Արցախի բարբառը յուրահատուկ է, բազմազան է, երբեմն անհասկանալի։ Արցախի բոլոր շրջանները ունեն իրենց յուրահատուկ բառերը, որոնք երբեմն անհասկանալի են մյուս շրջանի բնակիչների համար։ Եթե Հադրութի «ահաթը» միանգամից հասկանալի էր և հիշելի, հատուկ ինչ-որ բան չկար ավելացնելու, ապա մյուս երկու բառը հիշելու համար մի քիչ երկար ժամանակ էր պահանջվում։
Այսպես, օրինակ, շփվելով հադրութցիների հետ, հանդիպել եմ «մխաշար», «չուրստան» բառերին։ Մխաշարը հոնի չիրն է, կամ ինչպես ասում են՝ «հյունի ախտան»։ Մխաշարը Հադրութում շատ են օգտագործում, իսկ մանր կտրտված սոխի և համեմունքների հետ պատրաստում է տնական հավը։ Այդ հավը անվանում են «պճղած մխաշարավ հավ», իսկ ոչ հադրութցիները «հյունի ախտավ» հավը անվանում են «հադրութեցուց ձևավ մաչած հավ»։
Առհասարակ չրագործությունը արցախցի կանանց, տատիկների համար ամենակարևոր գործերից էր, ընդ որում Արցախում չրերը ամենաբնականն էին, առանց շաքարային հավելումների, իսկ քաղցրաջրի մեջ պատրաստած չրերին ասում էին՝ «պատար քաղցրաճիրում էլ անինք, տեսքավ ա ինում տի, ղոնաղներին ըրջին տինիլի»։
Ինչքան սինիներ, տարաներ կար տանը, չրերը դասավորում և հանում էինք առևի տակ, օրվա մեջ արևի շարժի հետ մի քանի անգամ չրերը մի տեղից տեղափոխելով մի այլ տեղ։
Մյուս բառը չուրստանն է՝ պահոցը, կամ ինչպես օրինակ մեր ընտանիքում է ընդունված անվանել «տակի տոնը»։ «Տակի տոնը» արցախցիների համար կարևոր էր, գրեթե բոլորը ընտանիքները ունեին իրենց չուրստանները, որտեղ պահում էին ձմեռվա պաշարները՝ պահածոները, տնական օղիները, գինիները և այն բոլոր իրերը որոնք արդեն պետք չէին, բայց մտածում էինք, որ մի օր պետք կգա։
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: