Շատերն են տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները մարդիկ տանում պայթյունի տեղանքից

  • 15:28 11.07.2024

Կառավարության շենքի մոտ են հավաքվել 2023 թվականի սեպտեմբերին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորածների հարազատները։ Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայթյունի հետեւանքով անհետ կորած է համարվում 21 անձ։

«Մենք խնդրում ու պահանջում ենք իշխանություններից, որ որեւէ տեղեկություն տան մեր հարազատների մասին։ Դիմել ենք ՄԱԿ, ԵՄ, ՌԴ դեսպանատանը, Արցախի իշխանություններին, Կարմիր խաչին, եւ ոչ մի տեղից ինչ-որ դրական կամ բացասական պատասխան չունենք։ Կարծես թե ոչ ոք չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորի համար միեւնույն է, որ կան անհետ կորածներ։ Հոկտեմբերի 7-ին ունենք գրանցված զանգ, զանգը եղել է Շուշիից, անհետ կորածներից Կարենը զանգել է իր ընկերուհուն, ընկերուհին այդ փաստը ներկայացրել է ԱԱԾ-ին, Կարմիր խաչին, բայց մինչ օրս այդ զանգի մասին որեւէ տեղեկություն չկա։ Մինչեւ հիմա Կարենի մայրիկի հեռախոսը գտնվում է ԱԱԾ-ում, բայց ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում այդ զանգը բացահայտել։ Մենք վստահ ենք, որ մեր տղաները ողջ են, գտնվում են ադրբեջանցիների մոտ»,- ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց․ «Բոլորը հանձնել են ԴՆԹ թեստ, 21-ից որեւէ մեկի վերաբերյալ համընկնում չի եղել։ Այդտեղից հետեւություն՝ որտեղ են նրանք, ուրեմն ողջ են։ Քանի որ մենք անընդհատ կապի մեջ ենք եղել մեր փրկարար ծառայության աշխատակիցների հետ, մոտեցել են տարածքին, այնտեղ ոչ մի մասունք չի մնացել։ Ուրեմն, այդ տղաները ողջ են, նրանց տարել են։ Շատերն են տեսել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մարդիկ տանում տեղանքից, վիրավորներին ռուսական բազա են տարել՝ բուժելու նպատակով, բայց մարդիկ ասում են, տեսել են, թե ինչպես են այնտեղից նրանց մեծ մեքենաներով տանում ադրբեջանցիները։ Մարդիկ հենց այնպես չեն ասում, ինչ-որ հիմք կա, որ ասում են»։

«Կան փաստեր, որ դեպքից հետո Ադրբեջանի փրկարար ծառայության ծառայողները եղել են դեպքի վայրում։ Արցախի փրկարար ծառայության վարորդը ինձ պատմել է, որ մեկօրյա պատերազմից հետո որոնողական աշխատանքներ կատարելիս Մարտակերտի շրջանում ընդհարումներ են տեղի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի հետ, ընդարումներին խառնվել է թուրք պաշտոնյան, որն իրենց հետ որպես ուղեկցող էր եւ չի թողել, որ ընդհարում լինի։ Ադրբեջանցի պաշտոնյայի ու վարորդի միջեւ խոսակցություն է եղել, ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ ինչո՞ւ եք գնում, մնացեք մեզ հետ ապրեք, եթե մենք ձեր վատն ուզենք, պայթյունի տեղից վիրավորներ չէինք տանի բուժման նպատակով։ Սա գրավոր ներկայացրել ենք ԱԱԾ-ին, ՄԻՊ-ին, Քննչական կոմիտեին, բայց չկա պատասխան»,- պատմեց արցախցիներից մեկը։

 

 

f