Ավելի քան 40 տարի Արցախում մատաղ սերունդ կրթած Միրա Հայրապետյանը Մեծամորում զբաղվում է հողագործությամբ․ Արցախը իմ սրտում՝ ես կշարունակեմ հող մշակել։
Միրա Հայրապետյանը, երբ 2023 թվականի մայիսին վայր դրեց դասամատյանը և հրաժեշտ տվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցին, որոշել էր լիովին նվիրվել հողագործությանը․ մանկավարժությանը զուգահեռ նա լավ էր հասկանում նաև հողի լեզուն և տարիներ շարունակ անթերի մշակում այն։ Սակայն նա չէր պատկերացնում, որ նախախնամությունը այլ ճակատագիր էր նախատեսել։ Հողի սիրահարը շարունակում է հող մշակել, սակայն արդեն Մայր Հայաստանում։
-Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, բոլորի հետ մենք ևս հայտնվեցինք Ստեփանակերտի օդանավակայանում, որտեղ մնացինք մինչև 27-ը։ Այդ ընթացքում արդեն սկսվել էր ժողովրդի տեղահանումը։ Ես չէի կամենում հեռանալ, քանի որ երկու որդիներս առաջնագծում էին և հայտնի չէր, թե երբ կվերադառնան։ Ավագ որդիս՝ Էրիկը, որ ծառայում էր Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում, հայտնվել էր շրջափակման մեջ։ Կրտսեր որդուցս՝ Էդգարից, ևս լուր չկար։ 27-ին, կեսօրից հետո 5 սպիտակ ավտոբուս ուղարկեցին, որ օդանավակայանում մնացած մարդկանց տեղափոխեն․ հրահանգ էր՝ օդանավակայանը ազատել։ Մեր կամքին հակառակ բռնեցինք գաղթի ճանապարհը։ Չէի կարող վտանգել թոռնիկներիս կյանքը։ Աղջիկս՝ Մարիաննան, չեկավ մեզ հետ, նա մնաց, ասելով, որ մինչև եղբայրները չանցնեն Հակարին, ինքն Արցախից դուրս չի գա։
Երբ հասանք Գորիս, մեզ ցանկացան տեղափոխել Թալին, սակայն ես մոտեցա տեղավորման գործով զբաղվող հանձնախմբին և խնդրեցի մեզ մեկ գիշեր ժամանակ տալ, որ սպասեմ տղաներիս վերադարձին։ Ընդառաջեցին ու գիշերակաց տվեցին Գորիսի դպրոցներից մեկում։ Հաջորդ օրը՝ կեսօրից հետո, զավակներս ողջ ու առողջ եկան մեզ մոտ։ Ու բոլորս միասին Գորիսից դուրս եկանք ու հաստատվեցինք տարբեր բնակավայրերում։
Հոկտեմբերին ես ու աղջկաս ընտանիքը տեղափոխվեցինք Կոտայքի մարզի Գառնի գյուղը։ Այնտեղ մնացինք մինչև 2024-ի հունվարի 12-ը։ Այդ օրը մեր ընտանիքի համար ճակատագրական օր էր։ Շմոլ գազի թունավորումից մի կերպ փրկվեց ընտանիքս։ Հրաշքով ենք փրկվել, Աստված գթասիրտ եղավ մեր հանդեպ։ Երեխաներս համարյա անշնչացած էին, սակայն Աստծո կամոք կանխվեց մեծ ողբերգությունը։
Մեզ հասցրին հիվանդանոց, որտեղ սկսեցինք կազդուրվել, սակայն Գառնի վերադառնալ այլևս չէինք ուզում։ Լսելով կատարվածի մասին՝ մեզ այցելության եկավ մեր համաքաղաքացի ու ազգակից Նվեր Գաբրիելյանը։ Նա առաջարկեց բնակություն հաստատել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում և այնտեղ զբաղվել հողագործությամբ՝ ասելով, որ կտրամադրի 5000 մետր հողատարածք։
Փետրվարի 6-ին հիվանդանոցից դուրս գրվելով՝ տեղափոխվեցինք Մեծամոր, որտեղ Նվերը մեզ օգնեց տեղավորվել։ Հետո Մեծամորում հաստատվեցին նաև փոքր որդուս ու եղբորս տղայի ընտանիքները։ Էդգարի, Սևակի, Սասունի հետ՝ Նվերի գլխավորությամբ, սկսեցինք զբաղվել հողի մշակմամբ և ստացանք ցանկալի արդյունքները։
Հողի գործը շատ ծանր է, իհարկե, չարչարվում ենք, հոգնում, բայց այս դժվար իրավիճակից դուրս գալու միակ ճիշտ ելքն էր։ Այսօր ձմերուկի մեր առաջին քաղն է, իսկ բանջարեղենը ավելի վաղ ենք սկսել իրացնել։ Պահանջարկը շատ մեծ է։ Բերքը իրացնում ենք Էջմիածնի շուկայում, ինչպես նաև կան մարդիկ, որ գալիս ու դաշտից են տանում։ Մեր հողատարածքը գտնվում է Մեծամորից մոտ 5 կմ հեռավորության վրա,-պատմում է տիկին Միրան և ավելացնում, որ օրերս Գաբրիելյանների՝ նախկինում ղեկավարած Ղլիժբաղի կոլեկտիվը ներկայացել ու աջակցել է բերքահավաքի աշխատանքներում։ Ինչպես միշտ, արցախցիները սատար են իրար։
Ավելի քան 40 տարի մատաղ սերունդ կրթած ու հայեցի դաստիարակություն տված Միրա Հայրապետյանը չի կարողանում հարմարվել Հայրենիքի կորստին։ Նրա երեք զավակները ԱՀ ՊԲ զինծառայողներ էին, ամուսինը՝ Արցախյան ազատամարտի վետերան։
-Երբեմն ինձ հարցնում են՝ հարմարվե՞լ եմ արդյոք։ Ո՛չ, չեմ հարմարվել։ Ես սրբացված հող եմ կորցրել, հարազատներիս, ամուսնուս գերեզմաններն եմ այնտեղ թողել։ Ո՞նց հարմարվեմ։
Ավագ որդիս աշխատանք գտնելու նպատակով մեկնել է ՌԴ, շուտով ընտանիքը ևս կմիանա նրան։ Այստեղ նա իր տեղը չկարողացավ գտնել։ Որոշ ժամանակ մի մասնավոր դպրոցում էր աշխատում։ Ինչպես ինքն էր ասում՝ ունևոր մարդկանց երեխաների առաջ դուռ էր բացում-փակում։ Մարտական փառավոր ուղի անցած, փոխգնդապետ մարդը չկարողացավ դիմանալ։
Ցավոք, մյուս որդիս ու եղբորս տղան ևս ցանկանում են տեղափոխվել Ռուսաստան, բայց այս պահին, երբ գյուղատնտեսական եռուն շրջան է, չեն կամենում ինձ մենակ թողնել։ Ես աղջկաս ընտանիքի հետ մտադիր եմ մնալ Հայաստանում, ու նպատակ ունենք այստեղ տուն ձեռք բերել։ Ուրիշ երկրում ես չեմ կարող լիաթոք շնչել։ Ես Մայր Հայաստանում եմ, այս հողը նաև իմ հողն է։ Արցախը իմ սրտում՝ ես կշարունակեմ հող մշակել։ Ի դեպ ասեմ, որ Ասկերանից հեռանալիս ինձ հետ վերցրել եմ լոբու, դդմի, կծու բիբարի և դդմիկի տեղական սերմեր, այստեղ դրանք աճեցրել եմ, բերք ստացել ու նորից սերմեր կվերցնեմ՝ Արցախ տանելու համար։
Երազում եմ՝ տուն վերադառնալ։ Երբեք չեմ դադարի հուսալ ու հավատալ,-շարունակում է տիկին Միրան։
“Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն” ՀԿ-ի կանանց հզորացման և զարգացման “Վերածնունդ” ծրագրի շրջանակներում Միրա Հայրապետյանը ձեռք է բերել էլեկտրական վառարան՝ նախատեսված ժենգյալով հաց թխելու համար և հողագործությանը զուգահեռ արցախյան ժենգյալով հաց է թխում։
Նա երազում է Ասկերանի իր բանջարանոցում շարունակել հողագործի իր աշխատանքը, որի մեջ ավելի է հմտացել Հայաստանում։ Նա մտքով ամեն վայրկյան տանն է, իր այգում ու բանջարանոցներում։ Միրա Հայրապետյանը երազում է իր տանը ժենգյալով հաց թխել ու երանի է տալիս այն օրերին, երբ շրջափակված Արցախում կարողանում էին ուժ հավաքել, իրար թև ու թիկունք լինել, իսկ մենք չենք կարող չվկայել նրա առատաձեռն, հյուրասեր ու բարի արցախցու տեսակի մասին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: