Դա խայտառակություն է, դա նշանակում է թքած ունենալ 150 հազար մարդու իրավունքների վրա

  • 10:53 04.07.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

-Օրերս հրապարակվեց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ հանցագործություններ) եւ 8-րդ հոդվածը (պատերազմական հանցագործություններ)։ Դուք բարձրացրեցիք հարցը, որ այս զեկույցին պետք է կոնկրետ քայլեր հետեւվեն։ Ի՞նչ պետք է անել։

-Այո, ես այդ քննարկման ժամանակ բանախոսներինայդ հարցը ուղղեցի՝ ի՞նչ պետք է անել։ Նման զեկույցները որեւէ իմաստ կամ նշանակություն չեն ունենա, եթե չհասցեագրեն, թե հետո ինչ է լինելու։ Այսինքն՝ ի՞նչ ենք մենք դրանով փորձում ցույց տալ եւ ի՞նչ առաջարկներ ենք ուզում ներկայացնել միջազգային հանրությանը։ Ես կարծում եմ եւ ուրախ եմ, որ նաեւ բանախոսները նման պատասխան տվեցին, որ այս զեկույցները պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, օգտագործել նաեւ միջազգային դատական մարմիններում, որ Ադրբեջանի ենթակայության տակ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը որեւէ ձեւով հնարավոր չէ։ Ահա, սրանք փաստեր են, որ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, էթնիկ խտրականություն եւ ըստ այդմ՝ արդարության վերականգնումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհով։ Սա էր իմ հարցը, եւ բանախոսները ըմբռնեցին, թե ինչ էի ուզում ասել։ Սակայն, ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ մենք այս գիտակցումը պետք է հասցնենք ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաեւ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ իշխանություններն ամեն կերպ անտեսում են մեր վերադարձի իրավունքը եւ այս օրերին ընդհանրապես չեն խոսում դրա մասին, բանակացային օրակարգում այդ հարցը չկա։

-Առկա փաստերը բավարա՞ր են, որպեսզի Հայաստանը դիմի Միջազգային քրեական դատարան։ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո հաճախ է հնչում հարցը, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն դիմում Միջազային քրեական դատարան։

-Միանշանակ, փաստերը բավարար են։ Միջազգային քրեական դատարանը հետեւյալ սկզբունքով է աշխատում՝ մենք նախնական որոշակի տվյալներ պետք է ներկայացնենք դատախազին, եւ դատախազն ինքն է արդեն սկսում ամբողջական փաստերի հավաքագրումը։ Ես վստահ եմ, որ իրականացվածը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Եվ եթե Հայաստանը դիմի Միջազգային քրեական դատարան, ապա այդ հանցագործությունը ապացուցվելու է, եւ պատասխանատվության ենթարկվողներ պետք է լինեն։ Բայց տեսնում ենք, որ, այո, Հայաստանը չի դիմում Միջազգային քրեական դատարան, եւ այս պարագայում անհասկանալի է դառնում Հռոմի ստատուտին միանալը։ Եթե միանալուց հետո ամենացցուն օրինակով դու չես դիմելու Միջազգային քրեական դատարան՝ արդարադատություն հաստատելու համար, ապա քանի՞ կոպեկ արժե այդ միանալը։

Պետք է նշեմ, որ այնպես չէ, որ միայն կառավարության վրա ենք հույս դրել։ Կան կազմակերպություններ՝ Հայաստանում էլ, Սփյուռքում էլ, որոնք աշխատում են՝ Միջազգային քրեական դատարանի ուշադրությունն այս հարցին հրավիրելու համար։

-Մենք տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում՝ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում առկա հայցերը հետ կանչելու հնարավորության մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հետեւանք կունենա այդ քայլը։

-Դա խայտառակություն է, դա նշանակում է թքած ունենալ 150 հազար մարդու իրավունքների վրա։ Դա նշանակում է որպես պետություն կորցնել հեղինակությունը, միջազգային հարթակում կորցնել ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող պետության իմիջը։ Եվ դա ինչ-որ առումով նաեւ դավաճանություն է Արցախի 150 հազար բնակչության նկատմամբ։

Ռոզա Հովհաննիսյան