«Դասավանդի՛ր, Հայաստան»-ով՝ Շահմասուր․ Դրանք մեր կյանքի լավագույն տարիներից էին

  • 13:06 10.07.2024

Առաքյալը

Դեռ 2023-ն էր։ Շրջափակումը նոր պտույտներ էր հավաքում և իր դիրքերն ամրացնում։ Մի կերպ կարողացանք բենզին գտնել ու գնալ Մարտակերտի շրջանի մեր Շահմասուր գյուղը։ Մարդիկ դեռ ուտելու բաներ գտնում էին, թոնրատնից հացի հոտը գալիս էր։ Մեզ էլ դատարկաձեռն բաց չթողեցին այնտեղից։ Երեխաներից ամեն մեկը «մի ճոթ հաց» ձեռքին գյուղն ի վեր բարձրացավ։ Չնայած «կյանքը շարունակվում է» իմիտացիային, կարծես, գյուղը կանգ էր առել ժամանակի մեջ։ «Կանգ ա՛ռ, ակնթարթ»՝ կասեր Ֆաուստը։

Ճանապարհին մի տուն ուշադրությունս գրավեց։ Հարցիս, թե ովքե՞ր են այնտեղ ապրում, ասացին․ «Մեր պատմության ուսուցիչն է։ Կինն էլ գյուղի բուժքույրն է։ Հայաստանից են»։ Առանց վարանելու մտա նրանց տան բակը։ Փայտե բազրիքներով սանդուղքին կանգնած էին այր ու կին՝ Արարատ Սարգսյանն ու Վանուհի Թերզյանը։ Ներկայացա։ Հետագա մեր զրույցը ընթացավ ամենաջերմ հունով՝ Շահմասուրի անուշաբույր ուրցով թեյի սեղանի շուրջ։ Մի բան ակնհայտ էր․ մարդիկ առաքելությամբ են եկել Արցախի հեռավոր այդ գյուղը՝ ոչ միայն որպես ուսուցիչ աշխատելու, այլ ծառայություն անելու, օգտակար լինելու։ «Պետք է հավասար կրթություն ապահովել բոլոր երեխաների համար՝ անկախ գտնվելու վայրից, լինի դա հեռավոր գյուղում, թե քաղաքում»,- համոզմունք ունի Արարատը։ Հիմա արդեն, գտնվելով Հայաստանում, Արարատը հիշում է, որ 2020-ի պատերազմից հետո Արցախ գնալու որոշումն այդքան էլ հեշտ չի տրվել։

Որոշում

Երբ 2020-ի պատերազմից հետո «Դասավանդի՛ր, Հայաստան»-ով իմացանք, որ նշանակվել եմ Արցախում ուսուցչություն անելու, առաջին բանը, որ միտքս եկավ, կնոջս անվտանգությունն էր։ Բայց նաև ուրախություն էր, որովհետև երբևէ չէի եղել Արցախում։ Քանի որ տեղեկություններս համացանցից էին և դրանք ահաբեկող էին, նաև վախ ունեի։ Վերջին մի շաբաթը գիշերները ծանր էի քնում։ Հեռանալու ժամանակն էր, շրջապատում էլ դեմ էին, որ գնայի։ Միայն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, որտեղ ես ծառայում էի որպես սարկավագ, ասաց․ «Արարատ, չվախենաս, եթե Աստված քեզ այդտեղ է նշանակել, որ ծառայես, ուրեմն առաքելություն ունես այնտեղ անելու։ Պատահական ոչինչ չի լինում»։

Հույսը սրտներումս, հավատով առ Աստված, որ Նա մեր պահապանն ու պաշտպանն է, մեկնեցինք Արցախ։ Ամբողջ  ճանապարհին աղոթել եմ։ Պատկերացում չունեի, թե ինչ է կատարվում այնտեղ, սարսափեցնող տեղեկություններ էին միայն։ Երբ հասանք գյուղ, առաջին հարցս գյուղացիներին սահմանների մասին էր, թե ինչքան հեռու են ադրբեջանցիները մեզանից։ Կամաց-կամաց, գյուղացիների հետ շփվելով,  ներքաշվեցինք առօրյա կյանքի մեջ։ Մեզ համար էլ ամեն ինչ դարձավ սովորական։ Հեռվից ամեն ինչ ավելի սարսափելի է, քան եթե գտնվում ես տեղում։

2020-ից հետո Արցախում մնացինք 2 տարուց մի փոքր ավել։ Դասավանդման ժամկետն արդեն ավարտվել էր, բայց շրջափակման պատճառով չէինք կարողանում վերադառնալ Հայաստան։ Ես Շահմասուր գյուղ գնացել էի որպես պատմության մասնագետ, որովհետև այնտեղ այդ մասնագետը չկար։ 2 տարի դասավանդեցի պատմություն, ունեցա պատմության խմբակ։ Կինս էլ մասնագիտությամբ բուժքույր էր, գյուղում բուժքույր էր աշխատում։ Այդպես այր ու կին ներառվեցինք գյուղի կյանքին, դարձանք նրա մասնիկներից մեկը։

Ընդունում

Շահմասուրցիները սկզբնական շրջանում զգուշությամբ էին մեզ ընդունում։ Հետագայում, երբ սկսեցինք շփվել, բարեկամական, ընկերական հարաբերություններ ստեղծվեցին։ Գյուղի բոլոր աշխատանքներին մասնակցում էինք՝ սկսած ծմակից փայտ բերելուց, փոքրիկ հողամասի մշակելուց, օղի թորելուց, մոշի մուրաբա եփելուց, վերջացրած թութը թափ տալուց։ Մեզ հրավիրում էին գյուղի կարևոր արարողություններին՝ ծնունդ, կնունք և այլն։ Մենք էլ նրանց էինք հրավիրում, ամեն երեկո թեյախմություն էինք կազմակերպում։ Դառել էինք այդ գյուղի բնակիչներ։ Դրանք մեր կյանքի լավագույն տարիներից էին։ Այդ սերը իրար հանդեպ երևաց նաև բլոկադայի ժամանակ, երբ մեր ունեցած պաշարը վերջացել էր, և գյուղացիներն էին մեզ օգնում։

 Լրացնել հոգևոր բացը

Քանի որ նաև սարկավագ էի, ունեի կիրակնօրյա դպրոցի խմբակ։ Կիրակնօրյա խմբակում զբաղվում էինք նաև նկարչությամբ, սովորել էի Գեղարվեստի ուսումնարանում և տիրապետում էի որոշակի նկարչական հմտությունների։  Գյուղում սկզբնական շրջանում որպես սարկավագ չէի ներկայացել, այլ միայն որպես ուսուցիչ, բայց ընթացքում տեսա, որ այդ հոգևոր բացը կա։ Երեխաները ծանոթ չէին Հայ Առաքելական եկեղեցուն, դրա համար փորձեցի որոշակիորեն պարզ տեղեկություններ տալ։ Նկարչության խմբակի շրջանակներում նկարում էինք հոգևոր թեմաների շուրջ։ Կազմակերպում էինք մուլտֆիլմի դիտում։ Մի օր էլ որոշեցինք, որ այդ խմբակը պիտի դառնա կիրակնօրյա։ Երեխաներն այդ բացը ունեին, ծնողներն էլ դեմ չէին։ Երեխաները մեծ սիրով էին գալիս։ Եթե մի օր ցանկանայի չանել կիրակնօրյան, երեխաները գալիս էին ու ասում․ «Ընկ․ Սարգսյան, այսօր խմբակ չկա՞»։ Ամեն ինչ անում էի, որ խմբակը գործեր։ Ընթացքում խաղեր էինք խաղում, ուրախ ժամանց էինք կազմակերպում։ Ամեն ինչ հրաշալի էր անցնում։ Դա նաև առիթ դարձավ, որ որոշ գյուղացիներ մկրտվեն։ Մենք էլ պատիվ ունեցանք գյուղացիներից մեկի ընտանիքին քավոր դառնալու։

Կազմակերպում էինք ուխտագնացություններ, առարկայի շրջանակներում դպրոցում շախմատի առաջնություն էինք կազմակերպում ձորակի գյուղերի դպրոցների հետ։ Երեխաներին կարողացանք բերել Երևան, մասնակցել «Starmus» միջազգային փառատոնին, որը կազմակերպել էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը։ Մեր աջակցությամբ նրանք կարողացան գալ Երևան, ծանոթանալ մայրաքաղաքին, մասնակցել միջազգային փառատոնին, որը վերաբերում էր տիեզերագնացությանը, արհեստական բանականությանը․․․

 Նեղությունների մեջ՝ շնորհ

Բլոկադայի ժամանակ գյուղի վիճակը ծանր էր։ Չկար վառելիք, կապը մայրաքաղաքի հետ կտրվում էր։ Եկավ մի պահ, որ ալյուրի խնդիր առաջացավ։ Այդ օրերին ստիպված եղա գնալ Ստեփանակերտ, որպեսզի հնարավոր լիներ գոնե հաց գնել։ Գիշերները արթնանում էինք, գնում հացի փռերը, հերթ կանգնում ժամերով, որպեսզի մի կտոր հաց կարողանանք վերցնել։ Ճիշտ է, նեղության մեջ էինք, բայց կար մի տեսակ ջերմություն, փոխադարձ հոգատարություն մեկը մյուսի հանդեպ։ Այդ օրերին մենք ապրում էինք մի փոքրիկ հոսթելում, որտեղ մնում էին տարբեր տեղերից տեղահանված արցախցիներ։ Երեկոյան եթե սուրճ կամ թեյ էինք գտնում, բերում ու միասին խմում էինք։ Ով ինչ գտնում էր՝ բերում էր։ Մի տեսակ կարոտով եմ հիշում, բայց ծանր օրեր էին։ Բաժանումն էլ էր ծանր։ Այն միտքը, որ դու հեռանում ես, իսկ այդ մարդիկ այդ դժվարությունների մեջ էին մնում, տանջում էր։

Ցավոք, հիմա գյուղացիների հետ շփումս քիչ է, ինչի համար ափսոսանք եմ զգում։ Տեղահանումից հետո ծանոթներիս միջոցով ոմանց համար տուն ենք գտել, որպեսզի գային ու մեզ մոտիկ բնակվեին։ Ցավոք, գյուղացիներից ոմանք արդեն արտերկիր են մեկնել։ Աշակերտների հետ կապը պահպանում եմ։ Երեխաները կարոտում են իրենց գյուղը, միջավայրը, դպրոցը։ Ես նույնպես կարոտում եմ։ Մի ընտանիքի պես մի փոքրիկ գյուղ էր՝ հրաշալի բնության մեջ։

Եղավ այն, ինչ եղավ

Երբևէ մտքովս չէր անցնում, որ Արցախը կհայաթափվի։ Դա մղձավանջ է, չէի պատկերացնում, որ նման բան կլինի, որ Ադրբեջանը կհանդգնի հարձակվել։ Կարծում էի, որ միջազգային հանրությունը, ռուսները կպաշտպանեն արցախցիներին, մենակ չեն թողնի։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Այդ օրերին մտածում էի ինձ հարազատ մարդկանց մասին, որովհետև այնտեղ գտնվելու ժամանակ այդ քննարկումները միշտ կային, թե ո՞նց կլինի, ի՞նչ կլինի։

Շատ կցանկանայի, որ արցախցիները հիմա մնան Հայաստանում ու չլքեն երկիրը, այլ նորից Արցախ վերադառնալու հույսով ապրեն, այն մտքով, որ այսօր էլ մի բան անեմ, որպեսզի Արցախը վերադարձվի։ Ինձ թվում է, որ դա հնարավոր է։ Հիմա, կարող է, անհնարին է դա թվում, բայց մենք չգիտենք, թե հետո ինչ կլինի, ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կլինեն։ Մեր ապագան կախված է այսօրվա մեր քայլերից, որ կարողանանք Արցախը վերադարձնել։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” մեդիա-ակումբի նախագծի շրջանակներում

 

f