Վերջին տվյալներով՝ Օխմատդտտի շենքում (որը նշանակում է «մայրության և մանկության պաշտպանություն») հարվածի հետևանքով զոհվել է երկու մեծահասակ, այս թվերը ներկայացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Եվս 16 մարդ (որոնցից յոթը երեխա) վիրավորվել են, ասել է Կլիչկոն։ 15 մարդ հոսպիտալացվել է։ Ավերված հիվանդանոցի հարյուրավոր հիվանդներ տարհանվել են։
Երեկ Ռուսաստանը տեղական ժամանակով մոտ 10:30-ին հրթիռային հարված է հասցրել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։ Ժամը 11:00-ին հայտնի դարձավ, որ արկը հարվածել է Օխմատդտթի շենքերից մեկին։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ դա ուղիղ հրթիռային հարված էր։
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Կիևի Շևչենկովսկի շրջանի Օխմատդետ մանկական հիվանդանոցի վրա հարձակումն իրականացվել է օդից արձակված «Խ-101» թեւավոր հրթիռով։ Գործակալությունը նաև տարածել է հրթիռի բեկորների լուսանկարներ, որոնք հայտնաբերվել են հարձակման վայրում, այդ թվում՝ սերիական համարով բեկորներ։
Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը մի քանի տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է արկը մոտենում հիվանդանոցի շենքին։
ՌԴ ՊՆ-ն չի հերքում, որ հարձակվել է Ուկրաինայի տարածքում տասնյակ թիրախների վրա, սակայն հոսպիտալը խոցելու համար մեղադրում է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգին։
«Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հստակ հաստատում են քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական ՀՕՊ հրթիռի անկման հետևանքով ոչնչացման փաստը»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ը լռում է այն մասին, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռն է խոցել Կիևի հիվանդանոցը։ Այս մասին խոսել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ հավելելով, որ նման հայտարարությունները նպատակ ունեն զենքի նոր մատակարարումներ ապահովել։
Կիևը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հուլիսի 1-ից հենց Ռուսաստանն է մեկ ամիս նախագահում Անվտանգության խորհուրդը։
Հատկանշական է, որ ուկրաինական քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես առաջ։ Նրա թեմաներից մեկն Ուկրաինային ռազմական աջակցությունն է, որը ռուսական ներխուժման հենց սկզբից խնդրում էր արևմտյան երկրներին բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման նոր միջոցների մասին՝ Կիևին և այլ քաղաքներին ռուսական հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է 36 մարդ։
«Ռուսաստանի հրթիռային հարվածները, որոնք սպանեցին տասնյակ ուկրաինացի խաղաղ բնակիչների, վնասեցին Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցը, սարսափելի ձեով հիշեցում են Ռուսաստանի դաժանության մասին: Շատ կարևոր է, որ աշխարհը շարունակի աջակցել Ուկրաինային»,- ասված է հայտարարության մեջ:
Բայդենն ասել է, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ինքը մտադիր է կրկնել ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային։
«Մեր դաշնակիցների հետ միասին մենք կհայտարարենք Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նոր միջոցների մասին, որոնք կօգնեն պաշտպանել քաղաքներն ու քաղաքացիական բնակչությանը ռուսական հարվածներից: Միացյալ Նահանգները կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին»,- հավելել է Բայդենը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: