյան, Արցախից բռնի տեղահանված փախստականների հարցը ինչպե՞ս պետք է լուծվի։
-Իմ կարծիքով՝ արցախցիները միջազգային երաշխիքների ներքո պետք է վերադառնան Արցախ։ Իրենք նաեւ գույքային իրավունք ունեն Արցախում։ Այն ողորմությունը, որն առաջարկում են արցախցիներին, կարո՞ղ է փոխարինել հայրենիքին։ Իսկ ընդհանրապես հայրենիքը գին ունի՞, ո՞վ է սահմանել հայրենիքի գինը։
-Արցախցիների վերադարձի համար Հայաստանի իշխանությունների կողմից համապատասխան աշխատանք կատարվո՞ւմ է, ինչպե՞ս պետք է ապահովվի վերադարձը։
-Ես տեսնում եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից արված քայլերը՝ նրանք Նախիջեւանում միջոցառումներ են կազմակերպում, Լոնդոնում, Վարշավայում խոսում են այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելով։ Իսկ մեր ազգին ապրելու իրավունք չեն տալիս։ Ես չեմ տեսնում «խաղաղության դարաշարջանը» եւ իմ հայրենիք Հայաստանը որպես խաչմերուկ չեմ տեսնում։ Եվ ուրեմն, մենք պետք է համարժեք գործողություններ անենք։ Ադրբեջանը չի կշտացել Արցախի ժամանակավոր կլանմամբ։ Հիմա թուրքական նացիզմը ուզում է ներթափանցել յուրաքանչյուրիս տուն, մեր շեմին է կանգնած։ Եվ մենք պետք է համապատասխան գործողություններ կատարենք, ոչ թե լոլոներ կարդանք։
Պետական մակարդակով ոչ մի հակազդեցություն գոյություն չունի, դա երեւում է անզեն աչքով։ Ի՞նչ պետք է անենք մենք, պետք է լցվենք համբերությամբ ու գործենք՝ խաղադրույքը դնելով Սփյուռքի, արցախահայության եւ Հայաստանի հայության միասնականության վրա։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Մնացածն ընդամենը քարոզ է, այն էլ չհաջողված։ Այսօր տեսնում ենք, որ այդ «սահմանազատում-սահմանագծումը» գիտությունից ու ընդհանրապես ամեն ինչից հեռու է։ Երբ թշնամի պետության հետ չկա հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Իրենք հավակնություններ ունեն Հայաստանի տարածքի նկատմամբ, դա Ադրբեջանում նացիստական ռեժիմի արդյունք է, նրանց հետ պայմանավորվել չի կարելի, չի ստացվի, ինչքան զիջես, ավելին կպահանջեն։
Արցախցիները կվերադառնան Արցախ, իսկ եթե Ադրբեջանը շարունակի վայրահաչել, ապա նաեւ ադրբեջանահայության հարցը պետք է առաջ բերվի։ Իսկ միայն Բաքու քաղաքում գույքային հարցը մոտ 100 մլրդ դոլար արժե։ Եվ այնպես չէ, որ Ալիեւն ինչ ցանկանա, կանի։ Ադրբեջանը կմտնի ներքաղաքական ցնցումների մեջ։ Ադրբեջանը նախատեսում է նոր ընտրություններ, ինչի՞ համար, ներքաղաքական անկայունությունն ինչ-որ չափով կարգավորելու համար։ Խոսակցություններ են գնում, որ աշնանն Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Ուրեմն, մենք դրան պետք է պատրաստ լինենք, ոչ թե ինչ-որ մեկի ուղեղում ծնված «խաղաղության դարաշրջանի» մասին երազենք։
Ռոզա Հովհաննիսյան