Ինչու են արցախցիները դաժան ծեծի ենթարկվում պարեկային ծառայողների կողմից

Փաստաբան Ռոման Երիցյանը բարձրաձայնում է այն ցավոտ իրավիճակների մասին, երբ Արցախի քաղաքացին  պարեկային ծառայողների կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով դիմել է փաստաբանական աջակցություն ստանալու համար:

Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գիշերվա ժամը 12-ին քաղաքացու մեքենան կանգնեցրել են` պարզաբանելով,  որ  ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է: Կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և քաղաքացուն առաջարկել են ստորագրել այն: Հրաժարվելուց հետո նրանք ցուցաբերել են ագրեսիվ վերաբերմունք և այդ խոսակցության ընթացքում հանելով իրենց մոտ պահվող արցունքաբեր գազը, լրիվությամբ դատարկել են քաղաքացու դեմքին` պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ:

«Գրեթե կուրացած վիճակում գտնվող մարդուն 10-ից ավելի պարեկային ծառայողներ ծեծի են ենթարկել, տեղափոխել պարեկային ծառայության ավտոմեքենա, այնուհետև նորից հանել մեքենայից ցատկով հարվածել մեջքի հատվածին` ջարդելով ողերը: 7 րոպե ինտենսիվ ծեծվելու հետևանքով ներկայումս քաղաքացին ունի բազմաթիվ վնասվածքներ և տեսողության խնդիր: Պարեկային ավտոմեքենայի մոտ ոմն մայոր Առաքելյանը բացել է դուռը և ձեռքով հարված հասցրել քաղաքացու դեմքին` պատճառելով վնասվածքներ շրթունքների շրջանում»,- մանրամասներ է ներկայացնում փաստաբանը` նշելով, որ պատահական անցորդը, որը հորդորել է պարեկային ծառայության աշխատակիցներին հանդարտվել, արժանացել է նույն վերաբերմունքին: Ծեծվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Տեղափոխվելու ընթացքում նույն ծառայողները հորդորում էին արցախցուն այս կապակցությամբ հաղորդում չներկայացնել իրավապահ մարմիններին: Մինչդեռ քաղաքացին ներկայացրել է և հարուցել է քրեական վարույթ, սակայն որևէ անձ դեռևս այս պահի դրությամբ չի ձերբակալվել` անգամ չի հարցաքննվել:

Քննիչի կողմից  առգրավվել են դեպքի վայրը տեսահսկած տեսախցիկների արձանագրությունից կոշտ կրիչները:  «Նշել են, որ զննվելու են հենց մեր ներկայությամբ և առաջին իսկ հնարավորության դեպքում ես կհրապարակեմ այդ տեսաձայնագրությունները, որոնցից հստակ հետևում է, թե ինչի են արժանացնում արցախցուն ընդամենը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չստորագրելու պատճառով:

Տեղի ունեցածի իրական պատճառն այլ է: Այդ արցախցու հետ երթևեկում էին այլ արցախցիներ, որոնք աջակցում էին Բագրատ Սրբազանի շարժմանը: Ավելի քան ակնհայտ է, որ քաղաքացու հանդեպ դրսևորած վերաբերմունքը փոխկապակցված է ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին»,-նշում է փաստաբանը` զուգահեռներ անցկացնելով Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների նկատմամբ հարուցված վարույթների միջև` մասնավորապես Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ:

Փաստաբան Ռոման Երիցյանը ապուշությունից բացի այլ բառ չի գտնում մեկնաբանելու համար այն ամենը, ինչի մեջ մեղադրվում են կոնկրետ քաղաքապետերը: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախության մեջ: Այն հարցին ի պատասխան, թե ում նկատմամբ է տեղի ունեցել խարդախություն` պատասխան չկա: Ով է տուժել` պատասխան չկա: Որն է հասցված վնասը` պատասխան չկա: Սրան զուգահեռ` դատարանը հիմնավոր կասկածի առկայությունը համարում է հաստատված և քաղաքապետին կալանավորում է 20 օր ժամանակահատվածով, որը բավարար կլիներ վերջիններիս կողմից իրենց հանրային հեղինակությունները օգտագործել ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին:

Կան նաև այլ գործողություններ, որոնք ձեռնարկվել են արցախցիների նկատմամբ, այդ թվում նաև պաշտոնատար անձանց նկատմամբ… Պարեկային ծառայողները արցախյան համարանիշներով ավտոմեքենա տեսնելիս առաջին հերթին կանգնեցնում են և եղած կամ չեղած տեղը ենթարկում վարչական պատասխանատվության: Փաստաբանը եզրակացնում է.«Այս  ամենի պատճառն այն է, որ արցախցիներն ինտենսիվ կերպով մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»:

Տաթև Ազիզյան

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին նիստ պետք է գումարի. Գառնիկ Դանիելյան

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին նիստ պետք է գումարի, որի օրակարգում ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցն է լինելու։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին ասաց, որ օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցն է։

Ընդդիմության առաջարկած նախագծով վարչապետի թեկնածուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն է։

«Այն, ինչը մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության եւ տրամաբանության մեջ է մտնում։ Դա մեր գործիքակազմերից մեկն է, որը պետք է օգտագործենք։ Իսկ եթե իրենք փորձեն խոչընդոտել, կարծում եմ, իրենց մոտ չի ստացվի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ն չի խոչընդոտի՞ արտահերթ նիստի անցկացումը։

«Ամեն ինչ մեր ժողովրդին ձեռքում է, եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն այլեւս իշխանություն չեն, իրենք իշխանություն չեն լինելու։ Բազմիցս ասում էին՝ շարժումը մարում է, երեկ տեսաք, որ հրապարակը լեփ-լեցուն էր։ Բայց հրապարակը լեփ-լեցուն լինելուց բացի շատ կարեւոր է, որ մարդիկ նաեւ մասնակցեն ակտիվ գործողություններին»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ ասաց․ «Այս պահին պահանջն այն է, որ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, բայց ցանկացած պահի պահանջները կարող են փոխվել։ Այսինքն՝ բուն տրամաբանությունը չի կարող փոխվել, թե ինչի համար է այս քաղաքացիական անհնազանդությունը, բայց ձւերը կարող են ճկուն լինել ու փոխվել։ Օբյեկտիվ պատճառներն այնքան շատ են, որ գոնե 2020 թվականի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տված լիներ։ Եթե հրաժարական չի տվել, այսօր որեւէ այլ գործողություն, բացի հանրային ճնշումից, չի կարող իրեն ստիպել, որ ինքը հրաժարական տա»։

Իրանը դեմ է Հայաստանում 200-300 հազար «ադրբեջանցիների» բնակեցմանը

Իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝  հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։

«Իրանական կողմը աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Թեհրանը, սակայն, դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ընդգծել է Կանին։

«Ժողովրդագրությունը» նորություն է տարածաշրջանի վերաբերյալ Իրանի հրապարակային հռետորաբանության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Բաքուն և Թեհրանը բանակցում էին, որ «Ադրբեջանից» Նախիջևան, այնտեղից էլ  Թուրքիա ճանապարհն անցնի ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով։ Ալիևը միաժամանակ ասում է, որ դա չի նշանակում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»՝ ձգտելով Հայաստանի կողմից այն տարածքների «խաղաղ» հանձնմանը եւ վերաբնակեցմանը, որոնցով պետք է անցնի “միջանցքը”։

Վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ խոսել Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, Վայոց ձորում և Արարատում 200-300 հազար ադրբեջանցիների բնակեցման հնարավորության մասին։ Հայաստանի իշխանությունը չի հերքում նման հավանականությունը։ Իսկ Իրանը, ըստ երեւույթին, դեմ է արտահայտվում նման կարգավորմանը, որը կփոխի «ժողովրդագրությունը»։

Իրանը, սակայն, չխոսեց Արցախի բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո «ժողովրդագրությունը» փոխելու մասին, թեկուզ իր հյուսիսային սահմանին ստանալով ևս մեկ անբարյացակամ տարածաշրջան։

Թեհրանը փորձում է խստացնել իր հռետորաբանությունը այն բանից հետո, երբ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, կործանվել է՝ Ալիեւի հետ հանդիպումից վերադառնալիս։

Հերթական սադրանքը․ ինչի է պատրաստվում Ռուսաստանը Հայաստանում «ՀԱՊԿ-ի միջոցով»

Ռուսաստանը պատերազմի վրա օրական ծախսում է 300 միլիոն դոլար և պահանջում է Հայաստանից տարեկան կես միլիոն դոլարի անդամավճար ՀԱՊԿ բյուջեում

Հայաստանի իշխանությունների հրաժարումը ՀԱՊԿ-ում գնահատված անդամավճար կատարելուց ստիպում է ճշգրտել կազմակերպության բյուջեն, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

2024 թվականին ՀԱՊԿ-ի աշխատանքի ֆինանսավորմանը մասնակցելուց Երևանի հրաժարվելու մասին մայիսի կեսերին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ռուսական ԱԳՆ լուրը տարածվեց ողջ մամուլով՝ տպավորություն ստեղծելով, որ ՀԱՊԿ-ն ունի նույն բյուջեն և նույն անվտանգության համակարգը, ինչ, ասենք, ՆԱՏՕ-ն, և Հայաստանի՝ ներդրումներից հրաժարվելը կփլուզի այս համակարգը։

Ռուսաստանը, ըստ որոշ հաշվարկների, ամեն օր 300 մլն դոլար է ծախսում ուկրաինական պատերազմի վրա։ Որքա՞ն է Հայաստանի անդամավճարը ՀԱՊԿ-ում և ինչու է Ռուսաստանը այդքան «անհանգստացած» ՀԱՊԿ բյուջեով։

Հայաստանի 2023 թվականի պետական ​​բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ է հատկացվել տարբեր միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար։ Այս տարվա հունվարին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն չի հայտնել, թե որքան գումար է վճարում Հայաստանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։ «Հայտնում ենք, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպությունների տարեկան բյուջեների մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Factor TV-ն հաշվարկել է, որ դա ոչ ավելի է, քան 1,5 մլրդ դրամ (մոտ 4 մլն դոլար)։

Մինսկը, ընդհակառակը, բացահայտ հայտարարում է, որ «Բելառուսի Հանրապետության մասնաբաժինը ՀԱՊԿ բյուջեում կազմում է 10%: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմամբ հաստատվել է կազմակերպության 2024 թվականի եկամուտների և ծախսերի բյուջեն 532,2 միլիոն ռուսական ռուբլու չափով, ներառյալ՝ Բելառուսի Հանրապետության բաժնետոմսերի ներդրումը 53,2 մլն ռուսական ռուբլու չափով»։

Այսինքն՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայաստանի մասնաբաժինը նույնպես 10 տոկոս է, ապա դա տարեկան մոտ 600 հազար դոլար է։

Այդ գումարները ծախսվում են ՀԱՊԿ գլխավոր շտաբի և քարտուղարության պահպանման վրա, քանի որ ՀԱՊԿ-ը չունի այլ մշտական ​​կառույցներ, ինչպես նաև համատեղ սպառազինություն, ռազմակայաններ և այլ բաներ։ Շտաբն էլ ինչ-որ տարօրինակ առանձնատան է տեղակայված Մոսկվայում, և վերջ:

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը հերթական նախապատրաստական ​​սադրանքն է՝ ուղղված Հայաստանի «դավաճանությունը» ցուցադրելուն։ Հարցն այն է, թե ինչին է պատրաստվում Ռուսաստանը։

Պարզվում է, որ 2020 թվականին տեղահանվածներիս հասնում է 10 միլիոնի սերտիֆիկատ ու ժամկետը վերջանում է հուլիսի մեկին

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հայրապետյանը գրում է.«Քանի որ թեման շատ խորն է և ուսումնասիրության կարիք ունի ու միայն իմ անձնական հարցը չէ, գրում եմ հանրային ու խնդրում բոլոր պատասխանատու մարդկանց նշել, որ մեր հարցը լուծվի:

Ուրեմն մենք տեղյակ չենք եղել, որ 2023 թվականին բռնի տեղահանվելով` համարվել ենք 2020 թվականի Շուշիիից բռնի տեղահանված մարդկանց բնակարանային ապահովման 10 մլն դրամ սերտիֆիկատի շահառու, ( որպես նաև Բաքվից փախստականի ընտանիք, նաև շահառու են վերաբնակիչները) վստահ եմ, շատերդ չգիտեք դրա մասին ու դուք էլ եք շահառու ու այդ սերտիֆիկատի ժամկետը լրանում է հուլիսի 1 ին:

Երեկ լրացնում եմ հայտը, որ ստուգեմ հաստատ շահառու եմ թե չէ, ( ինչքան փորձեցինք 2020 թվի տեղահանվածների սերտիֆիկատի շահառուների օղակը ճշտել, չհասկացանք, չգտանք ինֆո ): Լրացրեցի: Պարզվեց, որ շահառու ենք

4 ընտանիք` 1 սերտիֆիկատի տակ:

10 մլն դրամ 4 տարբեր ընտանիքի համար, որտեղ 2020 թվից հետո ծնվել են երեխաներ, մեկը ճանապարհին է, ու բոլորը առանձին ընտանիքներ են: 2023 թվականին տեղահանվելուց հետո ապրում ենք տարբեր քաղաքներում:

Հայտը կիսուրիս անվանի է` շահառուների ցանկում նա իր ամուսնու հետ, նրանց 3 տղաները ընտանիքների հետ: Նույնիսկ Շուշիում մենք միասին չենք ապրել (հիմա ով է՞ պատրաստ մեզ օգնել իրավական ճանապարհով կամ առանձնացնել այդ սերտիֆիկատները կամ հրաժարվել, ու որպես առանձին ընտանիքներ սպասենք 23 թվականի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին: Ես չգիտեմ, այստեղ ելքը որն է, միայն գիտեմ, որ 12 հոգի չենք կարող մի տուն գնել 10 միլիոնով և դա տուն համարվի:

 

Բաղրամյան պողոտան փակ է․ վրաններ են տեղադրել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում: Այստեղ բազմաթիվ վրաններ կան, գիշերը խարույկ են վառել, որ տաքանան:

Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա: Այստեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ցուցարարների մի խումբ երթով շարժվեց դեպի կառավարական ամառանոցներ, սակայն այնտեղ եւս ոստիկանները թույլ չտվեցին Պռոշյան փողոցից մտնել Դեմիրճյան փողոց:

Ի վերջո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվեց, որ նստացույց են սկսում:

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում իր աջակիցներին ասաց. ««Այսքան մարդ այս գիշերով այստեղ է, վստահ եմ՝  ինչքան էլ պետք լինի, մնալու են։ Բոլորին տեղեկացնում եք՝ խոստում են տվել լինելու այստեղ և, այո, մենք այս հարցը լուծելու ենք, սիրուն լուծելու ենք: Մնալու ենք այստեղ, վրաններ կլինեն, մեքենաներ։ Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, ուզում են հազարավոր զորք բերել»,- հայտնում է news.am-ը։

 

Մակրոնը ցրել է Ֆրանսիայի խորհրդարանը Եվրոպական ընտրություններից հետո

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում ցենտրիստական ​​ճամբարի պարտությունից հետո երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ցրել է խորհրդարանի ստորին պալատը։ «Ես չեմ կարող վարվել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Ես ցրում եմ Ազգային ժողովը»,- ասաց նա հունիսի 9-ի կիրակի երեկոյան։

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 30-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 7-ին, ասել է Մակրոնը։ Նրա խոսքով, դրանով ինքը մտադիր է ֆրանսիացիներին իրավունք տալ ընտրությունների միջոցով որոշել խորհրդարանի ապագան։ «Այս որոշումը լուրջ է և դժվար, բայց ամենից առաջ վստահության ակտ է»,- հավելեց նա։

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում աջ պոպուլիստական ​​«Ազգային միավորում» կուսակցությունը, որը հիմնել է Մարին Լը Պենը, ջախջախիչ հաղթանակ տարավ։ Ըստ exit poll-երի՝ այն ստացել է ձայների մոտ 32%-ը, իսկ իշխող Վերածնունդը՝ մոտ 15%-ը։ Երրորդ տեղը կզբաղեցնի Ֆրանսիայի սոցիալիստական ​​կուսակցությունը՝ մոտ 14% արդյունքով։

Լը Պենը ողջունել է Ելիսեյան պալատի որոշումը. «Մենք պատրաստ ենք իշխանության գալ, եթե ֆրանսիացիները մեզ վստահեն գալիք խորհրդարանական ընտրություններում»,- ասաց Ազգային միավորում Ֆրանսիայի խորհրդարանական կառույցի ղեկավարը՝ այս քաղաքական ուժի արդյունքը պատմական անվանելով։

Մինչդեռ, ընդհանուր առմամբ ԵՄ 27 երկրների թվում ամենաուժեղ քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, կլինի աջ կենտրոնամետ կուսակցությունների դաշինքը։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կարող է ստանալ 176 տեղ Եվրախորհրդարանում, գրեթե նույնը, ինչ 2019 թվականի ընտրություններից հետո, հաղորդում է գերմանական ARD հանրային մեդիա ընկերությունը՝ վկայակոչելով նախնական ոչ պաշտոնական արդյունքները և հետընտրական էքզիթ փոլերը։

Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՄԻՊ-ին

Այս շրջանում իշխանությունները բազմաթիվ միջոցներով ճնշում են մարդկանց, դա կարող է դրսևորվել մատ թափ տալուց սկսած մինչև կալանավորում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք ունենք քաղբանտարկյալներ, որոնք երկար ժամանակ է՝ նստած են։ Նստած է՝ Աշոտյանը, Մալյանը, Ասլանյանը, հիմա տեսնում ենք, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ այս մեկ ամսվա ընթացքում ունենք նոր քաղբանտարկյալներ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան․ մարդիկ իրենց ավտոմեքենաները բերել, հասցրել են Հայաստան, ստացվում է, որ պետք է թողնեի՞ն ավտոմեքենաները։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյան, Գանձասարից Նարեկ Թևոսյան, այն հայտնի 2200 դրամի կոշիկի պատմությունն է, Արսեն Վարդանյան՝ Վայքից, Արսեն Վարդանյան, Գնել Պետրոսյան, Ժորա Ավետիսյան, Գագիկ Համբարձումյան։ Երեկ 1 ամսով կալանավորվեց Կարապետ Պողոսյանը։ Սերգեյ Առաքելյանին մեղադրում են խուլիգանություն, երբ մեքենան քշում է իր վրա, ինքն էլ ոտքով հարվածում է մեքենային, անունը դնում են խուլիգանություն ու ուղարկում տնային կալանքի»,- նշեց փաստաբանը։

Անդրադառնալով ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելուն՝ փաստաբանն ասաց․ «Մի հոգի ոստիկան պատասխանատվության կանչվե՞ց, թե՞ ոչ։ Քանի դեռ մի ոստիկան չի կանչվել պատասխանատվության, քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում՝ ձերբակալում և կալանավորում ապօրինի է, քանի որ տարբերակված մոտեցում է կիրառվում»։

Նա իր ելույթից հետո կարմիր բերետ նվիրեց ՀՀ ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին․ «Մենք ուզում ենք հինգ իրավապաշտպանների անունից կարմիր բերետ նվիրել ՄԻՊ-ին, քանի որ հիանալի պաշտպանում է կարմիր բերետավորների իրավունքները»։

Բայդենն ու Մակրոնը խոսել են Հարավային Կովկասի մասին՝ չհիշատակելով ոչ Հայաստանին, ոչ ադրբեջանին

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Հայտարարության 66 կետերից, որոնք վերաբերում են է աշխարհի տարբեր տարածաշրջանների ու ոլորտների, մեկը կապված է Հարավային Կովկասի հետ։ Հատկանշական է, որ այս կետում նշվում է միայն Վրաստանի անունը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի անունները չեն հիշատակվում։

9-րդ կետում ասվում է. «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աջակցելու Վրաստանի ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին: Նախագահները կոչ են անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրմանը` ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»:

Տարածաշրջանում այժմ արագացող գործընթացների՝ առանց իրավական հիմքի «սահմանազատման», բայց իրականում՝ տարածքների հանձնման, Հայաստանին Սահմանադրություն փոխելու պարտադրանքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը չեղարկելու “առաջարկի” համատեքստում՝ Բայդենի և Մակրոնի հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես այս գործընթացներին դեմ գնալ։

Չնայած Ալիևի և Փաշինյանի հայտարարություններին, թե միջազգային բոլոր դերակատարներն իբր սատարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիրը», Հայաստանի «կառուցողականությունը», բայց իրականում նահանջը իր միջազգային իրավունքներից և պարտավորություններից, Բայդենի և Մակրոնի հայտարարությունը հուշում է. ԱՄՆ-ը և Ֆրանսիան «խաղաղ գործընթացը» դիտարկում են որպես Հայաստանի, նաև Ադրբեջանի վերացում։

Բայդենն ու Մակրոնն իրենց հայտարարության մեջ փաստացի ասում են, որ չի լինելու Հայաստան և Ադրբեջան, նույնիսկ Վրաստան, լինելու է ինչ-որ «տարածաշրջանային ինտեգրացիա», առանց պետական ​​սահմանների և ինքնիշխանության։

Մյուս տարածաշրջանների վերաբերյալ Մակրոնի ու Բայդենի հայտարարությունները շատ ավելի հստակ են։ Օրինակ, դա վերաբերում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը աջակցելուն և Կիևին «ինքնապաշտպանության իրավունքի իրացման» հարցում լիարժեք աջակցություն ցուցաբերելուն։

Բացի այդ, նախագահները վերահաստատել են իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի՝ երկու պետությունների ստեղծմամբ լուծման իրենց հանձնառությունը: Ի դեպ, չնշելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Բագրատ սրբազանը հնչեցրեց պլանը․ 96 ժամ, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ

«Այս պահից է սկսվում 96 ժամը», – հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա մեկնարկեց երթը Երևանի կենտրոնական փողոցներով:

«Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների մնացած տարբերակները», – ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ քաղաքական լուծումներ նկատի ունի։

«Ընդամենը 4 օր, 96 ժամ՝ և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը և մեր գալիքին ու մեր հաղթանակներին», – հայտարարեց Բագրատ սրբազանը, ապա հայտնեց, որ երթով գնալու են Ամիրյան փողոցով, Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով. – «Մնացածը կհայտարարենք ճանապարհին»:

«Այս պահին մենք միասին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ առանց դադարի, առանց քնելու, առանց աշխատանքի գնալու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք», – հայտարարեց Բագրատ սրբազանը: – «4 օր, 96 ժամ այս նույն բազմությամբ և ավելի շատ խոստանում եմ ձեզ հասնել մեր ուզածին»:

Նա դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: «Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», – ասաց Բագրատ արքեպիսկոպոսը, – «Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»:

«Մենք վճռական ենք: Ես զոհասեղանին դրել եմ ամեն ինչ, ինչ ունեմ, այո՛, զոհաբերել եմ, ամեն ինչ: Ժողովուրդ, ուզում եմ տեսնել՝ դուք որքանով եք վճռական», – հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

«Հիմա կամ երբեք», – ասաց Բագրատ արքեպիսկոպոսը:

Անցումային կառավարությունը կպատրաստվի արտահերթ ընտրությունների` առանց դրան մասնակցելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, թե անցումային կառավարությունը օրակարգային  ինչ երեք ուղղություններով է աշխատելու․

«ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։

բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։

Բաց նամակ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին

Ողջույն, Սրբազան։ Ձեզ դիմում է Սամվելը, սույն թվականի ապրիլի 22-ին  մենք հանդիպել ենք Կիրանցում, մեր սիրելի Արսեն Գրիգորյանի միջոցով ծանոթացել, ողջունել ենք միմյանց։ Նաև հանդիպեցինք Սարդարապատի հուշահամարիլում, ինչպես նաև վերջերս Երևանում և գրկախառնվեցինք` երթերից մեկի ժամանանկ: Չգիտեմ , կհասնի՞ արդյոք իմ այս ուղերձը Ձեզ, թե  ոչ, բայց իմ պարտքը համարեցի գրել մտքերս։

Գուցե ես միամիտ եմ, որ մտածում եմ, թե այս նամակը ինչ- որ բան կփոխի, բայց, այս ուղերձը գրելով,  իմ խիղճը մի փոքր ավելի հանգիստ կլինի։

Գրում եմ այս նամակը՝ հաշվի առնելով նախորդ 30-ամյա պետականաշինության ձախողման ընթացքն ու ժողովրդի մղումների չարդարացված փորձը։

Սրբազան , վերջին մեկ ամսվա ընթացքում ես իմ քաղաքական գաղափարակից ընկերների հետ ներկա ենք լինում և աջակցում ենք Ձեր   առաջնորդած շարժման հանրահավաքներին։ Ներկա էինք՝  չնայած նրան, որ այդ հանրահավաքներում ներկա են մարդիկ, ում խղճի վրա նույնպես կա այսօրվա աղետի  պատասխանատվության չափաբաժինը,  որոնք տարիներ շարունակ սպասարկել են օտար գերպետության շահերը ՝ ստորադասելով մերը, բայց այնուամենայնիվ մենք միացանք շարժմանը, քանի որ  հասկանում ենք, որ Հայաստանը գնում է թուրանացման ճանապարհով, միացանք, քանի որ հասկանում ենք, որ այսօր Հայաստանի ղեկին նստած է թուրքական շահերին ծառայող ռեժիմ։

