Step1.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը:
–Պարոն Կարաբեկյան, Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Մասնավորապես, հայտարարում են, թե Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը պետք է հանվի Սահմանադրությունից։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանապարհով։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։
-Դա ենթադրում է այն, որ մենք հրաժարվում ենք ոչ միայն Արցախի հիմնախնդրից, այլ նաեւ մեր պատմական դատից։ Այսինքն՝ հրաժարվում ենք նաեւ Ցեղասպանության ճանաչումից, հրաժարվում ենք Վիլսոնի իրավարար վճռով սահմանված պահանջատեր լինելու հնարավորությունից։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանն ասաց, որ կարմիր շորը պետք է հանենք մեր Սահմանադրությունից, որ կարողանանք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բարելավել։ Ըստ իս՝ այդ քայլը թելադրված է Թուրքիայի կողմից, եւ Փաշինյանն ամեն կերպ ուզում է գնալ Ադրբեջանի պահանջների բավարարման, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհով։ Եվ սա, ցավոք սրտի, հիշեցնում է 1920-21 թվականները՝ Բաթումիի պայմանագիրը։ Այն ժամանակ ասվեց, որ ուրվագծելով առաջին Հանրապետության սահմանները՝ մենք կստանանք խաղաղություն, կկարողանանք հիմքեր ստեղծել դեմոկրատական պետության կառուցման համար։ Բայց իրականում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Եվ հիմա հրաժարվելով անկախությունից՝ մենք հիմք ենք նախապատրաստում մեր պետության կորստի համար։
-Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումն այսօր ուժի մե՞ջ է։
-Այո, ուժի մեջ է, որովհետեւ դա եզակի որոշում է, որը հենված էր ոչ միայն խորհրդային օրենսդրության վրա, այլ դրա հիմքը միջազգային իրավունքն էր։ Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային ժողովն այդ որոշումը կայացնելիս փաստորեն հաշվի են առել Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը, եւ վկայակոչվել են համայն հայության ազգային շահերը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը փլուզվում չէր, եւ այդ փաստաթուղթը կոչված էր մեր հիմնախնդիրները լուծել պատմական իրավունքի համտեքստում, Արցախի հիմնախնդիրը, հայկական պետականության կայացումը մեկտեղել Հայ դատի հետ։ Կարելի է ասել՝ դա այդ ժամանակ կատարված ամենաառաջադեմ քայլերից մեկն էր։
Արցախի ու Հայաստանի ճակատագիրը պայմանավորվում է նրանով, որ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն հաշտվում այն մտքի հետ, որ Արցախում կարող է միջազգային հսկողություն լինել, եւ Արցախը կարող է ունենալ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ։ Կան միջազգային փաստաթղթեր՝ Վիլսոնի իրավարար վճիռը, Սեւրի պայմանագիրը, որոնք ֆիքսում են, թե արցախահայության ինքնորոշման իրավունքը, թե Արեւմտյան Հայաստանում ազգային օջախ ստեղծելու հայերի իրավունքը։ Դա արտացոլված է նաեւ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, Սահմանադրության մեջ։ Եվ փաստորեն դա այն է, որն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Ի տարբերություն մեզ՝ նրանք միգուցե հասկանում են, որ կգա պատմական արդարություն հաստատելու պահը, եւ նրանք ստիպված կլինեն ուժի քաղաքականությունից հրաժարվել եւ բավարարել պատմական պահանջները, այսինքն՝ մեր իրավունքը Արեւմտյան Հայաստանում, արցախահայության իրավունքն Արցախում։ Ցավալի է, որ իրենք մեր իշխանության ձեռքով փորձում են չեղարկել մեր իրավական պահանջները։ Բայց դա չի լինի, որովհետեւ այդ պետությունները շանտաժի վրա հիմնված այդ ագրեսիվ քայլերով ցույց են տալիս, որ նրանց վերելքի փուլն անցնել է։ Եվ, այո, գալու է ժամանակ, եւ նրանք ստիպված են լինելու կատարել այդ որոշումները։ Ստիպված են լինելու ոչ միայն հաղթանակներ տոնել, այլ նաեւ կորուստներ արձանգրել։
Այսինքն՝ իրենց մոտ այդ վախը կա, իրենց մոտ այդ պատմական հիշողությունն ավելի վառ է ընդգծված է, իրենք վախից ելնելով են սա անում, ինչո՞ւ ոչ, նաեւ արտաքին կուրատորների դրդմամբ։ Իրենք գիտեն, որ երբ պատմության անիվը շրջվի, իրենք գոյության հարցն առաջ կգա։ Ցավոք սրտի, երրորդ Հանարապետությունում, ինչպես նաեւ առաջին Հանրապետությունում մեր քաղաքական վերնախավն օտար երկրների եւ դերակատարների շահերն է սպասարկում։ Մենք դրանից պետք է ելնենք, թե ո՞ւմ շահերն է սպասարկում մեր կառավարությունը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: