Արցախից բռնի տեղահանված անձինք պահանջատիրական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի եւ 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։
Ադրբեջանն Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները: Ակցիայի մասնակցիները պահանջելու են ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ արցախցիների հետվերադարձը։
«Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի չոչնչացվի մեր պատմական ժառանգությունը, մեր սեփականությունը, որը մնացել է Արցախում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է անում։ «Այսինքն՝ իրենք ոչնչացնում են մեր՝ այնտեղ ապրելու եւ հայրենիք լինելու հետքերը, որպեսզի մենք ընդհանրապես չխոսենք վերադարձի մասին։ Այսինքն՝ եթե քո տունն այնտեղ չկա, դու մի քիչ մտածում ես՝ գնամ, թե չգնամ։ Իսկ եթե դու գիտես, քո տունն այնտեղ է, անընդհատ վերադրաձի հույսով ես լինելու։ Հենց այդ հույսն է ուզում կոտրել Ադրբեջանը։ Եվ միջազգային հանրության այս լռությունը նպաստում է նրան, որ իրենք ինչ ուզում, անում են։ Հադրութում, որտեղ դարեր շարունակ՝ 6000 տարի երբեւիցե թուրք չի ապրել, հիմա մզկիթ են կառուցում»,- ասաց Քարամյանը։
Նա հավելեց, որ ԱՄՆ ու Եվրոպայի կողմից այս հարցերն անընդհատ բարձրացվում են, բայց Հայաստանում ոչ հասարակությունը, ոչ իշխանությունը դրա մասին չեն խոսում։ «Մենք երեւի ինքներս պետք է սկսենք պայքարել մեր իրավունքների համար։ 2020 թվականից մենք անընդհատ խոսում էինք այս մասին, երբ որ դեռ Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղն էինք կորցրել։ Մենք այն ժամանակ արդեն ասում էինք, թե ինչ էր սպասվում, որ Արցախն ամբողջությամբ ենք կորցնելու, եթե անընդհատ խոսենք հումանիտար խնդիրների մասին։ Եվ հասանք նրան, որ հիմա պետք է մեր իրավունքների մասին խոսենք։ Մեր խնդիրները ոչ միայն մեզ են վերաբերում, այլ նաեւ բոլոր հայերին, որովհետեւ Ադրբեջանն իրենցն է համարում բոլոր այն տարածքները, որտեղ հայեր են ապրում»,- նշեց Մարգարիտա Քարամյանը։
Հարցին, թե նախկինում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացրած ակցիաներն ի՞նչ արդյունք են տվել եւ հիմա ի՞նչ ակնկալիք ունեն, Մարգարիտա Քարամյանը պատասխանեց․ «Քանի որ Հայաստանի իշխանությունները երբեւիցե մեր ակցիաներին լուրջ չեն վերաբերվել, մեզ հետ կոնտակտի դուրս չեն եկել, մենք չունենք հարթակ, որտեղ կարող ենք բարձրացնել մեր խնդիրները, դրա համար ստիպված ենք այսպիսի ակցիաներով բարձրաձայնել խնդիրների մասին, որպեսզի այս խնդիրները չմարեն։ Երբ մենք խոսում ենք միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, իրենք անընդհատ ասում են՝ ինչո՞ւ չեք բարձրաձայնում ձեր խնդիրները»։
Ռոզա Հովհաննիսյան