Կադաստրի քարե «թուղթը». Տումա Կարմիր խաչը

  • 15:57 02.07.2024

Ի ՆԽԹ (1000) թվին Հայոց եւ ի թագաւորութեանս տեառնն Գագիկայ՝ որդւոյ  Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի  տուն աստուծոյ ի փրկութիւն հոգւոյ իմոյ եւ ծնողաց իմոց:

Էն որ ասում են` ես այստեղ էի հազար տարի առաջ, ու ավելին` հազարավոր տարիներ առաջ, հենց այնպես չէ, դրա մասին աղաղակում են այս քարերը, որ մեր նախնյաց ձեռքում փափկացել ու գիր են վերցրել, ի պահ տրվելու սերունդներին, որ հանկարծ որտեղից որտեղ մեկը չհայտնվեր ու  կասկածի տակ չդներ իմ կադաստրի թուղթը, որ նույնիսկ թղթե չի, այլ քարից։

Եվ ուրեմն` Մուսեի /Մովսեսի/ որդի Գագիկի թագավորության ժամանակ, որն էր տերը Գոռոզու բերդի, Մուսեի դուստր Սոփին իր և ծնողների հոգու փրկության համար Դիզակի Տումի գյուղում կառուցեց աստծո տունը, որը հետագայում Կարմիր խաչ, կամ Կարմիր վանք պիտի կոչվեր։ Ո՛չ Սոփիի, ո՛չ էլ Գագիկ թագավորի մտքով անգամ չէր անցնի, թե կգա ժամանակ, որ իրենց տիրույթները թուլակամ իշխանները կհանձնեն իրենցից 1000 տարի հետո ի հայտ եկած պատմություն ու մշակույթ չունեցող քոչվորներին։ Ավելին, կհայտնվեն «հայեր», որ մեր Հայրենիքի մաս կազմող կտորները կհամարեն խալխի տուն, խելքի աշեցեք։

Կարմիր վանքը Հադրութի շրջանի Տումի գյուղի միջնադարյան փառահեղ հուշարձաններից է, որը գտնվում է գյուղի հարավային կողմում՝ Եղցու խութ անվամբ հայտնի հնավայրում: Եկեղեցու ստույգ անվանումը ցավոք մոռացության է մատնված, իսկ նրա վերաբերյալ մատենագիտական վկայությունները շատ սուղ են: Միգուցե հնագիտական ուսումնասիրությունները ինչ որ լույս սփռեին հուշարձանի պատմության վրա։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի հաղորդմամբ “Գյուղիս հարաւային կողմում՝ ձորակի աջ սեռի վերայ, շինուած է հասարակ քարով: Ամբողջապէս փլած է եկեղեցուս հարաւային պատն և թաղն կամարներով միասին: Ունեցած է երկու դուռն հարավային և արևմտեան կողմերից: Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ”: Մեզ հայտնի հաջորդ հիշատակությունները վերաբերում է 1911-1912 թթ. սկզբին: Եկեղեցու կառուցման մասին տեղեկությունները քաղում ենք շինարարական արձանագրությունից, ըստ որի՝ այն շուրջ տասնմեկդարյա կառույց է: Շինարարական արձանագրությունը կրող երկատված քարը Սերգեյ Ամիրջանյանի շնորհիվ 1965թ. փոխադրվել է նախ Տումիի դպրոցի թանգարան, ապա հանգրվան է գտել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում:

1960-ական թթ. եկեղեցու ծածկը և հարավային պատը պահպանված չէին, իսկ 2001թ. մնացել էին միայն խորանը և հյուսիսային պատի արևելյան կեսը։ Խորանի մեջ գտնվում էր տեղահանված գեղազարդ մի խաչքար:

Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։

Արմինե Հայրապետյան

f