Արևի տունը

  • 22:19 10.07.2024

«Տուն ընդունված է անվանել, արցախցու ասած, չորս պատը, բայց տան իմ ընկալումը մի քիչ այլ է, տունը ինձ համար այդ չորս պատերի, այդտեղ ապրող մարդկանց, հարևանների, կենցաղի, այդ տունը եկող հարազատների, այդ տանը ձևավորվող ավանդույթների, երջանիկ, ինչու չէ` նաև տխուր պահերի համակցությունն է»,- տան այսպիսի մեկնաբանություն ունի Արևիկ Մուսայելյանը։

Արևիկը մեկն է այն հազարավորներից, որ 2023 թ․ սեպտեմբերին դարձավ անտուն։

Արցախում 3 տուն է թողել, որոնք ինչպես ինքն է ասում՝ իր կյանքի փուլերն են բնութագրում։

«Երեք տունն էլ հավասարաչափ կարոտում եմ, որովհետև յուրաքանչյուրի հետ կապված ունեմ բավականին երջանիկ հիշողություններ»,- ասում է Արևիկն ու հիշում, որ Ասկերանի շրջանում գտնվող Խնձրիստան գյուղում իր պապիկի տունը ասոցացվում է իր երջանիկ մանկության հետ։

«Այնտեղ ամեն ինչ ինձ համար չափազանց հարազատ է, ամեն իրի հետ կապված մի հիշողություն ունեմ: Պապիկիս տան ներքին կահավորանքը երբեք չի փոխվել, նույնիսկ կահույքի տեղափոխություններ չենք արել: Հայրս, արդեն իր ծնողների մահից հետո, ասել էր, որ տան կահավորանքը պիտի մնա այնպիսին, ինչպիսին կար պապիկիս ու տատիկիս կենդանության օրոք, դրա համար էլ ես գյուղի տանը կարծես թե այն տարիներին լինեի, երբ 5-10 տարեկան էի»,- մանկության ջերմ հուշերն է վերհիշում Արևիկն ու նշում, որ Խնձրիստանի իրենց տունը ավելի քան 200 տարեկան է:

2-րդ փուլ

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում էր գտնվում Արևի հայրական տունը։ Ասում է՝ հիշում եմ, թե ինչպես է հայրս քարը քարի վրա դնելով կառուցել մեր երազանքի տունը։ Սեփական տուն ունեցողները գիտեն՝ տանը միշտ կառուցելու բան կա, երբ արդար քրտինքով ես կառուցում։

«Հայրական տանս պատանեկությունս ու երիտասարդությանս մի մասն է անցել, այնտեղ իրականում մեծացել եմ, այնտեղ մենք մեծ երջանիկ ընտանիք էինք, երեք սերունդ էինք ապրում այդ տանը՝ ծնողներս, ես ու եղբայրս՝ կնոջ և երեխաների հետ: Դա մի յուրահատուկ ժամանակաշրջան էր՝ ահագին բան սովորելու, իմաստավորելու, հասկանալու»,- պատմում է Արևիկը։

Հայկավանը Ստեփանակերտի բարձրադիր ծայրամասում էր գտնվում։ Ծառերն այնտեղ շատ էին, դարպասները՝ դեմ դիմաց։ Հարևանությունն այդ թաղամասի գլխավոր ձեռքբերումներից էր։

«Ես հայրական տանս կարոտում էի, նույնիսկ երբ արդեն իմ տանն էի ապրում, հատկապես՝ թթենու տակ երեկոյան մեր զրույցները»,- ասում է Արևիկը։

3-րդ փուլ

Արևիկին ճանաչեցի իր կյանքի երրորդ փուլում։ Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը մեր հանդիպման վայրն էր, ես դատարանի մամլո խոսնակն էի, Արևիկը՝  պրակտիկայի ամփոփման բաժնի պետը։ Հանդիպեցինք այն ժամանակ, երբ արդեն բավականին հասուն Արևիկը որոշում էր կայացնում առանձնանալ հայրական տնից և ունենալ իր անկյունը։ Արցախում դա սովորական որոշում չէր, և ավելի ինքնուրույն կյանքը ծնողները ոչ միանշանակ ընդունեցին։

«Բաժանումը» դժվար էր, բայց ուրախությունը՝ սեփական տուն ունենալու, չափազանց երջանկացնող։

Արևի հիպոթեկով տունը մեր երջանիկ անկյունը դարձավ։

Հինգերորդ հարկի երկսենյականոց բնակարանում ոչինչ չկար այն ժամանակ, և ամեն մի ավելացող իր բոլորիս երջանկությունն էր։ Ծնունդ, հիշելի կամ անհիշելի առիթ պետք չէր. տխուր, թե ուրախ օրերին Արևի տունը այն հանգրվանն էր, որտեղ լուծվում էին բոլոր խնդիրները, որտեղ հնչում էին բոլոր իմաստուն խորհուրդները և որտեղ, այո, միշտ հանգստություն կարելի էր գտնել։

«Իմ տունը ուրիշ խորհուրդ ուներ, շատ քիչ ժամանակ եմ ապրել այնտեղ, բայց ձգտել եմ ստեղծել մի վայր, որտեղ բոլորը իրենց լավ կզգան, ես նույնիսկ կարգախոս ունեի՝ «իմ տանը չենք տխրում»: Հիմա ես կարոտում եմ իմ տան հետ կապված ամեն-ամեն ինչ, ընկերներով հավաքույթները, սենյակի դասավորվածությունը, վարագույրի խաղը քամու հետ, պատուհանից տեսարանները, մարդկային ձայները բակում, որ հատկապես շատ էին ինձ խանգարում, երբ ցերեկները պառկում էի քնելու, ծաղիկներս…»,- այսպես բոլորը կարոտում են այն, ինչին հասել էին սեփական դժվարությունները հաղթահարելով։

Արևի տանը մի քանի իր կար, որոնցից հնության հոտ էր գալիս և որոնք իր համար առավել քան թանկ էին՝ տատիկի ժամացույցը, պապական տան լապտերը․․․

Հրաժեշտը

«Առավոտյան, երբ արթնացա, գնալու տեղ չունեինք մինչև ճանապարհ ընկնելը, և սկսեցի մաքրություն անել. աղբը թափեցի, ծաղիկներս ջրեցի, ամանները լվացի, հատակը մաքրեցի, պատուհանները կիսաբաց թողեցի, որ օդափոխվի, վարագույրները ուղղեցի, դուռը կողպեցի ու դուրս եկա տնից, որտեղ երջանիկ էի մի ամբողջ հավերժություն»,- հիշում է Արևիկը:

Նախօրեին հրաժեշտ էր տվել հայրական տանը, երկար, շատ երկար նստել էր այգում հենց գետնին՝ ծառերի տակ, ձեռքերով խաղում էր հողի հետ։

«Երևի այդ պահին հասկացա, որ էլ հետ չեմ գա ու շատ դառնագին լացեցի, մենակ ու երկար…»,- հիշում է նա։

Ասում է, թե մի քանի անգամ փորձել է  իր ունեցածից առանձնացնել իրեր, բայց ի վերջո այդպես էլ չկարողացավ ոչինչ վերցնել, որովհետեւ ամեն ինչ հատ առ հատ հենց այդ տան համար էր գնվել։

Իր տնից բերվածը պատմական արժեք ունեցող մի քանի իրեր են և իր գրադարանի ողջ գրքերը՝ Արցախից բերված-փրկվածները։

 

4-րդ փուլ

Բռնատեղահանությունից հետո, երբ բոլորը հազիվ մի անկյուն էին գտել և ծվարել, Արևը մի օր եկավ․ նա նորից տուն էր վերանորոգում։

Իր տանը կտեղավորվեր այս սենյակը, որի վերանորոգման աշխատանքները սկսել էր ամիսներ առաջ։

Ես վախենում եմ ռիսկային քայլերից, բայց իր մեկնաբանությունն այս էր. «Եթե ապրում ես, տունդ պետք է տան նման լինի»։

Փոքրիկ սենյակը, որտեղ ոչինչ չկար, պատերն ու հատակը անասելի կեղտոտ էին, ամիսների ընթացքում վերափոխվեց։

Ամեն հանդիպման ժամանակ մի նոր նկար էր ցույց տալիս․․․ 4 պատը տան տեսք էր ստանում․․․

Ամեն ինչ փորձում էր նմանեցնել իր տանը՝ ծաղկամանները, վարագույրները, սպասքը։

Այստեղ ամեն ինչ համեմատության է ենթարկվում՝ կամա, թե ակամա։

Իր հարմարավետությունն Արևը ստեղծել է իր տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ վարձու մի սենյակում, որ մի օր կարող է նաև իրենը չլինել։

Նոր պատվիրած դարակների վրա հին իմաստնությամբ նիրհում է պապիկի տան լարովի ժամացույցը, այն, որ արդեն 100 տարեկան կլինի, որ տեսել է իրական ժամանակը՝ տարբեր հերոսներով… կողքին՝ Շուշիի ազատագրման խորհրդանիշ դարձած մի լուսանկար, որտեղ պատկերված է հոգնած մի զինվորական՝ Շուշիի ազատագրումից հետո, ինքնաձիգին հենված։

«Իմ տանը երջանկություն կար, այս տունը էն չորս պատն է, որը ոչ մի բանի ամբողջություն չէ, այն ընդամենը չորս պատ է»,- ու արցունքոտվում են Արևի կանաչ աչքերը։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի նախագծի շրջանակներում

f