Առգրավվել է Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան

Ոստիկանության դիմակավորված հատուկ ջոկատայինները քիչ առաջ կոտրել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները եւ առգրավել Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մեզ ո՛չ մեքենան առգրավելու որոշում են ցույց տվել, ո՛չ հատուկ միջոցներոի գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում են ցույց տվել, ո՛չ դրա վերաբերյալ արձանագրություն են կազմել, ո՛չ դատարանի որոշում են ցույց տվել, ո՛չ այս բռնի ուժը կիրառելը հիմնավորել են, ո՛չ էլ մեզանից թույլտվություն են հարցրել՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչություն մուտք գործելու համար։ Որեւէ գործողություն չեն կատարել, ընդամենը քննիչը ներկայանալով՝ Արցախի Հանրապետության ներկայացուցությունում գտնվող անձը քննիչին ներս է հրավիրել, եւ այդ ներս հրավիրելու ընթացքում նրանք որեւէ կերպ չեն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, այսինքն՝ դարպասները ջարդելով, անձանց գործունեությունը խոչընդոտելով, առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Տեղեկանալով, որ այստեղ ներկա անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, միանգամից հրավիրել են ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայիններին եւ դարպասները ջարդելով՝ կանչել են էվակուացիոն մեքենա, առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան»,- ասաց փաստաբանը։

Ռոման Երիցյանի խոսքով՝ ինքն առաջարկել է 7 րոպե սպասել, որից հետո կներկայանար, որոշմանը կծանոթանար, եւ դարպասները կբացեին, բայց իրավապահները չեն սպասել փաստաբանի ժամանմանը։ Փաստաբանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները վրդովվել են Արցախի նախագահի վերջին հայտարարություններից եւ այս գործողությամբ ցանկացել են ցույց տալ, որ անում են այն, ինչ ուզում են ու ինչ ճիշտ են համարում։

 

Հայաստանը ճանաչեց Պաղեստինը, իսկ Արցախը Հայաստանի մաս ճանաչեց Բաքուն

Հայաստանի ԱԳՆ-ն իսկապես սենսացիոն հայտարարություն է տարածել. Հայաստանը ճանաչում է անկախ Պաղեստինը և պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։

Կարծես թե հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը ճանաչել Պաղեստինը, եթե չի ճանաչում Արցախը։ Եւ ի՞նչը ստիպեց Հայաստանին ճանաչել Պաղեստինը կոնկրետ այս փուլում, երբ նոր աշխարհակարգ է ձևավորվում, և յուրաքանչյուր երկիր իր տեղն է գրավում քաղաքական փազլում։

Արցախի ճանաչումը փազլի մի մասն է. մի ռուս փորձագետ գրում էր, որ 2020 թվականին ամերիկացիները «դադարեցրել են» պատերազմը՝ սպառնալով ճանաչել Արցախի անկախությունը։ Այս հարցը միշտ սեղանին է և կարող է օգտագործվել ցանկացած պահի:

Փաստորեն, Արցախը որպես Հայաստանի մաս ճանաչում է Բաքուն։ Մշտական ​​պահանջները, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն հղում է պարունակում Անկախության հռչակագրին և 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշմանը, վկայում են այն մասին, որ Բաքուն որպես ելակետ ընդունում է հենց 1989թ. որոշումը։

Չնայած Հայաստանի վարչապետի բանավոր հայտարարություններին, թե ինքը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Բաքուն և միջազգային դերակատարները հիանալի հասկանում են, որ նման հարցերը չեն լուծվում ո՛չ բանավոր հայտարարություններով, ո՛չ ուժով կամ եռակողմ թղթի կտորներով։ Վերամիավորման վերաբերյալ կա խորհրդարանների որոշում, և Բաքուն հաստատում է, որ այդ որոշումը ուժի մեջ է։

Ի պատասխան Սահմանադրությունը փոխելու պահանջների՝ Փաշինյանը հանձնարարել է մշակել նոր Սահմանադրության նախագիծ և այն հաստատել մինչև 2026 թվականի վերջ։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և, հնարավոր է, այլ դերակատարների հետ խորհրդակցություններից հետո, որոնք հավանաբար բացատրել են, որ Հայաստանի և Արցախի վերամիավորմանը ուղղված ժողովրդի կամքի վրա հիմնված Սահմանադրությունից հրաժարվելը հղի է ամբողջ աշխարհակարգի կործանմամբ։

«Կասեցված Սահմանադրություն» նշանակում է, որ ուժի մեջ է մնում 1989թ. որոշումը։

Նաիրա Հայրումյան

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022-ի սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ. ԱԱԾ

Հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»:

ԵՄ-ն շարունակում է Բաքվին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տներ վերադառնալը

 

Եվրամիությունը (ԵՄ) շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրավոր պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին:

Բացի այդ, Բորելը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ «Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն» ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության աճի ամրապնդման համար։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից կալանավորների հետ կապված իրավիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն», – նշված է բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանի մեջ։

Ռուսական ռուլետկա միջուկային փամփուշտներով. եթե Ռուսաստանը չլինի, ապա ինչի՞ց մենք պիտի վախենանք

DW

Արևմուտքում «միջուկային զենքի կիրառման նվազման շեմի» ֆոնին Ռուսաստանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինան։ Այս մասին Հանոյում հինգշաբթի օրը՝  հունիսի 20-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամ կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։

Ինչպես նշել է Պուտինը, ռուսական դոկտրինում կանխարգելիչ միջուկային հարվածը ներառելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ «պատասխան հարվածի դեպքում հակառակորդին երաշխավորված կոչնչացնեն»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, արևմտյան երկրները «անընդհատ բարձրացնում են ջերմաստիճանը, սրում իրավիճակը» և ցանկանում են հասնել «ռազմադաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտությանը»։ Ռուսաստանի համար ռազմավարական պարտությունը կնշանակի «պետականության դադարեցում» և «ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ», – մեջբերում է The Moscow Times առցանց հրատարակությունը Ռուսաստանի Դաշնության նախագահին։ «Եվ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ց պետք է վախենանք։ Ավելի լավ չէ՞ այդ դեպքում գնալ մինչև վերջ։ Սա տարրական տրամաբանություն է»,- շարունակել է Պուտինը։

Բլինքենը “անհապաղ համաձայնություն” է ուզում Ալիեւից․ ի՞նչ կլինի, որ նա կատարի պահանջը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։

Շեշտելով նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ։

Բլինքենը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Բաքվին COP29-ի հաջողության հարցում:

ԱՄՆ պետքարտուղարը Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն արմրացնելու ու նորացնելու կոչ է արել, ինչպես նաև հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։

Հայաստանի ԱԳՆ վերջին հայտարարությունը տեղիք է տվել այն կարծիքին, որ ԱՄՆ հովանո ներքո ընթացող ռուս-թուրքական գործընթացում Ալիեւը հապաղում է ինչ-որ քայլ կատարել։ Նրան, գուցե դրդում են մի քիչ հետ քաշվել “30 հայկական գյուղերի տարածքներից”, որ փրկեն ՀՀ իշխանությունների դեմքը։ Իսկ որպես “ճնշման միջոց” օգտագործվում է Բաքվում նոյեմբերի 11-22 կայանալիք Կլիմայական գլոբալ գագաթնաժողովը։ 

Այդ գագաթնաժողովը, ենթադրվում է, պետք է “համաշխարհային խաղաղության” հարթակ դառնա՝ ԱՄՆ ինչ-որ պլանների համապատասխան։ 

Իսկ ի՞նչ է ուզում ԱՄՆ։  

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև ապրիլի վերջին: ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ է։ Նա նշել էր, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային համագործակցության ինտեգրված հարավկովկասյան մոդելի կառուցմանը՝ առանց բաժանարար գծերի։

Նորերս Հայաստան ժամանած Բլինքերի երկու տեղակալներ Օ Բրայանն ու Վերման եւս խոսել են ճանապարհների բացման եւ ռեգիոնալ ինտեգրման մասին։ 

Իսկ երբ Ռուսաստանը զինում էր Բաքվին ու պատերազմ հրահրում, դա ОК էր?

russia-artsakh.ru

Տիկին Մ.Զախարովան չորեքշաբթի՝ հունիսի 19-ի ճեպազրույցի ժամանակ մեղադրեց Ֆրանսիային.

«Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Այս մասին հունիսի 19-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագիրը։

Զախարովան այս պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու «եւս մեկ քայլ»։

«Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, նույնիսկ մեկ ժողովրդի շահերով։ Ոչ մի նման բան. Փարիզը ձգտում է օգտագործել տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք»:

Հարց տիկին Զախարովային. Բաքվի նացիստական ​​ռեժիմին միլիարդավոր դոլարների հարձակողական զենք մատակարարելով 2005-2018թթ. (տե՛ս «Երկակի ստանդարտների պարադոքսները», http://russia-artsakh.ru/node/19000), արդյո՞ք Կրեմլը «հրահրեց զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում»։

Ինչպես ակնհայտ է, 2016 թվականի ապրիլյան պատերազմը և Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչների եռակի դաշինքի 44-օրյա ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ 2020 թվականին, 2023 թվականի սեպտեմբերին ԼՂՀ-ի դեմ ագրեսիան մեր հարցի երեք հստակ պատասխաններն են։

Միևնույն ժամանակ, տիկին Զախարովան ուղղեց… իր ղեկավար Մ. Գալոիզինին (տե՛ս «Գալուզին. Հայաստանը, անցնելով ԱՄՆ «հովանոցի» տակ, կկործանի Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր պաշտպանական տարածքը», http://russia-artsakh.ru/node/19069. «Գալուզինը չի ցանկանում ընդունել սեփական քաղաքականության ձախողումը», https://dzen.ru/a/ZnKyoRsn6Sa2Lmk_): Զախարովան մեկնաբանել է.

«Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ շփումներից ռազմատեխնիկական ոլորտում. Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության և այն լուրերի հետ, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններից»:

Այո՛, Մաշան այնքան ուժեղ է, որ ուղղում է իր փոխնախարար Գալուզինին։

Թե՞ պարոն Գալուզինը հերթական հիմարությունն էր ասում։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

“Մենք չէինք հասկանում, ինչի ռուսները մեզ չեն պաշտպանում, այլ լցնում են մեծ մեքենաները և տանում”

Վերադարձ՝ եթե կյանքը լինի այնպես, ինչպես մինչ 2020 թվականը

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Անահիտ Բայունցի ընտանիքը ևս ստիպված էր լքել իր հայրենի համայնքը՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը: Թալիշցիները ստիպված էին բնակություն հաստատել նոր բնակավայրերում՝ Արցախում, Հայաստանում և մի շարք երկրներում:

Անահիտը իր ընտանիքի հետ մնացել էր Արցախում, նրանց կացարան էին տրամադրել Կիչանում, որպես ընտանիքի, որն ունի 2 հաշմանդամ անդամ՝ աղջիկը և որդին:

2023 թվականին, երբ վերջապես դադարել էր ռմբակոծությունը, ռուս խաղաղապահները տարհանել էին Մարտակերտի շրջանի բնակիչներին՝ սկզբում տեղափոխելով Ստեփանակերտ, հետո Գորիս։ Անահիտի ընտանիքը ապաստանել է Շիրակում։ Տղան մահացել է, իսկ աղջկա առողջությունը ավելի է վատթարացել։ Հիմա նա և ամուսինը բոլոր ջանքերը ուղղել են մեծահասակ աղջկա խնամքին։

«Մինչ մեր հաստատումը այստեղ մենք շատ-շատ բնակավայրերում ենք եղել։ Իհարկե դրա պատճառը ֆինանսական դժվարություններն էին՝ աշխատանքի բացակայություն, երկար ժամանակ թոշակներ չէինք ստանում և միայն այստեղ մեզ օգնեցին։ Մեր ընտանիքին տրամադրեցին բնակության համար սենյակ, դեղեր աղջկաս համար, օգնեցին իմ ու աղջկաս թոշակի հարցում։ Իհարկե կան էլի ֆինանսական, կենցաղային հարցեր, բայց դրանք լուծելի են, և ես ամաչում եմ  դրա համար դիմել ինչ-որ մեկին։ Համայնքապետարանը անընդհատ ձեռք է մեկնում մեզ։ Մենք փորձում ենք տնտեսել որտեղ հնարավոր է։ Այդ խնայողություններով կարողացանք էլեկտրական վառարան ու ալյուր գնել՝ հաց թխելու համար։

Բայց ես շատ եմ անհանգստանում, որ մենք չունենք մեր սեփական կացարանը։ Բոլորս ապրում ենք մեկ սենյակում։ Այստեղ մաքուր է, տաք է, բայց կոմունալ պայմաններն ընդհանուր են, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում աղջկաս  համար, նրան պետք են հատուկ պայմաններ, ես նույնիսկ չգիտեմ ինչպես լուծել այդ հարցը։ Ըստ բնակապահովման ծրագրի՝ մենք առաջի փուլով կարող ենք ստանալ աջակցությունը, բայց մեր ընտանիքում 3 հոգի ենք, իսկ տան գները դրանից շատ ավելի բարձրն են։ Գնալ սահմանամերձ բնակավայրեր չենք կարող, քանի որ աշխատանքը և աղջկաս բժիշկները այստեղ են»։

Անահիտը հույսը չի կորցնում, որ մի օր կվերադառնա Արցախ, կտեսնի հարազատ վայրերը և կապրի այնպես, ինչպես մինչ 44-օրյա պատերազմը։ Նա հույս ուներ, որ այդ դաժան պատերազմից հետո նրանք արժանի էին խաղաղ և անվտանգ կյանքի, բայց «ծաղրանքը Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվում էր Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից»։

«Անընդհատ հրետակոծություններ, իննը ամիս շրջափակում, սով, դեղերի բացակայություն, էլեկտրաէներգիայի բացակայություն։ Մենք չէինք հասկանում, թե ինչպես այդ ամենը կարող էր տեղի ունենալ ժամանակակից աշխարհում։ Հետո սկսվեց երկօրյա պատերազմը՝ ռմբակոծություններ, մարդկային զոհեր․ մենք չէինք հասկանում,թե ինչու ռուսները մեզ չեն պաշտպանում, այլ լցնում են մեծ մեքենաները և տանում։ Ես շատ եմ ուզում վերադառնալ, բայց եթե կյանքը լինի այնպիսին, ինչպես եղել է մինչ 2020 թվականի սեպտեմբերը։»

Ալվարդ Գրիգորյան

Մարդիկ ստիպված լքում են հայրենիքը։ Սա դիտավորյալ քաղաքականություն է

«ՀՀ կառավարության բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեծ դժգոհություններ է առաջացրել արցախցիների շրջանում»։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը։ Նա ներկայացրեց այն խնդիրները, որոնք ավելի հաճախ են բարձրաձայնում արցախցիները։

«Առաջին հերթին ծրագրի աշխարհագրությունն է խնդիր, շատ ցրված է աշխարհագրությունը, դրա հետեւանքն այն է, որ արցախցիների բարբառը, մշակույթը, առանձնահատկությունները չեն պահպանվում։ Եթե մարդիկ համայնքով կոմպակտ բնակվում են, պահպանում են իրենց ավանդույթները, ինչպես նախկինում սասունցիներն են եկել ու համայնքով բնակություն հաստատել Արագածոտնի մարզում։ Երկրորդ խնդիրն այն է, որ մարդկանց մեծ քաղաքներից դիտավորյալ հեռացնելը բերում է նրան, որ արցախցիները որեւէ ազդեցություն չունենան հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա։ Դրա համար փորձում են արցախցիներին ցրել տարբեր մարզեր, մարդկանց քանակը քչացնել, որպեսզի իշխանությունների վրա արցախյան ազդեցությունն ու ներուժը քչացնեն։ Դրանում ավելի շատ շահագրգռված են իշխանական եւ մերձիշխանական ուժերը։ Եվ հաջորդ խնդիրն այն է, որ բնակապահովման համար մարդկանց ստիպում են, որ որոշակի քմ տարածքում տեղավորվեն։ Այսինքն՝ եթե մարդը կարողանա այդ ֆինանսական բեռի տակից դուրս գալ ու մի փոքր մեծացնել իր տարածքը, իրենք չեն թույլատրում՝ պարտադրելով որոշակի քմ տարածք»,- ասաց նա։

Անդրադառնալով ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պայմանին՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Դրա կարիքը չկար, մենք այսպես թե այնպես հանդիսանում ենք ՀՀ քաղաքացիներ։ Պարզապես դա ստիպելու ձեւ է, որպեսզի մարդիկ մոռանան Արցախի Հանրապետությունը։ Ստիպում են, որպեսզի ուրանան։ Ինձ թվում է՝ դա ավելի շատ արտաքին ուժերի ճնշմամբ են անում, որպեսզի հնարավորինս քչացնեն այն մարդկանց քանակը, ովքեր վերադարձի հույս են պահում կամ միջոցներ են ձեռնարկում՝ հետագայում Արցախ վերադարձի համար»:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ սոցիալական խնդիրների պատճառով արցախցիների շրջանում արտագաղթողների թիվը մեծանում է։ «Ես հիմա արցախցի երեխաների հետ եմ աշխատում, ստեղծել եմ «Վերադարձ» մարզական ակումբը, որտեղ անվճար ուսուցում է ստանում 58 արցախցի երեխա։ Եվ իմ աշակերտների մի մասն արդեն իրենց մարզահագուստը հետ են վերադարձրել, որովհետեւ իրենց ընտանիքներն իմաստ չեն տեսնում մնալ Հայաստանում եւ այդպիսի ծանր պայմաններում ապրել։ Մարդիկ ստիպված լքում են հայրենիքը։ Սա դիտավորյալ քաղաքականություն է։ Տեսնում եք, որ Սրբազան շարժումն էլ են արհեստականորեն կապում արցախիցների հետ, բայց դա այդքան էլ արցախյան շարժում չէ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համահայկական շարժում է, եւ իշխանական ու մերձիշխանական ուժերն այն արհեստականորեն կապելով արցախցիների հետ՝ փորձում են տեղաբնիկ ժողովրդի մեջ թշնամանք սերմանել արցախցիների նկատմամբ»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան