Սահմանված ժամկետի ավարտին Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը

  • 16:38 01.07.2024

Հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ, հաղորդում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը:

Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի փոխվարչապետ, հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

«2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:

Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:

Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը», – ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:

Երկու կողմերի ապրիլի 19-ի հայտարարության համաձայն՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը»: