Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
–Պարո՛ն Ղուկասյան, ներքաղաքական այս զարգացումների ֆոնին իրավիճակի սրում կամ ապակայունացում կարո՞ղ է լինել։ Օրինակ՝ իշխանական պրոպագանդան այսպիսի թեզ է դրել շրջանառության մեջ, որ Հայաստանում ձեւավորված շարժման պատճառով Ալիեւը մեծացնում է ճնշումները Հայաստանի վրա։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։
-Ես Հայաստանի այսօրվա ներքին իրավիճակի հետ կապված արտաքին վտանգներ չեմ տեսնում։ Եթե այդ տեսակետից նայենք հարցին, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայքար է գնում իշխանության վերաբաժանման հարցի շուրջ։ Կա կառավարություն, որի վարչապետը թուրքամետ քաղաքական գործիչ է։ Փոխվարչապետերն այլ քաղաքական ուղղվածություն ունեն, նրանցից առնվազն մեկը ռուսամետ է։ Այսինքն՝ եթե արտաքին տեսակետից նայենք ներքին իրավիճակին, ինչ-որ արտառոց բան տեղի չի ունենում։ Քարոզչության մեջ հանրության վրա ազդելու համար, իհարկե, ամեն կողմն օգտագործելու է նաեւ այդ հռետորաբանությունը, որ սա թշնամու ջրաղացին ջուր է լցնում։ Դա սովորական բան է, մենք վաղուց դրան սովորել ենք։ Բայց էությունը թուրքամետ եւ ռուսամետ ուժերի պայքարն է՝ կառավարության ներսում վերադասավորություն անելու հարցի շուրջ։ Ընդ որում, այս պահի դրությամբ տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չեզոք դիրքորոշում ունի, եւ շարժումից է կախված՝ որքանով ինքը կհասնի այն մակարդակին, որ փոփոխությունների անհրաժեշտությունն արտաքին քաղաքական մակարդակով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ քննարկվի։
Երեկվա բացահայտումը, որ խորհրդարանական ընդդիմությունն ի վիճակի չեղավ ապահովել 35 պատգամավորների ստորագրությունը, որպեսզի կառավարությանն անվստահություն հայտնի եւ իր վարչապետի թեկնածուին առաջադրի, եւ դրա փոխարեն կառավարությանն ուղերձ հղեց, որ կառավարությունը հրաժարական տա, փաստում է, որ խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ չկարողացավ խորհրդարանում բավարար թվով պատգամավորներ հավաքել։
-Բայց մյուս կողմից էլ ի սկզբանե պարզ էր, որ ընդդիմադիր խմբակցությունները չէին կարողանալու անհրաժեշտ ձայներ ապահովել։ Օրինակ՝ այս իրավիճակում մանդատներ վայր դնելը կարո՞ղ է լուծում լինել։
-Ես այսպես եմ նայել այս հարցին՝ անվստահություն հայտնելու գործընթացը հնարավորություն էր՝ խորհրդարանական ընդդիմության կողմից քաղաքական երանգով վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնելու համար։ Եվ հասկանալի է, որ իշխող կուսակցության ներսում որեւէ խմբակցություն կամ խումբ դրան չէր մասնակցի։ Առհասարակ Սահմանադրության մեջ այս մոդելը, որը ենթադրում է կառավարությանն անվստահություն հայտնել, այն տրամաբանության մեջ է գործում, որ իշխող ուժի կամ իշխող կուսակցության մեջ տեղի է ունենում պառակտում, եւ այդ իշխող ուժի մի մասն ընդդիմության հետ միասին անվստահություն են հայտնում գործող կառավարությանը։ Այդպիսով փոխվում է կառավարությունը, նոր կառավարություն է ձեւավորվում։
Այսօր իշխող կուսակցության ներսում տեսանելի չէ ինչ-որ պառակտում եւ ֆրակցիաների պայքար։ Եվ խորհրդարանական ընդդիմության այդ գործողությունը զուտ ցուցադրական բնույթ պիտի կրեր ի սկզբանե, բայց ինքը կարող էր քաղաքական այն նշանակությունն ունենալ, որ քաղաքական ծիսակատարությամբ Փաշինյանին այլընտրանք վարչապետի թեկնածու պետք է ներկայացնեին։ Այս շարժման համար դա կարող էր գործոն լինել, եթե այդպիսի թեկնածուն հանրության համար ընդունելի կերպար լիներ, իր ծրագիրն ընդունելի լիներ, մարդիկ դրա մեջ տեսնեին ավելի լավ ապագայի տեսլական։ Դա շարժմանը կարող էր տալ ավելի մեծ ընթացք, էներգիա, ավելի լայն զանգվածներ կարող էին միանալ։
Բայց ընտրողների եւ քաղաքացիների մեծամասնության համար ընդունելի չէ խորհրդարանական ընդդիմության՝ օլիգարխիայի եւ Ռուսաստանի գործոնների հիման վրա կառուցված քաղաքական ծրագիրը։ Եվ հնարավոր չէ հույսեր փայփայել, որ դրա հիման վրա կարելի է քաղաքական արդյունքի հասնել։
-Այդ համատեքստում նաեւ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ անեն այս իրավիճակի դեմ բողոքող, պայքարող քաղաքացիները, ո՞ւմ հետեւից գնան, ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։
-Իմ եւ մեր կուսակցության դիրքորոշումը եղել է այն, որ, այո՛, Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, իշխող ուժը բացահայտեց, որ ինքը թուրքամետ կուսակցություն է, այսինքն՝ տեղի է ունեցել խաբեություն։ 2018 թվականից ի վեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թաքցնում էր իր թուրքամետ գաղափարախոսությունը եւ բովանդակությունը, 2022 թվականի մայիսից աստիճանաբար բացահայտեց։ Դրա առաջին քայլն էր Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումը, փորձում էին քողարկել ու ներկայացնել, թե իբրեւ միջազգային հանրության պահանջն է նշաձողի իջեցումը։ Հետո սուտը բացահայտվեց, պարզվեց՝ այսպիսի բան չկա։ Երկրորդը՝ այս տարի արդեն ցեղասպանության ժխտման փորձերն են, որոնք Փաշինյանը իրականացնում է տարվա սկզբից՝ Սահմանադրության պրեամբուլայի փոփոխության անհրաժեշտության մասին է խոսում, ապրիլի 24-ի իր ելույթում մտքեր արտահայտեց, որ հայերը ցեղասպանության զոհ դարձան սեփական սխալ քաղաքական հետեւանքով։ Դա լուրջ քննադատության ենթարկվեց միջազգային փորձագետների կողմից, մասնավորապես, Լեմկինի ինստիտուտի։ Այս ամենը բացահայտեց ՔՊ-ի գաղափարական էությունը, որ դա թուրքամետ քաղաքական ուժ է։ Եվ դա շատ հարցեր է պարզաբանում վերջին տարիների իրադրաձությունների մեջ՝ ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչո՞ւ պարտվեցինք, ի՞նչ խաղաղություն է ուզում հաստատել ՔՊ-ն։
Այս իրավիճակում, իհարկե, կա ճգնաժամ, եւ իշխող ուժի հեռացման խնդիրը լրջագույն խնդիր է։ Ոնց որ թե հանրության մեծամասնությունը կողմ է Նիկոլ Փաշինյանին եւ թուրքամետ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու գաղափարին։ Այն, ինչ այսօր այս շարժումն է առաջարկում, հանրության մեջ եղած պատկերացումը շահագործելու միջոցով, այն է, որ փորձում են այնպես անել, որպեսզի ռուսամետ ուժերը գան իշխանության։ Ընդ որում, խորհրդարանը շարունակի կազմված լինել թուրքամետ եւ ռուսամետ ուժերից, ինչպես 2021 թվականին ձեւավորվեց։ Եվ պարզապես գործադիր իշխանության մեջ փոփոխություն լինի, թուրքամետ եւ ռուսամետ գործիչների բալանսը փոփոխվի։ Իմ կարծիքով՝ սա է այսօրվա խորհրդարանական ընդդիմության ծրագիրը, որոնք իրենք փորձում են Բագրատ սրբազանի գլխավորած շարժման միջոցով լուծել։
Տեսնում ենք, որ այդ ծրագրերը լայն աջակցություն չեն ստանում քաղաքացիների կողմից։ Բագրատ սրբազանի թեկնածությունը՝ որպես վարչապետի թեկնածու, իրավական վեճի առարկա է։ Ասում են, որ կան ինչ-որ իրավական հիմքեր, բայց ո՞վ պետք է գործի դնի այդ իրավական հիմքերը, ո՞ր մարմինը պետք է այդ որոշումը կայացնի, դա էլ պարզ չէ։ Ենթադրենք, եթե համապատասխան թվով մանդատ ունենար խորհրդարանական ընդդիմությունը, եւ Բագրատ սրբազանին առաջադրեր որպես վարչապետի այլընտրանքային թեկնածու, այդ որոշումը մերժվեր, ապա ի՞նչ, այս որոշումը կարելի՞ էր բողոքարկել ՍԴ կամ ինչ-որ այլ կերպ հաղթահարել այդ իրավական արգելքը։ Այս ամենը շարժման համար բացասական է, աջակիցների թիվն ավելացնող գործոն չէ։
Մեր դիրքորոշումը մենք ի սկզբանե բացահայտ ներկայացրել ենք, որ այսօր ճիշտ պահանջ է արտահերթ ընտրություններ անցկացնել հիմա եւ թողնել ժողովրդի հայեցողությանը, թե որ ճանապարհով Հայաստանը պետք է գնա՝ Ռուսաստանի հե՞տ փորձի վերականգնել հարաբերությունները, դուրս հանի Հայաստանից ԵՄ դիտորդներին եւ սառցնի այն ծրագրերը, որոնք իրականացվում են, թե՞ շարունակի թուրքամետ ուղին, բայց արդեն ազնիվ ու պարզ։ Այսինքն՝ թուրքամետներն այլեւս չթաքնվեն իբրեւ հայրենասերներ։ Եվ երրորդ ճանապարհը դա Հայաստանի եվրոպական ճանապարհն է, որը եւս պետք է ներկայացվի ժողովրդին, եւ ժողովուրդն իրավունք ունի այս երեք ճանապարհների մեջ ընտրություն կատարել։
Դրա համար մենք գտնում ենք, որ շարժումն ավելի լայն ճանապարհ կունենար, եթե խոսքը գնար հիմա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների մասին, այսինքն՝ հարցը դրվեր այնպես, ինչպես դրված է եղել 2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջվում, եւ Սերժ Սարգսյանը չմասնակցեց հետագա ընտրություններին։ Եվ, իհարկե, շարժումը մեծ դերակատարություն կարող էր ունենալ ընտրությունների նկատմամբ վերահսկողություն ապահովելու հարցում։
Շատ կարեւոր պահանջ է փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, մենք նաեւ կարեւոր ենք համարում ունենալ լծակներ վարչական ռեսուրսի չարաշահման դեմ։ Այդ առաջարկը եւս արել ենք, Բագրատ սրբազանին տեսնում էինք որպես Հանրային խորհրդի ղեկավար, որն անցումային ընտրությունների փուլում հանրության հետ միասին վերահսկողություն կարող էր իրականացնել վարչական ռեսուրսի նկատմամբ։ Իրենք գնացին ուրիշ ճանապարհով, հաջորդ երկուշաբթի օրը կավարտվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու ժամկետը։ Հավանական սցենարն այն կլինի, որ ՔՊ-ն չի մասնակցելու, եւ քվորում չի ապահովվի հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք նիստի համար։ Թե ինչ կլինի դրանից հետո, հիմա տեսանելի չէ։ Կարելի է ասել, որ լինելու է ստատուս քվո՝ ցուցարարները հավանաբար մնալու են Բաղրամյան պողոտայում, իսկ ՔՊ-ն հավանաբար շարունակելու է իր քարոզչությունը, որ սա «բարեկամ ադրբեջանցիներին» սատարող շարժում է։ Այսինքն՝ փորձելու են Բագրատ սրբազանին ու իր համախոհներին մեղադրել ի օգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականություն իրականացնելու մեջ, մեղադրել նրանում, ինչով իրականում ՔՊ-ն է զբաղված։ Եվ հանրության մոտ շատ ակտուալ է մնում՝ ո՞ւմ հետեւից գնալ հարցը։
Ռոզա Հովհաննիսյան