Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից Դավթյանների ընտանիքը տեղահանման ծանր փորձությունը հաղթահարելուց հետո չէր էլ կարող պատկերացնել, որ նոր՝ ավելի մեծ փորձության առջև կարող է կանգնել։ Արամն ու Ծովինարն իրենց երկու երեխաների և նորածնի հետ Հայաստան եկան ու ժամանակավոր ապաստանեցին Արամի ծնողների տանը, ովքեր 2020 թվականին Քարվաճառից տեղահանվել ու Չարենցավանի իրենց տանն էին ապաստանել։Երկսենյականոց այդ տանը մնացին մինչև նորածնի 40 օրը կլրանար։ Հետո տեղափոխվեցին Աբովյանի «Փարվանա» հյուրանոց, որտեղ սկզբնական շրջանում արցախցիներին անվճար հիմունքներով ընդունել էին։ Հետո հյուրանոցում սկսեցին վարձով բնակվել։
«Հյուրանոցի տնօրենն ասաց, որ չեն կարողնանում անվճար պահել մեզ, ասաց, որ պիտի յուրաքանչյուր անձի համար 50000 դրամ վճարենք։ Մենք 5 հոգի ենք, նորածին երեխայի գումարը չվերցրեց։ Նոյեմբերից մինչև մարտ ամիսը 200000 էինք տալիս ամեն ամիս ու բնակվում։ Մարտ ամսին ասացին, որ մեզ էլ չեն կարող պահել, մենք էլ մի կերպ 2 սենյականոց տուն ճարեցինք, 170000-ով, մի կերպ ապրում ենք»․ -պատմում է Ծովինարը։
Գոնե տան ամենամսյա վարձը վճարելու համար Դավթյանները հույսը դրել էին պետության կողմից տրվող աջակցությունների վրա։ Չստացան։ 40+10 հազարի ծրագրից մինչև հիմա չեն օգտվում, որովհետև Արամի ծնողները Հայաստանում տուն ունեն։ Արամն ինքնաբերաբար այդ տան համասեփականատերն է համարվում, իր հետ միասին տանը գրանցվում են նաև երեխաներն ու կինը։ Բայց նրանք այնտեղ մեկ ամիս էլ չեն ապրել։
Ծովինարի խոսքով՝ այնտեղ անհնար էր ապրել. «Դրա համար ենք դուրս եկել, շատ փոքր երկսենյականոց տուն է, անգամ երեխային լողացնելու համար «վաննա» չէինք կարողանում դնել»։
Դավթյանները չեն օգտվել նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար միանվագ սոցիալական աջակցությունից։ Միայն ընտանիքի հայրն է աշխատում, աշխատանքն էլ հիմնական չէ՝ տաքսի է քշում։ Նրանք շատ ծանր ֆինանսական ու հոգեբանական վիճակում են գտնվում։
Ծովինարն ասում է․ «Դիմել ենք սոցապ նախարարության Աբովյանի մասնաճյուղ, ասում են, որ սոցիալական աջակցություն չենք ստանում, որովհետև Աբովյանում հյուրանոցում ենք բնակվել, բայց մենք ասացինք, որ հյուրանոցում անվճար չենք բնակվել, վարձով ենք բնակվել։ Հյուրանոցից տեղեկանք տարանք, որ այնտեղ վճարով ենք մնացել, բայց մինչև այսօր պատասխան չկա»։
Իրենց ամբողջ կյանքը Այգեստանում ապրած մարդկանց այսօր ասում են, որ Հայաստանում տուն ունեն և չեն կարող օգտվել պետության աջակցությունից, որն իրենց օդուջրի պես անհրաժեշտ է։ Բացի այդ, նրանք, հնարավոր է, նաև չկարողանան օգտվել բնակապահովման ծրագրից։
Դավթյանների օրինակն առանձին մոտեցման կարիք ունի և մշակված պետական հայեցակարգերի մեջ չի տեղավորվում։ Նրանք նույնպես բռնի տեղահանված են, նրանք առանձին ընտանիք են, նրանք 3 անչափահաս երեխա ունեն, ապրում են վարձով և ամենաշատն ունեն պետության աջակցության կարիքը։
Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: