Freedom House-ի, Մարդու իրավունքների միջազգային գործընկերության, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Truth Hounds-ի համատեղ զեկույցը հերթական «ապտակն» էր Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ։ Փորձենք դա պարզել:
Զեկույցը քննարկվել է հուլիսի 1-ին Երևանում կայացած պանելային նիստի ժամանակ, որի ընթացքում վերոհիշյալ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են շրջափակումից, պատերազմից և իրենց տներից զանգվածային գաղթից հետո փրկված արցախցիների վկայությունների վերլուծությունը։
Փաստերի հավաքագրմանը և հավաքագրված նյութերի հետագա վերլուծությանը մասնակցած իրավապաշտպանները դժվարությամբ, երբեմն նույնիսկ ձայնի մեջ դողալով ներկայացնում էին այն սարսափների փաստերը, որոնց միջով ստիպված են եղել անցնել արցախցիները՝ վերադառնալով իրենց տները 2020 թվականի աղետալի պատերազմից հետո։ Նրանք չէին թաքցնում իրենց հիացմունքը արցախցիների խիզախությամբ ու հայրենասիրությամբ, ովքեր գիտակցաբար անցան այդ դժվարությունների միջով՝ իրենց օջախներն ու իրենց ամուսինների ու որդիների արյունով ստեղծված պետությունը պահպանելու համար։
Բայց ամենակարևորը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մելիքյանը իրավական գնահատական տվեց 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին՝ դա ցեղասպանություն էր, որը Ադրբեջանի իշխանությունները իրականացրել են պետական մակարդակով։
Մարդու իրավունքների միջազգային գործընկերության ղեկավար Ջուդիթ Դյուֆուրն իր ելույթում նշել է, որ բավական փաստեր կան Միջազգային քրեական դատարան դիմելու համար։ Խնդիրը միայն այն է, թե ինչ արդյունքների կարելի է հասնել:
Փաստն այն է, որ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները «տրվել են» ադրբեջանի ստերին և Արցախը համարում են այս տոտալիտար, ֆաշիստական, ահաբեկչական երկրի մաս։
Քննարկման ընթացքում ֆորումի մասնակիցները միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին առաջարկեցին բարձրացնել 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթերը՝ քննարկելու և որոշելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) կարգավիճակը։ Մինսկի խմբի փաստաթղթերը պարունակում են միջազգային իրավունքի և օրենքների բոլոր խախտումները Ադրբեջանի կողմից, որը համաձայնել է քննարկել ԼՂՀ կարգավիճակի հարցը Մինսկի համաժողովի ժամանակ, որը պետք է գումարվեր հենց այդ նպատակով։
Ինչպես նշել են Արցախի ներկայացուցիչներն իրենց խոսքում, դրա համար էլ Ադրբեջանն այդքան կատաղի ձգտում է վերացնել Մինսկի խումբը։ Առաջարկվել է նաև, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ավելի սերտ համագործակցեն Արցախի հասարակական կազմակերպությունների և քաղաքագետների հետ, որոնք կարող են Միջազգային քրեական դատարան հայցեր պատրաստող խմբին տրամադրել ոչ միայն 2020-23 թթ. ժամանակահատվածում Արցախի բնակիչների իրավունքների ոտնահարման վերաբերյալ բոլոր փաստերը, այլև ընդհանրապես՝ խորհրդային տարիներին Արցախի հանդեպ Ադրբեջանի ռասիստական քաղաքականության վկայությունները։
Ջուդիթ Դյուֆուրը նշեց, որ ավելի հեշտ կլիներ դիմել միջազգային ատյաններ և հասնել զգալի հաջողությունների, եթե Արցախի ժողովրդի իրավունքները ներկայացված լինեին Հայաստանի կառավարության կողմից, որը միացել էր ՄԱԿ-ի Հռոմի կանոնադրությանը։ Բայց, ըստ երևույթին, միջազգային միջավայրում արդեն իսկ կա ըմբռնում, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, այլև ամեն ինչ անում են, որ կանխեն ցեղասպանության ենթարկված արցախցիների՝ ադրբեջանի դատապարտմանը և պատժելուն ուղղված քայլերը, ընդհուպ մինչև միջազգային դատարանների հայցերը հետ կանչելը:
Սակայն Արցախի հասարակական կազմակերպությունները, որոնք 2020 թվականից աշխատում են միջազգային կազմակերպությունների իրավաբանների և իրավապաշտպանների հետ, լրացուցիչ հնարավորություն են ստացել անմիջականորեն համագործակցելու Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների և Freedom House-ի հետ։ Եվ սա ժողովրդավարության ֆորումի միակ, բայց կարևոր ձեռքբերումն է, թեկուզ հիմնական թեման գենդերային հավասարությունն էր։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: