Բազմաթիվ արցախցիներ, թոշակի անցնելիս, ՀՀ-ում բախվում են խնդիրների: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, պարզվում է, որ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես՝ կենսաթոշակ նշանակելիս, չի հաշվարկվում 1992-2014 թվականներն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը։ Համապատասխան բազաները բացակայում են, իսկ պատկան մարմիններն աշխատանքային ստաժի վերականգնումը տեսնում են դատական ճանապարհով։
Արցախցի Սամվել Սարաջյանի աշխատանքային 45 տարվա ստաժը Հայաստանում չեն հաշվում։ Բռնի տեղահանությունից հետո Հայաստանում լրացել է 63 տարեկանը, կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ միասնական սոցիալական ծառայություն, պարզվել է՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի։ Նմանատիպ և այլ խնդիրների են բախվում բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ։
Արցախի տեղահանումից հետո Հայաստանում փաստաթղթային իսկական խառնաշփոթ են սարքել․ թոշակառուների “կենսագրությունը” պահպանվել է, բոլոր տվյալները ընդունվել են որպես վստահելի, սակայն նոր թոշակի անցնող մարդկանց տվյալները, նույնիսկ աշխատանքային գրքույկի առկայությունը, չի ընդունվում։ Դեռ Արցախում ստացած ID-ները գործում են, իսկ Հայաստանում նույնիսկ քաղաքացիություն ստացած արցախցիներին ID չեն տրամադրում։ Մինչ անցած տարի ստացած արցախցիների գույքային իրավունքը Հայաստանում պահպանվում է, բայց նոր գույքային իրավունք չի ստացվում ստանալ։
Անձնագրերի եւ այլի մասին առհասարակ չենք խոսում․ կառավարությունն այդպես էլ չի ներկայացրել որեւէ հայեցակարգ, որտեղ ամրագրված կլինի ՀՀ-ում արցախցիների կարգավիճակի հանդեպ երկարաժամկետ մոտեցումը։ Նույիսկ ՀՀ քաղաքացիություն երկրորդ անգամ ստանալը չի ապահովում “կենսագրության” պահպանումը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: