Երեկ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո հայտարարություններ եղան, որ «խաղաղության պայմանագիրը» համարյա պատրաստ է, և մնացել է մի քիչ։ Այդ մասին հայտարարել է նույնիսկ պայմանագրի «կնքահայրը»՝ Բլինկենը։
Ի՞նչ քիչ բան է մնացել և ինչպե՞ս են «հաղթահարելու» այդ “փոքր” խոչնդոտը։ Ըստ հայ իշխանամետ փորձագետների՝ խոսքը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մասին հղումը չեղարկելու Բաքվի պահանջի մասին է։ Այսինքն՝ Բաքուն մի փոքր բան է պահանջում՝ վերացնել Հայկական պետության իրավական ժողովրդավարական հիմքը և լուծարել այն։ Իշխանամետ փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ն, իբր, ցանկանում է Ալիևին «համոզել» հետ կանչել այդ պահանջը՝ լռելով այն մասին, որ միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն համոզում է հենց Հայաստանին ընդունել այդ պահանջը։
Վաշինգտոնը բացահայտորեն կոչ չի արել Երեւանին փոխել Սահմանադրությունը, ավելին, ամերիկյան լրատվամիջոցներում հոդվածներ են հայտնվում, որոնք ակնարկում են, որ Արցախն ու Հայաստանը վերամիավորելու որոշումը ԽՍՀՄ-ում առաջին դեմոկրատական ազդակն էր։ Մայքլ Ռուբինը washingtonexaminer.com-ում գրում է, որ «մեկ տարուց էլ քիչ է անցել այն օրվանից, երբ ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղ՝ հնագույն հայկական նահանգ, որը Իոսիֆ Ստալինը հանձնեց Ադրբեջանին, երբ այն հայտնվեց Կովկասում: Ղարաբաղը ժողովրդավարության ինկուբատոր է։ Իսկապես, ժողովրդավարական շարժումը, որը հասավ իր եռման կետին և ի վերջո հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը, սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից»:
Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը նշում է, որ ուժի մեջ է Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ը դեռ կար, իսկ հայությունը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան որոշում կայացրեցին, ու ԽՍՀՄ-ը չէր կարող առարկել այն։
Այս որոշումը կայացվել է ի հեճուկս Ռուսաստանի կամքի, որն ամեն ինչ արեց 30 տարի դրա իրականացումը կանխելու համար՝ հանդես գալով «անկախ Արցախի» նախագիծով։ Այժմ ԱՄՆ-ն օգնում է ապահովել, որ 1989 թվականի որոշումը, որը փլուզեց ԽՍՀՄ-ը, չեղարկվի։ Է՞լ ինչպես է ԱՄՆ-ն կարող է ապացուցել, որ մեղսակից է Ռուսաստանին։
Հուլիսին Gallup-ի հարցման համաձայն՝ Հայաստանում հարցվածների 80,3%-ը կարծում է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, եւ միայն 3,3%-ն է ասում, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Տարեսկզբին հարցվածների միայն 38%-ն էր կարծում, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Սա խոսում է այն մասին, որ հայ հասարակությունը գիտակցում է Ալիևի «պահանջի» գոյաբանական վտանգը։
Բայց արդեն նշաններ կան, որ Հայաստանին ստիպելու են փոխել Սահմանադրությունը եւ, փաստորեն, լուծարել պետությունը։ Երեկ Փաշինյանի ինքնակամ հակասահմանադրական որոշմամբ հակառակորդին փոխանցված Կիրանց գյուղում խզվել է Հայաստանի ինտերնետ կապը։ Երեկոյան այն վերականգնվեց, ավելի ճիշտ՝ նոր գիծ անցկացրին, բայց հասարակական խիստ կարծիք ձեւավորվեց, որ Հայաստանի նկատմամբ այժմ կիրառվում են նույն մեթոդները, ինչ Արցախի նկատմամբ՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից, երբ սկսվեց շրջափակումը․ անջատեցին կապը, էլեկտրականությունը, գազը, մարդկանց դատապարտվել են սովի, արդյունքում՝ ստիպել ստորագրել պետական հիմնարկների «լուծարման» ապօրինի հրամանագիր։
Կասկածից վեր է, որ հաջորդ քայլը լինելու է Հայաստանի համար ռուսական գազը դադարեցնելը և Բաքվի գազը «առաջարկելը». իզուր չէ, որ իրանական լրատվամիջոցներն արդեն ասում են, որ Թեհրանը կարող է բավարարել Հայաստանի գազի կարիքը, եթե իհարկե, Երեւանը «չնախընտրի» ադրբեջանական գազը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը չի միանում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և չի դիմում միջազգային ատյաններ՝ պահանջելով Ալիևի գործողությունները, հանցագործությունները և վերջնագրերը ոչ լեգիտիմ ճանաչել եւ դատապարտել։ Հայաստանի շահերն ու իրավունքները պաշտպանելուց հրաժարվելը վկայում է պետականության վերացման ծրագրերում Հայաստանի կառավարության մեղսակցության մասին։ Իսկ ծախսերը կփակի Սամանթա Փաուերը, կարեւորը՝ կարեկցող դեմքն է։
Նաիրա Հայրումյան