Ռուսները կրկին սպառնում են Հայաստանին․ Ի՞նչ է, գա՞զը կանջատեք, իսկ Հայաստանի խողովակները կհանձնեք Բաքվի՞ն

  • 11:41 11.07.2024

Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող այլ բան չառաջացնել, բացի ծայրահեղ ափսոսանքից»,- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով, «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։

«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները»,- հավելել է նա։

«Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրականությունը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում ունեցած ելույթում, որտեղ նա խոսել է Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։

Ի՞նչ «տնտեսական հետևանքների» մասին է խոսում Գալուզինը։ Կարո՞ղ է ուզում են անջատել Հայաստանի գազը։ Չէ որ, ըստ «1991 թվականի քարտեզների», ՌԴ-ից եկող գազատարն արդեն հայտնվել է այն տարածքում, որը Հայաստանը հանձնել է Ադրբեջանին։

Սա մեծ գործարքի մի մասն է. Մոսկվան կշարունակի իր գազը վաճառել Եվրոպային Բաքվի և Թուրքիայի միջոցով՝ համալրելով իր ռազմական բյուջեն, իսկ դրա դիմաց ադրբեջանական գազը կմատակարարվի Հայաստան։ Հայաստանի իշխանությունն արդեն ասում է՝ ինչու ոչ։

Բայց հարցը կայանում է նրանում, որ Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն գազ մատակարարող է, այլեւ Հայաստանի ողջ գազային ենթակառուցվածքի սեփականատերն է՝ մինչեւ 2044 թ․․։ Ավելին, հայ սպառողների համար գազի գինը մեկ երրորդով կազմված է ռուսական գազի՝ մինչեւ  Հայաստանի սահմանի «միութենական» գնից  և երկու երրորդով՝ Հայաստանում «Գազպրոմի» ներքին մատակարարումների վճարից։

«Գազպրոմը» կփոխանցի՞ իր հայաստանյան «տիրույթները» Ադրբեջանին, ինչպես փոխանցեց արցախյան ամբողջ ենթակառուցվածքը։ Դե, հո Հայաստանին չի փոխանցելու։