Սրբազան, այս նամակը գրում եմ Ձեզ իմ սեփական նախաձեռնությամբ, որպեսզի փոխանցեմ  իմ անձնական մտահոգություններս և պատկերացումներս մեր պետության ապագայի վերաբերյալ։

Մենք պետք է գիտակցենք ու ընդունենք, որ այս վիճակին ենք հասել ոչ միայն 2020 թվականի աղետի կամ նույնիսկ 2018 թվականի կեղծ հեղափոխության պատճառով, այլ այս վիճակում ենք , քանի որ 1991 թվականին կառուցեցինք մի համակարգ, որը ծնում է նիկոլներ։ Մենք կառուցել ենք համակարգ, որը սպասարկում է «նախկին» և ներկայում տարածաշրջանը լքող գաղութատերի շահերը և ընդունել ենք 1921 թվականի «Լենին- Քեմալ» ապօրինի պակտով ամրագրված Հայաստանի ոչ լեգիտիմ 29 հազար քկմ սահմանները, որով օտարվում է մեզանից ՀՀ մաս հանդիսացող Արցախը և մյուս հայկական տարածքները։
Փոխանակ դառնալու Հայաստանի առաջին և միակ հանրապետության իրավաքաղաքական ժառանգորդը, որը կադաստրի փաստաթղթեր ունի, որ Արցախն ու հայկական այլ տարածքները իրավամբ հանդիսանում են ՀՀ մաս՝ մենք մեզ շղթայել ենք ռուս- թուրքական ոչ լեգիտիմ պակտով և դարձել օկուպացված և մասնատված բոլշևիկյան Հայաստանի ժառանգորդը։

Ներկա թուրքական ՔՊ- ական վարչախումբը Հայաստանը մասնատող «Լենին- Քեմալ» ապօրինի պակտի և հայասպան  29 հազար քկմ  սահմաններով Հայաստան ունենալու ամենավառ ու ամենահլու իշխանությունն է։

Իհարկե, Փաշինյանի ռեժիմի հեռացումը հիմնական օրակարգն է, բայց շատ կարևոր է նաև փոխել այն համակարգը, որը ծնում է փաշինյաններ։
Սրբազան, եթե մենք այսօր կրկնենք նախորդ տարիների մեր սխալները և չփոխենք հակահայկական համակարգը և բավարարվենք միայն անձափոխությամբ, հավանաբար այլևս հնարավորություն չունենանք ինքնիշխան և ազգային պետություն ունենալ։

Եթե մենք ռեգիոնալացված աշխարհաքաղաքական ճարտարապետության ներքո մնանք, ձեռք չբերենք նոր դաշնակիցներ ու մնանք սովետական բանակաշինության հայեցակարգի ներքո, չկառուցենք «Ազգ- բանակ» հայեցակարգի վրա խարսխված  արդիական բանակ, մենք չենք ունենա անվտանգ, ինքնիշխան և ազգային պետություն։

Եթե մենք մնանք օկուպացված և մասնատված բոլշևիկյան Հայաստանի ժառանգորդ և մղվենք 3+3 ռեգիոնալ թուրքական նախագծի ներքո, մենք կդառնանք թուրքական անցուղի և երբեք չենք դառնա «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, որը կապում է Հնդկաստանը Արևմուտքին, ինչը Հայաստանի անվտանգությանը նպաստող հզոր գործոն կհանդիսանա։

Սրբազան, մաքուր պահենք շարժումը և գնանք համակարգային փոփոխության, այլ ոչ միայն անհատի։ Պահելով այս թույնավոր գաղութային համակարգը` չծնենք նոր նիկոլներ:

Անկախ տվյալ շարժման ապագայից, ես ու իմ ընկերները մեր ազատագրական պայքարը շարունակելու ենք:

Հարգանքով ՝  ՀՀ քաղաքացի Սամվել Ասլիկյան