Արցախցիները ՄԱԿ-ի դիմաց պահանջում են կատարել դատարանի որոշումները

  • 11:42 09.07.2024

Արցախից բռնի տեղահանված անձինք պահանջատիրական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։

Ադրբեջանն Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները: Ակցիայի մասնակցիները պահանջելու են ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ արցախցիների հետվերադարձը։

«Սեփականության իրավունքի անձեռնմխելիություն», «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք», այս եւ այլ գրությամբ պաստառնելով արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ իրենց պահանջն են ներկայացնում։

Ակցիայի նախաձեռնողներից Արմինե Ավագիմյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մենք որոշել ենք այսօր մեր պահանջները ներկայանցել ՄԱԿ-ին։ Տեսնում ենք, որ Արցախում Ադրբեջանը ժամ առ ժամ նպատակադրված վերացնում է մեր հայկական հետքը, մեր պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, ինչպես նաեւ մեր շարժական ու անշարժ գույքը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին վճիռ ունի առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել բռնի տեղահանված արցախցիների ազատ ելքը եւ մուտքը Արցախ, նաեւ չոչնչացնել մեր գույքն ու ունեցվածքը։ Ճիշտ է, մենք ճարահատյալ որոշում ենք կայացրել եւ լքել ենք մեր հազարամյա հայրենիքը, բայց դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել ենք մեր իրավունքներից։ Եվ մեր պահանջներից մեկն էլ հենց վերադարձի պահանջն է»։

Հարցին, թե ի՞նչ պայմաններով կհամաձայնեն վերադառնալ Արցախ, Արմինե Ավագիմյանը պատասխանեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ավելի քան 200 հասարակական-քաղաքական միավորումների, համայնքապետերի կողմից ստորագրված միասնական ուղերձ է հրապարակվել՝ ուղղված միջազգային դերակատարներին։ «Այնտեղ մենք հստակ շարադրել ենք, թե ինչ պայմանների դեպքում է հնարավոր մեր հավաքական վերադարձը։ Հստակ անվտանգային ու իրավական կարգավորումների եւ միջազգային ներկայության պայմաններում է հնարավոր ապահովել արցախցիների վերադարձը։ Անվտանգության միջազգային մեխանիզմներ պետք է կիրառվեն, որի առաջարկը մենք նաեւ Արցախից ենք արել՝ անհատների ու ՀԿ-ների մակարդակով»,- ասաց նա։

Արմինեն Ավագիմյանը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից բավարար աշխատանք չի կատարվում՝ արցախցիների վերադարձն ապահովելու համար։ «Մենք անընդհատ նկատում ենք, որ Արցախի եւ արցախցիների վերադարձի հարցը փորձ է արվում օրակարգից հանել։ Բայց կրկնում եմ՝ եթե մենք գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունից ելնելով, քանի որ մեր երեխաների գլխին ցեղասպանության վտանգ էր կախված, լքել ենք մեր հազարամյա հայրենիքը, դա դեռ չի նշանակում, որ մենք այսպես էլ հանդուրժելու ու հարմարվելու ենք։ Հենց դրա համար էլ հասարակությունն ինքնակազմակերպվում է, եւ նման ակցիաների միոջոցով մենք փորձելու ենք ճնշում գործադրել, որպեսզի ՄԱԿ-ն իր եղած գործիքակազմով Արդրբեջանին պարտադրի, որպեսզի արցախցիների իրավունքները հաշվի առնեն։ Ուսումնասիրելով Ադրբեջանի մեդիադաշտը՝ մենք նկատում ենք, որ նույնիսկ այնտեղ են զարմացած, թե ինչպես է արցախցիների հարցը օրակարգից հանվում»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան