Բարբառ եւ ինքնություն․ Ղարաբաղի բարբառի պահպանման խնդիրներն ու հեռանկարները

Բռնի տեղահանումից հետո արցախահայերի համար նոր իրականության մեջ ինքնության գիտակցումը և պահպանումը անմիջականորեն կապվում են բարբառով խոսելու հետ։ Օրերս «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի նախաձեռնած քննարկման թեման հենց սա էր, իսկ նպատակը համակողմանի լսումների միջոցով առաջնահերթությունների փաթեթ մշակելն ու պատկան մարմիններին և շահագրգիռ կազմակերպություններին հասցեագրելն էր: Միջոցառմանը հրավիրված էին բարբառագետներ, մշակութային գործիչներ, արցախյան բարբառով կոնտենտ ստեղծողներ։

Բռնի տեղահանությունից հետո բարբառի պահպանության հարցը հստակ իմաստ ստացավ․ հանրային վայրերում մարդիկ սկսեցին առավել հաճախ խոսել Արցախի բարբառով, իսկ սոցցանցերում նկատելի աճ գրանցվեց բարբառային գրառումների: Այդ հանձնառությամբ նաև թվային մեդիան որոշակի պատասխանատվություն ստանձնեց բարբառով կոնտենտների ստեղծման և տարածման ուղղությամբ։

Մյուս կողմից էլ առկա է ցեղասպանություն վերապրածների, տեղահանությունների ենթարկված մարդկանց՝ նոր միջավայրին ինտեգրվելու խնդիրը, երբ մարդը մշտապես ձգտում է փոխել իր նախկին սովորույթները (այդ թվում՝ լեզվական) այլ ինքնություն գտնելու և գոյատևելու համար։ Որպես օրինակ՝ հիշենք, երբ մայրենի լեզվի պատճառով «գյավուր» չընկալվելու համար Թուրքիայում շատ ազգություններ իրենց երեխաների ներկայությամբ պարզապես դադարել են տանը հաղորդակցվել հարազատ լեզուներով։ Իհարկե, Արցախի բարբառի դեպքում իրավիճակը միանգամայն այլ է, բայց նաև այստեղ կան լուրջ խնդիրներ: Բարբառի կենսունակությունը պայմանավորող նոր միջավայրում արցախցիները բախվում են շատ ավելի մեղմ, բայց բարբառի համար ոչ պակաս կործանարար խնդիրների։ Ֆիզիկական տարածքի բացակայության և բարբառի բանավոր խոսքի միջոց լինելու հետևանքով լեզուն աստիճանաբար դուրս է մղվում գործածությունից։

Այն, որ Ղարաբաղի բարբառի պահպանության հարցում բոլորն անելիք ունեն, անժխտելի է, բայց և քննարկման մասնակիցներից Արցախի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի կարծիքով՝ բարբառի աջակցմանն ուղղված ցանկացած ջանք չպիտի տանի արցախցիների ինքնամեկուսացմանը։ Ստեղծվող իրողությունը հետաքրքիր պետք է դարձնել նաև ոչ արցախյան լսարանի համար՝ այլ բարբառների աջակցությամբ, արդի կարիքներին համապատասխանող բովանդակություն ստեղծելով։

Ղարաբաղի բարբառն ամենակենսունակներից է և ունի նաև բարձր գիտական արժեք՝ համեմատական, ընդհանուր լեզվաբանության ուսումնասիրման տեսանկյունից։ Քննարկման բանախոսներից Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր, բարբառագետ Արմեն Սարգսյանը պատահական չի համարում հայ և համաշխարհային խոշոր լեզվաբանների ցուցաբերած մեծ հետաքրքրությունը և կատարված գիտական ուսումնասիրությունները Ղարաբաղի բարբառի մասին։

Արմեն Սարգսյանը «Ղարաբաղի բարբառի բառարան»-ի հեղինակն է (բառարանում ընդգրկված է շուրջ 40.000 բառ): Ըստ լեզվաբանի՝  ամեն օր էլ կարելի է լսել բառեր, որ դեռևս հավաքագրման և ուսումնասիրման կարիք ունեն։ Գրքի նոր մշակման համար հավաքագրված շուրջ 300 բարբառային բառերն ու արտահայտությունները, ցավոք, հնարավոր չեղավ հասցնել Հայաստան:

Նկատի ունենալով հնչերանգով պայմանավորված բառիմաստային տարաբնույթ դրսևորումներ՝ բարբառագետը կարևորեց սոցցանցերում գրառումներ կատարելիս կամ բանահավաքչությունների ժամանակ պահպանել բարբառի տառադարձման կանոնները։ Սա հնարավորություն կտա մի քանի տասնամյակ հետո լեզվաբաններին և հետաքրքրված մտածողներին խուսափել տարընթերցումներից, մի քանի անգամ հեշտացնելով, շատ դեպքերում՝ ուղղակի հնարավոր դարձնելով նրանց գործը։

«ՓոդՔԱԹ» հաղորդաշարի հեղինակ Տաթևիկ Խաչատրյանը խոսեց տառադարձման համար տեխնիկական անհարմարությունների և առավել հաջողված համակարգի ներդրման անհրաժեշտության մասին։

