Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ԱԳՆ

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասաց Անի Բադալյանը։

Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք. ինչ է անելու անցումային կառավարությունը

Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Շատ կարեւոր հանգրվանային, հենման կետ ունեցող հանրահավաք է, ինչպես ասել եմ նաեւ այս ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար: Այնտեղ կներկայացնեմ, թե առաջիկա օրերին ինչ ենք անելու»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաեւ ասել է, որ  դեռ շատ վաղ է խոսել նոր կառավարության կազմի մասին, քանի որ այդ մարդիկ միանգամից թիրախավորվում են:
«Մենք ոչինչ չենք թաքցնում, հանգրվան առ հանգրվան, փոխադարձ վստահությամբ՝ առաջ ենք գնում։ Ինձ համար ամենակարևորը  փոխադարձ վստահությունն է։ Որոշ մարդիկ այժմվանից խոսում են կառավարության կազմի մասին։ Այդ հաճույքը չեն ունենա՝ իմանալու, դա մեծ թակարդ է, որ անուններ տրվեն կառավարության կազմի մասին, և հերթով սկսեն մարդկանց ոչնչացնելու գործողություններ։

Մենք դեռ հանգրվան ունենք հաղթահարելու՝ մինչև կառավարությունը։ Դա ժողովրդի պահանջն էր, որն արտահայտել են՝ ուզում են փոխարինել սա՝ սրանով։ Որևէ մեկը թող չսպասի, որ ինքն ինչ-որ բաներ է լսելու, որն իրեն չի վերաբերվում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կուզենան այդ թակարդին մոտենալ, անհնար է, մի էլ փորձեք։ Հանգիստ, խաղաղ մասնակցեք գործընթացին, եթե մասնակից եք »,- ասաց Բագրատ Սրբազանը:

Էներգետիկ եւ տրանսպորտային առումով մենք կհայտնվենք անկլավային վիճակում

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններին ու ներկայացվում են որպես սահմանազատում, լրջագույն խնդիրներ են ստեղծում հատկապես մեր գազա-տրանսպորտային համակարգի համար։ Այս մասին այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Այսպես կոչված դեմարկացիայի արդյունքում այն մայրուղային գազամուղը, որով ՀՀ-ն բնական գազ է ներկրում ՌԴ-ից՝ Վրաստանի տարածքով, հայտնվում է լրջագույն հարվածի տակ։ Խոսքը մասնավորապես Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ հատվածի գազատարի մասին է, որի մի մասն այսօր փաստացի հայտվում է թշնամու վերահսկողության ներքո։ Արդեն այսօր հայտնի է, որ պատրաստվում են որոշակի աշխատանքներ իրականացնել այդ գազամուղի լոգիստիկան փոխելու համար։ Ըստ նախնական տվյալների՝ խոսքը գնում է մինչեւ 15 կմ գազամուղի լոգիստիկան փոխելու մասին, ինչը մեծ ծախսերի հետ է կապված։

Բայց ծախսերը դեռ մի կողմ, ակնհայտ է, որ սա ստեղծում է մի իրավիճակ, որ Ադրբեջանը փաստացի լծակներ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում որպես դերակատար հանդես գալու՝ ցանկացած պահի հնարավորություն ունենալով խոչընդոտել դեպի ՀՀ կապույտ վառելիքի ներմուծումը։ Ես վստահեցնում եմ՝ եթե այս նույն անկլավային տրամաբանությամբ քաղաքականությունը շարունակվի նաեւ մեր հարավային սահմանին, այսինքն՝ Սյունիքում, ապա էներգետիկ եւ տրանսպորտային առումով մենք կհայտնվենք անկլավային վիճակում, որովհետեւ նույն կարգավիճակում կհայտնվի նաեւ մեզ համար կենսական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը, հարցականի տակ կհայտնվի Իրանը Հայաստանին կապող էլեկտրահաղորդակցման գիծը եւ այլն:

Եվ դրա հետ մեկտեղ գործող իշխանությունները խոսում են Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին»,- ասաց Վահե Դավթյանը։

«Դուք կարո՞ղ եք կողմնորոշվել՝ պետք է զոհվել եւ տարածքներ գրավել, թե՞ պետք է չզոհվել․․․» եւ տարածքներ տալ

«Արցախի կորստի հարցով դուք բացարձակ կապ չունե՞ք, եւ միակ մեղավորներն այն չարամիտնե՞րն էին, որոնք 30 տարի կառավարում էին, որոնք չլսելով ձեզ՝ տարան կործանման»,- Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ես ուզում եմ հիշեցնել՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանը փաստացի Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներն էր հանձնում։ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված Արցախի ինքնիշխան հսկողության տակ գտնվող տարածքներն էր հանձնում, մոռացել եք դրա մասին երեւի։ Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի պաշտպնության հանձնառությունը ստանձնել էիք դուք, եւ այդ խոստումը կար նաեւ 2021 թվականի նախընտրական ծրագրում՝ դեօկուպացիայից սկսած, ավարտված ճանաչման գործընթացով։ Այնուհետեւ նշաձողն իջեցնելու հեղինակն ո՞վ էր, մե՞նք էինք, Նիկոլ Փաշինյանն էր։ Ձեր քաղաքական թիմն էր, որ շրջափակված, ցեղասպանության ենթարկվող ժողովրդի մասով հայտարարում էր, որ ՀՀ-ն չի կարող միջամտել, եւ այնտեղ ֆիզիկական ոչնչացում չի սպառնում։ Ամենասարսափելին՝ իշխանությունը եւ Հայաստանը ներկայացնելու մանդատը ձեր ձեռքին էր, ոչ մի ընդդիմություն ու քաղաքական ուժ չուներ այդ մանդատը, դուք պետք է քայլեր ձեռնարկեիք։ Հիմա էլ է այդ վիճակը, հիմա, երբ Արցախը հայաթափված է, ցեղասպանված է Արցախի ժողովուրդը, երբ հայկական ժառանգությունը ոչնչացվում է ամեն օր, դուք ունեք այդ մանդատը, ի՞նչ եք արել։ Ինչպե՞ս եք պաշտպանել Արցախի եւ հայ ժողովրդի ժառանգությունը։ 2023 թվականին այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվել՝ սկսած մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց, ավարտված Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման հարցում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Երբ որ մենք ոչ լավ օրից հանգեցինք այն եզրակացության, որ Ղարաբաղի հարցում նշաձողը պետք է իջեցնել եւ խոսեցինք այս մասին բաց ու պարզ, դուք ոչ միայն չփորձեցիք լսել, թե ինչ ենք ասում, այլեւ բռնեցիք, բանաձեւ ընդունեցիք ԼՂ խորհրդարանում ծովից ծով ԼՂ մասին։ Դա հանգեցնում է հաջորդ աղետին։ Հիմա դուք մեղադրում եք մյուս խմբին, որն ասում է՝ այդ ճանապարհը անդունդ է տանում։ Դուք ասում եք՝ ինչո՞ւ եք հրաժարվում մեր սրբազան անդունդային ճանապարհից, գնանք ցեղասպանվենք, հետո խփենք ծնկներիս ու ասենք՝ անարդար մարդկությունը եւս մեկ անգամ հանդուրժեց հայոց ցեղասպանությունը։ Կարո՞ղ է ընենց անենք, որ չլինի այդ ցեղասպանությունը, ես դրա մասին եմ խոսում»։

Արարատ Միրզոյանը հավելեց․ «Ասում եք արցախահայերի վերադարձ Լեռնային Ղարաբաղ։ Որ ասում եք վերադարձ ԼՂ, խնդրում եմ մանրամասեք, թե դուք ի՞նչ նկատի ունեք ԼՂ վերադարձ ասելով՝ մասնավորապես կենտրոնանալով հետեւյալ քայլերի վրա՝ ի՞նչ պայմաններում եք առաջարկում, որ ԼՂ հայերը վերադառնան, արդյոք դրանք այն պայմաններն են, որոնք առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է, դուք ի՞նչ եք ուզում։ Եթե դա անկախ ԼՂ-ն եւ այն ստատուս քվոն է, որը կար 2019 թվականին, դուք հասկանո՞ւմ եք դա եւ պատրա՞ստ եք արդյոք դա անել առնվազն 4000 զոհի գնով։ Առաջարկ արեք հանրությանը, մեզ քննադատում եք, լավ եք անում, բա դուք ի՞նչ եք առաջարկում, հերթական պատերա՞զմ։ Դուք կարո՞ղ եք կողմնորոշվել՝ հիմա պետք է զոհվել եւ տարածքներ գրավել, թե՞ պետք է չզոհվել»։ Միրզոյանն այստեղ չշարունակեց՝ “եւ տարածքնել տալ”։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի լավագույն սկզբունքների հիման վրա հռչակել էր իր անկախությունը, ՀՀ-ն էլ հանձնառու էր աջակցել ու դառնալ առաջամարտիկը՝ ճանաչելու ԼՂՀ-ն։ «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է, հրաժարում է բոլոր այն ձեռքբերումներից, որոնք եղել են։ Դուք չպատասխանեցիք, թե ի՞նչ եք անում արցախցիների վերադարձի համար կամ ո՞նց եք պատկերացնում։ Մենք դա դիտարկում ենք շատ պարզ՝ միջազգային իրավունքին համապատասխան, ոչ թե ռազմական գործողություններն առաջ մղելով։ Սա միջազգային լայն կոնսոլիդացիայի հնարավորություն է, վերադարձի իրավունքը պաշտպանվում է գրեթե բոլոր առաջադեմ երկրների կողմից։ Այո՛, միջազգային իրավունքների ու երաշխիքների ներքո Արցախի ժողովուրդը հետ վերադառնալու, իր պատմական հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա, այդ երաշխիքներով որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

«Ասում եք՝ Արցախի ինքնավարություն։ Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին եւ պայմաններում, երբ ԼՂ-ում այլեւս հայեր չկան։ Երբ ԼՂ-ում հայեր կային, եւ մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը եւ խոսել այդ հարցերի մասին, մեզ ասում էին՝ դավաճան, թուրք, պիղծ։ Բա դուք ինչո՞ւ ավելի շուտ չէիք ասում՝ ինքնավարություն»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։

 

 

Արարատ Միրզոյանը Դաշնակցությանը մեղադրեց Արցախը հանձնելու մեջ

Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ներկայացնում էր 2023 թվականի բյուջեի կատարողականը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Արցախի հարցին․ «Անդրադառնանք ձեր արձանագրած «արդյունքներին» հերթով։ Մայիսի 5-ի արդյունքը՝ դուք ճանաչեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը։ Հետո տեղի ուենցավ Արցախի հայաթափումը եւ բռնակցումը։ Դուք դա փորձում եք ներկայացնել, որ եթե Ղարաբաղի իշխանությունն այսպես չաներ, այդպես չէր լինի։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, ձեր քաղաքականությունը այդ թոկից ազատվելն էր։ Ձեր կառավարության ղեկավարն է ասում, որ այդ թոկը գցել էին Հայաստանի վիզը։ Դուք ասացիք՝ Արցախն Ադրբեջանի մաս է, Ադրբեջանն ասաց՝ ինչ կուզեմ, կանեմ, դուք էլ ասացիք՝ ձեռքներս լվանում ենք։ Ով էլ լիներ այնտեղ, դա լինելու էր, որովհետեւ որեւէ մեկը չէր հանդուրժի մի երկրում երկու նախագահ, որովհետեւ դուք ասացիք՝ այն մի նախագահը գոյություն չունի, ապալեգիտիմացրեցիք։ Երկու բանակ որեւէ մեկը չէր հանդուրժի։ Ադրբեջանի դեմ 100 հազարանոց Արցախ, մեկին 100 հարաբերակցությամբ, պա՞րզ է, չէ, թե ինչ պետք է տեղի ունենար։ Հայաստանն էր նժարները հավասարեցնում, դուք հետ քաշվեցիք, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Դրան ընդհանրապես որեւէ գնահատական չեղավ, Ադրբեջանի պահանջները գնալով մեծացան, հիմա էլ խոսում են Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության մասին, մի արձագանք Հայաստանից չի եղել։ Ես այսքան ձախողում նշեցի, մի հաջողություն դուք նշեք»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ասում եք՝ ով ուզում է լիներ, նույն արդյունքն էլ լինելու Լեռնային Ղարաբաղում։ Սա երեւի նոր ձեւ է՝ քողարկելու այն հեղաշրջումը, որին ձեր ուժը մասնակցում էր այնտեղ։ Ես հիշում եմ, որ երբ այդ շրջանում մենք ասում էինք՝ պետք է գնալ, երկխոսել, հասկանալ, թե ինչ զիջումներ կարող են արվել, ինչ փոխզիջումներ կարող են լինել, ինչ լուծումներ, որոնք անշուշտ ցավոտ են պատերազմից հետո, ձեր մասնակցությամբ այնտեղ խորհրդարանը ծովից ծով Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւեր էր ընդունում ու հռչակում։ Մենք պայմանավորվում էինք ինչ-որ հանդիպում, ձեր մասնակցությամբ այնտեղ ջրվում էր այդ հանդիպումը։ Եվ արեցիք, ամեն ինչ ջրեցիք ու փչացրեցիք, վերջում էլ հեղաշրջում արեցիք, բերեցիք ուրիշ ղեկավարություն, որը երկու օրվա ընթաացքում լուծարեց այդ միավորը, ստորագրեց ու լուծարեց։ Մեղադրել եք ուզո՞ւմ, ուրեմն լավ իմացեք՝ ձեր ուժի անմիջական մասնակցությունն այդ արհավիրքի մեջ շատ հյութալի, ուժեղ ու մարմնեղ է»։

Արթուր Խաչատրյանն ասաց․ «Արցախում հեղաշրջում չի եղել, Արայիկ Հարությունյանը ձեռքերը լվացել, մի կողմ էր քաշվել։ Եվ իր հայտարարությունները կային, որ Հայաստանն իրավունք չունի որեւէ բան բանակցելու, որն Ադրբեջանի կազմում է թողնում Արցախը։ Չմոռանանք, որ իր ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց, որ երկու մեքենա այստեղից գնար, մեկը՝ Ակնայից։ Բայց դա չէր բավարարում ո՛չ ձեզ, ո՛չ Ադրբեջանին, որովհետեւ ձեր քաղաքական ղեկավարը հայտարարել է, որ Արցախը թոկ է, պավադոկ։ Այսինքն՝ պատերազմով կտրվեց թոկը, որը դուք ուզում էիք կտրել։ Ինչ տեղի ունեցավ, ձեր քաղաքականության նյութականացումն է, մնացածը գեղեցիկ խաղ էր, որպեսզի կարողանայիք մեղադրել, ասել՝ եթե Սամվել Շահրամանյանը չգար, այդ ամենը չէր լինի»։

Արթուր Խաչատրյանը նաեւ նշեց, որ մեր դիվանագիտությունը չի կարողացել նաեւ ՀՀ անվտանգային մակարդակը բարձրացնել։ «Չկա այսօր մի պետություն, որը կասի՝ ես պատրաստ եմ երաշխավոր հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությանը։ Դա, ի դեպ, Ադրբեջանի պահանջն է, իրենք են դա պահանջում»,- հավելեց նա։

Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու

Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։

«Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին եղան մայիսին։ Իհարկե, հանրապետության հյուսիսային շրջաններում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը նշեց, որ հունիսին առանձին օրերին տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է գրանցվել +28․․․+32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռներում՝ +30․․․+34, Արարատում՝ +34․․․+36, Արմավիրում՝ +33․․․+36, Վայոց ձորի լեռներում՝ +25․․․+28, Վայոց ձորի նախալեռներում՝ +33․․․+36, Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31, իսկ Երևանում՝ +34․․․+36 աստիճան։

Անդրադառնալով առաջիկա օրերին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։ Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում։ Հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արդեն հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։

Իսրայելը պատրաստ է դադարեցնել պատերազմը 42 օրով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի բանակը կարող է 42 օրով դադարեցնել պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետ, հայտնում է i24 հեռուստաալիքը։

Բացի այդ, Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է զինադադարի պայմանները և նշել պատճառները, թե ինչու այս պահին Գազայում պատերազմը չի կարող ամբողջությամբ դադարեցվել։

«Պատանդների վերադարձի համար մենք կարող ենք պատերազմը դադարեցնել 42 օրով։ Բայց մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը։ Իրանցիները և մեր բոլոր թշնամիները մեզ հետևում են, ուզում են տեսնել՝ մենք հանձնվու՞մ ենք»,- շեշտեց նա։ Նեթանյահուն նաև ասել է, որ ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որտեղ, ինչպես հայտնի է, անցյալ հոկտեմբերին պաղեստինցի գրոհայինները ներխուժել են Իսրայել, չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Երուսաղեմը չի հասել իր բոլոր նպատակներին։

«Պատերազմը չի ավարտվի, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին։ Մենք չենք հրաժարվի բացարձակ հաղթանակից»,- հավելել է Իսրայելի վարչապետը։ Բացի այդ, Նեթանյահուն ևս մեկ անգամ նշել է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողության հիմնական նպատակները՝ պաղեստինցի գրոհայինների կողմից գերեվարված բոլոր պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ոչնչացումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դադարեցրել էր Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը Գազայի հարավում իսրայելական բանակի գործողության պատճառով:

Հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը մտել են Ռաֆահ և գրեթե հասել Եգիպտոսի հետ սահմաններին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու Բայդենի ծրագրին։

«Հրապարակ». Կիրանցեցիները քանդում են տները

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին: «Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- ասաց Շահինյանը:

Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն տները: Այսինքն՝ հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում, թեպետ արդեն սահմանապահները քանի օր է՝ կանգնած են տարածքում։

Ինչ վերաբերում է փոխհատուցման գործընթացին, Շահինյանը վստահեցրեց, որ ինքը կապ չունի դրա հետ` մարզպետարանի աշխատակազմն է զբաղվում, անգամ չգիտի, թե քանի կիրանցի է համաձայնել փոխհատուցման առաջարկին։ Հարցրինք՝ այլընտրանքային ճանապարհն իշխանությունը կհասցնի՞ կառուցել, խոստման համաձայն` 2 ամսում։ «Չեմ կարող ասել՝ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»։

«Ստացվում է, որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, որ կատարենք Ադրբեջանի պահանջները»

Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է 2023 թվականի բյուջեի կատարողականը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց Արարատ Միրզոյանին․ «Եթե կարճ գնահատենք, դուք արտաքին հարաբերությունների ոլորտում բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետեւ կառավարության ծրագիրը չեք կատարել։ Արցախի խնդրով ընդհանրապես հակահայկական գործունեություն է կատարվել, այն, ինչ գրված է կառավարության ծրագրում, դրա ճիշտ հակառակն է արվել։ Ցեղասպանության հարցում որեւէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել, եւ այսպես շարունակ։ Սրանք բոլորը ձեր կառավարությունից բխող քայել էին, որ պետք է կատարվեին, բայց չեն կատարվել, ճիշտ հակառակը, կատարվել են Ադրբեջանի պահանջները։ Արդեն ակնհայտ հնչեցվում է, որ այն ծրագիրը, որն իրականացվում է հատվածական սահմանազատման առումով, դա ոչ միայն չի բխում միջազգային փորձից, այլ ուղղակի Ադրբեջանի պահանջն ու ծրագիրն է իրականացվում։ Ադրբեջանը պահանջում է մի բան, մենք դա հիմնանավորում ենք եւ սկսում ենք իրականացնել։ Այդ թվում՝ նույն Սահմանադրության փոփոխությունների հետ կապված պահանջը։ Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, եւ ըստ էության կատարվում են Ադրբեջանի պահանջները։ Այս առումով բյուջեի կատարողականը ո՞նց եք գնահատում արդյունավետ»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կիսում այդ գնահատականները։ «Ռազմավարական, երկարաժամկետ, հիմնարար առումով այն մոտեցումները, որից ելնելով դուք ներկայացնում եք ձեր գնահատականները, համարում եմ առնվազն մոլորություն, իսկ ավելի լուրջ՝ թերեւ կործանարար մտածելակերպ Հայաստանի Հանրապետության համար, որը պատճառ է եղել այն աղետների, արհավիրքների, որոնց մենք բախվել ենք վերջին տարիների ընթացքում։ Հենց այդ մտածելակերպն է, որ մեզ տասնամյակներով ներարկված է, ես համոզված եմ, որ դրսից է ներարկված, բայց հենց այդ մտածելակերպն է, որ մեզ հանգեցրել է այն կոտրած տաշտակին, որի առջեւ մենք կանգնեցինք վերջին տարիների ընթացքում։ ՀՀ կառավարությունն անում է եւ արել է մի շարք վերլուծություններ եւ հետեւություններ եւ ըստ այդմ արել է խմբագրումներ եւ սրբագրումներ նույնիսկ տեխնիկական փաստաթղթերում կամ ավելի ռազմավարական նշանակության փաստաթղթերում, ինչպիսին, օրինակ, կառավարության ծրագիրն է։ Դուք ասացի՝ մի բան է գրված, այլ բան ենք արել, անշուշտ, գոյություն ունեն տարածաշրջանային գործընթացներ։ Եթե, օրինակ, կառավարության ծրագրում գրված էր ԼՂ մեր հայրենակիցներին այսինչ աջակցության տրամադրում ԼՂ-ում, եւ հիմա ԼՂ-ն հայաթափվել է Ադրբեջանի բռնի գործողությունների հետեւանքով, ակնհայտորեն ծրագրի այդ տողը կատարել հնարավոր չէ եւ իմաստ չունի»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ինչ վերաբերում է Սահմանադրությանը, Ադրբեջանը եւ Հայաստանը իրար առջեւ բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որոնց՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում «խաղաղության» հաստատման համար։ «Սա ամենեւին չի նշանակում, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի կամ Ադրբեջանի միջեւ բանակցություններում օրակարգի մաս է։ Այդպիսի բան չկա, մենք համոզմունք ունենք, որ եւ մեր, եւ իրենց Սահմանադրությունը չի կարող խնդիր լինել երկարատեւ առումով խաղաղության հաստատման համար»,- հավելեց Միրզոյանը։

Այնքան ցավ է տեսել, որ աչքերը կուրացել են․ պատմում է բնիկ ճարտարեցի Վիկտորյա Պետրոսյանը

Բնիկ ճարտարեցի լինելու, Հակարի կամուրջը եռագույնով անցնելու և քառասունքում գտնվող երեխան գրկին հերթ կանգնելու մասին.  պատմում է Վիկտորյա Պետրոսյանը

Ես ինձ համարում եմ բնիկ Ճարտարեցի, իսկ նախնիներիս մի մասը Նորագյուղից է: Ընտանիքս անցել է բազում դժվարություններ, բայց խուսափել են մեզ` փոքրերիս պատմել դաժան դրվագները: Տատիկս լավ խոհարար էր, պապիկս լավ էր նվագում ու երգում, նախնիներս շատ տաղանդավոր, ծիրքըճիրավ մարդիկ էին` սովորական, համեստ կյանքով էին ապրում:

Դպրոցում սովորելիս երբեմն ճարտարեցու նման չէի խոսում` քինալ-քինյիլ, քանեա-քանիա:  Հիմա մայրս այնպես է ասում յաղուզ, որ բնիկ ճարտարեցին չի ասում այդպես:

Մորս հորքուրը Սումգայիթի բնակչուհի էր, ջարդերի պատճառով տեղափոխվել էր Հրազդան ու մինչև հիմա այնտեղ է ապրում: Ասում են, որ այնքան ցավ է տեսել, որ աչքերը կուրացել են: Նրա երեք տղաները արցախյան պատերազմներում կռվում էին, երկուսը զոհվել են: Տնից դուրս են եկել  առանց զգուշացնելու, որ գնում են…Գրպանից գտած հեռախոսի համարին են զանգել և տնեցիներին հայտնել մահվան լուրը…

Մորս տատիկի` Շուշան բաբոյի քույրը, ջարդերի ժամանակ ամուսնու հետ մնացել էր տանը` մտածելով, որ խնայելու են իրենց պատկառելի տարիքի համար: Երկուսին էլ մորթել են: Ավելի խաղաղ օրերին բարեկամները տան բակում հողին են հանձնել: Դրանից հետո ադրբեջանցիները նորից դիակները հանել ու շպրտել են բակում: Խոշտանգումներ էին անում…

Աղդամում վաճառվում էին ինչ-որ բաներ, գնալ-գալ կար: Առանց հետին նպատակների առևտուր էին անում: Սովետական տարիներին իրավունք չունեին քաղաքական քննարկումներ անել: Օրինակ, դասախոսներից մեկը պատմել էր, որ թելադրության ժամանակ «ԽՍՀՄ գերագույն ղեկավարը` Ստալինը» նախադասությունը գրելիս  համարել են, որ բութը կարող է վերաբերել Ստալինին ու հանել են գործածությունից:

Մանկությունն իմ կյանքի ամենալուսավոր կետերից մեկն էր, ու ես մեծ հպարտությամբ եմ նշում, որ այնտեղ էր անցել: Ամեն պահը վայելում էինք` թաղի երեխաներով հավաքվելը, դասարանցիներով խաղալը, ծաղիկ հավաքելը: Ես տանը փոքրն էի, ոտքով հասնում էինք մինչև գյուղի բերդը: Միայն լավ բաներ եմ հիշում: Ճարտարի թիվ մեկ միջնակարգ դպրոցն եմ ավարտել: Միշտ խոսել և խոսելու եմ, երեխաներիս էլ հորդորելու եմ, որ բարբառով խոսեն: Ընտանիքով նստում էինք հայրիկիս կամազը և հասնում գյուղի ամենաբարձր տեղերը: Մեզ համար ամեն օրը տոն էր: Չկար այնպիսի ծմակ, որտեղ ճիրիկիտեմնը կամ ճռճռոկ չէր աճում։ Փոքր տարիքում էլ ասում էի` ինչքան ենք մենք հարուստ, որ այսպիսի բնություն ունենք…

Մեզ մի Ըղեշա վանք ունենք Ճարտարում: Չկա այնպիսի ճարտարեցի, որը չի ասել`«Ըղեշա, իրեսս վեննանդ տակ»: Մի ուրիշ կարգի էինք պաշտում, մեր սրբատեղին էր: Դեպքեր կային, երբ ոտքով գնում  էին վանք ու պարզվում էր, որ երեխան բուժվել էր:

Շրջափակման ընթացքում մեծահասակները մեզ հիշեցնում էին, որ իրենք էլ են հաղթահարել նման դժվարություններ: Մայրս ասում էր` «դիմացիր, ես 4 երեխաների հետ եմ եղել»:

Ես երբեք Արցախը վատ վիճակում չեմ հիշում: Ինչպես էինք մենք այդ 30 տարին ապրել: Հիմա սիրտս դաղվում է, որ հիշում եմ: Արցախցին ինձ համար միշտ առաջին տեղում է:

2020թ. պատերազմի ժամանակ  չէի ուզում դուրս գալ քաղաքից: Տպավորություն էր, որ այդ մի քանի օրն է, վերջանալու է… Մեր ամենամոտիկ ընկերը զոհվել է: Մորքուրիս 18 տարեկան թոռը մինչ այսօր անհետ կորած է: Պատկերացրեք, թե ինչքան ծնողներ կան, որ իրենց երեխաների մասին տեղյակ չեն:

Հունվարին արդեն հավաքվում էինք, որպեսզի հետ գնանք Արցախ: Ինչպիսի ուրախություն էր… Ձմեռ էր, պատուհանը բացում էինք, որ  մեր օդը շնչենք…  Ես իսկույն ասացի, որ երկու տղա ել եմ ունենալու, աղջիկ ծնվեց: Ուզում էի` շատանայինք: Ինչքան էլ վատ պայմաններ կային` ես չէի նվնվում: Քառասունքում երեխան գրկիս տակդիրի հերթ էի կանգնում:  Երբեք չէի բողոքում, կատակում էի, այնտեղ գտնվելը վայելք էր: Ինքս ինձ հանգստացնում եմ նրանով, որ ինձնից կախված ամեն ինչ արել եմ…

2023թ. սեպտեմբերի 19-ին  առաջին անգամ առանց ձեթ կերակուր էի պատրաստել: Փոխանակման համար գրել էի կայքերում: Տանն էի փոքրիկիս հետ: Մեծ երեխաներս` դպրոցում ու մանկապարտեզում: Փոքրիս հագցնում եմ և իջնում նկուղ: Հեռախոսակապ չկար: Ամուսինս երեխաներին բերեց նկուղ՝ մեզ կա’մ կմորթեին, կա’մ պետք է կանգնեցնեին պատերազմը:

Իմ անձնական իրերից ամենակարևորը մեր դրոշի գույներով շորերն էին` 3 երեխաս էլ հագել էին: Նվաստացումներից խուսափելու համար ամուսինս հորդորում էր չվերցնել դրանք: Թաքուն դրեցի շորերի մեջ և այդպես անցանք Հակարին… Ամենաշատն ափսոսում էի, որ Ավոյի նկարը չեմ բերել:

Ամենասիրելի թաղամասն այն էր, որտեղ ապրում էինք: Տատիկ-պապիկը երեխաներիս մշտական զբոսանքի և խաղալու վայրն էր: Նույնիսկ երբ սովածանում էին` ավելի երկար էին մնում:

Հայաստանում  միայն լավ մարդկանց ենք հանդիպել: Մեր առաջին օգնությունը ամուսնուս ընկերներն էին: Լրագրողները հետաքրքրված էին մեր կյանքով և ուզում էին օգնել: Մինչև կյանքի վերջ շնորհակալ կլինեմ:

Տաթև Ազիզյան

 

Արցախցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես Երեւանում

Արցախի նկարիչների միությունը, Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ, Երևանում կներկայացնի արցախցի նկարիչների վերջին և վաղ շրջանի աշխատանքների ցուցահանդեսը։

Բացումը տեղի կունենա հունիսի 9-ին ժամը 15:00-ին, Աբովյանի փ․ 16, ցուցասրահը երկրորդ հարկում։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 13-ը։

Forrights. «Մեր հարստությունն արյունով շաղաղված հողն է, որ թողեցինք»․ Ճարտարից Արևիկը իր երազանքն իրականացնում է Ապարանում

Forrights

Արևիկ Ավանեսյանը Ճարտարում ունեցած երազանքերը կյանքի է կոչում Ապարանում։ Բռնի տեղահանված 46-ամյա կինը ձեռագործ պայուսակներ է պատրաստում՝ արցախյան հիշողությունները վառ պահելու և բազմանդամ ընտանիքի սոցալական խնդիրները փոքր-ինչ լուծելու համար։

«Գործել միշտ եմ սիրել, մանկուց գործել եմ։ 2020 թվականից հետո միշտ մտածել եմ այս աշխատանքն անել, բայց բլոկադան սկսվեց, թելեր չկարողացա գտնել, հետո որ եկանք Հայաստան, որոշեցի անել»,-ասում է տիկին Արևիկը, որի աշխատանքային սեղանին տարբեր գույնի ու չափսի ձեռագործ պայուսակներ են դրված՝ փոքրերի ու մեծահասակների համար։ «Գործում եմ ինքս ինձ հանգստացնելու համար»,-ասում է նա։

Տիկին Արևիկն ասում է՝ իր երազանքն է եղել այս աշխատանքով զբաղվելը։ Սակայն, արձանագրում է՝ երազանքերի աշխատանքով չի կարողանում գումար վաստակել։ Իր աշխատանքերին դեռ Ապարանում ծանոթ չեն։

«Դեռ գումար չեմ կարողանում աշխատել, տեղից տեղ ենք տեղափոխվում, միջավայրը փոխվում է։ Հարևանուհին առաջարկեց, որ այստեղ վաճառքի հանենք, ես ծանոթ չունեմ, ասաց՝ ես քեզ կօգնեմ, սպասում եմ»,-ասաց նա։

Տիկին Արևիկն ընտանիքի հետ Ներքին Ճարտարում է բնակվել։ Այն գյուղ է Ճարտար քաղաքի մոտակայքում։ 2020 թվականի պատերազմից հետո գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ, տեղափոխվել են Ճարտար։ Այնտեղ են ապրել մինչև բռնի տեղահանումը։

«Սեպտեմբերի 25-ին դուրս եկանք Ճարտարից»,- տիկին Արևիկը հիշում է Ճարտարում ստեղծված իրավիճակը։ «Ճարտարում խուճապ էր, տագնապ, ափսոսանք, ցավ․․․Ժամը մեկն էր, երբ սկսվեց, երեխաերը վախենում էին, վազում էին, չգիտեին, թե ուր գնան։ Տղմարդիկ՝ բոլորը, առաջնագծում էին»,-խորը հոգոցով ասում է արցախցի կինը։

Նրանց համար Ճարտարը միայն բնակավայր չի եղել, հիշողություններ ու պատմություն ունեն այնտեղ թողած։ «Արմատներով հողին էինք կպած, մենք մեր ապագան այդ հողում ենք պատկերացնում։ Դաժան էր, որ պետք է թողնեինք ու դուրս գայինք։ Տան ու ունեցվածքի մասին չէինք մտածում, մեր հարստությունն ու սրբությունն այն հողն է, որը թողել ենք։ Այդ հողը շաղաղված է արյունով։ Ապրում էինք մեկս մյուսի ցավով։ Այս վիճակոն ամբողջ Արցախում էր, ոչ միայն Ճարտարում»,-ասում է նա։

Բռնի տեղահանումից հետո Արևիկ Ավանեսյանի ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատել Գյումրիում, հետո տեղափոխվել են Արագած գյուղ, քանի որ ամուսինը պետք է աշխատանքի անցներ ԱԱԾ-ում։ Հետո տեղափոխվել են Ապարան։ Սակայն, որքան մոտեցել են Երևանին, այնքան ԱԱԾ-ում աշխատելու հնարավորությունները նվազել են։ Նրա փոխանցմամբ՝ այդպես էլ կառույցից հստակ պատասխան չեն առաջարկել։ Նշում է, որ ամուսինը երկար տարիներ ծառայել է Արցախի ԱԱԾ-ում։

«Ամուսնուս գործն այդպես էլ չեղավ։ Ասացին՝ սպասի։ Էլ չենք սպասում, որ կկանչեն, յոթ ամիս անցել է»,-ասում է նա և նշում, որ ամուսինն Ապարանի դաշտերից շուշան, սինդիրիկ է հավաքում։

«Բերում է, ես էլ պահածոացնում եմ, որ հնարավորության դեպքում վաճառենք»։

Տիկին Արևիկն ապրում է ամուսնու և դստեր հետ։ Վերջերս իրենց մոտ են տեղափոխվել նաև մյուս դուստրը՝ ամուսնու և երեխաների հետ։

Տիկին Արևիկի որդին՝ Արթուրը, պատերազմի ժամանակ է զոհվել։ Նա հետախույզ է եղել՝ հերոսական ուղիով, որը կներկայացնենք հաջորդ հրապարակմամբ։

Նարեկ Կիրակոսյան