30 տարի է՝ միջազգային հանրությունն ինչո՞ւ է հարգում Ստալինի գծած սահմանները

  • 14:13 09.07.2024

Արցախից բռնի տեղահանված անձինք պահանջատիրական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի եւ 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։

Ադրբեջանն Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները: Ակցիայի մասնակցիները պահանջելու են ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ արցախցիների հետվերադարձը։

«Մենք իրավունք չունե՞նք վերադառնանք մեր տները, գնանք մեր գերեզմանոցները, ո՞վ է որոշում, որ ես չպիտի գնամ իմ տուն, իմ պապաս այնտեղ է, եղբայրս այնտեղ է»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին՝ պահանջելով ստիպել Ադրբեջանին, որ կատարի դատարանի որոշումները։

«Արցախը Հայաստանի մարզն է, անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել։ Իսկ Նիկոլը կեղծ գործարքներ է արել, խախտեց Սահմանադրությունը։ Սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց ո՞ւր է։ Ո՞ւր ես Նիկոլ, ինքնագլուխ գործարքներ ես կատարել, մենք չենք ներելու քեզ։ Նա իրավունք չուներ արցախցու անունից գործարքներ կատարելու, արցախցին է որոշում իր ճակատագիրը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց․ «1991 թվականին Սովետական միությունը փլվեց, ստալինիզմը վաղուց դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Ես չեմ հասկանում՝ այս 30 տարի է՝ միջազգային հանրությունն ինչո՞ւ է հարգում Ստալինի գծած սահմանները, Ստալինի կուսակցակայն բյուրոյի գծած սահմաններն ինչո՞ւ են հարգում։ Ամբողջ Արցախը երեբք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Այսօր արհեստականորեն մեծացնում ենք Ադրբեջանը։ Հարյուր տարի լռեցիք, մինչեւ Նախիջեւանից բոլոր հայկական հետքերը ոչնչացրեին, անընդհատ հետին թվով եք որոշումներ ընդունում հայերի համար, սպասում եք ցեղասպանե՞ն, հայկական հետքերը ոչնչացնե՞ն, հետո հայերը պայքարեն, որպեսզի ցեղասպանություն ընդունե՞ք։ Ե՞րբ պիտի հայ դատը հիշեք»։

«Արցախի անմեղ բնակչության հաշվին գերտերությունները, միջազգային կազմակերպությունները հետապնդել են իրենց շահերը։ Տուժել են Արցախի անմեղ բնակիչները, մեր զինծառայողները, եւ դա շարունակվել է 32 տարի։ Այդ 32 տարիների ընթացքում միջազգային հանրությունը եկել է Արցախ, տեսել է՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ բնակչությանը չեն ապահովել, մարդկանց իրավունքները չեն պաշտպանել։ Արցախի բնակչությունը ձեզ համար փորձադա՞շտ է, բոլոր զենքերը փորձարկեցիք: Ձեր քաղաքական շահերը մեզ չեն հետաքրքրում, ձեր շահերի հետեւանքով տուժել են անմեղ մարդիկ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ռոզա Հովհաննիսյան

f