Հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ)կողմից կազմակերպված, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովի աշխատանքները։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովը համախմբել է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին և գործընկեր կազմակերպություններին։ Եվրոպայում տեղի ունեցող պատերազմների և ռազմական բախումների համատեքստում Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը մշակել է «Խաղաղության ուղիներ» նախագիծը, դրանով իսկ երկխոսության և համագործակցության հարթակ տրամադրելով ԵԵԿ-ի անդամ եկեղեցիներին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանում պատերազմների հետևանքով առաջացած մարտահրավերները՝ ի թիվս որոնց արդարության և ազատության միջոցով խաղաղության հաստատումը, մարդու հիմնարար իրավունքների և կրոնի ազատության, փախստականների և բռնի տեղահանված ժողովրդների իրավունքների ու մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովի աշխատանքներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է ԵԵԿ Կառավարման Խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Միջոցառմանը Հայր Սուրբը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման, սրբավայրերի պաշտպանության և բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: