Աստված չանի հասցնեն նրան, որ Սփյուռքում ձեւավորվի պատժիչ երրորդ ուժը

  • 15:05 06.07.2024

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Պարոն Օրդուխանյան, Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանապարհով։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

-Ամեն բան պետք է արվի, որպեսզի այդ աբսուրդն իրականություն չդառնա։ Հայաստանի ներկա կառավարությունն իրավունք չունի զիջել այն, ինչ իրենից պահանջում են, դա մեր ժողովրդի իրավունքն է։ Դա ապօրինի մի քայլ կլինի իշխանությունների կողմից։ Ադրբեջանցիները դեռեւս չեն վաստակել այդ իրավունքը՝ հին մշակույթ ու պետականություն կրող ժողովրդի առաջ այդպիսի պահանջներ դնելու։ Իրենք դեռ պետք է մի քանի հազար տարի ապրեն, ներդրում ունենան համաշխարհային քաղաքակրթության մեջ, հետո նոր տարածքաներին պահանջներ ներկայացնեն մեզ։ Այդ տարածքների վրա իրենք եկվոր են, քոչվեր, ոնց քոչվոր եկել են, այդպես էլ քոչվոր կգնան։ Ուղղակի մենք այս պահին թուլացել ենք, եւ իրենք օգտվում են այդ առիթից։

Երբ պահանջում են ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին, առաջին հերթին նկատի ունեն Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը։ Դա նշանակում է, որ նրանք ընդունո՞ւմ են, որ Հայաստան-Արցախ վերամիավորման որոշումն ուժի մեջ է։

-Արցախ-Հայաստան վերամիավորման իրավունքը պատկանում է մեզ, եւ մենք այդ իրավունքն իրացնելու ենք՝ անկախ նրանից, թե թուրքերը, ադրբեջանցիները կամ ռուսները դա ուզում են, թե՞ չեն ուզում։ Դա իրենց իրավունքը չէ, իրենք իրենց քիթը մտցնում են մի տեղ, որտեղ պետք է այդ քիթը ջարդենք։ Այդ պահանջի կատարումը մեզ համար կնշանակի մի կարեւոր հայկական հատվածի կորուստ, թեկուզ ժամանակավոր, ինչը մենք թույլ չենք տա։ Չպետք է մտքի ծայրով անգամ անցկացնել, որ ինչ-որ մի օր դա հնարավոր է իրականացնել՝ անկախ կառավարության ու իշխանական շրջանակների անողնաշար ցանկություններից։

-Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում բացահայտ խոսեց այն մասին, որ գնում են Սահմանադրությունը փոփոխելու ճանապարհով։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, եւ ավելի լավ կլինի, որ ինքը ծնկաչոք ներողություն խնդրի հայ ժողովրդից եւ հավիտյան հեռանա։ Իրեն ոչ ոք իրավունք չի տվել իր գլխից մեծ գործեր անել։ Ինքը պատահական մարդ է մեր պատմության ու ապագայի կերտման ճանապարհին։ Ոնց պատահական հայտնվեց, այնպես էլ պատահական կանհետանա։

-Հայաստան-Արցախ վերամիավորման որոշումն այսօր ուժ մե՞ջ է։

-Այս պահին այդ իրավունքը պատկանում է մեզ, բայց մենք չենք կարողանում այդ իրավունքն իրացնել, որովհետեւ իշխանությունների պատճառով, օտար ուժերի ճնշման պատճառով թուլացել ենք։ Երբ մի օր մեր ուժը հերիքի, մեր պոտենցիալը բավարարի, մենք այդ որոշումը պետք է կյանքի կոչենք, դա մեր անձեռնմխելի ու հավերժ իրավունքն է։ Ոչ ոք դա չի կարող սակարկել՝ Լեռնային եւ Դաշտային Արցախը պատկանել է հայ ժողովրդին։ Մեր ինքնությունն է այդպիսին, եւ որեւէ օրենքով, հռչակագրով, թուրքի կամ ռուսի պահանջով մենք դա չենք կարող խախտել կամ նույնիսկ քննարկել այդ հարցը։ Դա չքննարկվող է եւ մեր ինքնության անբաժանելի մասն է, ոնց որ Երեւանը, Գորիսը, Դիլիջանը, Արտաշատը, այնպես էլ Շուշին, Ստեփանակերտը, Մարտունին կամ Արծվաշենը, որեւէ տարբերություն չկա։ Պարզապես չենք կարողանում այդ որոշումն իրացնել, որովհետեւ մեր իշխանությունները չեն մոբիլիզացնում հայության ուժերը։ Երբ մի օր մոբիլիզիացիայի կառավարություն կստեղծվի, մենք շատ կարճ ժամանակում այդ հարցերը կլուծենք եւ հավերժ կլուծենք։

-Իսկ այս հարցերով ի՞նչ տրամադրություններ կան Սփյուռքում։

-Սփյուռքում կան տարբեր շերտեր, դեռեւս մնացել է փոքրիկ հատված, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի կամ իր թիմի ներկայացուցիչների խոսքերին, բայց մեծ մասը դա մերժում է, ժխտում է, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կիրացնենք մեր բնական իրավունքը, որը մեզ տրված է։ Եվ Սփյուռքի մեծ մասն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Կարծում եմ՝ Սփյուռքում մեծամասնությունն այդպես են մտածում։ Աստված ոչ անի, որ պատմությունը կրկնվի, 50 տարվա մեջ հայկական Սփյուռքը երկու անգամ ստեղծվել են պատժիչ ջոկատներ եւ պատժել մեր իրավունքները մեր ձեռքից վերցրած մարդկանց։ Նկատի ունեմ՝ 1920-ական թվականներին «Նեմեսիսի» գործողությունները եւ 1970-ական թվականներին «ԱՍԱԼԱ»-ի գործողությունները։ Աստված չանի, որ հասցնեն նրան, որ Սփյուռքում ձեւավորվի երրորդ ուժը եւ երրորդ քայլն արվի այդ ուղղությամբ։ Բայց եթե հարցը հասնի նրան, որ մենք պետք է կորցնենք մեր հայրենիքը, Սփյուռքում կձեւավորվի այդ ուժը, որը պատժիչ գործողություններ կանի։ Երկու անգամ էլ նաեւ հայ դավաճաններն իրենց պատիժը կրեցին՝ եւ 1920-ական թվականներին, եւ 1970-ական։ Կարծես թե մոտենում է մյուս 50 տարին։

Ռոզա Հովհաննիսյան

 

f