Պարտավոր ես ապրել, երբ հասկանում ես, որ իրավունք չունես նահանջելու

Արցախցիների կյանքի պատմություններն անվերջանալի են, ամեն մեկը՝ յուրօրինակ և, ցավոք, շատերն ընթանում են տխուր ելևէջներով։

Արմինեն ապրում էր Ասկերան քաղաքում, ծնվել է Ակնաղբյուր գյուղում։ 2020 թվականից է նրա սիրտը կոտրված, երբ հայրենի գյուղը մնաց թշնամու վերահսկողության տակ, և հարազատները բռնեցին գաղթի ճանապարհը։ Այդ ժամանակ Արմինեն չգիտեր, որ երեք տարի հետո ողջ արցախահայությունն է արժանանալու այդ ճակատագրին։

Երեխաների հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին, հաջորդ օրը ամուսինը՝ Արսենը, պետք է միանար ընտանիքին։ Սակայն չարաբաստիկ 25-ը ճակատագրական եղավ նաև այս ընտանիքի համար։ Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից Արսեն Գասպարյանը մեկն էր այն հարյուրավոր զոհերից, որոնց կյանքը խլեց բենզինի պահեստի պայթյունը։

Արմինեն երեք դստրերի ու ամուսնու մոր հետ ապրում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Որպես հոգեբան աշխատում է տեղի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքն օգնում է նրան փոքր-ինչ թոթափելու նյութական և հոգեբանական դժվարությունները։ ԱՀԱ ընկերակցությունը, որի “Շող” ցերեկային կենտրոնի Ասկերանի մասնաճյուղում էր աշխատում, շարունակում է աջակցել ու օգնություն ցուցաբերել Արմինեին։

Երբ հետադարձ հայացք է ձգում, ոչ մի բացասական բան չի կարողանում հիշել Արսենից։ Նա շատ հոգատար էր, սիրող ամուսին ու հայր, նվիրված զավակ ու ընկեր։ Ընտանեկան ալբոմը նայելով՝ վերհիշում է ոչ վաղ անցյալը, ամեն մի նկար իր գեղեցիկ պատմությունն ու հիշողությունն ուներ։

-2023 թվականի սեպտեմբեր 19-ին սահմանում անհանգիստ ու լարված էր։ Արսենը մարտական դիրքերում էր, զանգեցի, խոսեցի հետն ու մի քիչ հանգստացած գնացի աշխատանքի։ Աղջիկս դպրոցում էր, մյուս երկուսը տանը՝ մայրիկիս հետ։ Դեռ չէի հասել աշխատավայր, երբ լսվեցին հրետանու առաջին կրակոցները։ Մի պահ շվարած կանգ առա, այնուհետև, ինքս ինձ հուսադրելով, ևս երկու քայլ արեցի, ու արդեն հաջորդեցին ավելի ինտենսիվ զարկերը։ Փողոցում արդեն խուճապ էր, իրարանցում, դպրոցից տուն վերադարձող երեխաները այս ու այն կողմ էին վազում։ Վախեցած երեխաներին ուղղորդեցի մոտակա շենքի նկուղը, ինքս վազեցի տուն։ Թեև ոտքերս չէին ենթարկվում, բայց ինչքան ուժ ունեի՝ վազում էի։ Հասա տուն ու բալիկներիս հետ շտապեցինք դպրոցի նկուղ․ այնտեղ էր մեծ աղջիկս։ Րոպեներ, ժամեր, որոնք անցնում էին այնքա՜ն դանդաղ, սրտի թրթիռով, աղոթքով։ Ամեն մի արկի պայթյունից դողում էր սիրտս, հասկանում է, որ կյանքեր ենք կորցնում, ու դա ամենասարսափելին էր։ Ապա օդանավակայան… մղձավանջային ժամեր, անօգնական մարդիկ, հուսահատ հայացքներ, անասելի տեսարան, որը, թերևս, միայն ամենասարսափ ֆիլմերում էինք տեսել։

Այդ հավերժական թվացող մեկ օրը ավարտվեց։ Արսենի հետ կապ չկար, բայց հաջողվեց խոսել եղբորս հետ․ նրանք նույն դիրքում էին, ողջ․․․

Երբ ամուսինս եկավ օդանավակայան, այդ պահին հասկացա, որ կյանքում ամենակարևորը կյանքն է, աստվածատուր։ Փառք տվեցի Աստծուն, որ  այս անգամ ևս Նա գթացել է մեզ։ Բայց ավա՜ղ դա դեռ վերջը չէր,-պատմում է Արմինեն։

Ցավալիորեն ծանր է անցյալով խոսել մի երիտասարդի մասին, ով անցել է պատերազմների միջով, մասնակցել ամենավտանգավոր մարտական գործողություններին, ողջ մնացել ու զոհվել դժբախտ պատահարից։ Արսենը 44-օրյա պատերազմի ժամանակ Ալեքսանդր Հարությունյանի՝ լեգենդար Սաշկոյի խմբում էր։ Կռվում էին մահվան աչքերին նայելով, անդառնալի կորուստներ ունենալով։ Երկար ժամանակ ուշքի չէր գալիս ավագ մարտական ընկերոջ կորստի ցավից։ Նեղվում էր, որ ինքը ողջ է մնացել, իսկ տղաները՝ ոչ․․․

Արմինեն շարունակում է հիշել․

-Եկանք տուն, վերջին անգամ գիշերեցինք մեր տանը, որը մեր սեփականը չէր, բայց արդեն 11 տարի մեր հարազատ օջախն էր։ Մեր ընտանիքի ստեղծման առաջին իսկ օրից մեր դժվարություններն ու հաջողությունները, մեր դստրիկների ծնունդներն ու երջանիկ պահերը հենց այդ տանն են եղել։

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Արսենը ինձ ու երեխաներին եղբորս հետ ճանապարհեց Հայաստան՝ ասելով, որ բենզին ձեռք կբերի ու կգա մեր հետևից։ Բայց այդպես էլ չեկավ, դա մեր վերջին հանդիպումն էր։ Ուզում եմ մտածել, որ այս ամենը մի չար երազ է, կզարթնեմ՝ Արսենը տանը կլինի․․․

Մեր փոքրիկ աղջիկը՝ Լինան, որ ընդամենը երեք տարեկան է, չի հաշտվում հոր բացակայության հետ։ Օրվա մեջ բազմաթիվ անգամ հայրիկին է կանչում, սպասում, որ կգա։ Երեխաներիս աչքերի փայլը կորել է, ու դա աննկարագրելի ցավ է ինձ համար։ Երբ թևերդ կոտրված են, հենարան չունես, երբ մենակ ես՝ փոշիացած երազանքներով, առանց ապրելու ցանկության, բայց տեսնում ես քեզ նայող անմեղ հայացքներն ու հասկանում, որ պարտավոր ես ապրել և ուժեղ լինել։ Պարտավոր ես ապրել հանուն ամուսնուդ չապրած կյանքի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Ստեփանակերտը Բոմբեյ է դառել, սա ի՞նչ բան է, բոլորը հեծանիվ են քշում», – ասում էր մի տաքսիստ

Շատերը կհիշեն բլոկադայի կատակները գորոխով սրճի (սիսեռika), հոսանքի եւ գազի մասին: «Աչքիս ադրբեջանցիները գազի վինտիլով խաղում են. մեկ բացում, մեկ փակում են…»:

Երբ Ստեփանակերտի փողոցներում մեքենաներ էին հայտնվում, իսկ գազալցակայաններում հերթը կիլոմետրի էր հասնում, նշանակում է` բացել են:

Ինչեւէ, եկավ մի պահ, երբ “հարեւանները” բոլորովին «լրջացան» եւ գազի ծորակը փակեցին մեկընդմիշտ: «Վթար» է: Այսպես մայրաքաղաքը դատարկվեց: Մարդիկ թեք հատում էին պողոտան, քայլում մեջտեղով, ձայներն արձագանքում էին, լուսացույցը դեղին թարթում էր, ՃՈ մեքենան դատարկ կանգնել էր Շահումյանի արձանի մոտ, ոստիկանները նստել են Պիտաչոկի լորենիների տակ:

Քաղաքի բոլոր փողոցները հեծանվուղու էին վերածվել: Բացի այդ, վերջին տարիներին գրեթե բոլոր բակերն բարեկարգել, ասֆալտ էին փռել, այնպես որ, քշեք` որտեղով ցանկանում եք:

«Թարսի պես» էլ ինձ հենց այդ օրերին հեծանիվ նվիրեցին: Հետո իմացա, որ Ստեփանակերտում հեծանվորդների ակումբ կա եւ միացա նրանց` չիմանալով, թե ինչպես են աստղիկները փոխում, չէի կարողանում նրանց հետեւից հասնել, հենց առաջին օրն էլ սխալ յուղեցի եւ փչացրի հետեւի արգելակը: Հետո խմբի փորձառուներն ինձ սովորեցրին թաթն ինչպես ոտնակին (պեդալին) դնել, մեջքն ինչ դիրքում պահել, այսպիսի մի քանի պարզ խորհուրդներից հետո վարելն հեշտ ու հաճելի դարձավ:

Ամեն դեպքում, լավն այն էր, որ ինձ պես անփորձ մեկն էլ կար, եւ հաճախ երեկոները ես ու Գոգան հեծանիվ էինք քշում դատարկ ու մութ փողոցներով: Հրապարակ, Ազատամարտիկների, մինչեւ Շուշվա ուգլ ու Բարդակ փաբ, Կոլցեվոյ ու հետ, Գետափնյաով մինչեւ Մազի կամուրջ: Ուր ուզես, անգամ Բալուջայի գետ, մեքենա չկա հիմա…

Իմ հեծանիվը շատ լավն էր եւ երեխաներն ինձ այնպես էին նայում, ասես հարուստ հորից նվեր եմ ստացել: Քանի յա՞, – զմայլված հարցնում էին նրանք: Ուրիշներն ավելի լուրջ նպատակով էին ցանկանում գնել այն: «Զորամասը հեռու է, տրանսպորտ չա, ամեն օր ոտքով գնում եմ Հայկազով, ոտքերս բատինկաների մեջ եփում են… Գուցե վաճառե՞ս», –  հետաքրքրվում էր մի սպա:

Հեծանիվն այնքան պինդ էր, որ անգամ УАЗ-ի հարվածին դիմացավ, երբ ես իմ ստվերին հասնելով գնում էի Ասկերան: Դրա համար էր բժիշկն ինձ ծովի աղով մասաժներ նշանակել. «մեկ է, դեղ չես գտնելու, գոնե տես աղ կա՞ դեղատանը…»:

Նախքան այս միջադեպը Շուշվա ուգլում կանգնել էինք մի քիչ հանգստանալու, եւ տարօրինակ մի ձայն ենք լսում: Ձին դոփյուններով տանում է իր տիրոջը Արթուր Մկրտչյան փողոցով: «Դահա՛», – հրամայում է տերը, ճիպոտը ճոճում

Ընդհանրապես, երբ Ստեփանակերտում կենդանիներ են հայտնվում, դա միայն վատ բանի մասին էր գուժում: Հիշում եմ 44-օրյա պատերազմի ժամանակ կովերին ծննդատան ծորակից ջուր խմելիս, հիշում եմ բլոկադայի շներին, որոնց տերերը պարզապես բաց են թողել, քանի որ կերակրելու բան չկա, նաեւ հիշում եմ, թե ինչպես էին մարտակերտցիները ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հնգհարկերի շքամուտքերում ոչխար, այծ պահում:

Վառելիքն իսպառ վերջանում էր, մոտիկ գյուղերից ինչ կարողանում` էշով, ձիով քաղաք էին բերում գյուղացիները: Շատ հուզիչ էր:

Չինական հեծանիվներ էլ կային: Մի զինվորական մեջքից կռացած մանկական վարդագույն հեծանիվով բարձրանում է Ազատամարտիկներով: Դա ծիծաղ չէր: Երեւում է, որ երբ իր մեքենայում վառելիք կար, հեծանիվն երեխան էր քշում, երեւում էր, որ ինքն էր նվիրել (երեւի երբ աշխատավարձ էր ստացել), իսկ հիմա ստիպված «հետ է վերցրել» նվերը:

Մի ուրիշը երկու դպրոցական երեխաներով փորձում էր տեղավորվել հեծանիվի վրա եւ տուն տանել նրանց: Կինը ծանր տոպրակները ձեռքին հուզված նայում էր նրանց:

«Ստեփանակերտը Բոմբեյ է դառել, սա ի՞նչ բան է, բոլորը հեծանիվ են քշում», – ասում էր մի տաքսիստ:

Ցավալի էր տեսնել, ինչպես են երեխաները հեծանիվի բեռնախցիկում մի ողկույզ խաղող դրած իջնում քաղաքով, ցավալի էր տեսնել տարեց մարդու հեծանիվով էլցանցի դիքը տնքալով բարձրանալիս, ցավալի էր հեծանիվով զինվորականներ տեսնել:

Բլոկադայի ժամանակ, երբ վառելիք չի եղել, հեծանիվն իրոք շատ է օգնել դժվարություններ հաղթահարել: Մարդիկ հաց են բաժանել, ծանր բեռներ տեղափոխել, աշխատանքի գնացել:  

«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը»:

Կեցցե, կեցցե… Պարզ չէ միայն, որքանով է արցախցիների տրմությունը հաղթահարվել:

Մարութ Վանյան

Լուսանկարները՝ հեղինակի

Անձրևները Հայաստանում կշարունակվեն, սպասվում է ամպրոպ և կարկուտ

Սև ծովի ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում  անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Հանրապետության տարածքում հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների զգալի մասում, 14-ին՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:՛

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես տեղի ունեցավ իսրայելցի պատանդների փրկության գործողությունը, որը հարյուրավոր պաղեստինցիների կյանքեր արժեցավ

ВВС

Գործողությունը, որի ընթացքում իսրայելական հատուկ ջոկատայինները Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում ազատ արձակեցին չորս պատանդների, ծրագրված էր արդեն մի քանի շաբաթ։

Իսրայելցիները պատանդների ազատ արձակման լուրը ցնծությամբ են դիմավորել։ Այնուամենայնիվ, պաղեստինցիները պնդում են, որ արշավանքի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Գազայի ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 274 մարդ, այդ թվում՝ երեխաներ և այլ քաղաքացիական անձինք:

Պաղեստինցիները, որոնք բնակվում են խիտ բնակեցված տարածքում, որտեղ ՀԱՄԱՍ-ը պահում էր իսրայելցի պատանդներին, ասում են, որ տարածքը ենթարկվել է ինտենսիվ ռմբակոծությունների և ծանր զենքերի կրակի տակ է գործողությունը իրականացվել:

Տասնյակ պաղեստինցիներ, այդ թվում կանայք և երեխաներ, զոհվել են փախստականների ճամբարում և շրջակայքում փրկարարական գործողության ընթացքում, հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ զոհվել է առնվազն 210 մարդ, վիրավորվել՝ 400-ը։ Իսրայելի կոնտրադմիրալ Հագարին ասել է, որ զոհերի թիվը 100-ից քիչ է:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել ՝ կապված, իր կարծիքով, «իսրայելական ուժերի կողմից իրականացված արյունալի ջարդի հետ»։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը քննադատել է Գազայի հատվածում զոհերի թիվը՝ ասելով, որ դատապարտում է այն «հնարավոր ամենախիստ ձևով»։

Հաստատվեցին Իրանի նախագահի 6 թեկնածուներ

Իրանի Պահապանների խորհուրդն այսօր հաստատել է երկրի նախագահի 6 թեկնածուների, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ 62-ամյա Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին:

Նախկին զինվորական հրամանատար Ղալիբաֆը համարվում է հունիսի 28-ին նշանակված ընտրությունների պոտենցիալ առաջատարը: Անցած շաբաթ իր ելույթում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ակներևաբար ցույց է տվել իր աջակցությունը Ղալիբաֆին, նկատում են վերլուծաբանները:

Խորհուրդը հաստատել է նաև բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանի, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմիի, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադիի թեկնածությունները:

Պահապանների խորհուրդը մերժել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախկին խոսնակ, միջուկային հարցերով նախկին բանակցող Ալի Լարիջանիի թեկնածությունները:

Ամսվա վերջին անցկացվելիք ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին: Առաջադրված 80 գործիչները ամենաուշը հունիսի 13-ին կտեղեկանան՝ արդյոք Պահապանների խորհուրդը հաստատել է իրենց թեկնածությունը, ինչն անհրաժեշտ է պայքարը շարունակելու համար:

Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է ռուսական Սու-57 կործանիչի խոցելու մասին

BBC

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՈՒՌ) հայտարարել է ռուսական նորագույն բազմաֆունկցիոնալ Սու-57 ինքնաթիռի խոցման մասին։

Հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ դա տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, Աստրախանի շրջանի Ախտուբինսկի օդանավակայանի տարածքում, որը գտնվում է մարտական ​​գծից 589 կիլոմետր հեռավորության վրա։

Հետախուզության գլխավոր վարչությունը հրապարակում է հունիսի 7-ին և 8-ին Ախտուբինսկի օդանավակայանում կայանված ինքնաթիռի արբանյակային պատկերները:

«Լուսանկարները ցույց են տալիս, որ հունիսի 7-ին Սու-57-ը կանգնած է եղել անձեռնմխելի, իսկ հունիսի 8-ին դրա մոտ հրդեհի վնասման հետևանքով հայտնվել են պայթյունի խառնարաններ և հրդեհի բնորոշ կետեր»,- նշում է Գլխավոր հետախուզական վարչությունը։

Սու-57-ը ռուսական ամենաժամանակակից կործանիչն է, որն ունակ է հարվածների համար օգտագործել Խ-59 և Խ-69 հրթիռներ, ընդգծում է Ուկրաինայի հետախուզությունը։

Այն մշակվել է ռուսական օդատիեզերական ուժերում Սու-27 ծանր կործանիչը փոխարինելու համար։

Ռուս զինվորականները չեն հայտնել Սու-57-ի վնասման մասին և չեն մեկնաբանել Ուկրաինայի հետախուզության հայտարարությունները։

Հայկական քաղաքական վերնախավի համար փորձաքար կլինի Մինսկի խմբի restart-ը

«Հայկական քաղաքական վերնախավի համար փորձաքար կլինի Մինսկի խմբի գործունեություն restart֊ը, կամ կխոստովանեն, որ անհույս անկարող են», -ասում է Մարիամ Ավագյանը։ 

Տավուշի գյուղերը հաջողությամբ “յուրացնելուց” հետո Ալիեւը երկու առանցքային պահանջ է ներկայացրել Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին, պահանջելով չեղարկել Մինսկի խումբը, եւ հանել ՀՀ Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին եւ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի միացման մասին որոշմանը։

Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվել կատարել այդ պահանջները․ ԱԳՆ պատասխանի մեջ Մինսկի խմբի մասին չի հիշատակվում, իսկ Սահմանադրության մասով ասվում է, որ “Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար”։ Այլ կերպ ասած՝ ուշադրություն մի դարձրեք մեր սահմանադրությանը։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին խորհրդարանում պնդել էր, թե Հայաստանի իշխանությունը փորձել է երկիը դուրս բերել աշխարհաքաղաքական այն մրցակցությունից, որը դրսևորում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այսինքն, ուզում էր չեզոքացնել Մինսկի խումբը։

Իշխանական պատգամավորները Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ պնդում են, որ Մինսկի խումբը կչեղարկվի “խաղաղության պայմանագիրը” ստորագրելուց հետո։ Այսինքն,նրանք էլ չեն մերժում, որ խումբը պետք է չեղարկվի։

Արդեն քանի անգամ նշեցի, որ առանց երաշխավորների պարագայում արդեն ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տրված ասուլիսի ժամանակ հայտարարել է արքիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

«Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրադրումը կկատարի եւ նաեւ բանակցությունները կընթանան ավելի թափանցիկ եւ վստահելի մակարդակի վրա։ Չեն լինի պարտադրումներ, սպառնալիքներ, միակողմանի զիջման թելադրանքներ, այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Եւ այդ պատճառով էլ Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է վերացնել այդ միջնորդական կամ երաշխավորների առաքելությունը, վերացնել ընդհանրապես եւ ընթանալ այն նույն ճանապարհով, ինչ-որ հիմա գոյություն ունի․ առանց բանակցությունների։ Նորից եմ կրկնում․ սա շատ կարեւոր հանգամանք է, որ պատրանքը, իմիտացիան, տրված է, թե բանակցություններ կան, բայց խորքում բանակցություններ գոյություն չունեն։ Եւ նաեւ աշխարհը մշակել է այդ սիստեմը, աշխարհը մշակել է այդ հնարավորությունը, որն այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է», – շեշտել է Բագրատ Սրբազանը։

«Մեդիալաբի» հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ “Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ընդունվելիս, փաստորեն, իրենց վրա վերցրել են պարտավորություն, որ Արցախի հարցը պետք է լուծեն Հելսինկյան ակտի հիման վրա, իսկ Մինսկի խումբը պետք է վերահսկեր բանակցությունները, որպեսզի չլինեն բռնություններ ու միակողմանի որոշումներ”։ “Կարող է որոշում ընդունվել ԵԱՀԿ շրջանակներում այլ ձևաչափ ստեղծելու, բայց մի բան կա, որ անփոփոխ է․ այն լուծումը, որն Ադրբեջանը համարում է վերջնական, ու ՀՀ կառավարությունն էլ փաստացի համարում է վերջնական, Արևմուտքի համար այդպես չէ։ Իսկ ի՞նչ է նշանակում Արևմուտքում առկախված որոշում, շատ լավ գիտի Ալիևը”, ասել է նա։

 

Արցախի եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են որպես Ադրբեջանի «գենետիկական կոդ». monumentwatch

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։ Գրում է monumentwatch-ը:

Այս անգամ ադրբեջանական պրոպագանդան կենտրոնացել է Մերձբալթյան տարածաշրջանում՝ Լատվիայում, որտեղ արցախյան գորգերը՝ իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով ու խորհրդաբանությամբ՝ ներկայացվում են որպես Ադրբեջանի ավանդական գորգագործության մշակույթ։ Խոսքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» վերջերս՝ 2024 թվականի մայիսի 16-ին բացված՝ «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որի հիմնական ցուցադրությունն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։ Իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։

Ցուցահանդեսը, որը նախաձեռնվել է Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան, Ադրբեջանի «Ազերխալչա» գորգագործության ընկերության համագործակցությամբ՝ նվիրված է Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որն էլ ավելի է ընդգծում միջոցառման պետական ուղղորդվածությունը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Լատվիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներ, տեղական մշակութային, սոցիալական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լատվիայում բնակվող ադրբեջանական համայնքի անդամներ։

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպված ադրբեջանական գորգերի ցուցահանդեսում ներկայացված են «Ազերխալիչա» ընկերության գորգերը։ Այդ ընկերության նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյունիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաև Շիրվանի գորգերը (Ջրաբերդ – Բերդ, ամրոց Մեծ Հայքի Արցախ աշխ-ի, Ջրաբերդ գավառում։ Հիշատակվում է 6-7դդ․ դեպքերի առնչությամբ։ Գոյություն է ունեցել մինչև 19դ․ առաջին տասնամյակը (Hakobyan T., Melik-Bakhshyan St., Barsegyan H., Dictionary of Toponymy of Armenia and Adjacent Territories, vol. 4, Yerevan, 1998, p.417)։ Նշանավոր գորգագործական կենտրոններից է 16-17դդ․, որտեղ ծագել է «Ջրաբերդ» տիպի «Արծվագորգը»)։

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է (նկ. 1, 2)։ Այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, զրահադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշմիջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով (Տե՛ս Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22։ Ցուցադրության մեջ այս գորգերը վերանվանվել են Chalabi կամ Chelebi)։

Լատվիայի ցուցադրության ձիավորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգը (նկ. 3) հիշեցնում է Շիրվանի ու Դաղստանի նմանատիպ գորգերը և համեմատական զուգահեռներ ունի Իրանի Qashgai քոչվոր ցեղախմբի գորգերի հետ (Jourdan Uwe, Persische Teppiche, Augsburg, 1995, s. 188-189:) ։

Մինչ սեպտեմբերի 15-ը ընթացող այս ցուցադրությունը ոչ միայն հայկականից յուրացված արվեստի նմուշների ցուցադրություն է, այլ քաղաքական խորը ենթատեքտ ունեցող միջոցառում, որի հեռահար նպատակը պատմության վերաշարադրումն է, ԼՂ տարածաշրջանի հայկական ինքնությունն ու ժառանգությունը ջնջելը, և այդ ամենի միջազգային ամրագրումը։ Այն էական մտահոգություններ է առաջացնում նաև մշակութային ժառանգության պահպանման և ցուցահանդեսի էթիկական հետևանքների վերաբերյալ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը՝  Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլնուր Սուլթանովն ընդգծելով Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի պատմական նշանակությունը, արցախյան տիպիկ զարդանախշերով գորգերը Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն է համարել՝ հիշեցնելով, որ ադրբեջանական գորգագործությունը, 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խոսքն այն նույն ցանկի մասին է, որում ընդգրկված «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը»՝ հայկական նմուշների իսպառ ոչնչացման գործին է լծված հենց Ադրբեջանը, ոչնչացնելով արցախյան բազմաթիվ պատմական ու ժամանակակից խաչքարեր։

Վերադառնալով ցուցահանդեսին, հարկ է նշել, որ դրա հիմնական ցուցանմուշները Ադրբեջանի Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծված՝արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուների ստեղծումը ուղղորդված է, մենաշնորհային և պետական հովանավորչությամբ։

Էլ ավելի վտանգավոր է այն, որ ցուցահանդեսը նաև կրթական ծրագրերի միջոցով հայկականը ջնջելու միտում ունի, որի ապացույցը մայիսի 29-ին նույն թանգարանի ցուցադրության տարածքում տեղի  ունեցած գիտական լսումներ և դասախոսություններն են , որի ընթացքում Տիկին Վիյա Բուշան, ով Ադրբեջանում Լատվիայի դեսպանության խորհրդական է, (Ms. Vija Buša- The current Deputy Head of Mission at the Embassy of Latvia in Azerbaijan), կարդացել է դասախոսություն՝ ներկայացնելով Շուշին որպես Ադրբեջանի դարավոր մշակութային մայրաքաղաք։ Դասախոսության առանցքում է եղել նաև լատվիացի նկարիչ և ազգագրագետ Յուլիա Շտրաումեի գործունեության վերաբերյալ հետազոտության ներկայացումը: Հարկ է նշել, որ Տիկին Բուշայի գործունեությունը չի սահմանափակվում այս ցուցահանդեսի կազմակերպման դիվանագիտական խորհրդատվությամբ, այլ ընդգրկում է Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրին աջակցությունը և այն որպես ադրբեջանական ներկայացնելը։

Հարկ է նշել, որ այս ուղղությամբ ևս Ադրբեջանը պետական ուղղորդված քաղաքականություն է տանում՝ մի կողմից Շուշիում կազմակերպելով իսլամական զանազան համաժողովներ՝ քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու համար, իսկ մյուս կողմից ոչնչացնում է եղածը։ Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ստորև բերված մի քանի օրինակները առավել կմանրամասնեն բերված պնդումները։ Այսպես՝ դեռևս 2021 թվականին Ադրբեջանը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Շուշին որպես ադրբեջանական քաղաք՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար, բացի այդ Բաքուն 2023 թվականին Շուշին հռչակել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Մեր արձագանքը

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությւոնից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ, և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Եվ ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանց զրկել իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Լատվիայի գորգերի ցուցահանդեսը հայկական մշակութային ժառանգության քողարկված, բայց վտանգավոր յուրացում է։ Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։Այն խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

news.am

Բագրատ սրբազան․ Ի՞նչ է այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որեւէ մեկդ տեղյա՞կ է

«Ալիեւն ամեն օր ցույց է տալիս, որ ինքն է Հայաստանի իշխանություններին թելադրողը։ Իսկ սրանք անատամ, ոչ մի բան չասող հայտարարություններ են անում։ Ալիեւի պահանջներին ի պատասխան ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանը, ասում է՝ մենք պատրաստ ենք մեկ ամսից խաղաղության պայմանագիր կնքելու։ Պատրաստ են մեկ ամսից խաղաղության պայմանագիր կնքել, եւ դեռ մեր ռազմագերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում են Բաքվի բանտում։ Ի՞նչ է այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որեւէ մեկդ տեղյա՞կ է։ Ուրեմն, սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել մեր գլխին, Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ սա չիմանալը մեղք է մեզ համար»,- Վանաձորում հրավիրած հանրահավաքում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ ուժերի գերլարումով ամեն ինչ պետք է անել, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ «Եվ այդ օրերը շատ մոտ են, ժողովուրդ, մոտեցրել եք դուք այդ օրերը։ Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մուտք գործել, պարզ է, որ այս իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստելու եւ չեն նստում։ Բոլոր միջոցները գործադրում են, բայց քարոզչական դաշտում արդեն ձախողվել են։

Մեր երկրում գործում է միայն մեկ մարդու քմահաճույք, եւ այդ մեկ մարդը պետք է հեռանա։ Իսկ եթե ինքը չի հեռանում, մենք պետք է հեռացնենք։ Ամսի 9-ը ոչ թե վերջին օրն է, այլ ամենակարեւոր, առանցքային օրն է մեզ համար։ Դրանից հետո մենք ամեն օր անելիք ունենք, որքան կտեւի, ես թիվ չասեմ, բայց մեր ծրագիրն այդպիսին է։ Մենք շատ կարճ ժամանակ ունենք այլեւս, արդեն անոնսը արել եմ՝ մեկ ամիս, որովհետեւ սրանք հայտարարել են, որ մեկ ամսից պատրաստ են «խաղաղության պայմանագիր» կնքել»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է շատ կարեւոր ու վճռորոշ շաբաթ․ Դանիելյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր հանրահավաք անցկացրեց Վանաձորում։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց․ «Ապօրինի սահմանազատման ու սահմանագծման համար պայքարում մենք արդեն իսկ հասել ենք հաջողությունների, թշնամի պետությունն իր պահանջները ավելացրել է։ Ադրբեջանի պահանջներն անհատնելի են, նոր պահանջներ են դրվում Հայաստանի առջեւ՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, նոր տարածքների հավակնություններ։ Եվ չկա մեկ օր, որ Ադրբեջանը հոխորտանքներով հանդես չգա։

Իսկ այս իշխանությունները խուլի ու համրի կեցվածք են ընդունել եւ որեւէ կերպ չեն արձանագանքում Ադրբեջանի հոխորտանքներին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարն արդարացի է, եւ մենք իրավունք չունենք այս պայքարը չտանել մինչեւ իր տրամաբանական ավարտ, որովհետեւ Ադրբեջանի վերջնական նպատակը ՀՀ-ն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելն է»։

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ այս օրերին պետք է ուժերը կրկնապատկել ու եռապատկել, առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է շատ կարեւոր ու վճռորոշ շաբաթ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նույնպես հայտարարեց, որ Ադրբեջանը շտապում է նոր զիջումներ կորզել Հայաստանից։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, թե վերջին օրերին Ադրբեջանն ինչպես է ավելացրել եւ ճնշումները, եւ պահանջները՝ սկսած չակերտավոր «Խոջալուի ցեղասպանությունից», վերջացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումով, որովհետեւ շատ լավ պատկերացնում են, որ այլեւս ասպիսի հնարավորություն չեն ունենալու իրենց ողջ պատմության ընթացքում։

Սա երեւի իրենց վերջին հնարավորությունն է, վերջին շաբաթներն են, կամ վերջին ամիսն է, որ նրանք ունեն։ Եվ այս պատուհանից փորձում են առավելագույնս օգտվել։ Հետեւաբար, այս պայքարը գործնականում չհաջողել չի կարող, ուղղակի հնարավոր չէ, այս պայքարն այլեւս անցել է անդառնալիության կետը»,- հայտարարեց Սուրեն Պետրոսյանը՝ կոչ անելով համախմբվել ու դուրս գալ փողոց։

Արցախում սպասումը ողբերգական, բայց վերջ ուներ, իսկ Հայաստանում չգիտես, թե ինչի ես սպասում

«Մայակի» հացի դատարկ կրպակը | 2 սեպտեմբեր 2023 | Step1.am/Մարութ Վանյան

Տալոնով հացի գիշերային հերթի տրտունջն ու ժխորը չլսելու համար պատուհանը բակ նայող սենյակ էի տեղափոխվել: Սննդի պակասը չարացրել էր մարդկանց: Այնպես, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներն էին հսկում մսի, հացի եւ ծխախոտի հերթերը: Մեկը ճեղքում, ծանոթով հինգ հաց էր վերցնում` իսկույն բորբոքվում էր ամբոխը. «կարո՞ղ է իր արյունն իմից մուգ է, կարո՞ղ է մեր երեխաներն ուտել չեն ուզում»:

2023թ. սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտում մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման գործընթացը | Step1.am/Մարութ Վանյան

Ամբողջ գիշեր հերթ կանգնած երկու կին լուսադեմին լացելով եւ ձեռնունայն հեռանում էին հացի հերթից, բայց ոչ նրա համար, որ հաց չեն կարողացել գնել, այլ նրա համար, որ մի մարդ նրանց կշտամբել էր, իբր ինչու են եկել այս շենքի մոտ փռում հերթ կանգնել, թող գնան իրենց շենքի մոտ գտնվող փուռ: Փրկարար ծառայության մի սպա բարկացել էր այդ մարդու վրա, եւ դրանից կանանց լացը հեծեծանքի էր վերածվել:

Մյուս սենյակում էլ մի այլ ձայն էր ինձ խանգարում քնել: Ըստ իս, հարեւանի լվացքի մեքենայի միալար դզզոցը: Ուրիշ սենյակ եմ գնում (Ստեփանակերտի մեր կիեւյան նախագծով բնակարանը չորս սենյակ ուներ), դարձյալ ձանը հետապնդում է ինձ:

Հաջորդ առավոտ հանրապետական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանն ինձ հայտնեց, որ մեր հարեւանի «լվացքի մեքենան» լռելու է միայն իմ քթի միջնապատի վիրահատությունից հետո: «Ազատ չեք կարողանում շնչել, դրա համար էլ դզզոց եք լսում ականջում` որ սենյակ էլ գնաք”: Քանի որ պլանային վիրահատությունները դադարեցված էին եւ դեղատները դատարկված, բժշկի դեղատոմսից ես միայն ծամոնը գտա: Նա ասել էր, որ պետք է ծամեմ, որպեսզի բացվի ականջներս:

Մի ուրիշ բժշկի դեղատոմսով էլ ծովային աղ պետք էր գնել, դեղագետը ծիծաղում էր. «լավ գիտեք, որ անգամ կերակրի աղ չկա…»:

Բլոկադայի հերթերի վերջը երեւում էր: Մարդիկ խորը հավատ ունեին, որ շուտով ամեն ինչ ավարտվելու է եւ պետք է ընդամենը մի քիչ համբերել: Հավատում էին  դրական ինչ-որ հանգուցալուծման: «Աստված ասում է, չի կարելի տրտնջալ, պետք է համբերատար լինենք», – ասում էի քրիստոնեա մի տատիկ, ով կես պարկ սոխ ձեռքին, ցելոֆան հագած գնում էր Կրկժանի իր տունը: Այն ժամանակ արդեն վտանգավոր էր այդ թաղամաս գնալ, դրա համար տատիկն ինձ մի բուռ կոնֆետ է տվել, որ ուղեկցել եւ օգնել եմ նրան: Հրաժարվելու իմ բոլոր փորձերն ապարդյուն էին: «Դու չուտես` կտաս մի երեխայի…», – ասում էր տատիկը:

Հացի գիշերային հերթ Ստեփանակերտում. 27 օգոստոս 2023 | Step1.am/Մարութ Վանյան

Չգիտեմ, հերթերի վիճակն ինչպես է հիմա Հայաստանում, երեկ մի ընկեր ասել է, որ անձնագրայիններում արդեն շատ հերթեր չկան: Ամեն դեպքում, դժվար թե արցախցիների կյանքում հիմա ամեն ինչ օքեյ է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում անընդհատ պետք է սպասել: Սուպերմարկետում, սվետաֆորի տակ, կանգառում, ամեն տեղ: Ասես ամեն ինչ հատուկ է արված` մարդկանց կյանքը դժվարացնելու համար:

Հայաստանում նստելու տեղ չի գտնվում: Միշտ նստարաններն զբաղված են: Ազատ տեղն արեւի տակ է կամ ջարդված նստարանին: Մյուսի վրա անտունն է քնած: Իսկ երրորդի չուգունե չորս ոտքերը թաղել են ցեմենտում, մյուսը շղթայել (չտանեն), մեկն էլ ագռավներն են սպիտակ ներկել: Մյուսի վրա փիրսինգ, մուգ շրթներկով թինէյջերներն են յոգի պես նստել: Կողքինի վրա ճաղատ մի ռուս տաք ականջակալներ հագած այգով մեկ բոլորին լսելի արդարանում է ընկերուհու կամ չգիտեմ ում մոտ իբր «…не то что я боялся, просто… »: Կենտրոնի շենքերի բակերում էլ հավաքել են նստարանները, որպեսզի մարդիկ սրաճարանում նստեն, կամ էլ որ իրենց բակը ձրի սրճարանի չվերածեն, չաղմկեն:

Արդարության համար պետք է ասել, որ սրճարանները եզակի լավ բաներից են Հայաստանում: Կժպտան, կսպասարկեն, օրդ լավը կդարձնեն…

Բայց սա ավելի շատ Երեւանի մասին է:

Աբովյանում էլ գրեթե բոլոր շենքերի բակերում բեսեդկա, սեղան կա, բայց սրանք էլ ավելի շատ նառդի-բլոտի համար են, մի խոսքով, նույնքան անհարմար, որքան զոդած մանկական խաղահրապարակներն այս երկրում:

Եկեղեցու հարեւանությամբ այդպիսի մի բեսեդկայում նստած էի մի առավոտ, երբ սեւ շորերով, ակներեւ սպիտակող մազերով մի կին մոտենում է ինձ եւ հարցնում, թե արդյո՞ք չճանաչեցի.

— Տոչկաս Կոլցեվոյում է եղել, հիշո՞ւմ ես, բլոկադայի ժամանակ… Էլիտ սուպերմարկետի մոտ, աստիճանների վրա… Օվոշնոյը… անցնում էիր, նկարում, հիշեցի՞ր- հարցնում է իր վարձած բնակարանից նոր դուրս եկած կինը:

— Հա,  հիշում եմ…, – որորում եմ ես:

— Ի՞նչ անեմ, գնում եմ գործի… Խոխեքս գնացել են… Բենզինը… Էրկու խոխաս…

«Խոխեք» ու «բենզին»: Ոչինչ չես կարդում կնոջ դեմքին: Հեղուկի գրամ չկա աչքերում, անորոշ մի հայացք… Երկու բառ, «խոխեք» ու «բենզին», Արցախում տեղի ունեցածի ամբողջ խրոնոլոգիան երկու բառով պատմում է կինն ու հեռանում:

Մեկը դեմքն այլանդակված մեքենայով անցնում է Օպերայի մոտով, անգամ դրանից հետո ես ճանաչեցի նրան: Լավ, ենթադրենք սրան Աստված է պատժել նրա համար, որ աթոռով մի խեղճ տղայի ծեծում էր, իսկ մնացածների՞ն որ մեղքի համար․․․ Մտածում եմ ես:

Մեկը Հերացու վրա սուրճ է հանում ապարատից։ Մինչ մոտենալս զգում էի, որ բենզինի մասին մի բան էլ նա է պատմելու:

«Կարող է սաղ մնացած լինի, կարող է թուրքերն Աղդամ տարած լինեն: Կարմիր Խաչում ծանոթ չունե՞ս», — հարցնում է անհետ կորածի եղբայրը:

Արցախցիների զրույցները գրեթե միշտ նույն բովանդակությունն ունեն. «Գիտեմ, անիմաստ է հարցնել, բայց ո՞նց ես: Դե տաքսի եմ քշում, չգիտեմ, ուզում եմ գնալ, ես հեչ, բա խոխեքը, չի ստացվում, հինգ տուն եմ փոխել արդեն, ասել են սեպտեմբերին, էրկու դիմպլոմ ձեռս, ուր գնում ես… երեք միլիոնն ինչի՞ս է պետք, որքա՞ն ապրել էսպես բոմժավարի… Թղթերի եմ սպասում…»

Հակարիի կամուրջն անցած Արցախցիների գրանցումը Գորիսում. 26 սեպտեմբեր 2023 | Step1.am/Մարութ Վանյան

Արցախում սպասելն ավարտ է ունեցել: Չնայած ողբերգական, բայց ունեցել է: Հայաստանում սպասում ես, բայց չգիտես ինչի: Չգիտես քո հերթը երբ է հասնելու, ինչի համար ես սպասում: Կոռնիձորի հերթն ավարտվել, Երեւանինն է սկսվել, օգնությանն ավարտվել, անձնագրայինն է սկսվել, անձնագրայինն ավարտվել, բնակարանայինն է սկսվել… Մինչ արցախցիները սպասում են, տավուշեցիք են «հերթ» բռնել: Անորոշ ու անվերջ կեղեքիչ մի սպասում:

Դուք ինչի՞ եք սպասում, ո՞ր ցուցակում, ո՞ւր եք հասել:

Մարութ Վանյան

Ampop.am. ՀՀ որ բնակավայրերում կարող են ԼՂ բռնի տեղահանվածները հավաստագրով տուն ձեռք բերել

Ampop.am

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունը մայիսի 16-ին հավանություն է տվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։

Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  1. բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  2. անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  3. գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
  4. Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`
    • 5 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի ստորև քարտեզում կանաչով նշված թվով 242 բնակավայրերից որևէ մեկում։ Դրանցից 238-ը գյուղական բնակավայրերում է, միայն չորսը քաղաքային։
    • Տվյալ բնակավայրերը գտնվում են ՀՀ 5 մարզերի՝ Սյունիքի (55%), Տավուշի (17%), Գեղարքունիքի (16%), Վայոց Ձորի (9%) և Արարատի (2.5%) 15 համայնքներում։

    • 4 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի քարտեզում նարնջագույնով նշված 148 բնակավայրերից որևէ մեկում։ Դրանցից 138-ը գյուղական, 10-ը քաղաքային բնակավայրերում։
    • Բնակավայրերը գտնվում են ՀՀ մարզերի` Շիրակի (41%) , Լոռու (15.5%), Վայոց Ձորի (14%),  Գեղարքունիքի (10%)Տավուշի (7%), Արմավիրի (4%) Արագածոտնի (3%), Սյունիքի (3%) և Արարատի (2%) մարզերի 22 համայնքներում։

    • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
    • 2 մլն դրամ, եթե արդեն կա գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։