Այսօր արցախցիների բարբառը կտրված է իր բնական, սնուցող միջավայրից, փաստացի չկա ընդհանրական համայնքային միավոր, որտեղ կարելի է հաղորդակցվել և կենսունակ դարձնել լեզուն։ Այդ ամենը հնարավոր է  միայն ընտանիքներում, սակայն որքանով է այն մեր երեխաներինը և նրանց երեխաներինը լինելու՝ այլ հարց է։ Նախորդ դարաշրջաններում եթե դա երկարաժամկետ առումով հնարավոր էր, ապա այսօրվա տեխնոլոգիական զարգացումները, նոր բառերը, որոնց համարժեք միավորները բարբառը չի հասցնում ստեղծել, գրական լեզվի անընդհատ ազդեցությունը, մեզ ահազանգում է․ բարբառի պահպանության հարցում հույս դնել միայն երեխաների կողմից բարբառի օգտագործման և տարածման վրա՝ պետք չէ, այն չափազանց ծանր բեռ է նրանց ուսերին։

«Լեզուն առավել համակարգված ջանքեր է պահանջում, բավարար ռեսուրսների ապահովվածություն»,- քննարկման ժամանակ ընդգծել է «Ղարաբաղա Լյուզուն» ֆեյսբուքյան էջի հեղինակ Սեյրան Մայիլյանը: Նրա կարծիքով՝ եթե ոչ պետության գործուն մասնակցությամբ, ապա գոնե մշակութային հիմնադրամների, մշակութային պահպանությամբ հետաքրքրված ֆոնդերի ու ՀԿ-ների ներդրմամբ է պետք հոգածություն դրսևորել ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ։

Արցախի բարբառը նաև նոր լեզվամտածողություն է ստեղծում, օրինակ՝ ռեփ երաժշտության մեջ։ Ժամանակակից տեխնիկական առաջընթացը գուցե չի հասցնում բարբառային համարժեք միավորներ ստեղծել, սակայն ի հայտ եկող նոր մշակութային երևույթների մեջ բարբառը դեռ իր կենսունակությունը շարունակաբար բացահայտում է։ Վերջերս լայն տարածում են ստանում բարբառով տարբեր երաժշտաոճերի ստեղծագործությունները, որոնք դուրս են գալիս բարբառակիրների նեղ շրջանակից և առավել լայն շրջանակների մեջ մտնում՝ կատարելով մետա-շարադրանքի գործառույթ։ Բարբառի խաղացվածությունն իր հաստատուն տեղն ունի նաև բեմադրվող թատերական ներկայացումների հաջողված և հետաքրքրական լինելու մեջ՝ ոչ լեզվակիրների շրջանում։

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ այս լավատեսությունն, ինչ խոսք, պետք է պահպանել, բայցև պետք չէ բարբառի վրա ավելի մեծ բեռ դնել, քան այն կարող է կրել։ Բարբառին գրական լեզվի հանձնառություններ վերագրելը ոչ միայն մեծ զգուշավորություն է պահանջում, այլև գրեթե անհնար է։ Բարբառի պահպանմամբ հետաքրքրված ու այդ ուղղությամբ աշխատողների ջանքերի հիմնական իմաստը վավերագրումն է, ու այն պետք է անել հայեցակարգային և ուղղորդված։

Նարինե ԲԱԼԱՅԱՆ

Սարգիս Գալստյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից

Ազատություն

Երկու ամիս առաջ Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։

«Միակ ապացույցը ճնշումների տակ տված Սարգիս Գալստյանի ցուցմունքն է, երբ ինքը մտել է Հայաստանի Հանրապետություն, սպառնացել են, որ կնոջն են ձերբակալել, երեխաներին կձերբակալեն, սպառնացել են, որ իրեն խցում կկախեն, և այդ սպառնալիքի ազդեցության տակ ինքը խոստովանական ցուցմունք է տվել, ինչից հիմա հրաժարվել է, և բացի այդ խոստովանական ցուցմունքը, ներկայումս այլ փաստական տվյալ չկա», – ասաց Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Փաստաբանն «Ազատության»-ը փոխանցեց, որ նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին։ Մեղադրանքը վերաբերում է 44-օրյա պատերազմի օրերից մինչև Արցախի հայաթափման շրջանին։ Իրավապահները լրտեսության այս գործի մասին երկու ամիս առաջ հայտնեցին, բայց թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրում Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գալստյանին, չեն մանրամասնում՝ վկայակոչելով գործի գաղտնիությունը։

«Չկա որևէ փաստարկ, որևէ ապացույց, քիչ թե շատ փաստական տվյալի նմանվող որևէ հանգամանք, որ Սարգիս Գալստյանը նախ հավաքագրվել է, այնուհետև Ադրբեջանի իշխանություններին փոխանցել է ինչ-որ տվյալ, որը կարող էր օգտագործվել ՀՀ շահերի դեմ», – նշեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Արցախի հայաթափումից հետո Գալստյանն ու կինը ևս կես տարի մնացին Ստեփանակերտում, հետո որոշեցին տեղափոխվել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո, բայց նաև չի հստակեցնում, թե կոնկրետ որ կառույցն է սպառնալիքներով ցուցմունք կորզել։ Նշեց միայն, որ դիմակավորված անձինք են եղել։

Գործը քննող Քննչական կոմիտեից, սակայն, հերքում են, որ Գալստյանը ցուցմունք է տվել սպառնալիքների ներքո, ավելին, փոխանցեցին, որ Կոչուբաևը հանցագործության մասին է ահազանգում, և փաստաբանին ոչինչ չի խանգարում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Գալստյանը վերջերս առերեսվել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, որն այս գործով վկա է։ Փաստաբանի պնդմամբ՝ Շահրամանյանի վկայությունները մեղադրանքը չեն հաստատել, Գալստյանի դեմ առհասարակ ցուցմունք չկա։

«Իր կողմից չեն տրվել նման բնույթով մեղադրական ցուցմունքներ», – նշեց փաստաբանը։

Ինքը՝ Շահրամանյանը, օրերս հաստատել էր, որ հարցաքննվել է այս գործով, բայց փակագծեր չէր բացել, թե կոնկրետ ինչ հարցեր են իրեն տվել, ինքն էլ ինչ պատասխաններ է տվել։

Արցախը լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ էր ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող Սարգիս Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում, այդպես էլ պարզ չեղավ։ Փաստաբան Կոչուբաևը ևս չմանրամասնեց, ասաց՝ գաղտնիության հարց կա։

Գալստյանի վերաբերյալ տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքուն նրան Ստեփանակերտի պարետ է նշանակել։ Այս լուրերը, սակայն, չհաստատվեցին, ավելին՝ նախագահ Ալիևը ադրբեջանցու նշանակեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի պարետ։ Գուցե այս տեղեկությունների պատճառով նրան թիրախավորեցին, կարծում է փաստաբանն ու պնդում՝ նախաքննությամբ ևս պարետ նշանակվելու մասին պնդումները չեն հաստատվել։

«Հիմա ներկայումս էլ քրեական վարույթով փաստարկված է, որ նմանատիպ նշանակում չի ունեցել, Ադրբեջանի իշխանությունների հետ Սարգիս Գալստյանը որևէ առնչություն չի ունեցել», – նկատեց նա։

Ինչո՞ւ Արցախի հայաթափումից միայն կես տարի անց Գալստյանը որոշեց լքել Ստեփանակերտը, փաստաբանի խոսքով, մնալն արդեն վտանգավոր էր, իսկ մնացել էր՝ կարծելով, որ այս ամենը ժամանակավոր է, և մի օր արցախցիները կվերադառնան։

Սարգիս Գալստյանն Արցախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Տրանսպորտը կթանկանա ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ հունվարի 1-ից

Ընդամենը ժամկետն է փոխվում, որևէ այլ բովանդակային բան չի փոխվում, սեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման ժամկետի հետաձգման հարցին:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պայմանագրով հոկտեմբեր ամսին պետք է ավտոբուսների մատակարարում լինի, որից հետո ունենք որոշակի տեխնիկական գործընթացներ՝ վարորդների նշանակումներ համապատասխան գծերում, ավտոբուսների տեխնիկական սպասարկման մասով, գրանցման, մաքսազերծման մասով, և, դրանով պայմանավորված, որոշեցինք, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի որոշումը»,- մանրամասնեց Գալջյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից:

Ռաշիդ Բաբայան. Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը խոհեմ կգտնվի և կուղղի իր սխալները

Ռաշիդ Բաբայանը ծնվել է Արցախում, Գիշի գյուղում, բազմազավակ ընտանիքում։ Ընտանիքում բոլորը երաժշտական ​​տաղանդով օժտված էին, բայց երաժշտական ​​կրթություն չունեին։

1967 թվականին Ռաշիդն իր չորս քույրերի հետ մասնակցել է Բաքվում կայացած երաժշտական ​​մրցույթի, որտեղ նրանք գրավել են առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալ և դառնալով դափնեկիրներ։

Երեխաներն իրենց երաժշտական ​​ունակությունները ժառանգել են հորից։ Հինգ տարեկանում Ռաշիդը սկսեց թմբուկ նվագել, հետո մանդոլինա, թառ, հետո ակորդեոն և այլն։ 14 տարեկանում սկսել է երաժշտություն ստեղծել։

Նրա ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավել հայրենասիրական թեմաները։ Բայց չնայած իր մեծ տաղանդին և երաժշտական ​​կյանքում ունեցած հաջողություններին, դպրոցն ավարտելուց հետո Ռաշիդն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ուսման տարիներին ցուցաբերել է ստեղծագործական ակտիվություն և մասնակցել ինստիտուտում անցկացվող բոլոր ուսանողական երաժշտական ​​միջոցառումներին։

Հետագայում նա հրավեր է ստացել աշխատելու էստրադային սիմֆոնիկ նվագախմբում։ Սակայն Ռաշիդը չընդունեց հրավերը եւ նախընտրեց վերադառնալ հայրենիք՝ հայրենի Գիշի գյուղ, որտեղ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը։

Ամենահայտնի ստեղծագործություններից էր Ստեփանակերտի մարզադաշտում Ռաշիդ Բաբայանի կատարած երգը՝ Հայոց Մեծ հարսանիքին։ Հարսանիք, որը եղել և կմնա պատմության մեջ՝ որպես իսկապես առանձնահատուկ, եզակի և կարևոր իրադարձություն տառապած երկրի համար։

Երբ երաժշտությունը սկսեց հնչել, և 700 հարս ու փեսա քայլեցին հյուրերի առջև, արցունքները զսպել հնարավոր չէր։ Որովհետև հարս-փեսաների մեծ մասը պատերազմի երեխաներ էին։ Տղաներ ու աղջիկներ, որոնց մանկությունն անցել է հրետակոծությունների ու ռմբակոծությունների տակ, նկուղներում ու կացարաններում, իսկ դպրոցի վերջին զանգի ձայնը համընկել է արկերի պայթյունի հետ։ Եվ նրանք քայլում էին, այս երեխաները՝ հանդիսավոր հագնված, տղաները կոստյումներով, աղջիկները՝ սպիտակ հարսանեկան զգեստներով։

Եվ այս հարսանիքը, այս հուզիչ հարսներն ու փեսաները մեր անկախության ու պետականության ամենավառ դրսեւորումն էին։

Առջևից մի զույգ էր քայլում․ հարսնացուն պատերազմի ժամանակ ծանր վիրավորված, հայրը զոհված, իսկ մայրն ու երեխաները կրակի տակ ընկած։ Նրա դեմքը այլանդակվել է բեկորներից, մի քանի պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել։ Բայց նա գեղեցիկ էր և քայլում էր հարսանեկան երթի առջեւում, կարծես դա իր անձնական հաղթանակն էր։

Ինչո՞ւ, կարծես: Սա հաղթանակ էր՝ պատերազմի ու բռնության, խավարի ու չարի, զրկանքների ու դժբախտությունների նկատմամբ։ Հաղթանակ մահվան դեմ, որը հնձել է Արցախը՝ չտարբերելով ո՛չ երիտասարդներին, ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին…

Ռաշիդ Բաբայանն իր հայրենիքի մեծ հայրենասերն է. Նա ոգեշնչել է արցախցիներին կյանքի ամենածանր ժամանակաշրջաններում։ Բավական է հիշել Մոնթե Ավոյի մասին նրա ստեղծագործությունը, որը նվիրված է Արցախյան ազատամարտի լեգենդար հերոսին։ Եվ հարյուրավոր նման ստեղծագործություններ, որոնք միշտ լսելի են յուրաքանչյուր արցախցու։

Ապրելով և աշխատելով հայրենի հողում, Ռաշիդ Բաբայանն իրեն երբեք չէր պատկերացրել հայրենիքից դուրս։ Շրջափակման ժամանակ ջերմոցում բանջարեղեն է աճեցրել ու անվճար բաժանել բոլոր հարազատներին ու ծանոթներին։ Սեպտեմբերի 27-ին վերադարձի ակնկալիքով բոլորի հետ հեռացավ հայրենի գյուղից։

Ռաշիդ Բաբայանը երբեք չէր սպասում իրադարձությունների նման ողբերգական հանգուցալուծմանը։ «Ցավոք, հայ հասարակությունը դարձել է մանիպուլյացիայի առարկա։ Մենք բաժանվեցինք սպիտակների և սևերի, ղարաբաղցիների և հայաստանցիների, եվ դա արվել է պետականությունը խարխլելու համար։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ հայ ժողովուրդը իմաստություն կունենա ընդունելու և ուղղելու իր սխալները։ Ճշմարտությունը պետք է հաղթի, և այդ ժամանակ մենք կկարողանանք վերադառնալ հայրենի Արցախ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Ռաշիդ Բաբայանը։

Արսեն Աղաջանյան

Առաջին հացն ու մածունը․ մնացել է միայն հիշողությունը

Շրջափակումը փոխել էր բոլորիս կյանքը, մենք հայտնվել էինք այն իրավիճակում, որը նույնիսկ չէինք պատկերացնում:

Շրջափակման ժամանակ Ռուզանը 21 տարեկան էր, Նախիջևանիկից է, սովորում և աշխատում էր Ստեփանակերտում: Շրջափակման ժամանակ ծնողները գյուղում էին, նրանց հանդիպումները հազվադեպ էին վառելիքի բացակայության պատճառով, իսկ շրջափակման վերջին ամիսներին՝ նույնիսկ անհնարին:

Ռուզանը պատմում է, որ չնայած գյուղում է ծնվել, մեծացել, 3 ավագ եղբայրներից հետո միակ աղջիկն էր, բայց գյուղի գործերից հեռու էր․ «‎Ընդհանրապես գյուղի գործերից հեռու եմ եղել, հիմնականում ընդգրկված էի գյուղի մշակութային, կրթական կյանքին: Եվ առհասարակ վերջին տասը տարիների ընթացքում, երբ մամայի առողջությունը վատթարացավ, հացը արդեն գնում էինք»:

Շրջափակման ժամանակ Ռուզանի հայրիկը մի կերպ ծանոթների միջոցով օգոստոսին ալյուր էր հասցրել Ստեփանակերտ, Ռուզանի, եղբոր և հարսիկի համար, ով այդ ժամանակ հղի էր:

«Պապայիս ուղարկած վերջին ալյուրն էր, մաքուր ցորենով, նրա ձեռքերով ստացված ալյուրը: Այդ ժամանակ եղբորս կինը հղի էր, ամենացավալին դա էր, երբ ուտելիք չկար գրեթե, թեկուզ մենք գոնե ինչ-որ բաներ գյուղից կարողանում էինք հայթայթել»:

Շրջափակումը, հացի և կաթնամթերքի պակասը ստիպել էին Ռուզանին բարձրացնել թևերը և գործի անցնել` հաց թխել և մածուն մերել:

«Իրականում չէի պատկերացնում, որ կստացվի, ես նույնիսկ այնքան ոգևորված էի, որ նկարել եմ ու մինչև հիմա պահում եմ: Իրականում այդ ամենը միշտ հարսիկս էր անում, բայց սեպտեմբերին նա արդեն հիվանդանոցում էր՝ զարմուհիս պետք է ծնվեր, իսկ ես պետք է ինչ-որ բան անեի, որ ուտելիք ուղարկեի նրան: Այդպես ես հաց թխեցի, մածուն մերեցի: Հաց թխելու պահով չէի վախենում, վստահ էի, որ կստացվի, բայց այ մածունի պահով ահավոր վախենում էի, մտածում էի այս սուղ պայմաններում բա որ չստացվի՞: Ամեն կես ժամ մեկ բացում նայում էի ու լացս գալիս էր՝ Աստված չանի, մածունս փչացնեի»:

Սեպտեմբերին Ռուզանը վերջին անգամ իր ծննդավայրի ցորենից հաց թխեց, կաթից մածուն մերեց, և հիմա միակ հուշը  հեռախոսի մեջ պահպանված լուսանկարն է:

Քրիստինա Ալավերդյան

Ունենալու ենք այնպիսի իշխանություն, որն Արցախը գնահատելու է որպես արժեք, այլ ոչ թե որպես բեռ

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

-Պարո՛ն Գալստյան, Արցախի Ազգային ժողովն ի՞նչ գործունեություն է ծավալում այսօր, գործո՞ւմ է, պատասխանատվություն զգո՞ւմ է արցախցիների նկատմամբ։

-Իհարկե՛, Արցախի Ազգային ժողովը գործում է՝ համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության։ Արցախի Ազգային ժողովը գործում է՝ անկախ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ոտնձգությունների։ Արցախի պատգամավորները, ինչպես նաեւ ողջ հայ ազգը չպետք է թույլ տան օրվա իշխանություններին՝ հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր կամ գործադիր իշխանության, նախագահի նկատմամբ իրականացնել այն ոտնձգությունները, որոնք մենք տեսանք հունիսի 21-ին։

Մենք տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ծավալում, հանդես ենք գալիս թե՛ օրենքների փոփոխությամբ, թե՛ հայտարարություններով։ Օրինակ կարող եմ բերել վերջերս կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ կատարված օրենսդրական փոփոխությունը, որը Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են անտեսել՝ դրանով ոտնահարելով հենց ՀՀ Սահմանադրությունը։ Բոլորս գիտենք, որ Արցախում կուտակային կենսաթոշակների մասին օրենքը փոփոփոխության է ենթարկվել եւ թույլ է տալիս, որ մարդիկ ժամկետից շուտ ստանան այդ գումարները։ Խոսքն ավելի քան 34 հազար շահառուի եւ մոտ 17 մլրդ դրամի մասին է։ Բայց ՀՀ օրվա իշխանությունները փորձում են այդ գումարները չտրամադրել արցախցիներին, այն դեպքում, երբ բոլորս գիտենք, թե արցախահայությունն  այսօր սոցիալական ինչ վիճակում է գտնվում։ Յուրաքանչյուր ընտանիք ունի այդ գումարների կարիքը։

Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն արցախցիներին չեն ճանաչում որպես ՀՀ քաղաքացի, բայց իրենց իրավունք են վերապահում տնօրինել արցախցիների կենսաթոշակային գումարները եւ դրանք տեղափոխում են հայաստանյան ֆոնդեր։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ անօրինական գործողությունները շարունակում են։ Որեւէ օրենսդրությամբ չեն կարող արցախցիների գումարներն առանց արցախցիների համաձայնության որեւէ տեղ փոխանցել։ Եվ հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններ են արել, իրենց քայլը հակասահմանադրական է։ ՀՀ կառավարության այդ օրենքը չի կարող փոխարինել այն օրենքին, որի համաձայն մենք վճարել ենք եւ իրավունք ունենք հետ ստանալ մեր գումարները։ Դա մարդու իրավունքների ոտնահարում է։

-Բացի սոցիալական եւ ֆինանսական հարցերից, Արցախի ԱԺ-ն այլ հարցերի շուրջ քննարկումներ անո՞ւմ է, օրինակ՝ արցախցիների հավաքական իրավունքի, Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական քննարկումներ կա՞ն։

– Այսօր Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել՝ գնահատական տալով հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպին։

-Արցախցիների խնդիրները գույքագրո՞ւմ եք, մտադի՞ր եք ներկայացնել միջազգային կառույցներին։

-Այդ աշխատանքը շարունակական է։ Իզուր չէ, որ Ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որն արցախցիների խնդիրները ներկայացնում է միջազգային հարթակներում։ Բոլորդ տեղյակ եք այդ հանձնախմբի մասին, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ պարբերաբար քննարկվում է, թե ինչ քայլեր պետք է արվեն։ Եվ այդ ամենը խոսում է այն մասին, որ, այո՛, Արցախի Ազգային ժողովը կա, շարունակում է իր գործունեությունը։ Ճիշտ է, հասարակական հիմունքներով ենք գործում, բայց ժողովրդից ստացած վստահությունը մենք չենք կարող շրջանցել։ Այն գործողությունները, որոնք կատարվում են Ազգային ժողովի կողմից, ուղղված են հենց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարեկեցությանը, Արցախի հարցը արթուն պահելուն։ Այդ իշխանությունները հավերժ չեն, գալու է ժամանակ, որ մենք ունենալու ենք այնպիսի իշխանություն, որն Արցախը գնահատելու է որպես արժեք, այլ ոչ թե որպես բեռ։

