Ադրբեջանը յուրացնում է Նախիջեւանի Հանրապետությունը, որը ստեղծվել է հայերի՝ այնտեղ որպես մեծամասնություն լինելու արդյունքում

  • 13:31 03.07.2024

Step1.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

-Տիկին Ալավերդյան, Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ անելու եւ Անկախության հռչակագրին արված հղումը Սահմանադրությունից հանելու հարցը։ Հայաստանի իշխանությունները կարծես գնում են այդ պահանջները կատարելու ճանապարհով, ինչպե՞ս եք գնահատում սա։

-Հիմա բավական բարենպաստ իրավիճակ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից հնչեցվի մի պարզ իրողություն, այն է՝ ադրբեջանական հանրապետությունը կայացել է ոչ իրավական ճանապարհով։ 1918 թվականից մինչ այսօր եղել է Ադրբեջանի երեք հանրապետություն, եւ երբեւիցե պարզ չի եղել, թե որոնք են իրենց սահմանները։ Եվ հիմա շատ ճիշտ ժամանակն է այդ հարցը բարձրացնելու։ Պարզապես հիշեցնեմ, որ այն հղումը, որի մասին բարբաջում է Իլհամ Ալիեւը, վերաբերում է Արցախի Հանրապետությանը, որը կայացել է միջազգային իրավական տեսանկյունից Ադրբեջանին երբեւիցե չպատկանող տարածքներում։ Ադրբեջանը յուրացրել է իրեն չպատկանող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը։ Հայտնի է, որ այդ հանրապետությունը ստեղծվել է հայերի՝ այնտեղ որպես մեծամասնություն լինելու արդյունքում։ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրով սովետական Ադրբեջանին են հանձնել Նախիջեւանը՝ պրոտեկտորատի կարգավիճակով, եւ պայմանը եղել է այն, որ որեւէ երրորդ պետության, այսինքն՝ ոչ սովետական Ադրբեջանին այդ պրոտեկտորատը չի կարող փոխանցվել։ Ժամանակակից Ադրբեջանն իրեն համարել է դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, նշանակում է, որ զրկել է իրեն Նախիջեւանի Հանրապետության հանդեպ որեւէ ինքնիշխանություն ունենալու հնարավորությունից։ Հիմա ճիշտ ժամանակն է դա հիշեցնելու։

Ես երբեւիցե չեմ կասկածել, որ Հայաստանի օրվա իշխանությունների այս բոլոր քայլերը նախապես պլանավորած են եղել։ Այսինքն՝ այնպես չէ, որ օրվա իշխանությունն իր առաջնորդի հետ միասին ճնշման տակ է, ես մերժում եմ այդպիսի մոտեցումը։ Դա հենց բխում է այս խմբի գաղափարախոսությունից, ծրագրերից, որոնք իրականացնելու համար իրենք եկել են։ Այսինքն՝ ոչ թե իրենց ճնշում են, այլ սա պայմանավորվածություն է։ Եվ այստեղ, ես կարծում եմ, մեր խնդիրը մեր իշխանություններն են, եթե որեւէ երկրի իշխանություն ամուր է իր գաղափարախոսության, ծրագրերի ու նպատակների մեջ, երբեւէ որեւէ հարեւան պետություն նման պահանջներով հանդես չի գալիս։ Ցույց տվեք մի օրինակ, որ իր ինքնությունն ու գաղափարախոսությունն ամուր պահպանող մի պետության այսպիսի պահանջներ են ներկայացվել։

-Բաքվի պահանջները հիմնականում կապված են Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման հետ։ Այդ որոշումն ուժի մե՞ջ է։

-Նախ այդ որոշումն ուժի մեջ է, այն չի սառեցվել, չի չեղարկվել։ Ի դեպ, երբ ասում են՝ բա ինչպե՞ս է հետո հռչակվել անկախությունը, եթե նայեք մեր Սահմանադրության նախաբանը, այնտեղ գրվում է, որ մենք մեր իղձերի իրականացման սկիզբն ենք դնում։ Երկրորդ, հստակեցնենք, որ Ադրբեջանը որեւէ իրավունք չի կարող ունենալ այն տարածքների վրա, որի վրա կայացել է Արցախի Հանրապետությունը։ Այդ տարածքները, դեռ մի բան էլ ավելին, միջազգային իրավունքի առումով երբեք չեն պատկանել եւ չեն պատկանում Ադրբեջանին։ Հետեւաբար, Ադրբեջանի այդ պահանջներն անհիմն են։ Ինչո՞ւ է Ալիեւն այդ պահանջը դնում, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նա հայտարարել է, որ «հաղթել են հայրենական պատերազմում» եւ, հետեւաբար, ձեռք են բերել իրավունք՝ պարտադրել  Հայաստանին չունենալ բանակ, այլ պահանջներ դնել։ Ես միշտ ասել եմ, որ երկկողմանի որեւէ բանակցություն տեղի չի ունեցել։ Հանդիպումները, որոնք եղել են եռակողմ, քառակողմ, այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնող կողմ չկար եւ այսօր էլ չկա։ Այսօր ոչ թե բանակցություններ են, այլ Հայաստանի իշխանության կողմից համաձայնություն, եւ Ադրբեջանի կողմից արդեն նախապես պայմանավորված պահանջների ներկայացում։

Նրանք համարում են, որ Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից նկրտումներ կան Արցախի տարածքների նկատմամբ։ Բայց կրկնում եմ, Արցախի Հանրապետության տարածքները միջազգային իրավունքի առումով երբեւիցե չեն պատկանել Ադրբեջանին։ Դրանք զավթված եւ անեքսիայի ենթարկված տարածքներ են՝ սկսած բոլշեւիկյան եւ քեմալական պայմանավորվածություններից, որոնցով Հայաստանը բաժանվել է երեք անհավասար մասերի։ Դրանից մոտ 20 հազար քկմ-ն Լեռնային Ղարաբաղն էր, որ պոկվել է Հայաստանից եւ որպես ինքնավար մարզ տրվել է Ադրբեջանին։ Պոկել են նաեւ Նախիջեւանը։ Եվ հստակեցնենք, որ այսօր Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չունի՝ պահանջնելու կամ ասելու, որ Հայաստանը նկրտումներ ունի «Ադրբեջանի տարածքների» նկատմամբ։ Դա զուտ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարցն է։ Ադրբեջանի բոլոր նկրտումները որեւէ իրավական հիմք չունեն։

-Եթե վերամիավորման որոշումն ուժի մեջ է, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է խախտված։

-Այդ որոշումը գրվել է, բայց ամբողջովին չի իրականացվել, ընտրվել է այլ ճանապարհ, այն է՝ Արցախի Հանրապետության կայուցումը եւ Հայաստանի հետ ինտեգրումը։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ինտեգրվել են օրենսդրական դաշտը, ֆինանսական, տնտեսական համակարգերը։ Այսինքն՝ նրանք, ովքեր հակադրում են անկախությունը Հայաստանի հետ միացմանը, ես կարծում եմ՝ նրանք չափազանցնում են։ Տվյալ դեպքում մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանն իրավունք չունի նկրտումներ ունենալ Արցախի Հանրապետության նկատմամբ, ներառյալ այն տարածքները, որոնք կոչվում են ազատագրված տարածքներ։

-Արդյոք դա նշանակում է, որ ինչ-որ փուլում Հայաստանը կարող է դնել այդ որոշումն ամբողջությամբ ի կատար ածելու հարցը։

-Այո։ Կրկնում եմ՝ այդ որոշումը չի կորցրել իր ուժը, այն չի չեղարկվել, պարզապես այլ քաղաքական ճանապարհ է ընտրվել, եւ որոշման ամբողջական իրականացումը հետաձգվել է։

Ռոզա Հովհաննիսյան