«ԱՄՆ-ն եւ մեր դաշնակիցնեը պատրաստ են նպաստել բանակցություններին, մենք հասկանում ենք, որ կան տարբեր դիրքորոշումներ։ Նախապայմաններ կան, թե չկան, հավելյալ հարցադրումներ են առաջ քաշվել, թե ոչ, ԱՄՆ-ն չի կարող այս հարցի հետ կապցված դիրքորոշում հայտնել, բայց մենք պատրաստ ենք նպաստել, միջնորդել բովադակալի քննարկումներին՝ որպես դիվանագետներ»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը նախպապայման է դնում Հայաստանի առաջ, որպեսզի փոխվի ՀՀ Սահմանադրությունը, ի՞նչ լծակներ ունի ԱՄՆ-ն՝ այս հարցում Ադրբեջանի վրա ազդելու համար։
Նա հավելեց․ «Մենք անշուշտ հասկանում ենք, որ ձեր կառավարությունը եւ ժողովուրդն ունի իր դիրքորոշումը։ Մենք հասկանում ենք պայմանները, որոնք սահմանվել են բանակցային գործընթացի սկզբում՝ կապված պատմական սահմանների հետ, որոնք նախկին խորհրդային միության փլուզման պահին ամրագրվել են։ Մենք տեղյակ ենք այս դիրքորոշումների մասին, եւ ԱՄՆ ներկայացուցիչները պետք է փորձեն օգնել բանակցային գործընթացին, բայց լինեն պարզապես միջնորդ եւ ուղղակի նպաստեն, որպեսզի երկու կողմերը գան համաձայնության»։
Հարցին, թե ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն սեղանին դնո՞ւմ է այն հարցը, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ռոջեր Ուիքերը պատասխանեց․ «Մենք ուզում ենք միջնորդ լինել, մենք օգնում ենք հարթել, ձեւավորել այն սկզբունքները, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնությունը»։ Նաեւ հարց հնչեց, թե ԱՄՆ-ն ի՞նչ է պատկերացնում «խաղաղության պայմանագրի» անվան տակ՝ արդյոք չպե՞տք է ադրբեջանցիները հետ քաշվեն ՀՀ օկուպացված տարածքներիք, չպե՞տք է հայ գերիներն ազատ արձակվեն։ Ռոջեր Ուիքերը պատասխանեց․ «Համաձայնության ստորագրումից հետո, իհարկե, կլինեն նաեւ այլ հարցեր, որոնցով պետք է զբաղվել։ Սակայն ես ուզում եմ շեշտել՝ Միացյալ նահանգների դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որը դրսեւորվում է Հայաստանի կողմից համաձայնություն ձեռք բերելու եւ տեւական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Եվ մեր ընդհանուր վերջնական նպատակն այն է, որ այդ ողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, անվտանգություն եւ հարեւանների իրավունքների հարգում։ Մենք բարձր ենք գնահատում ժողովրդավարության ուղղությամբ վերջին տարիների հայաստանյան ջանքերը։ Մի ճշմարտություն կա, որ ժողովրդավար երկրները պատմության մեջ հարձակում չեն գործել իրենց հարեւանների վրա։ Հենց դա է, որ մենք խրախուսում ենք ժողովրդավարությունն ամեն տեղ»։
Հելսինկյան հանձնաժողվոի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնն էլ հավելեց․ «Ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի սահմանների անխախտելիությունը մենք պաշտպանելու ենք։ Նաեւ ռազմագերիների վերադարձի հարցում ենք փորձելու աջակցել։ Հայաստանի մարդկանցով ես շատ եմ ոգեշնչված, դուք հարյուրավոր տարիներ այսպիսի իրավիճակների բախվել եք եւ կարողացել եք հաջողված դուրս գալ այդ իրավիճակներից։ Եվ ես կարծում եմ, որ ի վերջո Հարավային Կովկասում կլինի կայունություն»։