-Ձեզ ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում արցախցիները։

-Տարբեր խնդիրներով դիմում են։ Այսօր նաեւ հարցնում են՝ ընդունե՞լ Հայաստանի քաղաքացիություն, թե՞ ոչ։ Ինչ-որ տեղ մեղադրական հարցեր են հնչում նաեւ մեր հասցեին, թե ինչո՞ւ չենք բարձրաձայնում, ինչո՞ւ չենք դժգոհում այս իշխանության դեմ, որոնք այնպիսի սոցիալական ծրագրեր են իրականացնում, որոնք միտված չեն մեր բարեկեցությանը։ Հակառակը, այդ ծրագրերը արտագաղթի ծրագրեր են։ Ես կարծում եմ՝ ժամանակը գալու է, այդ բոլոր հարցերը բարձրաձայնվելու են, եւ այս իշխանություններն իրենց ոչ հայանպաստ քայլերի համար օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու։

-Դուք ի՞նչ եք խորհուրդ տալիս արցախցիներին՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար արժե՞ ՀՀ քաղաքացիութուն ձեռք բերել, թե՞ ոչ։

-Ես անձամբ ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել։ Մենք ի սկզբանե ունենք ՀՀ անձնագրեր, եւ սրանք արհեստական խնդիրներ ու խոչընդոտներ են, որոնք ստեղծվում են այս իշխանությունների կողմից։ Յուրաքնաչյուրն ինքը պետք է որոշում կայացնի։ Եթե մարդիկ այսօր սոցիալական խնդիրների են առնչվում, երբ պարտադրում են քաղաքացիություն ստանալ, որպեսզի աշխատանքի ընդունվեն, դա այլ հարց է, անհատական որոշումներ պետք է կայացվեն։

Ռոզա Հովհաննիսյան

Վախթանգի որդի Սակռի կառուցած եկեղեցին․ Վաղուհաս

«Թիին ՈՀԴ (1224) էր, ես Սակռ, որդի Վախթանգա, եղբայր Հասանա շինեցի զեկեղեցիս եւ ե/տու զորդի իմ զԳրիգորս սպասավոր, ու զիմ արկ/ած այգին ի ճաք իւր կատ/ապանովն իմ հոգոյս։ Ո/վ զայն խափանէ  Յայ ի հաիրէ եւ յորդո  եւ ի Սուրբ հոգ/ոյն եւ ։ՅԺԸ։  (318 ) Հայրապետ/այն անիծեալ եղիցի  եւ իմ յանցանացն պարտա/կան․ որ ի տարումն ։Լ։ (30 ) Աւ/րեն ժամո պարտակա/ն եղիցի առ ԱԾ․ Ամէն»։

16 տողից բաղկացած սույն արձանագրությունը կրող քարը գտնվում է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից մոտ 2.5 կմ հարավ-արեւմուտք՝ խոր անտառի մեջ գտնվող Կարմիր վանքի մուտքի մոտ։ Սկզբնապես այն գտնվում էր եկեղեցու հյուսիսային պատի արևելյան կողմում, սակայն հիմա ընկած է։ Արձանագրության համաձայն՝ Վախթանգի որդի Սակռն է կառուցել եկեղեցին 1224 թվականին։ Հայտնի է, որ Արցախի Վերին Խաչենի ճյուղը կոչվում էր Սակռյանց, որը Ներքին Խաչենի ճյուղից հատվածվել է Սակռ նախնուց: Վերջինիս ժառանգորդներից էր Ծարի իշխանազուն Վախտանգը, որն ըստ պատմական աղբյուրների ունեցել է երեք որդի՝ Հասան, Հովհաննես եւ Սակռ։ Նրանց մասին տեղեկություններ են պահպանվել ոչ միայն Կարմիր վանքի, այլև Խաթրավանքի վիմական արձանագրություններում, ինչպես նաեւ` «Հին Վաղուհաս» գյուղատեղիի մի խաչքարի վրա: Հասանը Ծարի կամ Ներքին Խաչենի գահերեց իշխանն էր, Դոփի ամուսինը։

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, նրան արեւմուտքից կից գավթից, մատուռից, այլեւայլ ներկայումս ավերակված շինություններից, ինչպես նաեւ արձանագիր ու անարձանագիր խաչքարերից ու տապանաքարերից:

Վախթանգի որդի Սակռի տապանաքարն այսօր գտնվում է եկեղեցու գավթում՝ տեղաշարժված, որի վրա կարդում ենք․ «Այս է հանգիստ բարէպաշտ պատրոնին Սակռի զոր տացե ՔՍ սմայ զարքաութ երկնից․ Ամէն»։

Նույն Կարմիր վանքի հարավային պատի վրայի 1259 թ. արձանագրության մեջ հիշատակվում է նաեւ Սակռի որդի Տեր Գրիգորիսը, ով 1224թ. արձանագրության մեջ հանդես էր գալիս որպես վանքի սպասավոր, իսկ 1281 թ. մեկ այլ արձանագրության մեջ՝ որպես վանքի եկեղեցու վերաշինող. Ես Գրիգորիս, որդի Սակռի, վերստին շինեցի զեկեղեցիս ի թուիս ։ ՉԼ։ (1281թ.):

Վանական համալիրի բազմաթիվ  արձանագրությունները գրեթե բոլորն ընթերցված ու հրապարակված են։

Լուսանկարներից պարզ երևում է, որ արձանագրություններն առնվազը վերջին 30 տարում չեն գրվել ու ոչ էլ մշակված են քացախաջրերով ու քիմիական տարատեսակ նյութերով, ինչպես որ ներկայացնում են հարևան երկրի գիտունիկները։

Հիմա մի հռետորական հարց․ Վաղուհասը համարվու՞մ է հայ իշխանի տարածք և արդյո՞ք այս արձանագիր քար-փաստը կարելի է համարել կադաստրի «թուղթ», թե՞ միևնույն է Արցախը Ադրբեջան է։

Արմինե Հայրապետյան

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

Հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։ Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների, ինչը վկայում է, որ հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը: Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երևույթները։

ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։

Նման պայմաններում միաժամանակ տեղին ենք համարում երախտագիտության խոսք հղել հազարավոր ՀՀ մեր հայրենակիցներին, ովքեր արհամարհելով արհեստականորեն ստեղծված բաժանարար գծերը, անցած ինը ամիսների ընթացքում՝ մեզ համար դժվարին օրերին, ամեն ինչ արել են մեղմելու արցախահայության բարոյահոգեբանական և ֆիզիկական ցավը։

Վտանգավոր և անընդունելի են ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված:

Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից:

Երևան
24 հունիսի 2024թ.
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

Ծիրանի փառատոն՝  Ծիրանաշատ Արտաշատում

Հունիսի 22-ին Արտաշատ համայնքի Դվին բնակավայրն իր հյուրընկալ դռներն էր բացել Արարատի մարզում առաջին անգամ կազմակերպված ծիրանի փառատոնի մասնակիցների և հյուրերի առջև։

 

Միջոցառումը կազմակերպվել և ֆինանսավորվել է  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից՝ իրականացվելով Արտաշատի համայնքապետարանի համագործակցությամբ։ Փառատոնին մասնացում էին Արտաշատի խոշորացված համայնքի 38 բնակավայրերի մշակույթի տները։ Միջոցառումը վարում էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մշակութային հարցերի կազմակերպիչ, Արցախից տեղահանված Նինել Գաբրիելյանը։

-Սիրելի՛ ներկաներ, ուրախ եմ ողջունել ձեզ ծիրանաշատ Արարատի մարզում առաջին անգամ կազմակերպված ծիրանի փառատոնին՝ Ծիրանաշատ Արտաշատին։

Ես Նինելն եմ, ծնունդով Արցախից, ով բնակություն է հաստատել այս հյուրընկալ համայնքում։ Ինձ համար հաճելի է ու մեծ պատիվ վարելու Արտաշատի բնակիչներին կամրջող այս համեղ ու գեղեցիկ փառատոնը։

Իհարկե, մրգերի մեջ ծիրանն է ամենահայկականը, աշխարհը ծիրանը ճանաչում է որպես հայկական միրգ։ Եվ մեր Արարատյան դաշտի արևահամ մրգերի շարքում ծիրանը նույնպես իր ուրույն տեղն ունի։ Ուստի պատահական չէ, որ մարդկանց միավորելու և հայկական շունչն ու ոգին փոխանցելու համար փառատոնի հիմնասյուն ընտրվեց հենց ծիրանը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և Ազգային ժողովրդավարության ինստիտուտը երկու տարի շարունակ ուսումնասիրել են Հայաստանի ամենամեծ խոշորացված համայնքի՝ Արտաշատի խնդիրները, հանդիպել են տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչների հետ, ամեն ինչ արել են, որ բնակիչների ձայնը լսելի դառնա։ Դրա արդյունքում համայնքը միավորելու, Արտաշատ քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև կամուրջներ ստեղծելու նպատակով էլ նրանք կազմակերպել են այս փառատոնը՝ սերտորեն համագործակցելով համայնքապետարանի հետ։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց։

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պուստյենսին իր սրտի խոսքն ուղղեց փառատոնի մասնակիցներին՝ ասելով, որ ուրախալի է մասնակցել գեղեցիկ միջոցառմանը և ծանոթանալ այս հրաշալի ու աշխատասեր ժողովրդի հետ։ Բոլորին միավորեց փառատոնը, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց ԿԱՏԱՐԻՆԵ կամրջողների առաջնորդող կանանց։

Ապա հյուրերը շրջեցին տաղավարներով, որոնցից յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացված։ Տաղավարները լեցուն էին նաև ձեռքի աշխատանքներով, ավանդական ուտեստներով, հայկական քաղցրավենիքով։ Աչք էր շոյում և հյուրերի ուշադրությունը գրավում Նինել Գաբրիելյանի տաղավարը, որտեղ ներկայացված էր արցախյան փախլավան ու ախորժաբույր ժենգյալով հացը։

Դվին գյուղում այսքան բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներ երբեք չէին մեկտեղվել մեկ մեծ ու համահայկական միջոցառման շրջանակներում։ Այս բացառիկ փառատոնի հեղինակն ու հերոսները ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ ծրագրի մասնակից առաջնորդ կանայք են՝ Արփին, Գայանեն, Օլգան, Լուսինեն, Մարինեն, Մանիկը, Սերինեն և Հասմիկը, որոնց անշահախնդիր նվիրումի, համայնքի բնակավայրերը կամրջելու նրանց կարևորագույն նպատակի շնորհիվ են այստեղ բոլորը։

Նրանց կամրջման ջանքերը փառատոնից փոխանցվեցին Արտաշատ խոշորացված համայնքի մշակութային և սպորտային կենտրոններին, ովքեր այսօր բնակավայրերի միջև համագործակցության նոր կամուրջներ գցեցին և փառատոնի շրջանակներում ստորագրվեց 9  համագործակցության հուշագիր՝ երկկողմ և անգամ եռակողմ, որոնք հիմք դրեցին մշակույթի և սպորտի շուրջ մեր խոշորացված համայնքի համախմբմանն ու կամրջմանը։

Ավելի քան 6 ժամ մարդիկ անկեղծ ուրախանում և վայելում էին անարատ բերքն ու բարիքը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ուկրաինան «Նեպտուն» հրթիռներով հարված է հասցրել Կրասնոդարի երկրամասին. պոլիգոնը ոչնչացվել է, հրահանգիչները զոհվել են

Ռուսական ռազմական աղբյուրները հաստատում են ՌԴ զինված ուժերի ծանր կորուստները Ուկրաինայի հրթիռային հարվածից հետո, որն ուղղված էր Կրասնոդարի երկրամասի Եիսկ քաղաքի զորավարժարանին։ Տեղեկությունը սեփական աղբյուրներին հղումով հրապարակել է ռուսական հետախուզական ծառայություններին մոտ կանգնած «Լրտեսական դոսյե» Telegram ալիքը։

Ուրբաթ օրը՝ 2024 թվականի հունիսի 21-ին, Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել ՌԴ ԶՈւ ՀՕՊ 726-րդ ուսումնական կենտրոնի (զորամաս 33859, Եյսկ) զորավարժարանի վրա։

Ուսումնական կենտրոնը զբաղվում է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր օգտագործելու համար զինվորականների պատրաստմամբ։ Հարվածն իրականացվել է անհայտ տիպի երկու թեւավոր հրթիռներով։ Ռուսները կարծում են, որ մեծ հավանականությամբ դրանք R-360 Neptune-ն էին:

Հաղորդվում է Yelabuga-ի հրահանգիչների և տեխնիկական անձնակազմի մահվան մասին (իրանական Shahed-136-ի անալոգը արտադրող և սպասարկող գործարանի աշխատակիցներ): Ազգանուններ՝ Գունյա, Սադրեև, Կաժանով։

Աղբյուրի համաձայն՝ ոչնչացվել են՝ – Շահեդ-136 / «Գերանիում-2» – 20 միավոր; – հարձակողական անօդաչու թռչող սարք «Lancet» – 50 միավոր; — հետախուզական UAV ZALA — 40 միավոր. Զինվորականների շրջանում զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

կարդալ ավելին «Диалог.UA» կայքում

Կաթոլիկ, Հունական ուղղափառ և Հայկական եկեղեցիների առաջնորդները Իսրայելին մեղադրել են Երուսաղեմում քրիստոնյաների ներկայության վրա հարձակվելու մեջ

Քրիստոնեական խոշորագույն եկեղեցիների առաջնորդները իսրայելական իշխանություններին մեղադրել են երկրում քրիստոնյաների դեմ համակարգված հարձակման մեջ, որը դրսևորվել է հարկային վարույթ հարուցելով։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press» գործակալությունը` հղում անելով Երուսաղեմի հայոց պատրիարքության ու հունական ուղղափառ եկեղեցու հայտարարությանը։
Ըստ հայտարարության՝ այդ քայլը խաթարում է դարավոր ստատուս քվոն և արտացոլում է Սուրբ հողում քրիստոնյաների հանդեպ աճող անհանդուրժողականությունը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված նամակում քրիստոնեական հիմնական դավանանքների ղեկավարները հայտարարել են, որ Իսրայելի 4 քաղաքապետարաններ (Թել Ավիվ, Ռամլա, Նազարեթ և Երուսաղեմ) վերջերս նամակներ են ուղարկել եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներին` նախազգուշացնելով հարկեր չվճարելու դեպքում դատական հետապնդման մասին։
«Մենք կարծում ենք, որ այդ ջանքերը համակարգված հարձակում են Սուրբ հողում քրիստոնեական ներկայության դեմ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհը և մասնավորապես քրիստոնյա աշխարհը մշտապես հետևում է Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին, մենք կրկին բախվում ենք իշխանությունների` քրիստոնյաներին Սուրբ հողից դուրս մղելու փորձին»,– գրել են եկեղեցիների ղեկավարները:
Երուսաղեմի քաղաքապետարանից գործակալությանը հայտնել են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում եկեղեցիները հարկային արտոնությունների համար պահանջներ չեն ներկայացրել, և եկեղեցիների հետ երկխոսություն է ընթանում նրանց պատկանող կոմերցիոն անշարժ գույքի դիմաց պարտքերը գանձելու շուրջ։