«Մայիսի 15-ին որոշեց հանձնել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Եվ, ցավոք սրտի, այս գործընթացը շարունակվում է»

  • 09:40 06.07.2024

«ՀՀ տարածքի փոփոխության դեպքում հանրաքվե անցկացնելու մասին Սահմանադրության դրույթն արդեն ոտնահարված է»,- երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Սահմանադրության օրվա առթիվ քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի վարչախումբն ապօրինի կերպով, հանցագործ ճանապարհով Ադրբեջանին զիջեց այնպիսի տարածքներ, որոնք դե յուրե, իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության տարածք են։ Եվ դա կատարեց մի հանձնաժողով, որն ընդհանրապես նման իրավասություն չուներ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին գործող օրենքով։ Այդ հանձնաժողովն ընդամենը խորհրդատվական մարմին է։ Այդ հանձնաժողովն ընդհանրապես իրավունք չունի որեւէ փաստաթուղթ ստորագրել որեւէ պետության հետ։ Բայց ստորագրեց եւ մայիսի 15-ին որոշեց հանձնել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Եվ, ցավոք սրտի, այս գործընթացը շարունակվում է։ Եթե հիշում եք, Ադրբեջանը նախապես պահանջ էր դրել, որ Հայաստանը պետք է վերադարձնի իբր իրեն պատկանող «8 գյուղեր»։ Ադրբեջանը իբր գնաց չակերտարովր կոմպրոմիսի Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի հետ եւ ասաց՝ ոչինչ, այդ դեպքում փուլերով կիրականացնենք՝ սկզբում 4-ը, որոնք այսպես կոչված անկալվներ չեն, հետո մյուս 4-ը»,- ասաց նա։

Ըստ Վարդան Պողոսյանի՝ որպեսզի այդ գործընթացը կանգնեցնենք, պետք է համախմբվել։ «Տավուշը հանուն հայրենիքի շարժումն իսկապես ոտքի կանգնեցրեց բոլոր այն մարդկանց, որոնք մտահոգված են իրենց հայրենիքի ապագայով։ Եվ երբ ինչ-որ մարդիկ, այսօրվա վարչախումբը խոսում են այն մասին, որ շարժումը հաջողության չի հասնի, մարելու է, իրենք պետք է մի բան հասկանան, որ եթե այս շարժումը մարելու է, մարելու է հայոց պետականությունը, հայի ինքնությունը, հետեւաբար, մենք սխալվելու իրավունք չունենք։ Ամեն անգամ չէ, որ մենք շանս ենք ստանում՝ մեր ինքնությունն ու ազգային պետականությունը փրկելու։ Սա այն շանսն է, որը պետք է օգտագործենք»,- ասաց նա։