Արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքն անընդունելի է

Արման Թաթոյանի եւ Գեղամ Ստեփանյանի համատեղ հայտարարությունը
Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։
Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։
Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է։
Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։
Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաև որևէ իրավական հիմք չունեն։
ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արարքների քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական, ինչպես նաև քաղաքական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։
Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար։

Հանդիպում հունիսի 21-ին․ հարթակ սոցնախարարության եւ արցախցիների կապի համար

«ԼՈՖԹ» ՀԿ-ի և ՀՀ կառավարության համագործակցությամբ հունիսի 21-ին, ժամը՝ 16:00-ին, երևանյան Լոֆթում (Մոսկովյան 3) տեղի է ունենալու հանդիպում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ:

Նպատակն է քննարկման բաց հարթակ ստեղծել նախարարի տեղակալի և ԼՂ-ից բռնիտեղահանված մեր հայրենակիցների միջև՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով բարձրաձայնել հուզող բոլոր հարցերը։

ՄՈՒՏՔԸ՝ ԱԶԱՏб ԳՐԱՆՑՈՒՄԸ bit.ly/3KK7Kmw (պարտադիր է)

Հանդիպումը նախատեսված է 16+ տարիքային խմբի ներկայացուցիչների համար։ Իրադարձության մասնակիցների առավելագույն քանակը՝ 75 անձ։

Մարատ Պողոսյանի բազմազավակ ընտանիքը գլուխ չի հանում իրավական խառնաշփոթ իրավիճակից

Արցախի Դաշուշեն գյուղից Մարատ Պողոսյանի բազմազավակ ընտանիքը նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին է բռնի տեղահանվել։ Մի քանի բնակավայր փոխելուց հետո այժմ նրանք բնակվում են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ վարձակալությամբ։ Մարատ Պողոսյանն ասում է, որ Արցախում 17 տարի ծառայել է Պաշտպանության բանակում՝ որպես պայմանագրային, Արցախում են թողել իրենց ունեցվածքը, ոչինչ չեն հասցրել բերել։ Այսօր նրանց ընտանիքը մեկն է Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքներից, որոնք բախվել են Հայաստանի կառավարության ստեղծած խառնաշփոթ իրավիճակին։ Մարատն ու իր ընտանիքը չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ կարգավիճակով են Հայաստանում։

«Ոչինչ չունեմ, ունեմ 5 անչափահաս երեխա, երեխաների համար նպաստ չենք ստանում։ Նպաստ ստանալու համար ասում են, որ պետք է փախստականի ժամանակավոր կագավիճակ վերցնեք։ Մեր փաստաթղթերը, ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայանները թողել ենք Արցախում, եւ մեզ փախստականի կարգավիճակ չեն տվել դեռ։ Հիմա ասում են՝ Ջերմուկում պետք է 6 ամիս բնակվեք, որ ձեզ տեղեկանք տանք։ Հարցրել եմ՝ ինչի՞ համար, ասել են՝ կառավարությունն է այդպես որոշել։ Բա կառավարությունը, որ այդպես որոշել է, չի մտածե՞լ, որ այս երեխան կաշա է ուտում, որտեղի՞ց պետք է գնենք։ 50+10 հազար դրամ աջակցությունն էլ միայն ես եմ ստանում, քանի ամիս է՝ կինս չի ստանում, ասում են՝ խնդիր կա, նամակ ենք գրել կառավարությանը, ասում են՝ ձեր հարցումն ընդունված է, բայց մինչեւ հիմա պատասխան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Մարատը։

Ջերմուկում բնակարանը վարձակալել են 60 հազար դրամով։ Մարատն ասում է, որ համեմատաբար ցածր գին է սա, մյուս բնակավայրերում  իրենցից 150-200 հազար դրամ վարձ են ուզել։ «Ես էլ տեղավորվել եմ ծառայության, երկրապահների հետ մեկ ամիս գնում եմ պոստեր, մեկ ամիս տանն եմ, 200 հազար դրամ փող եմ ստանում, չի հերիքում, 5 անչափահաս երեխեք կան։ Արցախում 17 տարի ծառայել եմ, պայմանագրային եմ եղել, երկու պատերազմի եմ մասնակցել»,- հավելեց նա։

Մարատի կինը՝ Լուսյա Մուսայելյանն ասում է, որ Արցախում զբաղվել են անասնապահությամբ, հողագործությամբ, ունեցել են ջերմոցներ, հավեր, կովեր։ Այդ ամենը թողել այնտեղ ու բռնի տեղահանվել են։ Մտածում են օգտվել Հայաստանի կառավարության բնակապահովման աջակցության ծրագրից, քանի որ 5 երեխաների հետ դժվարանում են վարձակալությամբ բնակվել։ Մարատն ասում է, որ ուզում է սահմանամերձ բնակավայրերից մեկում տուն վերցնել, զբաղվել անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ։

