Էրդողանը հնչեցրել է պայմանը՝ Զանգեզուրի միջանցք. վախկոտ Երևանը լռում է

  • 09:02 13.07.2024

Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից երկու օր անց ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն հայտնել Միրզոյան-Բայրամով-Բլինքեն բանակցությունների մանրամասները։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, սակայն Սարգիս Խանդանյանը նախընտրեց չխոսել կոնկրետ պայմանավորվածությունների մասին։ Նրա խոսքով, Ադրբեջանը լրացուցիչ պայման է առաջ քաշում, իբր Հայաստանի Սահմանադրության մասին. Խանդանյանն ասում է, որ Բաքուն այդքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր կնքելուն:

Սակայն, ըստ երեւույթին, Սահմանադրության պահանջն ընդամենը քողարկում է։ Իրական պահանջը հնչեցրել է Էրդողանը Վաշինգտոնում հանդիպումներից հետո, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է «խաղաղության պայմանագրի» վերջին ակտը։

Արդյո՞ք այս հարցը քննարկվել է Վաշինգտոնում: Ինչպե՞ս են այդ պահանջին վերաբերվում ԱՄՆ եւ Ֆրանսիան։ Արդյո՞ք Հայաստանը համաձա՞յն է։ Դատելով Էրդողանի վստահ տոնից՝ «առաջընթաց կա»։

Սարգիս Խանդանյանը չհաստատեց՝ հնարավո՞ր է պայմանավորվել Հայաստանի համար առանցքային հարցի շուրջ՝ ենթակառուցվածքների բացում ինքնիշխանության փոխադարձ հարգանքով։

Ադրբեջանը պահանջում է Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցել առանց մաքսային հսկողության, իսկ Հայաստանը դեմ է, հաստատելով, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը։ «Այս փուլում շրջափակման վերացման մասին շատ հանրային խոսակցություն կարծես թե չկա, բայց թեման շարունակում է քննարկվել բանակցություններում։ Ամեն դեպքում, իմ կարծիքով, առաջնահերթությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, իսկ հետո այդ մանրամասների կարգավորումը։ Բայց սա շատ կարևոր խնդիր է, քանի որ փակ սահմաններով ու ճանապարհներով անհնար է պատկերացնել կայունություն և խաղաղություն»,- խոստովանեց Խանդանյանը։

«Թուրքիան հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտին»,- ասել է Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Անկարան հավատարիմ է Երեւանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատմանը։ Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ղեկավարը եւս աջակցում է «հակամարտությունը կարգավորելու դրական միջոցներին»։

Էրդողանը չի բացառել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։

«Ինչու՞ չդիտարկել այս [սահմանի բացման] հարցը։ Ավելի վաղ Փաշինյանին ամեն ինչ ասել էինք այս մասին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Մենք հուսով ենք, որ շուտով տեւական խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է։ Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ ընդունվեն առանց հապաղելու», – ասել է Էրդողանը:

Երևանը դեռ չի հերքել, որ Վաշինգտոնում խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սա վկայում է այն մասին, որ նման խոսակցություն եղել է, և դատելով այն բանից, թե ինչպես են արևմտյան առաջնորդները պնդում «խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրումը, Հայաստանը ընդունել է բոլոր պայմանները։

Մեկ տարի առաջ հայկական նորաթուխ վախկոտ «էլիտան» հայտարարեց, որ եթե Հայաստանը միջամտի Բերձորի միջանցքի եւ Արցախի ապաշրջափակման հարցին, ապա Բաքուն կբարձրացնի Զանգեզուրի միջանցքի հարցը։ Հիմա նույն վերնախավը վախկոտորեն կհայտարարի, որ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, Բաքուն կպահանջի Կոնդը, որն, ի դեպ, արդեն իսկ պատրաստվում է փոխանցման։