Արցախի Հանրապետության այսպես կոչված «լուծարումը» հակասահմանադրական էր, պարտադրված ուժի սպառնալիքով։ Ընդունելով երևույթի հակաիրավական լինելը, կարելի է ենթադրել, որ Արցախի Հանրապետության պետական օղակները պետք է շարունակեն իրենց գործունեությունը, հաստատակամ պահեն ՀՈՂ֊-ի վրա Հանրապետության վերականգման կենսական պահանջը, իսկ դա ենթադրում է քաղաքական կամքի խտացում եւ նվիրում։
Արցախի Հանրապետության գոյության հարցը կենսական է ու արգելափակում է Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքները։ Արցախի Հանրապետության համար սկսվել է Ինքնապաշտպանության մի հերթական փուլ, եւ այն կրկին միայնակ է տանելու այդ Ինքնապաշտպանությունը։ Դա է պարտադրված տուրբուլենտ ընթացող աշխարհաքաղաքական իրավիճակում։
Արցախի Հանրապետությունը կազմավորվեց Ինքնապաշտպանության հենքի վրա, երբ տարածաշրջանը հերթական տուրբուլենտ ընթացքի մեջ էր, ու դա թուրքին հնար էր տվել շարունակելու հայաջնջումը, շարունակելու դեռևս 1915-ից շատ ավելի վաղ սկսածը։ Ցեղասպանը Նախիջևանից սողոսկեց Սումգայիթ, Գանձակ ու Գարդմանք, Բաքու ու Մարաղա։
Ինքնապաշտպանությունը թեև նահանջեց Սումգայիթում ու Գանձակում, Բաքվում ու Նախիջևանում, բայց կարողացավ ցեղասպանությունը կասեցնել Ստեփանակերտի մատույցներում, Իվանյան∕Խոջալույում, Շուշիում, Ակնայում, Հադրութում, Քաշաթաղում ու Ջրականում։
Ինքնապաշտպանությունը ոտքի հանեց ողջ հայությանը ու միաբանեց փոքր Արցախի շուրջ, հայությունից բռնի խլված կենսատարածքներ վերադարձրեց՝ ապահովելով հայության գոյության կենսական պահանջները։ Հայոց ռազմական միտքը, հետ շպրտելով ցեղասպանին, հայությանը տվեց գոյության ներուժ։
Արցախի Հանրապետությունը հայության Ինքնապաշպանության արդյունք էր՝ ցեղասպանության կասեցման ուղի։
Հայության գոյության ներուժը այն պահից սկսեց պաղել, երբ Ինքնապաշտպանության կարիքը ուղղորդված խեղդում էին։ Կասկածի տակ դրվեցին ոչ միայն Ինքնապաշտպանության արդյունքը, այն է՝ կենսատարածքի վերագտնումն ու վերականգնումը, այլև Ինքնապաշտպանության անհրաժեշտությունը։
Ինքնապաշտպանության մերժման ուղիով էր հնարավոր միայն թրքական գաղափարների և քաղաքականության գեներացիան ու շրջանառումը, փափուկ ուժով դրանց մխրճումը գիտական ու կրթական հիմնարկներ, պետական օղակներ, Երկրի ներքին ու արտաքին կյանք։ Երբ բացակայում է Երկրի գոյության արտաքին ու ներքին քաղաքական ռազմավարությունը, ընթացք է տրվում «հանուն թուրքի և դրա բարգավաճման» գաղափարին, ապա և ցեղասպանության զոհին՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում ու Նախիջևանում նախատում են հենց այն բանի համար, որ ցեղասպանությունը կասեցրել ու հետ է շպրտել Շուշիից ու Ակնայից, Քարվաճառից ու Ջրականից, ու այդ նախատինքը ներարկում է կասկած շարքային հայի պատկերացումներում։
Մի երկրում, որտեղ գործում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և որտեղ պարբերաբար իրականացվում են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումներ, արտաքին կառավարմամբ ուղղորդված քաղաքականության միջավայրում այսօր անգամ «չկա իրական պատկերացում», թե ինչ էր Արցախի հետ 2020-2023 թվականների կատարվածը։
Թրքական նպատակը իրողություն է. չկա երևույթի անաչառ գնահատականը, ուրեմն չկա դրա միջազգային պատասխանատվությունը։ Այնպիսի մի իրողություն է, երբ հայկական գիտական միտքը շրջանցում է ցեղասպանին պատժելու հնարավորությունը՝ խորացնելով հայության գոյության սպառնալիքը։
2023 թվին Արցախի Հանրապետությունը մի վերջին ճիգով հաղթահարեց ցեղասպանության հերթական ալիքը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայության դեմ ընթացք ստացած ցեղասպանական պատերազմը իրականում չկասեցվեց, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ցեղասպանության հերթական փուլերի սցենար էր, որը մի դար անց շարունակելու էր Մոսկվայի, Կարսի պայմանագրերը, ամբողջացնելու 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը։
Ինքնապաշտպանության հետևողական մերժումը երեսուն տարիների ընթացքում կասկածի տակ էր դրել պետական համակարգի դիմադրողականությունը։ Հայության վերապրելու հազարամյակների բնազդը հավաքեց Արցախի հայությանը։ Ռուսական «խաղաղապահի» ջանքերը՝ զրկել հայությանը զինված պաշտպանական համակարգից, նաև արտաքին աջակցությունից ու հայությանը մտցնել հյուծող, սովամահության տանող շրջափակման մեջ շուրջ տաս ամիսներ՝ իրողություն էր։ Արցախում հայությունը մաքառեց վերապրելու համար, պաշտպանելու իր սերունդների գոյությունը։ Շրջափակման մեջ ֆիզիկապես հյուծված Արցախի հայությունը վերջին ճիգով փորձում էր պահել իր տունն ու շենը, հայրենիքն ու եզակի կենսատարածքը։ Ու միայն խիզախ ու ինքնամոռաց նվիրումը հայությանը հնարավորություն տվեց անվտանգ հեռանալ իր շենից, Արցախից, հեռանալ վերապրելով, հեռանալ արդեն իսկ կարոտը հոգում, ու մի բաղձալի երազանքով՝ դեպի Արցախ վերադառնալու։
Ինքնապաշտպանության պահանջը չի նահանջել, Արցախի Հանրապետությունը իր գոյության պահպանման մի նոր փուլում է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: