Քննարկվում է բանավեճերում Բայդենի ձախողումը և նրա հնարավոր փոխարինումը ընտրություններում

Ամերիկյան և համաշխարհային լրատվամիջոցները քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղետալի ելույթը իր ապագա մրցակից Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճում, ըստ բազմաթիվ փորձագետների և սովորական հեռուստադիտողների։ Բայդենից շատ բան չէր սպասվում, բայց նա չարդարացրեց նույնիսկ փոքր սպասումները, կարծում են փորձագետները։

Ինչպես գրում է BBC-ին, դիտորդների մեծամասնությունը համաձայն է, որ թեև բանավեճերը համարվում են Բայդենի ուժեղ կողմը, ԱՄՆ ներկայիս նախագահը, որը ձգտում է երկրորդ ժամկետի, զգալիորեն ավելի թույլ տեսք ուներ, քան իր նախորդը, մինչդեռ Թրամփը, ընդհակառակը, վստահ խոսեց:

«Բայդենի ելույթը բանավեճում արթնացման կոչ էր ավագ դեմոկրատների համար», – նշում է CNN-ը: «Այնքան տագնապալի է, որ նրանցից ոմանք սկսել են բարձրաձայն խոսել այն մասին, թե արդյոք Դեմոկրատական ​​կուսակցությունը պետք է այլ թեկնածու առաջադրի գալիք նախագահական ընտրություններում»:

«[Բայդենը] մի փոքր կորած տեսք ուներ», – խոստովանում է CNN-ի քաղաքական մեկնաբան Դեյվիդ Աքսելրոդը: «Եվ թեև նրա ելույթը գնալով ավելի ուժեղացավ, երբ խոսակցությունն սկսվեց, արդեն խուճապ էր սկսվել»:

«Ջո Բայդենը միայն մեկ խնդիր ուներ՝ համոզել ամերիկացի ընտրողին, որ իր մեծ տարիքը չի խանգարի նրան կատարել նախագահական գործառույթները», – ասաց Մոնտանայի նախկին սենատոր և Բայդենի կուսակցության դաշնակից Քլեր Մաքքասքիլը, հայտնում է MSNBC-ն։

«Եվ նա չկարողացավ հաղթահարել այս խնդիրը», – կարծում է նա:

Բայդենը նշել է, որ այլևս երիտասարդ չէ և նախկինի պես սահուն չի խոսում, սակայն ընդգծել է, որ գիտի՝ ինչպես ասել ճշմարտությունը։

«Ես գիտեմ, որ այլևս երիտասարդ չեմ։ Ես նախկինի պես հարթ չեմ քայլում։ Ես նախկինի պես սահուն չեմ խոսում։ Ես այնքան լավ չեմ բանավիճում, ինչպես նախկինում էի, բայց գիտեմ այն, ինչ գիտեմ՝ գիտեմ ինչպես ասել ճշմարտությունը», ասել է Բայդենը։

ԱՄՆ-ն Ալիևին է տալիս տարածաշրջանի բանալիները. սեղանին է ոչ միայն Արցախի եւ Նախիջեւանի, այլ Հայաստանի հարցը

ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Ադրբեջանին դառնալ ոչ միայն էներգետիկ, այլև տրանսպորտային «տարածաշրջանային կենտրոն»։

Ալիեւն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Միջին միջանցքի և այլնի հետ կապված հարցեր։

Ջեյմս Օ’Բրայենը խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Ադրբեջանի «կենտրոնական դերի» մասին։ Ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցչի, վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, որն իր հերթին հանգեցրել է խաղաղության հաստատմանը: Ավելի վաղ Օ’Բրայենը, պատասխանելով Երևանում «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել էր, որ Միացյալ Նահանգները չի կարող ասել՝ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները էթնիկ զտո՞ւմ էին, թե՞ կամավոր արտագաղթ։ Նա ասաց, որ ԱՄՆ-ը դեռ ուսումնասիրում է հարցը։ Այսինքն՝ ԱՄՆ-ը Բաքվին չի մեղադրի ուժի չկիրառման միջազգային սկզբունքը խախտելու մեջ, թեկուզ մանեվրելու տեղ պահում է։

Բաքվում Օ’Բրայենն ասել է, որ խաղաղությունը խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի համար: Ընդգծելով, որ այս բոլոր երկրներն այժմ արտահանումն իրականացնում են Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, պետքարտուղարի տեղակալը նշեց, որ դրանք կարող են արտահանվել Ադրբեջանի տարածքով՝ որպես այլընտրանքային ճանապարհ։

«Մի երթուղին գնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մեկ այլ՝ ավելի լայն երթուղի կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Ուստի մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու սարսափելի հակամարտությանը, որը շարունակվում է 90-ականներից։ Եկել է խաղաղության պայմանագիր ստորագրելու և պատերազմի հետևանքները վերացնելու ժամանակը»,- ​​ասել է Օ’Բրայենը։

ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, «խաղաղության» պայմանների մշակումը պատվիրակում է «կենտրոնական պետությանը»՝ Ադրբեջանին։ Իսկ Ալիևն արդեն բազմաթիվ անգամ արտահայտել է պայմանները՝ Հայաստանի հրաժարումը Անկախության հռչակագրից, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում՝ Հայաստանի իրավասությունից դուրս։ Այսինքն՝ Բաքուն համաձայնում է ԱՄՆ առաջարկին միայն պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, Սյունիքից, Նախիջեւանից, Վայոց ձորից, Արարատի մարզի կեսից, մի խոսքով՝ հայտարարի ինքնալուծարման մասին։

Արդյո՞ք ԱՄՆ-ը պնդելու է, որ Հայաստանը կատարի Ալիևի պայմանները. Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ «կասկածները» վկայում են այն մասին, որ դա միանգամայն հնարավոր է, և Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի անխուսափելի փլուզմանը, որպեսզի ճանապարհ բացի։

Ադրբեջանի նոր խորհրդարանը, որը կձևավորվի սեպտեմբերի 1-ին կայանալիք ընտրություններում, պետք է ընդունի Սահմանադրություն, որի կարևորագույն հարցը լինելու է Նախիջևանը․ այն Հայաստանից ժամանակավորապես փոխանցվել է Ադրբեջանին 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Կասկածից վեր է, որ Ալիևը «օրինականացնելու» է Նախիջևանի հանդեպ իրավազորությունը նոր Սահմանադրությամբ։ Իսկ Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման հարցը կլուծի հենց Հայաստանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն։ ԱՄՆ-ն աշխատելու է սրա վրա, թեեւ մինչ այժմ Հայաստանին հրապարակային կոչ չեն արել փոխել Սահմանադրությունը։

Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի այս վերաբերմունքը կտարածվի այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Հակամարտությունների ուժային լուծման չդատապարտելը դոմինոյի էֆեկտ կունենա և կհասնի հենց ԱՄՆ-ին:

Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու Վաշինգտոնի հրավերը և ընդունել

Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Այդ հավաքին հրավիրված է նաև Ադրբեջանին արտգործնախարարը, այսօր Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը:

Հնարավո՞ր է արդյոք, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություն անցկացվի, դեռ պարզ չէ։ Արտգործնախարարությունից նշել են, որ այս պահին այլ պայմանավորվածություն չկա։

Երեկ ադրբեջանական «Թուրանը», իր աղբյուրներին հղում անելով գրել էր, թե Բայդենի վարչակազմը ծրագրում է Երևանին և Բաքվին հրավիրել հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հավաքին, նաև՝ խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու նպատակով։

Հրաժարումը Սահմանադրությունից հիմք է տալիս մեր թշնամիներին հարցականի տակ դնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը

Step1.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

-Տիկի՛ն Մելոյան, իշխանությունները խոսում են նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մասին, իսկ Բաքվից հնչում են պահանջներ՝ հանել Հայաստանի Սահմանադրությունից հղումը Անկախության հռչակագրին։ Մասնավորապես, Ցեղասպանության հարցին հետամուտ լինելու եւ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման դրույթներն են փորձում հանել Սահմանադրությունից։ Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե դա իրականանա։

-Նախ նորություն չէ, որ գործող քաղաքական ուժն իր օրակարգում ունեցել է սահմանադրական փոփոխությունների հարցը։ Դրա մասին փաստում են իրենց իշխանության գալուց հետո երկու անգամ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովները, որոնցից առաջինը կազմալուծվեց հետպատերազմյան շրջանում։ Երկրորդ բարեփոխումների հանձնաժողովը, ըստ նորմատիվ իրական ակտերի մասին օրենքի պահանջների եւ իրենց կանոնակարգի, պարտավոր էր մեր հանրությանը ներկայացնել ժամկետային տեսանկյունից առնվազն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչը եւս չի արվել։ Դրանից բացի, փետրվար ամսին գործադիր իշխանության ղեկավարը հանրությանը ներկայացրեց նոր տեսլական, այն է՝ սահմանադրական փոփոխությունները փոխարինեցին նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգով։

Ի՞նչ տարբերություն կա սահմանադրական փոփոխությունների եւ նոր Սահմանադրության միջեւ։ Եթե առաջինի դեպքում իրենք կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ տալ եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել, բայց կաշկանդված էին միայն Սահմանադրության նախաբանը եւ անփոփոխելի չորս հոդվածները փոփոխելու հնարավորությամբ, հիմա, եթե օրակարգը փոխվում է, սահմանադրական փոփոխությունից անցում են կատարում դեպի նոր Սահմանադրության ընդունում, ուրեմն նպատակ կա այս անփոփոխելի դրույթներում փոփոխություն կատարելու։ Դրանից զատ, զուգահեռ տեսնում ենք մեր թշնամի պետության նախագահի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին։ Որո՞նք են իրենց համար ոչ ընդունելի սահմանադրական կարգավորումները։ Ինչպես իրավացիորեն նշեցիք, Սահմանադրության նախաբանը հղում է կատարում մեր պետության հիմնադիր նախահայրերի պատգամներին եւ ուղղակիորեն մեր պետության իրավական հիմք հանդիսացող Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրն էլ իր հերթին ոչ միայն մեր պետության, այլեւ հայ ազգի ու հայոց պատմության հիմնաքարային հենասյուներն է պահպանում։ Դրանք են Ցեղասպանության ճանաչման պահանջը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կարգավորումները, ընդհուպ ինքնորոշման իրավունք, եւ հայոց պետականության ակունքներում գտնվող մնացած հարցերի լուծում։

Մեր թշնամի պետությունների պահանջն է նաեւ մեր խորհրդանիշներից, մասնավորապես, զինանշանից Արարատ լեռան հեռացումը, բայց դա տեխնիկական պահանջ է եւ շատ մանր է թվում այս գլոբալ պահանջների դիմաց։ Եթե մենք հրաժարվում ենք Անկախության հռչակագրից, առաջին քայլով Սահմանադրությունից հղումը վերացնելով, այնուհետեւ արդեն զոհասեղանին դնելով Անկախության հռչակագրի իրավական լինելու հարցը, մենք ուղղակիորեն խփում ենք մեր պետության՝ երրորդ Հանրապետության իրավական հիմքերին եւ ական ենք նետում դեպի երրորդ Հանրապետության իրավական հիմքեր, որովհետեւ հենց Անկախության հռչակագիրն է այն իրավական փաստաթուղթը, որը Հայաստանի երրորդ Հանրապետության ծագման ու կայացման հիմք է հանդիսացել։

Այսինքն՝ եթե մեր Սահմանադրությունը 1995 թվականին ընդունվել է արդեն իսկ կայացած ինստիտուցիոնալ մարմինների եւ համակարգերի հիման վրա, այդ ինստիտուցիոնալ համակարգերն ու պետությունը ծագել են 1993 թվականի օգոստոսին ընդունված Անկախության հռչակագրի հիման վրա։ Եվ հրաժարումն այդ փաստաթղթից, Սահմանադրությունից այն հեռացնելը մեր թշնամի պետություններին հիմք է տալիս մոտ ապագայում օրակարգ բերել եւ հարցականի տակ դնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ որպես իրավական պետություն հանդիսանալու հանգամանքը։

-Ինչպե՞ս պետք է դիմակայել այս ծրագրերին։

-Պետք է չվհատվել ու չհանձնվել, հիմնական ներուժն այն է, որ դռնեդուռ սկզբունքով մարզերից սկսած մարդկանց պետք է բացատրել։ Իշխանությունները սկսել են շատ վտանգավոր զուգահեռ տանել, դա Եվրամիության անդամակցության հանրաքվեն է։ Շատ հավանական է, որ այստեղ եւս թակարդ կա, եւ նպատակը մարդկանց շփոթեցնելն է։ Նախ ընդգծեմ, որ ԵՄ-ին անդամակցությունը միակողմանի գործընթաց չէ։ Առաջին հերթին ԵՄ-ն պետք է պատրաստ լինի մեզ որպես իր անդամ պետություն ընդունելու, իսկ այդպիսի նախահիմքեր ընդհանրապես չկան։ Նման ուղերձ մենք Եվրոպայից չենք ստացել, որպեսզի կարողանայինք ենթադրություն անել, որ հնարավոր է այդպիսի զարգացում։ Ավելին, ունենք վառ օրինակներ՝ Վրաստանի ու Ուկրաինայի օրինակը։ Եվ, այո՛, մեր Սահմանադրությունը եւ հանրաքվեների մասին օրենքը տալիս են հանրաքվեների ենթակա հարցերի շրջանակը եւ հարցերը, որոնք ենթակա չեն հանրաքվեի։ Եթե լիներ Եվրոպական միության անդամակցության հարց, դա վերպետական մարմինին միանալու գործընթաց է, որը լուծվում է հանրաքվեով։ Սակայն, եթե, օրինակ, վիզաների ազատականացման մասին է խոսքը, դրանք միջազգային պայմանագրով կարգավորման առարկա են։ Եվ այդ հարցը հանրաքվեով լուծման ենթակա չէ։

Ուստի, մեր խնդիրն այն է, որ հնարավորինս պատշաճ կերպով, բոլոր հասանելի խողովակներով բացատրենք մեր հանրությանը բոլոր վտանգները, որոնց իրենք առերեսվելու են նախատեսվելիք հանրաքվեին հավանություն տալու դեպքում։

Ռոզա Հովհաննիսյան

Փաշինյանն ու Ալիեւը կարող են հանդիպել հուլիսի 15-ին՝ ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում հուլիսի 15–ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էր հղում անելով դիվանագիտական աղբյուրներին գրել, որ հուլիսի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լինելու են Վաշինգտոնում եւ այնտեղ հնարավոր է տեղի ունենան բանակցություններ:

news.am

Ռուսական բանակը Սոլնցեպեկով այրում է Չասով Յարը (տեսանյութ)

Չասով Յարն այրում է օկուպանտների TOS-1A «Սոլնցեպեկը»։ Աշխարհում արգելված է այս ծանր կրականետ համակարգի օգտագործումը, բայց ինչն է Ժնևի կոնվենցիայի խախտումը մի երկրի համար, որը դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 8-ին իր Սահմանադրությունը վեր է դասել միջազգային իրավունքից։ Թե ինչպես են օկուպացիոն զորքերը այրում քաղաքը թերմոբարիկ զինամթերքով, իսկ Ռուսաստանը ցույց է տալիս, որ աշխարհն ու իր կանոններն իրեն ոչինչ չեն, ցուցադրվել է «Ուկրաինա 365» Telegram ալիքի տեսանյութում։

Տեսանյութը՝ Դիալոգ կայքում

Դատախազությունը պահանջում է պետությանը հանձնել 13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին

news.am

Գլխավոր դատախազությունը փորձում է կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու և դրանք պետականացնելու հայտարարությունները:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ և պետության շահերի պաշտպանության հայց է հարուցվել պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն նվիրելու կապակցությամբ:

Մասնավորապես գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Այս կապակցությամբ դատախազությունը այս տարվա փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝  դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2019թ․ ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումը և որպես հետևանք վերացնել Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Եղիպատրուշ համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև 2020թ․ հունիսի 9-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրից ծագող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու  սեփականության իրավունքի գրանցումը և գրանցամատյանի գրառումը:

Խոսքը 1208 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Մխիթար Օշականցու կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը ճանաչվել է համայնքի սեփականությունը և հանձնվել ՀԱԵ-ին:

Համաձայն Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի  2019 թվականի ապրիլի 1-ի N 131Ա որոշման՝ Եղիպատրուշ գյուղի՝ համայնքային սեփականությունը հանդիսացող հողատարածքում 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչվել է որպես համայնքային սեփականություն, օրինական գույք:

Եկեղեցին սպասարկման տարածքով պետական գրանցում ստանալուց հետո հանձնվել է Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցուն:

Մինչդեռ՝ ըստ դատախազության՝ նշված եկեղեցին հանդիսացել է օտարման ոչ ենթակա և ընդգրկված է եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել էր հարկել Հայ Առաքելական եկեղեցուն՝ մասնավորապես վերանայել Եկեղեցուն վերաբերող՝ ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտարարել էին, որ ուսումնասիրում են եկեղեցուն պատկանող գույքը: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն օրինակ կարծիք էր հայտնել, որ Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկռշում կան հողեր, որոնք չեն օգտագործվում և կարող են օգտակար լինել պետությանը։

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 29-ին կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկը աստիճանաբար կնվազի մի քանի աստիճանով։

«Հայգոսհիդրոմետ»-ից NEWS.am -ի հաղորդմամբ՝ Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +25+28,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,

Լոռի՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,

Տավուշ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+29,

Արարատ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,

Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +15+18:

«Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023». բժշկի սպիտակ զգեստը կարմիր էր

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը` նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ին կազմակերպել  է ինտերակտիվ պանելային քննարկում՝ «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» խորագրով։ Քննարկման նպատակն էր` հրավիրված բանախոսների միջոցով անդրադառնալ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին,   ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև արցախցիների առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին։

Բանախոսները  արցախյան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին, ովքեր կիսվեցին սեպտեմբերի 19-ի իրենց վերապրածով։

Ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանն, անդրադարձավ սեպտեմբերի 19-ին Արցախում ստեղծված ռազմական իրավիճակին, պատասխանեց այն չարչրկված հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր դիմադրել ու չկորցնել Արցախը։

  • Մենք կարող էինք կռվել 2 օր, 3 օր, կարող էինք ճեղքել ու հասնել ՀՀ սահման, բայց արդյունքը լինելու էր նույնը, մարդկային կորուստները մի քանի անգամ շատ։ Պետք է նկատի ունենանք, որ 2020 թվականի 44-օրյայից հետո Արցախի պաշտպանական համակարգը արմատապես խախտված էր։ 2020 թվականից հետո Արցախի ՊԲ պետք է նոր պաշտպանական գիծ կառուցեր, որը ամեն կերպ ռուսների միջոցով խոչնդոտվում էր թշնամու կողմից, կամ էլ ուղղակի կրակ էր բացվում, եթե փորձ էր արվում դիրքերում ամրաշինական աշխատանքներ կատարել։ Եթե նախկինում դիրքերի միջև հեռավորությունը մինչև 150-200 մետր էր, 2020 թվականից հետո միջդիրքային հեռավորությունը հասնում էր 3-4 կմ-ի, որոշ տեղերում նույնիսկ մինչև 6-7։ Ճիշտ է, տեսահսկվում էր տարածքը, սակայն ռազմական գործողությունների ժամանակ դա արդեն էական նշանակություն չէր կարող ունենալ։ Ինքնապաշտպանական ուժերը ստեղծված ռազմական իրավիճակում զրկված էին խուսավարման հնարավորությունից, դրա համար ստիպված էին մինչև վերջ մարտնչել դիրքում։ Քարագլխի ու Սարի բաբի բարձունքները կորցնելուց հետո մեր վիճակն առավել խոցելի դարձավ։ Ճանապարհները վերահսկվում էր թշնամու կողմից և անգամ հնարավոր չէր դիրքեր օգնություն ուղարկել։ Չհաշված, որ 2022 թվականից ադրբեջանական զինուժը մարտական հերթափոխությամբ շուրջօրյա հետախուզում էր իրականացնում հետախուզական անօդաչուներով և մեր ամեն մի քայլը վերահսկվում էր։

Դրան գումարվում է նաև թշնամու թվային գերակշռությունը։ Ադրբեջանը սեպտեմբերին մեր զինուժի դեմ հանեց 3 բանակային կորպուս 18-25 հազար անձնակազմով, 1/10 հարաբերությամբ էր արցախցին կռվում՝ չհաշված զինատեսակներն ու ավիացիան։ Վերջինս մեզ մոտ զրո էր։

Հիմա զուտ վիճակագրությամբ․ Ճարտարի ուղղությամբ Կոհակ բարձունքի մոտ թշնամին թողել է 580 դիակ, Հարավ գյուղի մոտ՝ 200։ Մեծ կորուստներ է ունեցել Կարմիր շուկա, Շոշ, Չարեքտար, Նարեշտար, Մարտակերտ ու Ճանկաթաղ ուղղություններով։ Կես օրվա մեջ Ճանկաթաղի ուղղությամբ թշնամին 5 տեխնիկա էր կորցրել։ Ինձ ճիշտ հասկացեք, ես սա հերոսություն չեմ համարում, այլ այս փաստերը խոսում են այն մասին, որ սոված, հյուծված բանակն ու աշխարհազորը լուրջ մարտական գործողություններ են իրականացրել։ Ադրբեջանը ներկայացնում է 600 զոհ, մեր հաշվարկներով 1200-ից ավելի է։ Թշնամու կողմից շատ զոհեր տալու պատճառն այն էր, որ վատ եղանակային պայմաններում օդուժը չկարողացավ աշխատել, ստիպված էին զորքը օգտագործել։

Ճիշտ է, մենք էլ ենք ունեցել ծանր կորուստներ, ունեցել ենք դիրքեր, որի անձնակազմը ամբողջովին զոհվել է, մարտնչել են մինչև վերջ։

Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը հիշում է․

  • 2020 թվականից հետո Մարտունին բաժանվել էր չորս թաղամասերի և եղած փոքր մարդկային ռեսուրսները բաշխվել էին ըստ այդ թաղամասերի, յուրաքանչյուր ոք գիտեր իր անելիքը ռազմական գործողությունների դեպքում։

Երբ ռազմական գործողություններն ու դրան զուգահեռ բնակավայրերի հրթիռակոծումը սկսվեց, դա այն ժամն էր, երբ դպրոցականները դասերն ավարտած տուն էին գնում։ Ու սկսվեց մի քաոտիկ իրավիճակ, խուճապահար երեխաներ, կապ բացարձակ չկար և հարազատները իրար տեղ ու վիճակ չգիտեին։ Մի քանի հոգով երեխաներին տեղափոխեցինք ապաստարաններ, որից հետո ես ոտքով շրջում էի բոլոր նկուղներով, գրանցում այնտեղ գտնվողներին ու այդպես շրջում ապաստարաններով  ու այդ ցուցակները մի տեղից մի տեղ փոխանցում, որ ծնողներն ու առհասարակ մարդիկ իմանան թե իրենց հարազատը որտեղ է։

Մարտունու քաղաքապետ Ազնավուրի հետ պետք է բարձրանայինք դիրքեր, սակայն ինքը հանձնարարեց ինձ մնալ Մարտունիում ու փորձել անհրաժեշտության դեպքում լուծել պարենային հարցերը և քաղաքում առաջացած խնդիրները։ Ես նշեցի, որ մարդկային ռեսուրսների մեծ կարիք կար և 13-18 տարեկան երեխաները հիվանդանոցում ստիպված էին օգնել բժիշկներին, թե վիրավորներին օգնություն ցուցաբերելու և թե զոհերի աճյունները տեղափոխելու հարցում։ Պարոն Սահակյանը խոսեց Կոհակի մասին, ես ուզում եմ ասել, որ դա այն տեղամասն էր, որտեղ զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուրը, մեր տղաները կռվում էին տասնապատիկ ավել թշնամու դեմ։ Սկզբում մենք թաքցրել էինք քաղաքապետի զոհվելու լուրը, որովհետև վախենում էինք, որ խուճապն ավելի մեծ չափեր կընդունի ու մարդիկ կհուսահատվեն։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 20-ին, ժամը 13-ին ռազմական գործողությունները պայմանավորվածության համաձայն դադարեցվեցին, սակայն հենց ժամը 13-ից մինչև 15-ը, այդ երկու ժամվա մեջ Մարտունին ավերվեց ու հիմնական զոհերը հենց այդ ժամանակ ունեցանք։

Այդ մղձավանջային օրերին, ինձ համար ամենածանրը  Ազնավուրի զոհվելն էր և այն, որ Ավոյի արձանը փրկել չհաջողվեց։

Շրջափակման ամիսներին աստիճանաբար կաթվածահար էր լինում նաև առողջապահական համակարգը՝ մասնավորապես դեղամիջոցների հարցով։ Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանը ներկայացրեց այդ օրերին սպիտակ բանակի վարած կռիվը հանուն կյանքի և այն խնդիրները, որ կար համակարգում։

  • Պատերազմը մեզ համար սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ավարտվել ՝ 2023 թվականի սեպտեմբերի վերջին։ Մենք անընդհատ պայքարի մեջ էինք, որովհետև այդ միջանկյալ ժամանակաշրջանը այնպես չէ, որ հանգիտ էր, և մեզ համար հստակ էր, որ ռազմական գործողությունները անխուսափելի են, մանավանդ երբ սկսվեց բլոկադան, ու մենք սկսեցինք շատ զուսպ օգտագործել մեր հնարավորությունները։ Դեռ այդ ամիսներին Արցախում հիվանդները վառելիք, տրանսպորտ չլինելու պատճառով, բժշկի էին դիմում, արդեն երբ վիճակները ծանրացած էր, հիվանդը հյուծված և բուժումը ավելի շատ դեղամիջոցներ էր պահանջում։ Բայց գիտակցելով, որ ծանր օրերը դեռ առջևում են, մենք ժամանակին կարողացանք տարբեր խողովակներով գոնե առաջին օգնության դեղամիջոցներ բերել։

19-ի առավոտյան լսեցինք ընդհարումների մասին Հարավ գյուղի կողմից ու հիվանդանոցը բերեցինք մարտական գործողությունների վիճակի։ Բուժվող հիվանդներին, ում հնարավոր էր ուղարկեցինք տուն։ Օրվա երկրորդ կեսին արդեն 192 վիրավոր էինք ընդունել։ Սակայն ուզում եմ ասել, որ այդ օրը ավելի շատ վիրավոր ունեինք, բայց քանի որ դիրքերը, առանձին տարածքներ հայտնվել էին շրջափակման մեջ, վիրավորներին չէին կարողանում հասցնել հիվանդանոց, բերում էին մեկ, երկու օր անց, վիճակները ծանրացած։ Մի դեպք եմ ուզում պատմել, հերթական վիրավորին էին բերել, բուժքույրը սկսեց արագ–արագ շորերը արձակել, որ առաջին օգնությունը ցուցաբերենք, հասկացա, որ արդեն ուշ է, ու բուժքրոջն ասեցի՝ պետք չի արդեն։ Ու պարզվեց, որ բուժքրոջ եղբայրն է ու մի սահմռկեցուցիչ տեսարան էր, որ անհնար է մոռանալ։

Հատուկ ուզում եմ շեշտել, որ մեզ ահագին օգնեցին մեծ քանակով կամավորները, ովքեր նույնիսկ բժշկական  կրթություն չունեին։ Նրանց օգնությունն անգնահատելի էր հատկապես պայթյունի ժամանակ։ Առաջին 10 րոպեում 180 վառված մարդ ընդունեցինք և կամավորների հետ ամեն ինչ արեցինք, հստակ գիտակցելով, որ նրանց մի մասը չի ապրելու, որովհետև կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ էին ստացել, չնայած շատերի մոտ այդ պահին դա չէր զգացվում, շատերն իրենց ոտքով էլ եկել էին, բայց ներքին այրվածքներ ունեին։ Հիշում եմ մեր մեկ այլ բուժքրոջ եղբայր վառված բերեցին, ես ստիպված էի նրան թաքուն բուժօգնություն ցույց տալ, որ բուժքույրը կարողանա օգնել մյուսներին։ Բժշկական անձնակազմը տիտանական ու հերոսական աշխատանք կատարեց, մեր որոշ բժիշկների, բուժքույրերի բաց էինք թողել, որ գնան իրենց երեխաների, կամ տան վիրավոր անդամների հոգսերով զբաղվեն, տեղափոխեն, մենք բարոյական իրավունք չունեինք ուղղակի բաց չթողնելու, մնացել էինք հիմնական կորիզը, բայց որքան մեծ էր իմ հպարտությունը, երբ պայթյունի մասին լսելով մեր բուժակներն ու բուժքույրերը Շուշիի մերձակայքից ոտքով հետ վերադարձան հիվանդանոց։

Շատ ծանր օրեր էին, եղել է, որ ծանր վիրավորը հրաժարվում էր տեղափոխվել Երևան, որովհետև ընտանիքը չէր կարող թողնել, միասին հնարավոր չէր։ Եղել է, որ Շուշիի մերձակայքից հղի կնոջը հետ են բերել, որովհետև արդեն ծննդաբերում էր, թուրքերն էլ ուզում էին նրան տանել Շուշի։ Հետո նորածնին տեղափոխելը խնդիր դարձավ, որովհետև փաստաթուղթ չուներ։ Մի խոսքով դժոխային օրեր և շատ վիրավորական է, որ ասում են արցախցիները փախել են։

Հունան Թադևոսյանը, ով ԱՀ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարության մամլո խոսնակն էր, 2020 թվականից ականատես է եղել ամենաողբերգական դեպքերի ու զարմանում է, ո՞նց է դիմացել։

  • Ես տեսել եմ դժոխքն ու աշխարհի վերջը, ու դա հնարավոր չէ նկարագրել։ Ես հաճախ եմ ինձ հարց տալիս, այսքանից հետո, մենք ո՞նց չենք խելագարվում։

Քաղպաշտպանության  առումով ժողովուրդը իհարկե գիտեր իր անելիքը, բայց ժամանակակից զենքերի պարագայում, երբ թիրախավորվում էին նաև քաղաքացիական օբյեկտները, պարզ է, որ նկուղներն էլ անվտանգ չեն։ Սեպտեմբերի 19-ի պահով ասեմ, որ երբեք չեմ մոռանա դպրոցներից տուն գնացող երեխաների վախեցած ճիչերը, մենք ներքին գործերի նախարարությունից դուրս եկանք և սկսեցինք երեխաներին տեղափոխել ոստիկանության ապաստարան ու փորձել կապ հաստատել ծնողների հետ։ Այնուհետև գնացինք հիվանդանոց, արդեն վիրավորներ էին բերում՝ մեծ մասը երեխաներ, առաջին այդ պայթյուններից անգամ 9 տարեկան մի երեխայի մոտ սրտի կանգ էր արձանագրվել։ Անտանելի ցավոտ տեսարաններ էին, բժիշկ Առստամյանի սպիտակ համազգեստն արդեն կարմիր էր։ Արցախի բոլոր բնակավայրերը շրջափակման մեջ էին առնված՝ այդ թվում Ստեփանակերտը։ Ու կապի բացակայության պայմաններում ամենասարսափելին այն էր, որ չգիտես որտեղ ի՞նչ է կատարվում։ Ծնողները չէին գտնում երեխաներին, տեղեկություններ չկային զինծառայող հարազատներից, զինծառայողները լուր չունեին իրենց ընտանիքներից։ Ու արցախահայությունը կանգնած էր բնաջնջման առաջ։ Հետո եղավ զինադադար, մենք մահվան ու գաղթի միջև ընտրեցինք գաղթը, որ ապրենք։

Վկայություններից հետո հնչեցին հարց ու պատասխաններ, որոշ հարցեր դուրս էին օրակարգից, բայց շատ կարևոր քննարկելու համար, ուստի կազմակերպիչները խոստացան կրկին նման հանդիպումներ կազմակերպել և խոսել մարդկանց հուզող հարցերից։ Շատ կարևոր է իմանալ ու հասկանալ, թե ի՞նչ է կատարվել Արցախում 2023-ի սեպտեմբերի 19-ից մինչև Արցախի հայաթափումը, ի՞նչ սխալներ ենք ունեցել, ի՞նչը պետք է շտկվի, իսկ միայն տեղեկացված հանրությունն է կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։

Արմինե Հայրապետյան

Արմեն Գրիգորյանի աննկատ աղմկահարույց հայտարարությունը. Ռուսաստանը երբեք չի՞ հարձակվել

«Կարսի գրավման» դրվագներից մեկը․ ռուսական զորքերը բազմիցս պաշարել և գրոհել են Արևմտյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկը՝ Կարսը, ընդ որում՝ ռուսական զորքերի հրամանատարներն էին գեներալներ Լորիս-Մելիքովը, Լազարևը և այլք։

Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 96 %-ից նվազել է 10%-ից էլ ցածր։ Այս մասին օրերս հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Սենսացիոն հայտարարությունն աննկատ մնաց, թեև այն արտացոլում է աշխարհաքաղաքական հավասարակշռության կտրուկ փոփոխություն: Ինչպե՞ս է այժմ բաշխվում Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության 90 տոկոսը, Արմեն Գրիգորյանը չասաց, սակայն ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը չի թաքցնում, որ Ֆրանսիան դառնում է Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերը։ Խոսում են նաև Հնդկաստանի մասին։

Իշխանամետ գործիչները բացահայտ ասում են, որ Ռուսաստանը պայմանագրային զենք չի մատակարարում: Հայ ընդդիմադիրները նույնպես բացահայտ խոսում են այն մասին, որ Ռուսաստանը «հանձնեց» Հայաստանը։ Սա համեմում են Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներով՝ դուք եք մեղավոր, պարտավորությունները կատարեիք, բայց փաստում են։

Արմեն Գրիգորյանը նաև ասաց, որ «Ռուսաստանը եկավ, Ղարաբաղը մեզնից խլեց, տվեց Ադրբեջանին ու գնաց»։ Նույն սխեման հեշտությամբ կարելի է կիրառել Հայաստանի նկատմամբ. «Ռուսաստանը եկավ, խլեց Հայաստանը և հանձնեց Թուրքիային»։ Ռուսական քաղաքականությունը վերջին մի քանի դարերի ընթացքում նվաճված հողերը Թուրքիայի հետ «կիսելն» է։

Ռուսական դասագրքերում ասվում է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել եւ “նվաճել”։

Ֆրանսիական RFI ռադիոյի սյունակագիր, բանասեր Հասան Հուսեյնովը թվարկեց պատերազմները, որոնց արդյունքում Ռուսաստանը նվաճել է հողեր եւ ազգեր:

«1899 թվականին Սանկտ Պետերբուրգում լույս տեսավ դարաշրջանի հանրաճանաչ պատմագրության հիմնական փաստաթղթերից մեկը՝ Բրոքհաուսի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանի XXVIII հատորը՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը։ Տասնյակ քարտեզների և աղյուսակների վրա Ռուսական կայսրության ընդլայնումը նշվում է հետևյալ հիմնաբառերով՝ Պսկովի միացում Մոսկվային 1510, Սմոլենսկի գրավում 1514, Ռյազանի միացում Մոսկվային 1520, Կազանի գրավում 1552, Աստրախանի գրավում 155։ Սիբիրի կցում 1582, բաշկիրների կայսրություն ընդունում 1586, Մալոռոսիայի ենթարկում Մոսկվային 1654, կալմիկների Ռուսաստանի կազմ ընդունում 1655, Նարվա և Դորպատի գրավում ռուսների կողմից 1704, Լեհաստանի ընդունում Ռուսաստանի պաշտպանության տակ 1768, Զապորոժիե Սեչի ոչնչացում 1774, ճորտատիրության վերջնական հաստատում Մալոռոսյաում 1783, Ղրիմի միացում 1783, վրաց Հերակլի թագավորի հպատակում 1783, Վրաստանի միացում 1801, Մինգրելիա միացում 1803, Վարշավյան դքսության Ռուսաստանին միացում Լեհաստանի թագավորություն անվանմամբ 1815, Ամուրի շրջանի բռնակցում 1858, Արևելյան Կովկասի գրավում 1859, Արևմտյան Կովկասի գրավում 1864, Տաշքենդի գրավում 1865, Սամարղանդի գրավում 1868, Բուխարա 1868 գրավում եւ այլ»։

Ծագումով ադրբեջանցի հեղինակը խոհեմաբար լռել է Պարսկաստանի և Օսմանյան կայսրության հետ պատերազմներում Ռուսաստանի կողմից նվաճված, բռնի բռնակցված հայկական հողերի եւ հայ բնակչության զանգվածային ցեղասպանության, տեղահանության և վերաբնակեցման մասին։ Այժմ ավարտական ​​ակտն է տեղի  ունենում։ Ինչը չես կարող բռնակցել՝ գրավել, խլել, հանձնել թուրքին։

Եվրոպական խորհուրդն ընտրել է Եվրամիության նոր ղեկավարներին

DW

Եվրամիության երկրների առաջնորդները հինգշաբթի՝ հունիսի 27-ի երեկոյան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քվեարկել են դաշինքի հիմնական ինստիտուտների նոր ղեկավարների օգտին: Քվեարկության արդյունքում Եվրահանձնաժողովի նախագահը կմնա Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհուրդը կգլխավորի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտան, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը կգլխավորի Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Նրանց թեկնածությունները հաստատելու համար անհրաժեշտ էր, այսպես կոչված, ուժեղացված որակյալ մեծամասնության աջակցությունը։ Այն ձեռք է բերվում միաժամանակ երկու պայմանի կատարմամբ՝ 27 անդամ երկրներից առնվազն 20-ը (72%), որոնք ներկայացնում են Եվրամիության բնակչության առնվազն 65%-ը, պետք է կողմ քվեարկեն առաջարկին։

Ինտրիգը շարունակվեց մինչև գագաթնաժողովի առաջին օրվա ավարտը, քանի որ առաջնորդների ընտրության զգայուն թեման մղվեց օրակարգի ամենավերջին մաս՝ Ուկրաինայի պատերազմի, ԵՄ պաշտպանության և անվտանգության թեմայի և Միջին Արեւելքի հակամարտությունների քննարկումներից հետո։

Տպավորություն է, որ դոնորներից գումարներ ներգրավելու համար է ՀՀ կառավարությունն բնակարային ծրագիրն իրականացնում

Ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ Կարեն Հովսեփյանը step1.amի հետ զրույցում անդրադարձել է խնդիրներին, որոնք առկա են ՀՀ կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրում։

Ըստ մասնագետի՝ հաշվի առնելով, որ մարզերում աշխատատեղերի խնդիր կա, արցախցիների մոտ 80 տոկոսը ստիպված են բնակություն հաստատել Երեւանում կամ երեւանամերձ բնակավայրերում։ «Իսկ այդ բնակավայրերում կառավարության տված գումարներով հնարավոր չէ իրենց սահմանած քմ-ն բավարարել։ Ենթադրենք, ընտանիքը բաղկացած է 5 անդամից, ծրագրի շրջանակներում այդ ընտանիքին հասնում է 15 մլն դրամ։ Կառավարությունը ստիպում է, որ 5 հոգանոց ընտանիքը 60 քմ-ից ավելի տարածքով բնակարան գնի։ Իսկ 70 քմ-ոց բնակարան գնելու համար մեծ գումար է պետք։ Չեմ խոսում Երեւանի մասին, կլինի Աբովյանում, Աշտարակում, թե Էջմիածնում, մեկ քմ-ն 1000 դոլարից պակաս բնակարան չկա։ Ունենք նաեւ 3 հոգանոց, 4 հոգանոց ընտանիքներ, որոնք շատ ավելի դժվարին վիճակում են հայտնվել։

Ես ինքս, լինելով բանկային ոլորտի մասնագետ, կարող եմ ասել, որ արցախցիների շատ քիչ տոկոսի մոտ կա գումար, որպեսզի ավելացնեն, իրենց ուզած բնակարանը գնեն, իսկ բանկերից վարկ վերցնելը մեկ այլ խնդիր է, որովհետեւ 5 հոգանոց ընտանիքի համար բանկը մեկ շնչի համար 50-60 հազար դրամ կենսապահովման գումար է հաշվարկում, այսինքն՝ մոտ 400 հազար հաշվում են 5 հոգանոց ընտանիքի ծախսը, ասում է՝ եթե դրանից ավելի գումար ունենաս, կկարողանանք վարկավորել։ Խոսքը գնում է ամսական 600-700 հազար դրամ  եկամտի մասին, բայց ո՞ր արցախցի ընտանիքն այսօր Հայաստանում 600-700 հազար դրամ աշխատավարձ ունի, այն էլ գրանցված»,- ասաց Կարեն Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ տպավորություն է, որ դրսից դոնորներից գումարներ ներգրավելու համար է ՀՀ կառավարությունն այս ծրագիրն իրականացնում․ «Բյուջեում այդ գումարը չկա, այնպես չէ, որ այդ գումարը պետությունից է գանձվելու, իրենք դոնորների միջոցով են փորձելու այս հարցը կարգավորել։ Բայց իրականում դա կարգավորել չէ, խնդիրը գլոբալ է, այսպես չի լուծվի։ Կարող է մարդկանց 5-10 տոկոսը, որոնք գյուղատնտեսության հետ սեր ունեն, համաձայնեն գնալ սահմանամերձ բնակավայրերում տներ գնել, բայց հիմնական մասը երեւանամերձ տարածքներում կփորձեն տեղավորվել, որովհետեւ աշխատանքի խնդիր կա, իսկ մարդու համար ամենակարեւորը աշխատանքն է, հետո նոր կացարանը»։

Մասնագետի խոսքով՝ այս ծրագրի պատճառով արտագաղթի տեմպերը կարող են աճել։ «Այս ծրագիրը որոշ չափով հուսադրող է եղել, մարդիկ մտածել են ինչ-որ տուն ստեղծեն, իրենք ապագան կապեն Հայաստանի հետ։ Իսկ եթե մարդը հայրենիքը կորցնելուց հետո այս հույսն էլ է կորցնում, արտագաղթի թվերը կաճեն։ Կառավարությունը ոչ թե իմիջիայլոց է մոտենում արցախցիների խնդիրներին, այլ նաեւ սրում է իրավիճակը, հայաստանցի-ղարաբաղցի տարանջատում է դնում։ Իսկ դա արդեն բերելու է նրան, որ միանշանակ արձանագրվելու է արտագաղթի տեմպերի աճ։ Եվ այս ամառային ամիսներին արտագաղթի բավական մեծ տեմպ է լինելու, երեխաները դպրոցներն ավարտում են, մարդիկ ասում են՝ կամ արտերկրում ենք զրոյից սկսում, կամ այստեղ, ի՞նչ  տարբերություն, եթե այստեղ որեւէ աջակցություն չկա, մեր հույսը մենք ենք, ավելի հեշտ է գնանք արտերկրում փորձենք»,- հավելեց նա։

Կարեն Հովսեփյանի խոսքով՝ արցախցիների բնակապահովման խնդիրը կարելի էր լուծել՝ կոմպակտ բնակեցման համար թաղամասեր կառուցելով։ Մյուս տարբերակն այն է, որ մարդկանց հող հատկացնեն, որպեսզի մարդիկ իրենց համար տուն կառուցեն։ «Հիմա տուն կառուցելու դեպքում էլ ասում են, որ շինարարը պետք է կառուցի այդ տունը՝ համապատասխան չափորոշիչներով։ Եթե այդ գումարից հարկերն ու շահույթը հանենք, մնացած գումարով մարդն ի՞նչ տուն պետք է կառուցի։ Եթե մարդիկ հոգատարություն զգան, եթե անգամ 3 մլն դրամի փոխարեն 2,5 մլն դրամ տան ու հող, թողնեն, որ մարդիկ իրենք իրենց տները սարքեն, դա այլ հարց է։ Այսինքն՝ սրտացավություն չկա, այս ծրագիրը ստեղծված է, որպեսզի թղթի վրա ունենան ինչ-որ բան՝ ինչ-որ մի տեղ ցույց տալու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա Հովհաննիսյան