«Մենք սովոր ենք սահմանամերձ բնակավայրերում ապրել, չենք վախենում։ Դաշուշենում թուրքը մեզանից մի 20 մետր հեռավորությամբ նստած է եղել։ Ո՛չ կինս, ո՛չ ես չենք վախենում սահման պահելուց, մենք պատրաստ ենք սահմանամերձ գյուղում տուն կառուցել, մենք գյուղում ենք ապրել, գյուղ ենք սիրում։ Մարզը կապ չունի, կարեւորը մենք կարողանանք բնակվել ու զբաղվել գյուղատնտեսությամբ»,- ասաց նա։

Բնակապահովման ծրագրի մասին եւս պատկան մարմինները բավարար տեղեկատվություն չեն տրամադրել Մարատ Պողոսյանի ընտանիքին։ Նա լրագրողներից է հարց ու փորձ անում, թե ինչպե՞ս  պետք է դառնա ծրագրի շահառու։ Տեղեկանալով, որ պարտադիր պայման է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը, ասաց, որ թեպետ չի ուզում հրաժարվել Արցախի անձանգրից, բայց եթե երեխաներին բնակարանով ապահովելու միակ տարբերակը ՀՀ քաղաքացիություն ընդունելն է, պատրաստ է գնալ այդ քայլին։

Արցախ վերադառնալու մասին այս ընտանիքը երազում է։ Մարատն ասում է՝ վերադարձի հույս այսօր չի տեսնում։ Կինը նշում է, որ հույսը միշտ պահում է։ «Մեծ հույսով մենք ուզում են վերադառնալ Արցախ, մեր տուն, թեկուզ ջարդված ու ավերված, մենք նորից կվերականգնենք, նորից տուն կսարքենք, միայն թե ապրենք մեր հողում, մեր Արցախում»,- ասաց Լուսյա Մուսայելյանը։

Ռոզա Հովհաննիսյան

 

Ինչո՞ւ է մեզ պետք հողն առանց խաղաղության, թե՞ ինչու է պետք խաղաղությունն առանց հողի

Նիկոլ Փաշինյանն այցելեց Սյունիքի մարզ և խոստացավ այս “դրախտային հողերը” վերածել մարդկանց իսկական դրախտի. խաղաղություն հաստատվելուց, սահմաններն ու ճանապարհները բացվելուց հետո Սյունիքը կվերածվի «խաչմերուկի» մայրաքաղաքի, և բոլորը կապրեն։

Երեսուն տարի Հայաստանը հենվել է «ինչու է մեզ պետք խաղաղություն առանց հողի» հայեցակարգի վրա, և դա մեծ ոգևորություն չէր առաջացնում հայ հասարակության մեջ, բացառությամբ թերևս որոշակի շրջանակների։ Վերջին տարիներին ակտիվորեն առաջ է քաշվում «մեզ ինչի՞ն է պետք հող առանց խաղաղության», “ինչու մեր որդիները պետք է զոհվեն ուրիշի հողի համար” հայեցակարգը։

Այս նոր հայեցակարգն այնքան գրավեց շատերին, որ նույնիսկ 2020-ի պատերազմից հետո մարդիկ ընտրություններում քվեարկեցին այս անհող հայեցակարգի պրովայդերի օգտին։ Եվ հիմա, երբ Արցախը օկուպացվեց, նրա բնիկ բնակիչները վտարվեցին իրենց հազարամյա հայրենիքից, երբ Տավուշի մարզի 4 գյուղեր առանց մեկ կրակոցի հանձնվեցին, Սյունիքը գրկաբաց ընդունում է Փաշինյանին։ Ավելին, շատերն արցախցիներին մեղադրում են իրենց հողը լքելու և այժմ Հայաստանում իշխանափոխություն անելու փորձի մեջ։ Իսկ Փաշինյանն ասաց՝ այն, ինչ մենք համարում էինք պարտություն, կարող է մեզ հաղթանակ բերել։ Բոլորը ծափահարեցին։

Փաշինյանը ծանոթացել է Սյունիքում մի քանի ճանապարհների շինարարության ընթացքին, եղել է Շիկահոխ, Սրաշեն, Ներքին Անդ, Ծավ համայնքներում, որոնք 2020 թվականի պատերազմից հետո հայտնվել են խոցելի վիճակում։ Այնտեղ նա ցույց է տվել փշալարը, որով պատրաստվում է ծածկել սահմանը։ Բայց ոչ նրա համար, որ թշնամին չհարձակվի, այլ որ հայ կովերը չանցնեն այն կողմ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան ավտոճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։ Դրանք մեկնարկել են 2024 թվականի մայիսին և նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջը։ Ծրագրի արժեքը 214,4 մլն ԱՄՆ դոլար է, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում են իրանական երկու ընկերություններ։

Ո՞ր ճանապարհն է Սյունիքը դրախտի վերածելու՝ Հյուսիս-Հարավը, որը Հայաստանով Իրանը պետք է միացնի Վրաստանին, թե՞ Մեղրիի ճանապարհը, որն աշխարհում կոչվում է Զանգեզուրի միջանցք և որը կոչված է Հայաստանը մասնատելու:

Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ հաղորդակցությունները կարող են բացվել մինչև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, և իր այցը ապագա «միջանցքի» վայրեր պատահական չէ։ Ինչպես նաև այն, որ սահմանամերձ գյուղերում դպրոցները փակվում են, և Փաշինյանը խոստացել է դպրոցական ավտոբուսներ տրամադրել՝ երեխաներին այլ գյուղեր ուսման համար տեղափոխելու համար։ Ինչո՞ւ են պետք դպրոցները խաչմերուկում։

Իսկ Կապանում գերակա է ճանաչվել Կապան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտի նկատմամբ հետաքրքրությունը։

Շուռնուխում Փաշինյանը ներկա է գտնվել 2020 թվականի պատերազմի և օկուպացիայի ժամանակ իրենց տները կորցրած ընտանիքներին 13 առանձնատների փոխանցմանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աջակցություն է զգում խաղաղության և սահմանազատման օրակարգերին բոլոր համայնքներում։ «Մարդը չի կարող մեկուսացված ապրել, և դրա համար պետք է լինի խաղաղություն, հստակ սահման և անվտանգություն»,- ասաց նա։ Հողի մասին բան չասաց։

Մոխրաթաղ. Արցախը իշխաններ ուներ, ովքեր երկիրը իրավատիրոջ իրավունքով էին կառավարում

Երկիրը պետք է քաջ, խոհեմ ու ինքնագլուխ իշխան ունենա

Կար ժամանակ, որ Արցախը իշխանություն ու իշխաններ ուներ, ովքեր գիտեին երկրի հարգն, իրավատեր էին ու ամեն ինչ անում էին երկրի ազատության ու բարօրության համար։ Կար ժամանակ, որ այդ իշխանների հետ հաշվի էր նստում թշնամին։ Նրանց հզորության առհավատչյան այսօր դեռևս կանգուն ու կիսավեր մնացած բերդերն ու ապարանքներն են, որոնցից մեկն էլ պահպանվել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի մոտ։

Ջրաբերդի մելիքական տան հիմնադիր Մելիք Իսրայելն ապրել է 17-րդ դարի երկրորդ կեսին, նրա անունով էլ տոհմը կոչվել է Մելիք Իսրայելյան։ Ջրաբերդի մելիքներն իրենց անուրանալի ավանդն են ունեցել Արցախի ազգային – ազատագրական պայքարում։ Նրանց մասին Րաֆֆին գրում է «Մնացած մելիքների մեջ Իբրահիմ-խանն ավելի երկյուղ ուներ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումից։ Այդ երիտասարդն իր հոր՝ Մելիք-Հաթամի նման ամենակատաղի թշնամի էր Շուշի բերդի մահմեդական բռնակալներին»։

Մելիք Հաթամը այն նույն Մելիք Ադամն էր, ով 1771 թվականին կառուցել է Մոխրաթաղի ամրոց–ապարանքը, որը դարձել էր Ջրաբերդի մելիքության կենտրոնավայրերից մեկը: Այդ մասին է վկայում ապարանքի գլխատան արձանագրությունը, որի մասին հիշատակել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, նշելով որ այն գտնվում էր արևելյան կողմի չորրորդ՝ քառակուսի երդիկավոր սենյակի վրա․ «Ողորմութեամբն ամենազօրին Աստուծոյ բազում ժամանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս, իսկ բարերարին Աստուծոյ տուավ ինձ կարողութիվն և զՕրութիւն Սուրբ Հոգոյն հանգուցեալ Մէլիք Իսրայէլի որդի ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք և գեղեցկանկար տունս և սարայիս բազմահանճար զորդեակն իմ Մէջլումին․․․․ծ Աստուծոյ աստուածայնով բարեավ վայելեսցէ հանդերձ մեօք ՌՄԻ․․․»։

Ժամանակակցի վկայությամբ, Արցախի մելիքներից «… էր առաջինն, այր խոհեմ, քաջ ի պատերազմի և ինքնագլուխ իշխան» ։ Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Ադամը Արցախի միասնականության, ինքնիշխանության և ազատագրության պայքարի առաջամարտիկն էր 18-րդ դարի երկրորդ կեսին, ով իր ապարանքը կառուցել է Արցախի համար հույժ տագնապի ժամանակներում։

Թե՛ Մակար Բարխուդարյանցը և թե՛ Հայկունին, նշում են, որ ապարանքն ունեցել է  12 տարբեր չափերի սենյակներ, այդ թվում՝ ընտանեկան, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խոհանոց, սպասավորանոց, գոմանոց։ Բոլոր սենյակների լուսամուտները բացված են բերդի ներքին պատերից։ Նկարագրելով ամրոցի արտաքին տեսքը Մ․ Բարխուդարյանցը նշում է․ «Շինութիւնն  ունի արտաքուստ բերդի ձև-քարուկիր բարձր պարիսպ և մի դարբաս  արևելեան կողմից։ Արտաքուստ չափելով ունի 49 մ․ երկարություն, 29,25 մ․ լայնություն»։  Լեոն անդրադառնալով ապարանքին գրում է. «Առանձնապես խնամքով շինված է մելիքի ընդունարանը, որ ունի և սյունազարդ գավիթ»։

Ապարանքի դերը մեծացել է հատկապես 1805 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, երբ ապարանքի տիրակալն էր Մելիք Վանին։ Նա բազմիցս փրկել է ծանր կացության մեջ հայտնված ռուսական զորախմբերին, նաև իր հաշվին՝ Կուսապատում գտնվող Աթաբեկյանների ալրաղացներից ապահովել նրանց հացով։ Նույն Մելիք Վանին էր, որ պարսկական զորքերով շրջապատված Շահբուլաղի բերդից Կարյագինի ջոկատը գիշերով դուրս բերեց ու հասցրեց իր ապարանք։

Մինչև 19-րդ դարի կեսերը այստեղ ապրում էին մելիքական տոհմի ժառանգները։ 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին ապարանքն արդեն անբնակ էր։ Իսկ վերջին տարիներին խիստ ավերված վիճակում, փլվել էր նաև մինչև 2016 թվականը պահպանված գլխատան բրգաձև թաղը։

Եվ այո՛, կար ժամանակ, որ Արցախն ուներ այր խոհեմ, քաջ ի պատերազմի և ինքնագլուխ իշխան/ներ, ովքեր ապահովում էին երկրամասում հայերի հարատևությունը։

Արմինե Հայրապետյան

Առավոտ․ Արցախցիների համար բնակապահովության ծրագրի մասին հարցերին պատասխանում է փոխնախարարը

Առավոտ

Հունիսի 15-ից մեկնարկեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Ծրագրի հետ կապված արցախցիները բազմաթիվ հարցեր ունեն, որոնցից որոշների պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանից:

-Պարո՛ն Խաչատրյան, հունիսի 15-ից Արցախից բռնի տեղահանվածների բնակարանաշինության, բնակարանային ապահովության ծրագիրն ուժի մեջ է: Կարո՞ղ եք ներկայացնել՝ ի՞նչ է նախատեսվում ծրագրով, ի՞նչ առաջնահերթություններ են սահմանված:

-Ծրագրին շահառու դառնալու ընթացակարգը դեռեւս մայիսին, կառավարության 710 որոշմամբ էր հաստատվել: Հունիսի 14-ին կառավարության նիստում հաստատվեց կարգը, որով նկարագրվում է ծրագրից բխող քայլերի հաջորդականությունը, ընթացակարգը: Եվ, ըստ այդմ, հունիսի 15-ից մեր պոտենցիալ շահառուները՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները, կկարողանան առցանց եղանակով դիմել աջակցությունից օգտվելու համար:

-Մի քիչ մանրամասնեք, ի՞նչ է սահմանվում ծրագրով՝ ովքե՞ր, ի՞նչ ընթացակարգերով կարող են դիմել:

-Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց թիվը գնահատվում է շուրջ 25 հազար ընտանիք, կարող են դառնալ այս ծրագրի շահառու: Ծրագրի շահառու դառնալուն պես, ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ անկախ տարիքից եւ սեռից, այսինքն, փոքրերը նույնպես, կունենան աջակցության որոշակի չափ՝ հավաստագրի տեսքով: Այդ հավաստագրերն իրենք կարող են ուղղել կոնկրետ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելուն, կառուցելուն: Աջակցության չափը՝ կախված բնակավայրից, 3-5 միլիոն դրամ է՝ յուրաքանչյուր անձի մասով: 5 միլիոնի համար մենք ունենք շուրջ 240 բնակավայրեր, այդ թվում նաեւ՝ քաղաքային, որտեղ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարենպաստ պայմաններով բնակարաններ ձեռք բերել: Ունենք շուրջ 150 բնակավայր, որտեղ հավաստագրի արժեքը կլինի 4 միլիոն դրամ: Մնացած բոլոր բնակավայրերում հավաստագրի աջակցության չափը կլինի 3 միլիոն դրամ:

Ծրագիրը բոլորի համար է, բայց փուլային դիմում ենք նախատեսում. առաջին փուլով կարող են դիմել 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածների ընտանիքները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները: Ինչպես նաեւ ընտանիքները՝ անկախ կազմից, եթե իրենք աջակցության չափի 50 տոկոսից ավելիի չափով կկարողանան հիփոթեքային գործարք կնքել բանկի հետ. այսինքն, եթե վճարունակ են:

-Ո՞ր քաղաքային բնակավայրերի մասին է խոսքը, քանի որ դժգոհությունները շատ են, որ առաջարկները գյուղական, սահմանամերձ բնակավայրերի համար են:

-Հինգ միլիոն արժողությամբ հավաստագրերի ցանկում կան գյուղական եւ քաղաքային բնակավայրեր Արարատի մարզից, Գեղարքունիքի մարզից, Տավուշի մարզից, Վայոց ձորի մարզից, Սյունիքի մարզից: Քաղաքային բնակավայրերից, օրինակ, Գորիս քաղաքն ունենք, Ճամբարակը եւ այլն: Ընդհանուր առմամբ, 11 քաղաքային բնակավայր 4 կամ 5 միլիոնանոց հավաստագրերի ցանկում են:

-Որքանո՞վ է իրատեսական այդ գումարով բնակապահովման հարց լուծել:

-Յուրաքանչյուր ընտանիք ունի ե՛ւ 3, ե՛ւ 4, ե՛ւ 5 միլիոն դրամանոց հավաստագրից օգտվելու հնարավորություն՝ կախված նրանից, թե իր ընտրած բնակավայրը, որտեղ պետք է ձեռք բերի տունը, որն է: Եթե, օրինակ, ընտանիքը ցանկանա տուն կառուցել կամ բնակարան ձեռք բերել Գորիս քաղաքում, ապա, 6 հոգանոց ընտանիքի դեպքում, աջակցության չափը կկազմի 30 միլիոն դրամ (յուրաքանչյուրին՝ 5 մլն դրամ): Եթե կցանկանա ձեռք բերել Հրազդան քաղաքում, ապա նույն 6 հոգանոց ընտանիքի համար, աջակցության չափը կկազմի 18 միլիոն դրամ (յուրաքանչյուրին՝ 3 մլն դրամ):

-Հայտնի է, որ ծրագրին մասնակցելու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացիություն ստանալն է: Բացի նրանցից, ովքեր ՀՀ քաղաքացիություն չեն ստացել, էլ ովքե՞ր չեն կարող օգտվել այս ծրագրից:

-Ծրագրից բացառություն այն ընտանիքներն են, ովքեր արդեն ԼՂՀ առանձին շրջաններից տեղահանվածների ծրագրով արդեն ձեռք են բերել բնակարան կամ ունեն հավաստագրերը, բայց դեռ չեն իրացրել: 2600 -ից ավելի ընտանիքների մասին է խոսքը: Մյուս խումբն էլ այն ընտանիքներն են, որոնք Հայաստանում ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ տուն:

-Ծրագրի մանրամասները քննարկվե՞լ են արցախցիների հետ:

-Դեռ այս տարվա հունվար ամսին, կառավարությունը սկսել է քննարկումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ. 11 մարզային այցելություն եւ հանդիպում ենք ունեցել, որոնց ժամանակ, տեղահանված մի քանի հարյուր մեր հայրենակիցների հետ՝ ուղիղ հարց ու պատասխանով մենք  քննարկումներ ենք ունեցել, որոնց արդյունքում բավականին փոփոխությունների է ենթարկվել ի սկզբանե նախատեսված ծրագիրը, բնականաբար, հօգուտ մեր հայրենակիցների: Նաեւ ունեցել ենք տարբեր շահագրգիռ խմբերի՝ ՀԿ-ների, ԼՂ որոշ շահագրգիռ անդամների հետ, նրանց մեջ էին նախկին պաշտոնյաներ նույնպես, ունեցել ենք քննարկումներ կառուցապատողների, բանկերի հետ: Կարծում եմ, բավական քննարկված է ծրագիրը, հիմնական խնդիրները բարձրացված ու նախագծված են:

-Ոչ բազմանդամ ընտանիքների համար՝ 1-3 անձ ունեցող, արտոնություններ լինելո՞ւ են՝  հաշվի առնելով բնակարանների արժեքի եւ տրամադրվող գումարի անհամաչափությունը:

-Եթե 2 կամ 3 հոգի նկատի ունեք տարեց մարդկանց, նրանց համար մեկ այլ ծրագիր է նախապատրաստվում: Մենք ունենք բազմաթիվ գույքեր՝ պետական եւ համայնքային նշանակության, որոնք նախապատրաստվում են իբրեւ սոցիալական բնակարաններ՝ խոցելի խմբերի համար: Սա նաեւ հնարավորություն կտա այդ բնակարաններում ապրողներին՝ լինել պետության հոգածության ներքո: Իսկ երիտասարդ կազմով ընտանիքներին՝ 2-3-4 անդամ ունեցող, կարծում ենք, որ ծրագրով, այնուամենայնիվ կկարողանան բնակարան ձեռք բերել: Տեսեք, նույն Գորիսում, 2-3 հոգանոց ընտանիքը, եթե ցանկանա բնակարան ձեռք բերել, նրանց 10-15 միլիոն դրամ է տրամադրվելու. այդ գումարով, 2 հոգանոց ընտանիքի համար նորմա համարվող 40 քառակուսի մետր բնակմակերես, կարծում ենք, կկարողանան ձեռք բերել: Բնակմակերեսի մեկ մետր քառակուսու արժեքը կազմում է 250 հազար դրամ, իսկ նման գումարով Սյունիքի մարզում հնարավոր է ձեռք բերել տուն կամ բնակարան:

-Բազմազավակ ընտանիքներ կան, որոնց երեխան չափահաս է դարձել Հայաստանում: Այսինքն՝ տեղահանման ժամանակ երեք եւ ավելի անչափահասներ էին, հիմա՝ երկուսը : Նման դեպքերում հաշվարկներն ինչպե՞ս են կատարվելու:

-Ծրագրի պայմաններում մենք ամրագրել ենք՝ չափահասությունը ֆիքսելու ենք տեղահանման օրերի դրությամբ. այսինքն, սեպտեմբերի 19-ին, եթե անձի տարիքը եղել է 18-ից պակաս, ապա անձը կհամարվի անչափահաս եւ իրենք կընկնեն երեք անչափահաս երեխայի ընտանիքի հերթի մեջ:

-Ծրագիրը լրացման, փոփոխման ենթակա՞ է՝ ինչ-ինչ իրավիճակներով պայմանավորված:

-Բնականաբար, մենք ծրագրերը չենք մշակում եւ հաստատում այն մտքով, որ այլեւս այն փոփոխման ենթակա չէ, որովհետեւ մեր նպատակը մեր հայրենակիցների բնակարանային ապահովումն է: Եթե որոշ ժամանակ անց կլինի մի իրավիճակ, որ ծրագիրը չի ստացվում իրացնել, օրինակ, անշարժ գույքի շուկայում գներն այնքան են բարձրացել, որ մեր աջակցությունը չի բավարարում, բնականաբար, մենք կարձագանքեք դրան եւ կտանք լուծումներ. դրանք կարող են տարբեր լինել: Առաջիկայում փոփոխությունների կարիք չենք տեսնում, հիմա շուտ է այդ մասին խոսել-մտածել, որովհետեւ դեռ նոր է մեկնարկում ծրագիրը: Գնահատականներ կարող ենք տալ որոշ ժամանակ անց: Կարծում եմ, միառժամանակ ծրագիրն իրացվելի կլինի. փոփոխությունները չեն բացառվում խիստ որոշակի դեպքերի հետ կապված՝ հնարավոր է տեխնիկական խնդիրներ լինեն, բայց ծրագրի հիմնական պայմանների փոփոխություն, մոտակա ժամանակներում, չենք տեսնում:

Նյութը ամբողջությամբ կարդացեք  Առավոտում

Արցախցի Իննան․ իմ երեխաների երազանքները միայն մայր Հայաստանում կարող են իրականալ

Վերաարժևորելով կյանքը՝ արցախցի Իննան չի կորցնում հույսը, որից կառչելով շարունակում է առաջ գնալ

Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղից է Իննան հարս եկել Ասկերան։ Հասարակության սերն ու հարգանքը գրավել է միանգամից։

-Զարդախաչում մանկությունս, պատանեկությունս է անցել, իսկ Ասկերանում ընտանիք եմ կազմել, երեխաներ ունեցել, երջանկացել։ Թվում էր՝ ամեն ինչ լավ էր․ լիարժեք ապրելու համար ունեինք ամեն ինչ, երջանիկ էինք․․․

Ցավոք, 2023-ի սեպտեմբերին մենք զրկվեցինք այդ երջանկությունից։ Երբեք չեմ մտածել Արցախից դուրս ապրելու մասին, անգամ 9 ամիս շարունակվող բլոկադան չէր հուսահատեցնում, մտածում էինք, որ շուտով կբացվի կյանքի ճանապարհը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմը, բենզինի պահեստի պայթյունը, իրար հաջորդող դժոխային դեպքերը ստիպեցին մեզ` անկոտրում արցախցիներիս, փախչել թշնամու ճիրաններից։ Բառերով չեմ կարող նկարագրել, ուղղակի սարսափելի էր, ոչ մի բանի մասին չէինք կարող մտածել, միայն ցանկանում էինք անվնաս հեռանալ։

Սեպտեմբերի 25-ին ընտանիքով դուրս եկանք Արցախից, երկու օր հետո հասանք Գորիս։ Փրկվեցինք․ այդպես էի մտածում։ Սակայն փրկվեցինք ֆիզիկապես, մեր հոգին ու երազանքները մնացին Արցախում։

Երևանում հաստատվելուց հետո առաջին հերթին մտածում էի աշխատանք գտնել։ Սկսեցի դիմել տարբեր կառույցների, հիմնարկների, հետևում էի սոցցանցերում տեղադրված հայտարարություններին, սակայն ապարդյուն։ Պետական բոլոր հիմնարկներում ՀՀ քաղաքացիություն էր պահանջվում։ Որոշ ժամանակ անց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու քահանա Տեր-Զենոնի միջամտությամբ ինձ առաջարկեցին աշխատել “Շողակաթ” սրահի գրախանութում՝ որպես վաճառողուհի։ Ընդունեցի առաջարկը և չեմ փոշմանում։

Այստեղ ես ձեռք բերեցի հրաշալի տնօրեն-ընկերուհու։ Վերոնիկան կյանքիս ամենադժվար ժամանակահատավածում ինձ համար և՛ լավ խորհրդատու է, և՛ սրտացավ մարդ։ Ամուսինս նույնպես աշխատում է։ Պարապ նստելով՝ չենք կարողանա մեր երեխաներին ոտքի կանգնեցնել։ Ամուսնուս ծնողները թոշակառու են և միշտ մեր թև ու թիկունքը։

Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք միասին հաղթահարում ենք դրանք։ Հայաստանից հեռանալու մասին չենք մտածում, մեր տեղն այստեղ է, և խորհուրդ եմ տալիս արցախցիներին չվհատվել, հնարավորինս հաղթահարել դժվարություններն ու երբեք չկորցնել Արցախը նորից հայկական տեսնելու հավատը, – ասում է Իննան ու հավելում, – իմ երեխաների երազանքները միայն մայր Հայաստանում կարող են իրականություն դառնալ։

 

Արցախում Իննան աշխատում էր Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնում, որպես առաջատար մասնագետ։ Այսօր նա հոգևոր գրքեր, հուշանվերներ է վաճառում, միաժամանակ արցախյան խմորեղեն է պատրաստում ու վաճառքի հանում։ Երևանում նա կատարելագործվել է մատնահարդարման գործում և ունի իր հավատարիմ հաճախորդները։ Իսկ վերջերս մասնակցել է նաև անգլերենի և հաշվապահական հաշվառման դասընթացների։ Արցախում թողնելով պարզապես ամեն ինչ և վերաարժևորելով կյանքը՝ Իննա Մուսայելյանը չի կորցնում հույսը, որից կառչելով շարունակում է առաջ գնալ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուկաշենկոն ասում է, որ «гнида» Փաշինյանը «զզվեցրել է» Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների հարցին, թե պատրաստվու՞մ է ներողություն խնդրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

«Լսի՛ր, սա ծիծաղելի է։ Նա ասում է. «Թող Լուկաշենկոն ներողություն խնդրի»: Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա, բոլորի աչքի առաջ։ Կներես, սիրելիս, բայց դու гнида ես: Մենք արդեն ունեինք այդպիսի гнида՝ կանաչ բլուզով, որը նույնպես անընդհատ ինչ-որ բան էր պահանջում։ Դե, նրա հետ արդեն ամեն ինչ պարզ է։ Բայց երբ այս Փաշինյանը գիշերը զանգահարեց ինձ, սխալ բան արեց, խնդրեց հաշտություն կնքել Պուտինի հետ, ես օգնեցի նրան։ Հետո Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ ասաց. «Դուք պետք է իմանաք, Ալեքսանդր Գրիգորևիչ, թե ինչպես է այս Փաշինյանը զզվեցրել»:

Դե, նա դա այլ կերպ ասաց, ես այն մեղմացնում եմ ձեզ համար այստեղ: Ես այդ ժամանակ օգնեցի, եւ նրանք հանդիպեցին Մոսկվայում: Սա էլ նրա «երախտագիտությունն» է հիմա»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

2 շաբաթ առաջ Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ.

«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և մեկ անգամ չէ, որ ձեր երկարամյա գործունեության ընթացքում համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Եվ նա մեզ միշտ անվրեպ մատնանշում էր մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե ​​գնանք այս ճանապարհով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Արդեն զգալի կուտակումներ են ստեղծվել»,- ասվում է շնորհավորանքում։

Պատերազմի ավարտը պետք է ֆիքսվի երկրորդ խաղաղության գագաթնաժողովում. Զելենսկի

Ուկրաինայի ղեկավարի հայտարարության համաձայն՝ Մոսկվային պետք է փոխանցվի խաղաղության ներկայիս գագաթնաժողովում համաձայնեցված գործողությունների ծրագիրը, որպեսզի պատերազմի իրական ավարտ արձանագրվի։

Այսպիսով, միջոցառմանը համաձայնեցված գործողությունների ծրագիրը կհաղորդվի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որպեսզի խաղաղության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հնարավորություն լինի արձանագրել պատերազմի իրական ավարտը։ Ելույթ ունենալով Գլոբալ խաղաղության գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում, Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին նշել է. «Ինչպես մենք բոլորս տեսնում ենք, Ռուսաստանը հիմա այստեղ չէ։ Բայց եթե այս երկիրը շահագրգռված լիներ խաղաղությամբ, ապա պատերազմ չէր լինի։ Մենք բոլորս պետք է միասին որոշենք, թե ինչ է նշանակում արդար խաղաղություն աշխարհի համար: Պետք է նաև որոշում կայացվի, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Բայց բոլորիս հիմքը, իհարկե, ՄԱԿ-ի կանոնադրությունն է»։

Նախագահը նաև հավելեց, որ երբ գործողությունների ծրագիրն արդեն սեղանին լինի, բոլորի կողմից համաձայնեցված և ժողովուրդների համար թափանցիկ, այն կհաղորդվի ռուսական կողմին, որպեսզի նման երկրորդ խաղաղության գագաթնաժողովում պատերազմի իրական ավարտը լինի արձանագրված։ Ինչպես ընդգծել է Զելենսկին, պատերազմի գաղափարն արդեն իսկ պարտված է։ Սա նշանակում է, որ Պուտինը վերջնագրերի լեզվից պետք է անցնի համաշխարհային մեծամասնության լեզվին, որը ձգտում է հասնել արդար խաղաղության:

Փաշինյանը հաղթանակ է անվանել Արցախում պարտությունը և կոչ է արել նախապատրաստվել ընտրություններին

Այն, ինչ մենք բոլորս համարել ենք եւ համարում ենք պարտություն, այդ ամենը մենք հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք: Այս մասին Կապանում ՔՊ նախաձեռնող նիստին իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք բոլորս անցնելով պարտության միջով  հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայայստանի Հանրապետություն: Եւ մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ եւ ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար, բայց մենք որպես կառավարող թիմ պետք է կարողանանք դա իրականացնել»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ այս պետության լինելիությունը իրենց քաղաքական կամքն է, իրենց քաղաքական խելամտությունն ու խելացիությունը, իրադրությունը հասկանալու եւ դրանից բխող որոշումներ կայացնելու ունակությունը:

«Էս գաղափարախոսությամբ մենք 2026 թվականին պետք է գնանք մեր ժողովրդի մոտ եւ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով մենք պետք է եւս մեկ անգամ ստանանք ժողովրդի քվեն ոչ թե նրա համար, որ մենք կառչած ենք մեր աթոռներից, այլ նրա համար, որ կառչած ենք այս Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է նա:

«Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար»,- ասել է նա։

«Ես համոզված եմ, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալի մասին է, որ մենք՝ բոլորս, ՀՀ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, ՀՀ պետական ինստիտուտները պետք է կենտրոնանան ահա այս Հայաստանի կարիքների վրա»,-ասել է նա:

«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները 2 բանի մասին կարող են խոսել՝ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում կամ փորձում են էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել: Բոլոր դեպքերում մեր քաղաքական կամքը չէ եւ ես արդեն ասացի, որ մեր ՊՆ-ն հերքում է իրադրությունը: Եւ ես կարծում եմ, որ մենք ամեն անգամ կարողանանք պարզել իրադրությունը, վատ գաղափար չի լինի, որ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձեւավորենք»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ եւ իր կարծիքով սա աշխատող մեխանիզմ կարող է լինել:

800-ից ավելի արցախցիներ ցանկություն են հայտնել դառնալ բնակապահովման ծրագրի շահառու

Հասարակական գործիչ, Արցախի արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Արա Ղահրամանյանն ասում է, որ ավելի քան 800 արցախցիներ արդեն ցանկություն են հայտնել դառնալ բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրի շահառու։

Միաժամանակ նա բացասաբար է գնահատել ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովան ծրագիրը՝ նշելով, որ «առաջադրված պայմանները չեն նպաստում արցախցիների կարիքների լուծմանը»։

«Հայաստանի քաղաքացիություն ընդունելու պայմանը պետք է հանվի, քանի որ արցախցիները վախենում են ամբողջությամբ կտրվել իրենց հայրենիքից և կորցնել վերադառնալու հնարավորությունը։ Հեռավոր բնակավայրերում բնակարան գնելու պայմանը նույնպես անընդունելի է, քանի որ շատ արցախցիներ արդեն որոշել են ապրելու վայրը, կարողացել են կազմակերպել իրենց կյանքը՝ գտնել աշխատանք, իրենց երեխաներին ընդունել դպրոցներ և համալսարաններ։ Ճիշտ չէ նաև այն պայմանը, որ միայն 10 տարի ապրելուց հետո միայն կարելի է դառնալ տան լիիրավ սեփականատեր։ Միանշանակ անընդունելի է, որ եթե ընտանիքի մեկ անդամ ունի անշարժ գույք, ապա ընտանիքի բոլոր անդամները զրկվում են պետական ​​աջակցություն ստանալու հնարավորությունից։ Օրինակ՝ մարդն իր պատանեկության ժամանակներից մեկ սենյականոց սեփականություն է ունեցել։ Հետո նա ամուսնացավ, երեխաներն արդեն չափահաս են, հիմա ծնողների հետ բոլորն ապրում են այս մեկ սենյականոց բնակարանում, բայց զրկված են ծրագրին մասնակցելու իրավունքից։

Ծրագիրը ձեռնտու է միայն բազմազավակ ընտանիքներին, ովքեր ցանկանում են զբաղվել գյուղատնտեսությամբ»։

Արհմիության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ կառավարությունը հնարավորինս արագ կհաստատի սոցիալական բնակարանների հարցը, քանի որ «նման ընտանիքները նույնպես շատ են»։

«Արցախում կային բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, բայց կային նաև բազմաթիվ փոքր ընտանիքներ։ Հասկանալի է, որ միայնակները կամ տարեց ամուսնական զույգերը չեն կարողանա բնակարան գնել՝ օգտագործելով վկայագրերը»։

Ալվարդ Գրիգորյան