Պետք է քաղաքականացվել, Սրբազան Հայր

«Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում, Հայաստանին անհրաժեշտ են քայլեր»․ ասաց Օ՛Բրայենը:

Սա է տարածաշրջանի իրական պատկերը:

Այո՛, ռուսները պարտվելու ու ռադները քաշելու են տարածաշրջանից, և Հայաստանը պետք է կողմնորոշվի, որտեղ է լինելու` թուրքական տիրապետության տակ, թե՞ արևմտյան աշխարհում:

Ողջունելով Բագրատ Սրբազանի այն արտահայտությունը, որ նիկոլը բոլորի ծառան է՝ թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ-ի, պետք է կոչ անեմ եպիսկոպոս Գալստանյանին, որպեսզի շարժման վրայից մաքրի «ռուսական նախագծի» պիտակը:

Բագրատ Գալստանյանը, լինելով հոգևորական և ոչ քաղաքական մարդ, ըստ երևույթին ունի որոշակի հակաարևմտյան ապաքաղաքական կարծրատիպեր՝ երկար տարիներ շարունակ ռուսների կողմից հոգևորականության մեջ դրա ներմուծման հետևանքով։

Անշուշտ, արևմուտքին առողջ քննադատել նույնպես անհրաժեշտ է: Պետք է արևմուտքում տեսնեն, որ հայությունը դեմ է թուրքական իշխանությանը և թարգեն խաղեր տալ սրանց հետ:

Բայց պետք է քաղաքականացվել, պետք է հասկանալ, որ Հայաստանը ռուսական վասալ է, որին փոխանցում են թուրքական վասալության ներքո:

Պետք է գիտակցել, որ որքան շատ, կամա թե ակամա շարժումը ասոցացվի նախկինների և ռուսների հետ, այդքան շատ արևմուտքը անտարբեր կլինի և ոչ ադեկվատ հայտարություններ կանի տվյալ շարժման մասին:

Պետք է քաղաքականացվել, Սրբազան Հայր, պետք է հասկանալ, որ թուրանացումից խուսափելու լավագույն դեղատոմսը դա` արևմուտքի հետ սերտ դաշնակցությունն է:

Բոլորս պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններ շահագրգռված են այս շարժումով։ Իսկ շարժման մեջ հաղթելու է այն կենտրոնը, որին ձգտելու է հայ ժողովուրդը։

Բազմիցս նշել եմ, որ աշխարհը կառուցված է շահերի վրա, և արևմուտքը բարեգործական կենտրոն չէ, որ հայերիս սիրուն աչքերի համար փաշինյանի դեմ գնա: Համապատասխանենք ստանդարտներին որոնք իրականում իրենց հերթին Արևմուտքի խորքային շահերն են, որոնք համապատասխանում են ՀՀ ազգային շահերին, և արեւմուտքից համարժեք քայլեր կլինեն:

Եւ, այո՛, Օ՛Բրայենը ճիշտ է: Հայաստանը պետք է կողմնորոշվի:

Սրբազանը պետք է կողմնորոշվի` կա՛մ թուրանացում, կա՛մ, այո՛, չլինելով ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԱՄՆ-ի ծառա` գնալ արևմուտքի հետ դաշնակցային սերտ հարաբերությունների հաստատման, քանզի 3-րդ ճանապարհ մոտ ապագայում այլևս չի լինի: Ռուսաստանից կախյալ մնալը հավասարազոր է թուրքացման։

Ակնհայտ է, որ Սրբազանը մերժում է թուրանացումը:

Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Բնակարանային ծրագիրը չի բավարարում արցախցիների կարիքները

Հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը պատասխանել է Step1.am-ի հարցերին

-Ի՞նչ գնահատական կտաք այս ծրագրին:

-Ծրագրին գնահատական կարող եմ տալ՝ հիմնվելով հասարակության ընդհանուր տրամադրությունների, կարծիքների ու նաև տարբեր սոցիալական հարթակներում անցկացրած հարցումների վրա։

Ըստ այդմ՝ ՀՀ Կառավարության կողմից հաստատված բնակապահովման ծրագիրն ի սկզբանե միանշանակ չի ընդունվել արցախցիների կողմից։

Տեղահանված անձանց գերակշիռ մասը այս պահի դրությամբ ծրագիրը չի համարում բավարար։

-Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է մտցվեն ծրագրի մեջ, որ այն բավարարի արցախցիների իրական կարիքները։

-Ծրագիրն ավելի կարիքահեն ու անձնակենտրոն դարձնելու նպատակով՝ ՀՀ  Կառավարությանն ուղղված բաց նամակով ներկայացրել եմ մի շարք առաջարկներ, որոնց մի չնչին մասն է, ցավոք, ընդունվել։

Եվ միայն ամբողջական առաջարկների փաթեթի ընդունման դեպքում է, որ Ծրագիրը կարող է բավարարել տեղահանվածների մեծամասնության կարիքները։

Ալվարդ Գրիգորյան

Քոչարյանը արդեն Բաքվի փոխարեն է խոսում

Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությունով, որը տեղի է ունեցել վերջին երկու օրերին, հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 14-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ։

«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմը նույնպես ժամանակ է տրամադրել պարզելու կրակոցների բնույթը և պարզելու, թե որտեղից են դրանք առաջացել։ Պետք է պարզաբանենք նաեւ, թե դրանք ինչ տեսակի կրակոցներ են եղել, եթե եղել են։ Բայց վստահ եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ էլ կարող են լինել, նույնիսկ լիակատար խաղաղության պայմաններում։ Նրանք կարող են լինել առանց սադրանքի: Ռազմական։ Ինչ-որ մեկը կարող էր խմել և կրակել։ Բայց սա հաստատ մեր կողմից չէ։ Գուցե իրենց կողմից՞»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը, փաստորեն Բաքվի փոխարեն պնդում է, որ սա ագրեսիայի հիմք չէ։ Նա որտեղի՞ց գիտի։

Զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Բաղրամյան պողոտայի դեպքերը հիշեցնում էին 1988թ

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը՝ մեկնաբանելով Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունները։

«Շատերը հիշեցին 1988-ը: Սկզբում մարդիկ փախչում էին ուժային կառույցներից, իշխանությունները ճնշումներ էին գործադրում բողոքի ցույցերի առաջնորդների և մասնակիցների վրա, այնուհետև սկսեցին կիրառել զենք: Արդյունքում այս գործողությունները հակազդեցություն առաջացրեցին։

Բաղրամյանի պողոտայում ուժայինները և նույնիսկ ոստիկանապետը կատարել են իրենց ղեկավարի հրամանները՝ ՔՊ-ի և Բաքվի ընկերների զգոն հսկողության ներքո։

Կարմիր բերետավորներն, ովքեր ստանում են բոնուսներ, ձգտում են ծառայել իրենց ղեկավարների և քաղաքական բոմոնդի բարեհաճություններին, այլևս կարիք չունեն կես դրույքով աշխատել gg տաքսի ծառայությունում: Բայց անվտանգության ուժերը չպետք է մոռանան իրենց գործընկերների ողբերգական ճակատագիրը 2020 թվականին»։

Ալվարդ Գրիգորյան

Արցախցիները իրենց ավտոմեքենաների պետական գրանցման ժամանակ կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» նախագիծը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելու համար նախատեսված է  փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջ, ինչը սոցիալական, ինչպես նաև տեխնիկական բարդությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար խնդրահարույց է։

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝

1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և

2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարնիշերը չփոխարինելու մասով։

Վերը նշվածի արդյունքում նախագծով նախատեսված կարգավորումները միաժամանակ կնպաստեն բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցմանը։

Հանցավոր փազլը, որը ստեղծվել է 1992 թվականից, հավաքվեց 2018-ին

Ստեփանակերտ, 2023 թ․ գարուն

«2018 թվականից Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամենամեծ խնդիրն այն էր, որ 2018 թվականի ապրիլին արդեն ստեղծվել էր մի իրավիճակ, որի արդյունքում մենք անխուսափելիորեն պետք է գնայինք կա՛մ զիջումների, կա՛մ պատերազմի»: Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2018 թվականի ապրիլն այն ժամանակն է, երբ Փաշինյանը իր թիմի հետ թեւակոխեց անհնազանդության շարժման ակտիվ փուլ, որն այնուհետ վերաճեց թավշյա հեղափոխության։ Շատերը հետո ասում էին, որ հեղափոխություն չի եղել, դա իշխանափոխություն էր։ Դա անհիմն պնդում չէ․ նախկին իշխանությունների դեմ ժողովրդական դժգոհության ալիքի վրա իշխանության եկած ներկայիս վարչապետը նահանջեց հեղափոխության բոլոր սկզբունքներից և երկիրը տարավ աղետի։

Բայց մեզ այլ բան է հետաքրքրում այս հայտարարության մեջ. հեղափոխական Փաշինյանը չէր կարող ապրիլին իմանալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները։

Հիշվում է, 2018-ին բոլոր իշխանամետ լրատվամիջոցները՝ Միքայել Մինասյանի գլխավորությամբ, ամեն օր գոռում էին, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է իշխանության, որ «հողերը հանձնի»։

Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ 6 տարի առաջ պետք է հայտարարել էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։

Փաշինյանին հաճախ անվանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեւոր զավակն ու նրա ամենահաջողակ աշակերտը։ Բայց, ըստ ամենայնի, նա Հայաստանի անկախության շրջանի բոլոր հայ նախագահների «հոգեզավակն» է։ Որովհետև, ինչպես պարզվում է, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց կամակատարները՝ Արցախի ղեկավարները, հետապնդել են հայոց պետականությունը ոչնչացնելու ռուս-թուրքական գիծը։

Այս եզրակացությունը բխում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշերից, մասնավորապես, այսպես կոչված Լիսաբոնի մասին, որտեղ 1998 թվականին տեղի ունեցավ ԵԱՀԿ եզրափակիչ գագաթնաժողովը, ինչի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ֆլավիո Կոտին հայտարարություն արեց, որում նախանշվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման որոշակի սկզբունքներ։

Այդ սկզբունքներն ակնհայտորեն համընկնում էին Ադրբեջանի մոտեցումների հետ և բացարձակապես անընդունելի էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Դրանք ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավարության բարձր մակարդակ Ադրբեջանի կազմում, անվտանգության երաշխիքներ և կապեր Հայաստանի հետ։

1992 թվականից, երբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ընդգրկվեց ԵԱՀԿ օրակարգ, ամեն տարի ԼՂ խնդիրը ներառվում էր քաղաքական հռչակագրի մեջ, որտեղ մեկ-երկու պարբերություններում նշվում էր, թե ինչ է արվել այս հարցի շուրջ, իրավիճակը և դրա քաղաքական գնահատականը։

Նույնը պետք է լիներ Լիսաբոնի գագաթնաժողովում, սակայն պարզվեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է շարունակել երկկողմ բանակցությունները, չեղյալ է հայտարարում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և պատրաստ չէ հայկական կողմի հետ համաձայնեցնել այն տեքստը, որը ներառվելու է Լիսաբոնի Քաղաքական հռչակագրի մեջ։

Դատելով Օսկանյանի խոսքերից, թեւե Ադրբեջանը պատանդ է վերցրել ԵԱՀԿ որոշումների ողջ փաթեթը, իսկ կուլիսներում լուրջ մտահոգություններ առաջացան, ոչ ԵԱՀԿ ղեկավարությունը, ոչ էլ ազդեցիկ առանձին պետությունները չփորձեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա հրաժարվի այդ պահվածքից։

Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞:

1992-ին Ադրբեջանը խաբեց ԵԱՀԿ-ին` համոզելով, որ ճանաչում է Արցախը որպես վիճելի հարց և պատրաստ է քննարկել նրա կարգավիճակը Մինսկի խմբի հովանու ներքո: Երկու շաբաթ հետո Ադրբեջանը ագրեսիա սկսեց ԼՂՀ-ի դեմ, իսկ ԵԱՀԿ-ից որեւէ արձագանք չկար։

28 տարի շարունակ Հայաստանի իշխանությունը մոլորության մեջ է գցել Արցախի ժողովրդին՝ հայտարարելով, որ բանակցություններ են ընթանում ԼՂՀ կարգավիճակի և նրա միջազգային ճանաչման շուրջ։ Փաստորեն, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, 1998 թվականից հայկական կողմը մասնակցել է ֆարսին, որում Արցախը համարվում էր Ադրբեջանի կազմում ինքնավարության մաս։ Նախկին ղեկավարներն առարկում են Փաշինյանին, բայց փաստն այն է, որ նրանցից ոչ մեկը հանրությանը չի ներկայացրել բանակցությունների օբյեկտիվ պատկերը։

Արդեն 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի օրերին, լուրեր էին պտտվում, որ Ալիևը պահանջում է վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ շրջանները, քանի որ նման պայմանավորվածություն եղել է։ Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնվել նման համաձայնագրի, թեև արդեն այդ օրերին Սերժ Սարգսյանը Արցախի խորհրդարանում հայտարարեց, որ հողերը պետք է հանձնել, այլապես պետք ստիպված կլինեն  երգեր երգեն կորսված Ստեփանակերտի մասին։

Այս հանցավոր «փազլն» ակնհայտ էր արդեն 2016 թվականին, բայց մի հատված պակասում էր՝ մարդ էր պետք, ով կիրականացներ հանցավոր դավադրությունը, ինչպես ասում են՝ գետնի վրա։

Ըստ երևույթին, այս անձը 2008 թվականից է «մշակվել», և նա պատահական չի ընտրվել։

Արցախի ժողովրդի հանդեպ արհամարհանքը, այն ցինիզմը, որով նսեմացվում է հայ հասարակությունն ու նրա արժանապատվությունը Հայաստանի բնակիչների աչքում, բնորոշ են Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակիցներին։ Նման հարմար այլ «թեկնածու» հայ ազգի մեջ երևի չգտնվի։

Մարգարիտա Քարամյան

Արցախցիների բնակապահովման ծրագիրը հաստատվել է․ մանրամասներ

Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։ Որոշման ընդունումը պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրն ունի երեք բաղադրիչ. «Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով: Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը, և երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը: Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու: Երկրորդը՝ 4 մլն դրամ թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և 2 մլն դրամ, եթե արդեն ունի հիփոթեք, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»:

Նախարարը ներկայացրել է ծրագրի հիմնական պայմանները. ««2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռք բերվող տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, սակայն ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարելու է ՀՀ կառավարությունը: Եթե հավաստագրի իրացման արդյունքում գումար է մնում՝ դրական մնացորդ, ապա մենք առաջարկելու ենք և հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի կարողանան այդ դրական մնացորդն ուղղել այս երեք ուղղություններով՝ գյուղնշանակության հողամասի գնում մինչև 5 մլն դրամ, հնարավորություն կտանք, եթե ձեռք բերված անշարժ գույքը ունենա վերանորոգման կարիք, վերանորոգել մինչև 4 մլն դրամի սահմաններում, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման հնարավորություն մինչև 2 մլն դրամի սահմաններում:

Որ ընտանիքները շահառու չեն լինի. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ- ից բռնի տեղահանված ընտանիքների մասին է խոսքը, բացառությամբ Քաշաթաղի ծրագրի շահառուների՝ անկախ իրավունքի իրացման փաստից. այս ծրագիրը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թվականին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն, բնակելի տան կառուցման առանձնահատկություններ են: Շահառուն բնակելի տան կառուցման համար պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևիցե մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից:

Եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս այս աջակցության գումարից մինչև 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ, քան 400 քմ-ը»:

Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, ընդ որում՝ կարգը հաստատվելու պահից կգործի տան ձեռքբերման աջակցության բաղադրիչը, հունիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, և օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը: Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից:

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ 2-րդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները. մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թ. հունվարի 1-ը, 3-րդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքներ, մեկնարկը՝ 2027 թ. հունվարի 1-ը:

Նշվել է նաև, որ ծրագիրը մշակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի քննարկումների արդյունքում և կմտնի գործնական փուլ մինչև հունիսի 15-ը կարգի հաստատումից հետո:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխատանքային խումբն իսկապես շատ մեծ և շատ ծավալուն աշխատանք է կատարել, որովհետև արդեն զեկույցից, կարծում եմ, պարզ եղավ, թե ինչքան մանրամասներ կան: Եվ նախ ուզում եմ աշխատանքային խմբին՝ պարոն Խաչատրյանի գլխավորությամբ, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար: Բայց նաև ասել, որ այս մանրամասները պետք է այսօրվանից սկսած շատ պատշաճ լուսաբանվեն, որպեսզի մարդիկ այդ հարցերի պատասխանները ստանալու համար ստիպված չլինեն գերատեսչությունից գերատեսչություն գնալ, տարբեր տեղեր զանգել, տարբեր տեղեր դիմել»:

Վարչապետն այդ համատեքստում կարևոր արձանագրում է արել՝ կառավարությունը հրաժարվել է համահարթեցման տրամաբանությունից և մի բանաձև ու մի սկզբունք որդեգրելու տրամաբանությունից. «Կարծում եմ՝ ծրագիրը իսկապես շատ լավն է: Կրկին՝ մենք նույն մարտահրավերի հետ ենք բախվելու, որպեսզի կարողանանք տեղ հասցնել մարդկանց, թե այս ինչ է և ինչի մասին, կարողանանք բացատրել նաև, թե այս 242 բնակավայրն ինչ սկզբունքով է ընտրվել, հաջորդ 145 բնակավայրն ինչ սկզբունքով է ընտրվել: Այդտեղ մենք նաև փորձել ենք համադրություններ անել կառավարության այլ ռազմավարական ծրագրերի հետ՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման: Մենք տեղեր ունենք, որ դպրոցները կառուցվել ենք ոչ թե արդեն իսկ գյուղում կամ դպրոցի ունեցած աշակերտների թվով, այլև պոտենցիալը հաշվի առնելով: Եվ հիմա, եթե մեր քույրերը և եղբայրները կգնան բնակվելու այդ համայնքներում, սա նշանակում է, որ կառավարության ծրագրերը կհամադրվեն իրար հետ, և ինչ-որ առումով սիներգիայի էֆեկտ կունենանք»:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Մենք գնահատել էինք, որ այս ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 25 հազար ընտանիք, և եթե պարզ հաշվարկով մտածենք, որ դա միջին հատուցման չափով կարող է լինել, ապա 500 մլրդ դրամ կարող է կազմել այդ տների կամ բնակարանների կառուցման կամ ձեռքբերման արժեքը, բացի այն տոկոսային ծախսերից, որոնք ամբողջ ժամանակահատվածում կվճարենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք կիրականացնեն այս ծրագիրը: Ամենահամեստ հաշվարկներով՝ 700-800 միլիարդը գերազանցող ծախս է»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
✅ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում),
✅ հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար,
✅ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝
📌 Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
․ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
․ 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
․ զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
․ գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
․ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
📌 Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
☑️ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
☑️ 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։
📌 Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
․ ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
Աջակցության չափը կազմում է՝
• 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1),
• 4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2),
• 3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառություն կկազմեն Երևանի 1-ին և 2-րդ գոտիները),
• 2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի։

Անցյալը մեզնից խլել չեն կարող. արցախյան հնագույն արտեֆակտները Դավիթ Սիմոնյանի ցուցահանդեսում

«Ամառ է, հանգստանում եմ,-ասում է արցախցի լրագրող Դավիթ Սիմոնյանը․-Այգու ծառերը ջրելու կարիք չկա, բալ ու թութ հավաքելու կարիք չկա, խաղողի վազ հյուսելու կարիք չկա, մանավանդ, որ ես արդեն այգի էլ չունեմ: Հայն ինչու տուն կառուցի իր հայրենիքում, եթե ի վերջո ամեն ինչ մնում է թշնամուն: Այս հիասթափության տրամաբանությամբ շատերն արդեն լքել են Հայաստանը… Ես հեռանալու տեղ չունեմ, առայժմ ապրում եմ անցյալով…

Հունիսի 13-16-ը նախատեսել եմ հնագույն զենքերի հավաքածուի ցուցադրությունը, բոլոր մանրամասները` պաստառում: Հրավիրում եմ բոլորին, ովքեր հետաքրքրված են մարդկության պատմությամբ: Կենդանի հաղորդակցությունն ավելի լավ է, քան ինտերնետը, և դուք կարող եք դիպչել ցուցանմուշներին և զգալ անցյալի էներգիան: Ցույց կտանք իմ «Կատարսիս» ֆիլմը: Այն մասին է, թե ինչպես է ամեն ինչ միաձուլվել»:

Նախկինում Դավիթ Սիմոնյանն ականազերծող էր, մաքրում էր Արցախի հողը: Իր կոլեգաների հետ միասին են ամբողջը պեղել: Հետաքրքիր գործիքները բրոնզից, քարից ու երկաթից են, որոնք իրարից տարբերվում են չափերով, ձևերով, օգտագործման նպատակներով:

«Քարանձավում ապրող մարդու առաջին գրիչն ենք գտել: Առաջին բլոգերի առաջին գրիչը»,- նշում է Դավիթն, ասելով, որ այն մոտավոր 10 հազար տարեկան է: Հաստ ածելիով գործիքները մոնղոլական են: Սկյութներին (Հյուսիսայի Մերձսևծովյան շրջաններում բնակվող ազգակից հնագույն ցեղերի ընդհանուր անվանումը) պատկանող զենքերը ավելի փոքր են, սուր ծայրով: Եռաթև զինատեսակները ավելի լայն կիրառություն են ունեցել: Ձիերի սպանդի համար նախատեսված զենքերը հատուկ լայնություն ունեին: Նախկինում կար ինքնապաշտպանության համար նախատեսված 2 ձևի սաղավարտ, մեկն ամբողջական էր, մյուսը` կտրվածքներով: Կենդանիների կաշիներն օգտագործում էին որպես սաղավարտ և դրան համապատասխան ընտրում էին զենքերը, որոնք կծակեին այդ սաղավարտը:

Ադրբեջանցիները սպառնում էին Հակարի կամրջում առգրավել հնագիտական պեղումները:

«Արցախը կորել է… Մեզնից գողացել են այսօրը  և վաղը, բայց երեկը դեռ մնացել է: Այդքան երջանիկ չապրեն մեր հողում, մեկ է…Մի օր վերադառնալու ենք…»,-ասում է լրագրողը:

Տաթև Ազիզյան

Դժվարությունները Ելենային չեն կոտրել

Ելենա Թումասյանը ծնվել և մեծացել է Բաքվում։ Ինչպես Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը, նա նույնպես դարձավ 1988 թվականից հետո տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների զոհը և բռնի տեղահանվեց։

«Թեև շատ փոքր էի, բայց լավ եմ հիշում այս իրադարձությունները։ Ագրեսիվ ադրբեջանցիների բազմությունը հավաքվել էր Լենինի հրապարակում, վանկարկելով «Կեցցե Բաքուն առանց հայերի», “Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսներ։ Այնուհետև մինչև ատամները զինված, արյան ծարավով նրանք գնուն էին կոնկրետ հասցեներով՝ հայեր փնտրելու։ Նրանք անխնա էին վարվում բոլոր նրանց հետ, ովքեր իրենց ճանապարհին էին, բռնաբարում ու ողջ-ողջ այրում հայ աղջիկներին, ծաղրում ու ծեծում էին անօգնական ծերերին ու երեխաներին։ Եվ այս ամենը համաշխարհային հանրության աչքի առաջ՝ բացարձակ անպատիժ»։

Բաքվից արտաքսվելուց հետո Ելենան տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ բոլորի հետ միասին վերապրել է պատերազմի ժամանակաշրջանի բոլոր դժվարությունները։ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո նրան թվում էր, թե բոլոր սարսափները հետեւում են։ Ելենան մտավ աշխատանքի և փորձեց շարունակել ապրել առանց հետ նայելու։

Սակայն 2016 թվականին նա ողնաշարի անհաջող վիրահատության է ենթարկվել, որից հետո նրա մոտ ախտորոշվել է Ստրուդելի հիվանդություն։ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, որը նրա երկրորդ տունն է դարձել, երկար բուժում և վերականգնում է անցել։ Այստեղ նա ուներ բազմաթիվ ընկերներ և բուժմանը զուգահեռ հետաքրքիր անցկացնում էր ժամանակը։

Ելենան ակտիվորեն մասնակցել է Կենտրոնի կազմակերպած բոլոր միջոցառումներին։ Հիվանդների և կենտրոնի անձնակազմի հետ նա մասնակցել է էքսկուրսիաների Արցախում և Հայաստանում։ Մեծ երախտագիտությամբ ու ջերմությամբ է հիշում Վերականգնողական կենտրոնում անցկացրած օրերը.

44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ ստիպեց հիշել ծանր անցյալը։ Բայց առանց կորցնելու հավատը լավագույնի հանդեպ, նա կարողացավ վերապրել նաև սա: 44-օրյա պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ Արցախ և բոլոր արցախցիների հետ միասին հաղթահարեց հետպատերազմյան շրջանի բոլոր դժվարությունները։ Ապրելով շրջափակման մեջ, առանց լույսի, առանց ջերմության ու սննդի, նա նույնիսկ վատ երազում չէր պատկերացնում, որ ի վերջո ստիպված է լինելու նորից թողնել տարիների ընթացքում ձեռք բերած ողջ ունեցվածքը և լքել հայրենիքը։

Այժմ Ելենան որդու հետ ապրում է Սպիտակում։ Նա գոյատևում է հաշմանդամության թոշակով, որը կրճատվել է տեղահանումից հետո։ Անցած փորձությունները ոչ թե կոտրեցին Ելենային, այլ ընդհակառակը նրան ավելի ուժեղ դարձրին։ Նա չի կորցնում հավատը Հայաստանի կազմում Արցախի ավելի լավ ապագայի նկատմամբ։

Արսեն Աղաջանյան

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք

Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Այդ մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։ Փաստաբանը դատարանին ներկայացրել է բացարկ, քանի որ վստահություն չունեն դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ։

Փաշինյանն ու Շահրամանյանը միաձայն կոծկում են Պուտինի «ամոթը»

Նիկոլ Փաշինյանի և Սամվել Շահրամանյանի երեկվա «բանավեճը» այն մասին, թե ով է հանձնել Արցախը և միլիարդավոր դոլարների զենքերը վրադիր, «պատահաբար» տեղի է ունեցել այն օրը, երբ Բաքուն կամաց հայտարարել է Արցախից ռուս «խաղաղապահների» ամբողջական դուրսբերման մասին։ Եվ, ինչպես նկատել են վերլուծաբանները, պատահական չէր, որ դա տեղի ունեցավ հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը։

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Շահրամանյանը ոչ մի խոսք չասացին Ռուսաստանի մասին, որը երեկ ավարտեց Արցախի ֆիզիկական «հանձնումը» և հայկական զինատեսակների ամբողջական դուրսբերումը Արցախից։ Ըստ երևույթին, այդ զենքն էր Արցախի «գինը». Ալիևը, Էրդողանը, Փաշինյանը ԱՄՆ հսկողության ներքո Պուտինին «թույլ տվեցին» հայկական զենքը տեղափոխել Արցախից՝ ուկրաինացիներին սպանելու համար։ Պուտինը համաձայնել է կոծկել այդ զենքով «ամոթը»։

Փաշինյանը, ով բերանը փրփրած սպառնում էր դուրս գալ ՀԱՊԿ «պղպջակից», բայց Մոսկվայում Պուտինին խնդրում էր պահպանել ռուսական բազան Գյումրիում և ռուս «սահմանապահներին»՝ Հայաստանի սահմաններին, պետք է ոչ թե արցախցիներին մեղադրեր թուլության մեջ, այլ բարձրաձայներ Ռուսաստանի դերը, եթե նա իհարկե հանցակից չէ։

Սամվել Շահրամանյանը չպետք է ասեր, որ մինչև վերջին րոպեն Արցախի բանակը ենթակա է Երևանին, և որ Արցախի ղեկավարությունը մնացել է որպես կենդանի գրավ Արցախում, այլ պետք է խոսեր Ռուսաստանի դերի մասին, եթե իհարկե հանցակից չէ։

Ռուսական բազայից չէ՞, որ «գրավը» տեղափոխվեց Բաքվի բանտ։ Ո՞վ էր ստիպում արցախյան զորքերին զինաթափվել. հայ «ընդդիմադիր» և իշխանամետ պատգամավորները ոչ մի անգամ չհարցրին, թե արդյոք հայկական զորքերը կզինաթափվեին, եթե ոչ թե ռուսները, այլ ադրբեջանցիները նման պահանջ ներկայացնեին։ Գրեթե բոլոր կռվողներն ասում են, որ իրենց մոտ ռուսներն են եկել ու ասել, որ այլ տարբերակ չկա, պետք է զինաթափել։

Հիմա, երբ Պուտինը Արցախից հանել է ռուսական զորքերը եւ հայկական ողջ զենքը, և Արցախը սկուտեղի վրա ներկայացրել Բաքվին, հայկական պետությունների ղեկավարների միջև վիճաբանություն է սկսվում՝ Պուտինի ամոթը  և Փաշինյանի կողմից ձեռնարկվելիք քայլերը քողարկելու համար։

Սեպտեմբերի 19-ին Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը նախերգանքն է Հայաստանի հանձնման մասին «խաղաղության» պայմանագրի, որը Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, ընդ որում նույն պայմաններով, ինչ Արցախում՝ Հայաստանի «լուծարում» և ռուսական զենքի դուրսբերում։ Դրա կողմնակիցները պետք է հասկանան, որ այդ զենքերը նույնպես փոխանցվելու են ուկրաինական ճակատ։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ-ն այս մասին պայմանավորվել են 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում։

Հայկական քաղաքական դաշտը “զբաղված է” Փաշինյանի «մեղադրանքներին» պատասխանելով՝ Լիսաբոնի գագաթաժողով, կղերական-ֆեոդալիզմ, 5000-նոց նյութ և այլն, և այս «բառակռվի» մեջ ոչ ոք չի ասում՝ ում է հասել հայկական զենքը և ով է հանձնել Արցախը։

“1989-ի դեկտեմբերի 1-ի ձևաչափով” Հայաստանի ամբողջ ղեկավարությունը դեռևս նստելու է Պուտինի, Ալիևի և Արցախի և Հայաստանի հանձնման միջոցով աշխարհակարգը քանդելու ծրագրի այլ մասնակիցների հետ նույն մեղադրական աթոռին։ Իսկ Կիևում դեռ կհաշվարկեն, թե քանի ուկրաինացի է զոհվել այնտեղ տեղափոխված հայկական զենքից և ինչի մասին է եղել 2022 թվականի փետրվարի 22-ին Պուտինի և Ալիևի ստորագրած ռազմավարական պայմանագիրը։