Իրանում ընտրությունների երկրորդ փուլն է․ կփոխվի՞ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը

  • 12:56 05.07.2024

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որ նշանակվել է մայիսին ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, մեկնարկել է այս ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ին։

Քվեարկությանը մասնակցելու համար Երևանում ընտրատեղամասեր են բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի դեսպանատանը։ Նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։

Նախագահի պաշտոնի համար կպայքարեն առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Պեզեշքիանը և հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։

Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային քաղաքականություն է. մեր քաղաքականությունն է զարգացնել եւ ընդլայնել մեր համագործակցությունը, փոխգործակցոթյունը մեր հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Դիտարկմանը, որ նախագահի թեկնածուներից մեկը՝ Փեզեշքիանը ազգությամբ ադրբեջանցի է, նա ասաց. «Նախագահի բոլոր թեկնածուները իրենց ելույթներում ընդգծել են իրենց որդեգրած քաղաքականությունը՝ զարգացնելու հարաբերությունները հարեւան երկրների հետ, այդ թվում Հայաստանի: Պետք է նշեմ, որ Իրանն ունի շատ մեծ բնակչություն եւ այնտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն դա չի կարող ազդել երկրի կողմից որդեգրած սկզբունքային եւ ազգային քաղաքականության վրա: Նրանք բոլորը այդպես են մտածում եւ այդպես են վարվում»,-ասաց դեսպանը:

Նա հավաստիացրեց, որ Իրանը եղել է Հայաստանի բարեկամը, կա եւ կլինի. «Հայաստանի հետ հարաբերությունները նոր ստեղծվող կառավարության շրջանակում ավելի կզարգանան: Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային եւ փոխադարձ շահերի հիման վրա: Այդ սկզբունքը չի փոխվում”, ասել է դեսպանը:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն հատվածը, որ անցնում է Հայաստանով, դա շատ լուրջ այլընտրանք է, եւ հնարավորություն է ընձեռում դեպի Սեւ ծով դուրս գալ, որն ավելի կարճ ճանապարհ է համարվում, ասել է Մեհդի Սոբհանին:

f