Արցախցիները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ իրենց զոհված հարազատների մարմիններն արտաշիրմում անեն։ 2023 թվականի սեպտեմբերի պատերազամական գործողությունների եւ վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհված անձանց հարազատները ամիսներ շարունակ այս պահանջը բարձրացնում են։
«Այստեղ բոլորը սեպտեմբերի 19-ին ու դրանից հետո զոհվածների հարազատներն են, արդեն 10 ամիս է՝ պահանջում ենք, որ մեր երեխաների արտաշիրմում անեն, բերեն Հայաստան, գոնե մի ծաղիկ դնենք։ Դիմել ենք Արցախի կառավարությանը, դիմել ենք Հայաստանի կառավարությանը, բայց անարդյունք։ Մենք պահանջում ենք, որ մեր երեխեքին արտաշիրմում անեն, բերեն Հայաստան։ Իմ տղան զոհվել է սեպտեմբերի 19-ին, հուղարկավորել ենք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Անցած անգամ էլ ենք եկել այստեղ հավաքվել, ոչ մի ծնողի չեն ընդունել։ Մենք սպասելու ենք այնքան, որ մեկը իջնի ու մեզ պատասխան տա։ Ես պատրաստ եմ գնալ Գորիս, խնդրել ռուսներին կամ թուրքերին, իմ երեխային բերել Հայաստան»,- ասաց զոհված զինծառայող Արթուր Արզումանյանի հայրը՝ Բորիկ Արզումանյանը։
Սեպտեմբերյան պատերազմում զոհված Սասուն Ավանեսյանի քույրը՝ Բելլա Գալստյանն էլ ասաց, որ մի քանի անգամ Արցախի պաշտոնյաների հետ հանդիպում է կազմակերպվել այս հարցով։ Բելլա Գալստյանի մյուս եղբայրը՝ Դավիթ Ավանեսյանը զոհվել է վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով։ «Մեր պաշտոնյաներն ասացին, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, որ պետք է արտաշիրմում արվի ու տեղափոխվեն, բայց այդպես էլ օրվա ավարտին չեղարկվել է այդ գործընթացը։ Պատճառ չեն նշել, ուղղակի ասել են՝ ադրբեջանական կողմը չեղարկում է։ Դիմում ենք Հայաստանի կառավարությանը, որ մեր դրության մեջ մտնեն։ Մեր հարազատների զոհվելուց հետո մարմինները մնացին գերի, մեր կորուստը շատ մեծ է։ Անձամբ ես ունեի երկու հարազատ եղբայր, երկուսին էլ կորցրեցի հենց 2023 թվականի սեպտեմբերին։ Մենք որ պատկերացնում ենք՝ կարող են ավերել, կպնել այդ շիրիմներին, մեզ համար դա մեծ ցավ է»,- նշեց նա։
Զոհվածների հարազատները հայտարարեցին, որ չեն հեռանա կառավարության շենքի մոտից, մինչեւ պատասխան չստանան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: