Երբ Սահմանադրությունը ստեղծվում էր, սահմանադրական հանձնաժողովում երկարատեւ քննարկումներ են եղել, թե որն է մեր պետականության հիմքը

  • 22:59 05.07.2024

«Այսօրվա իշխանությունը, չարժեւորելով որեւէ ազգային արժեք, հարցականի տակ է դնում նաեւ ՀՀ Սահմանադրությունը, նրա գոյությունը։ Վստահ եմ, որ դուք տեսել եք վարչախմբի ղեկավարի այսօրվա խոսքը, որը նորից վերահաստատել է, որ Հայաստանին իբր անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Այդ հիմնավորումներով ծածկում են այն հիմնական շարժառիթը, որ նրան դրդում է Սահմանադրությունը փոխել»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Սահմանադրության օրվա առթիվ քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Նա հիշերցեց, որ նոր Սահմանադրության վերաբերյալ խոսույթը սկսվել է այս տարվանից, երբ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։

«Որեւէ իմաստալից հիմնավորում դրա համար չբերվեց, բայց շատ արագ պարզ դարձավ, որ խոսքն այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունից ուզում են հանել նախաբանում հաստատագրված Հայաստանի Անկախության հռչակագրի վկայակոչումը։ Այսինքն՝ այն հիմնասյունը, որի վրա հիմնված է մեր այսօրվա Երրորդ Հանրապետությունը։ Հայաստանի Անկախության հռչակագիրը մի եզակի փաստաթուղթ է, որով ծնել է անկախ Հայաստանը։ Հայաստանի Անկախության հռչակագիրը հիմնականում իմաստը կայանում էր նրանում, որ այդ հռչակագիրը հաստատագրեց հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները։ Եվ եթե մենք բացում ենք մեր գործող Սահմանադրության նախաբանը, Սահմանադրությունն սկսվում է հենց այս բառերով՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Այդ հռչակագիրն ընդունվել էր դեռեւս ԽՍՀՄ տարիներին՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, այդ հռչակագիրը հիմք էր ընդունում դրանից մեկ տարի առաջ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի համատեղ որոշումը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Կարող էր թվալ, որ դա ընդամենը պատմական փաստաթուղթ է, ընդունվել է 1989-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ժամանակներում, դրանից հետո տեղի են ունեցել բազմաթիվ այլ կարեւոր իրադարձություններ՝ 1991 թվականին սեպտեմբերի 21-ին Հայաստանն անցկացրել է Անկախության հանրաքվե, իսկ դրանից 2 ամիս անց՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ ժողովուրդն է հռչակել իր անկախությունը։ Կարծես ստեղծվել են երկու առանձին հայկական պետություններ, եւ 1989 թվականի վերամիավորման վերամիավորման վերաբերյալ որոշումը, 1990 թվականի Անկախության հռչակագիրը կարծես թե միայն պատմական նշանակություն ուներ։ Բայց ոչ, երբ Հայաստանի Սահմանադրությունը ստեղծվում էր, սահմանադրական հանձնաժողովում երկարատեւ քննարկումներ են եղել, թե որն է մեր պետականության հիմքը, որի վրա, ինչի վրա պետք է հենվի ՀՀ-ն՝ որպես նորանկախ պետություն։ Բուռն քննարկումներ եղան, եւ ընդլայնված սահմանադրական հանձնաժողովը 1994 թվականի հոկտեմբերի 8-ին կայացրեց մի պատմական որոշում, որով նախաբանի այն տեքստում, որին մենք ծանոթ ենք, որն այսօրվա գործող  նախաբանն է, ավելացվեց հենց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը՝ որպես հայոց պետականոթյան հիմնարար սկզբունքների եւ հայ ժողվորդի համազգային նպատակների արտացոլանք։ Եվ այդ նախաբանում արված փոփոխությունը գործող իրավունք է, եւ դա է որ ՀՀ համար կարեւորագույն ուղենիշ է»,- ասաց Վարդան Պողոսյանը։

Սահմանադրագետն ասաց, որ Հայաստանի սահմանադրական դոկտրինը Սահմանադրության նախաբանը դիտարկում է որպես Սահմանադրության բաղկացուցիչ մաս։ Եվ նախաբանում արված վկայակոչումը Անկախության հռչակագրին այդ հռչակագիրը դարձնում է Սահմանադրության անմիջական մաս։ Այսինքն՝ երբ խոսում ենք Հայաստանի Սահմանադրության մասին, իրականում խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ Հայաստանի Անկախության հռչակագիր եւ ՀՀ Սահմանադրություն։

Ըստ նրա՝ Սահմանադրության նախաբանը մեր երկրի հենասյունն է, եւ դրանում արձանագրված հիմնարար դրույթներն ընդհանարպես հնարավոր չէ ենթարկել փոփոխության։ Եթե երեւէ մեկի մտքով անցնում է, որ այդ հոդվածները վատն են, պետք է փոփոխվեն, ապա դրա համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, նույնը վերաբերում է նաեւ նախաբանին։ «Նախաբանը փոփոխման ենթակա չէ, եւ հենց այս լույսի ներքո մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է այսօրվա վարչախումբը խոսում նոր Սահմանադրության ընդունման մասին։ Այս տարվա հունվարից, երբ արդեն հասկանալի էր դառնում, թե Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ են ներկայացվել այսօրվա վարչախմբին, Փաշինյանն արդեն մի քանի անգամ խոսել է նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Կամաց-կամաց այդ դիսկուրսը ծավալվեց, եւ հիմա ոչ մեկը չի թաքցնում, որ խոսքը վերաբերում է Սահմանադրության նախաբանից Հայաստանի Անկախության հռչակագիրը դուրս բերելուն։ Եվ ակնհայտ է, որ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը դարձրել է սակարկության առարկա։ Ավելի մեծ խայտառակություն Հայաստանի պետականության համար դժվար է պատկերացնել։ Սակարկության առարկա է դարձրել մեր տարածքը, հիմա խոսքը գնում է արդեն Սահմանադրության մասին»,- հավելեց նա։

Վարդան Պողոսյանը նաեւ նշեց, որ Սահմանադրության առաջին գլխում ամրագրված են մեր խորհրդանիշները, որոնք մենք պետք է փայփայենք եւ վեր դասենք ամեն ինչից։ «Այսօր Հայաստանի իշխանությունն իսկապես անբարո պայքար ու կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ, խորհրդանիշների դեմ։ Նույնիսկ ԽՍՀՄ գոյության պայմաններում Արարատ լեռը միշտ եղել է մեր խորհրդանիշը։ Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշմանը, նույնիսկ վախենում է խոսել Արարատ լեռան մասին, Արարատը փորձում է փոխարինել Արագածով, վաղը Արագածին կասեն Ալագյազ, եւ այսպես շարունակ։ Խորհրդանիշները շատ կարեւոր են մեր ինքնության համար, մեր պատմական հիշողության համար։ Եթե ժողովուրդը չունի պատմական հիշողություն, ինքը վերանալու է պատմության թատերաբեմից։ Այս վարչակազմը մեզ տանում է այդ ճանապարհով»,- ընդգծեց նա։

Սահմանադրագետը հայ ժոովրդին կոչ արեց համախմբվել եւ պայքարի այսօրվա հնարավորությունն օգտագործել։

Ռոզա Հովհաննիսյան

f