Իշխանությունները խաղաղության օրակարգից պետք է անցնեն զսպման օրակարգի

  • 12:49 09.07.2024

Արցախից բռնի տեղահանված անձինք պահանջատիրական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի եւ 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։

Ադրբեջանն Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները: Ակցիայի մասնակցիները պահանջելու են ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ արցախցիների հետվերադարձը։

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ կարեւոր գործոն է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը։ «Այդ առումով, ցավոք սրտի, մենք չենք կարող արձանագրել դրական տեղաշարժ, բայց համենայնդեպս մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներին, որ այսպես թե այնպես փորձում են Արցախի հարցը բարձրացրած պահել օրակարգում եւ կոռեկտ ու տեղին պահանջներ են ներկայացնում։ Մենք պետք է պայքարենք Արցախը վերադարձնելու համար»,- ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով այն պահանջներին, որոնք ներկայացնում է Ալիեւը, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատերելու եւ Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը չեղարկելու պահանջին, Արթուր Օսիպյանն ասաց․ «Վտանգները հենց իշխանության ընկալման եւ մոտեցումների մեջ ենք տեսնում։ Իրենց թվում է, թե ինչ-որ մի պահ հնարավոր կլինի այդ խաղաղության պայմանագիրը կնքել։ Դա երբեք չի լինելու, ամեն անգամ Ալիեւն իր պահանջներն ավելացնելու է, ընդհուպ մինչեւ Հայաստանի վերացում։ Սրա վառ ապացույցն է թե մինչ այս իրենց վարած քաղաքականությունը, թե այն, որ վերջերս Օ Բրայնը հայտարարեց, որ տարածաշրջանում Ադրբեջանի քաղաքականությունը բերել է խաղաղության, եւ կարեւոր գործոնը Ադրբեջանն է։ Եվ դրա հետ մեկտեղ պահանջել է, որ խաղաղության պայմանագիրը կնքեն։

Այսինքն՝ ի՞նչ է ասել Օ Բրայնը՝ Արցախի ցեղասպանությունը, Հաագայի դատարանի որոշման չկատարումը եւ այլն Ալիեւին փեշքեշ, դու ես այստեղ կարեւոր խաղացողը, միայն թե ստորագրի խաղաղության պայմանագիր։ Բայց Ադրբեջանը դրան ի հակառակ ռազմավարական դաշինք կնքեց Չինաստանի հետ։ Այսինքն՝ նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ներում է Ադրբեջանի բոլոր մեղքերը, Ադրբեջանը միեւնույն է, այդ խաղաղությանը չի գնում ու չի գնալու։ Եվ ինքը գնացել է ԱՄՆ թշնամու հետ ռազմավարական դաշինք է կնքել, փաստորեն ԱՄՆ-ին իրեն հակառակորդ է համարել, միայն թե խաղաղության պայմանագիրը չստորագրի։ Իսկ մեր իշխանությունները, ցավոք սրտի, ինքնախաբեությամբ են զբաղված, իրենց թվում է, թե ինչ-որ զիջումների արդյունքում մենք մի պահ կգանք խաղաղության։ Չի լինելու այդ խաղաղությունը երբեք»։

Հարցին, թե ո՞րն է այլընտրանքը, Արթուր Օսիպյանը պատասխանեց․ «Իշխանությունները խաղաղության օրակարգից պետք է անցնեն այլ օրակարգի, այսինքն՝ զսպման օրակարգի։ Եթե մենք այս կոնցեպն ընդունենք եւ իլյուզիաներից ազատվենք, այն ժամանակ արդեն ճանապարհներ կբացվեն։ Մենք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ միայնակ ոչինչ չենք կարող անել, մեզ կոալիցիա է պետք։ Իրենք էլ են մեր դեմ կոալիցիայով պատերազմել՝ մի փոքր Արցախի վրա մի 6 երկրներից բանակ են բերել։ Հիմա մենք պետք է այդ նույն տրամաբանությմաբ կոալիցիա հավաքենք, որ կարողանանք զսպել Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսինքն՝ մենք պետք է համագործակցությունը դիտարկենք այն պետությունների հետ, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Օրինակ՝ Ֆրանսիան, Հունաստանն են պատկանում այդ պետությունների թվին։ Բայց մենք այդ պետություններին զրկում ենք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լեգիտիմ մեխանիզմներից։ Երբ մենք ասում ենք՝ Արցախի հարցը չկա, փակում ենք, դրանով մեր պոտենցիալ դաշնակիցներին մեջքից հարված ենք հասցնում»։

Արթուր Օսիպյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունից պահանջում են, որ Արցախի հարցը պահեն օրակարգում, քանի որ դա ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխիքն է։ «Եթե իշխանություններին թվում է, որ թղթի վրա ինչ-որ բաներ կստորագրենք, եւ դա կլինի ամենակարեւոր երաշխիքը, սխալվում են։ Մեր իշխանությունները շատ կոպիտ սխալներ են անում, մի ազգ, որը 100 տարվա մեջ երեք անգամ ցեղասպանության է ենթարկվել, եւ ցեղասպանները չեն պատժվել, ո՞նց կարող ենք մենք հույսներս դնել ինչ-որ թղթի վրա։ Առաջինը միջազգային հարաբերություններում շահն է, հետո ուժերի բալանսը, եւ միայն երրորդ տեղում միջազգային իրավունքն է, այն, ինչի համար Նիկոլ Փաշինյանն իր արեւին պայքարում է, բայց չգիտի, որ դրա տակը բան չկա։ Հատկապես այն ժամանակահատվածում, երբ միջազգային կարգ է փլվում, եւ նոր կարգ է ձեւավորվելու, այդ ժամանակ այդ թղթերն ընդհանրապես արժեք չեն ունենա»,- ասաց նա։

Օսիպյանը նաեւ հավելեց, որ Արցախի էթնիկ զտումից առաջ Արցախից իրենք կոչ են արել Նիկոլ Փաշինյանին՝ ռուսական կողմի առաջ ուլտիմատում դնել։ «Մինչեւ մեզ վտարանդի ենթարկելը, մենք ասել ենք, որ Հայաստանի կառավարությունը պետք է ուլտիմատում դնի ՌԴ դեմ ու ասի, որ եթե դու նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները չես կատարում, ուրեմն 102-րդ բազան էլ վերցնելու ես ու ստեղից գնաս։ Եվ եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեր՝ 102-րդ բազադ այստեղից հանիր, ռադ արա, մեծ աջակցություն կստանար ազգի կողմից։ Իսկ եթե իշխանությանը աջակցում է ամբողջ ազգը, կոնկրետ այդ նույն Կրեմլը ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ, ստիպված իր բազան հանելու էր, որպեսզի մեզ միայն պահեր տնտեսական կախվածության մեջ։ Այն ժամանակ դա տեղին կլիներ, ռուսական բազան արդեն այստեղ չէր լինի, մենք հիմա կունենայինք ամերիկյան, եվրոպական ոչ թե զորք, այլ աջակցություն՝ զենքի տեսքով։ Մեզ այստեղ օտարի զորք պետք չէ»։

Ռոզա Հովհաննիսյան

 

f