2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ծանր իրավիճակում էին հայտնվել, հատկապես Ստեփանակերտի մանկատան սաներն ու աշխատակիցները։
Զոյա Հարությունյանը շուրջ 15 տարի որպես դաստիարակ աշխատում էր մանկատանը և սեպտեմբերի 19-26 պատասխանատվություն ստանձնեց անասելի այդ դժվարին պայմաններում պաշտպանել ու հոգ տանել ծնողազուրկ և սահմանափակ կարողություններով որբ երեխաներին՝ կազմակերպելով նրանց տարհանումը։
«2023թ. սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը ժողով է հրավիրում աշխատակիցների հետ և առանց կամքս հաշվի առնելու՝ ինձ նշանակում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ իր ասելով՝ ինքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման նպատակով պիտի մեկնի ՀՀ։ Ես դեմ էի այդ որոշմանը հատկապես ուսումնական տարվա մեկնարկին, որովհետև դաստիարակի և տնօրենի պարտականությունները միասին մեծ պատասխանատվություն և դժվարություններ էին ենթադրում։ Ժողովի ժամանակ տնօրենը տեղեկացրեց նաև, որ թողնում է 5 լիտր բենզին՝ Աստված մի արասցե պատերազմ սկսվելու դեպքում խիստ անհրաժեշտ խնդիրները լուծելու համար»,-ներկայացրեց Զ. Հարությունյանը։
Մանկատանը (Ստեփանակերտում գիշերօթիկ հաստատություն էր անվանվում) պետության հոգածության ներքո էին մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած 14 երեխա։ Նրանց հետ երեք հերթափոխով աշխատում էին 3-ական դաստիարակ, դայակ, բուժքույր ու մեկ հոգեբան։ Ամեն առավոտ բուժքույրն ու դայակը կոկիկ, խնամված երեխաներին ուղարկում էին Ստեփանակերտի թիվ 9 հիմնական դպրոցը, որը մոտ էր հաստատությանը։ Գիշերօթիկի դաստիարակներն ու դպրոցի ուսուցիչները մշտական կապի մեջ էին միմյանց հետ, քանի որ երեխաների մեծամասնությունը սահմանափակ կարողություններով էին։
Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան, մանկատան աշխատակիցները սովորության համաձայն երեխաներին ուղարկեցին դպրոց, իսկ ժամը 13։00-ի սահմաններում երկինքը դղրդաց թշնամու ռազմական գործողությունների ուժեղ ձայներից։ «Բոլորս շոկի մեջ էինք, առաջին զանգս մեր վարորդին էր ուղղված, որ գար և մեր սաներին ավտոմեքենայով տեղափոխեր 9-րդ դպրոցի ապաստարան։ Վարորդն ասաց, որ ո՛չ մեքենա կա, ո՛չ էլ վառելիք։ Քանի որ մեր հաստատությունում խնամվում էին նաև մանկահասակ երեխաներ, որոնցից ամենափոքրը 8- ամսական էր, պետք է անհապաղ մի բան ձեռնարկեինք։ Հերթափոխի մեր վարորդներից մեկի անձնական ավտոմեքենայով՝ չընդհատվող կրակոցների և ուժեղ դղրդյունների տակ, տարակուսած ու սարսափած մանկահասակ երեխաներին շուտափույթ տեղափոխեցինք 9-րդ դպրոցի ապաստարանը, փորձեցինք երեխաներին հանգստացնել, որովհետև հոգեբանական ահավոր վիճակում էին»,-պատերազմի առաջին ժամերի իրենց ապրումների մասին հուզմունքով կիսվեց Գիշերօթիկի տնօրենի պաշտոնակատարը։
Ապա Զոյա Հարությունյանն ու մանկատան մեկ այլ աշխատակից՝ Կարինեն, ռմբակոծությունների տակ երեխաների համար փորձեցին սնունդ ու անկողին գտնել՝ գիշերն ապաստարանում լուսացնելու համար։ Այդ ընթացքում, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, հնարավորություն չուներ զանգելու իր ընտանիքի անդամներին, կապ չկար, ոչ էլ տուն այցելելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ պահակներից մեկն ապրում էր Գիշերօթիկի մոտ։ Նրան խնդրեց, որ գա օգնելու երեխաների անկողինն ու այլ անհրաժեշտ պարագաները սայլակով հասցնեն ապաստարան։ Քանի որ մանկատունը մոտ էր Կրկժան թաղամասին, որն էլ անմիջապես Շուշիի կողմից թշնամու ռազմական գործողությունների թիրախում էր, ուստի տեղի բնակչությունը հայտնվել էր պատերազմի կիզակետում։
«Պահակի և մեր հերթափոխի աշխատակիցների հետ արկերի, հրթիռների, ռումբերի, պայթյունների ներքո մի կերպ կարողացանք այդ ամենը կազմակերպել ու հասցնել դպրոցի նկուղային տարածք։ Քանի որ դպրոցի ապաստարանը մայրաքաղաքի այդ թաղամասում միակն էր, ուստի այնտեղ այնքան մարդ էր պատսպարվել, որ անգամ նստելու տեղ չկար։ Մարդկանց մի մասը կանգնում էին, մյուսները՝ հերթով նստում ու այդպես ամբողջ գիշեր։ Դրան զուգահեռ վախի ու անորոշության մթնոլորտ էր տիրում․ մեկը լացում էր, մյուսը գոռում էր, մեկ ուրիշին էլ որդու զոհվելու լուրն են հայտնել։ Այդ պայմաններում սարսափած երեխաներին հնարավորինս հանդարտեցրինք, տեղավորեցինք, կերակրեցինք։ Սեպտեմբերի 20-ի լույսը բացվելուն պես վազեցի մեր տուն՝ տեսակցելու ընտանիքիս անդամներին, այնուհետև միասին տեղափոխվեցինք ապաստարան»,-պատմում է մեր զրուցակիցը։
Վերադառնալով ապաստարան՝ նրանք անակնկալի են գալիս։ «Շենքը շրջապատված էր դիմակավորված հատուկ ջոկատայիններով, իսկ բնակիչներն էլ լքել էին տարածքը։ Ապաստարանում մնացել էին ընտանիքիս անդամներն ու մանկատան մեր սաները։ Զինյալներն ասացին, որ ադրբեջանցի զինվորներն արդեն Ստեփանակերտի մատույցներում են։ Պետք էր շտապ լքել ապաստարանը և մեկնել Իվանյանի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների մոտ։ Մանկատան մեր սաները խիստ վախեցած, շոկի, սթրեսային վիճակում էին։ Անմիջապես երեխաներին նստեցրինք ամուսնուս ու աղջկաս ավտոմեքենաները, որ ճանապարհվենք դեպի օդանավակայան,-ներկայացրեց մեր զրուցակիցը։
Մարդիկ կային, որոնք վստահեցնում էին, որ ժամը 12։00-ին հրադադար է լինելու և կարիք չկա օդանավակայան ուղևորվելու։ Մանկատան երեխաների մի մասին օդանավակայանից մեծ դժվարություններով տեղափոխում են Ստեփանակերտ և ապաստանում հիվանդանոցի նկուղում։ Նրանք տեղափոխվում են այդտեղ և հրադադարի լուրը հաստատվելուց հետո ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ուղարկում է «գազել» մակնիշի մեքենա, որ երեխաները հիվանդանոցի նկուղից հասնեն հաստատություն, սակայն հաստատության տարածքից արդեն երևում էին շրջակա բլուրներում դիրքավորված ադրբեջանական դիպուկահարներ։
«Այդ պահին Աստված մեզ երկնային ուժ տվեց, որ չվախենանք, որովհետև որբ երեխաները մեր աչքերի մեջ էին նայում։ Մենք հայտնվել էին թշնամու ուղիղ նշանառության տակ։ Մեր աշխատակիցների մի մասը երեխաներին պահում էին շենքի որոշ չափով ապահով մասում, իսկ մյուսների հետ վառարանի վրա ճաշ էինք պատրաստում, որ երեխաները սոված չմնան։ Այդ գիշերն էլ նստած անցկացրինք՝ համարյա չքնելով, բայց կարողացանք հաց թխել։ Առավոտյան երեխաներին նախաճաշ տալու ընթացքում լսվեցին կրակոցներ. պարզվեց Կրկժանի թաղամասում մարտեր են ընթանում։ Կրակոցների տակ երեխաներին տեղավորեցինք մեքենաներում, որ հեռանանք, իսկ ես՝ ի դեմս վախեցած երեխաների գոռում-գոչյունների, որ չգնամ՝ հետ վազեցի՝ գիշերվա ընթացքում թխված հացերը վերցնելու համար։ Հացերը գրկած բոլորս խցկվեցինք ավտոմեքենաներ և ուղևորվեցինք դեպի քաղաքապետարան։ Ամենուր խառնաշփոթ էր։ Մեր աշխատակիցները փոքր երեխաներին գրկներին մնացին կանգնած քաղաքապետարանի դիմաց, իսկ ես փորձում էի գտնել պետական կառույցների պատասխանատուներին՝ երեխաների տեղավորման խնդիրը լուծելու համար»,- արցունքն աչքերին պատմում է Զոյան։։
Որոշ ժամանակ անց երեխաներին տեղափոխեցին քաղաքապետարանի նկուղային մի սենյակ։ Քաոսային այդ վիճակում անհրաժեշտ էր նաև Գիշերօթիկից վերցնել կարևոր փաստաթղթեր։
«Արդեն մթնում էր. ադրբեջանցիները Կրկժանի տարածքում էին։ Առանց ընտանիքիս տեղեկացնելու Հայկի և մեր տնտեսվար Կարինեի հետ ավտոմեքենայով զգուշորեն մոտեցանք մեր հաստատությանը։ Հեռախոսի լույսը երիտասարդից հեռացրի, որովհետև դիպուկահարները հետևում էին. ասացի, որ ինքը ջահել է ու եթե մի բան լինի՝ թող ինձ հետ պատահի»,-արտասվելով պատմեց տիկին Զոյան։ Ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության տակ՝ կյանքի գնով, նրանց հաջողվում է վերցնել համապատասխան փաստաթղթերը, երեխաների մկրտության ոսկե խաչերը։
Պատերազմի այդ օրերին երեխաների համար սնունդ հայթայթելն ու պատրաստելը խնդիր էր, հատկապես գազի ու էլեկտրական հոսանքի իսպառ բացակայության պայմաններում։ Ինչպես տեղեկացրեց զրուցակիցս, ամենափոքր՝ 8 ամսական երեխայի մանկական կերը ստիպված հում սառած ջրով էին պատրաստում
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից Գիշերօթիկի տնօրենի պաշտոնակատարին տեղեկացնում են, որ երեխաներին հատկացվել է ավտոբուս և նրանց հաջորդ օրը պետք է տարհանեն Հայաստան։ Նույն գիշեր Զ. Հարությունյանը, դայակ Ռենան, որը պահում էր 8 ամսական երեխային, ֆիզհրահանգիչ Հասմիկը մնացին երեխաների հետ. վառարանի վրա հաց թխեցին, կարտոֆիլ եփեցին, որ երկար ու դժվար ճանապարհին առանց ծնողական խնամքի մնացած երեխաները սոված չմնան։
Սեպտեմբերի 26-ին ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու մեկ դայակի ընտանիքների ուղեկցությամբ մանկատան սաներն ավտոբուսով տեղափոխվեցին ՀՀ Կապան քաղաք, իսկ Զ. Հարությունյանը միացավ իր ընտանիքին և տեղահանվեց սեպտեմբերի 27-28-ին։
Մեր զրուցակիցը բռնի տեղահանության դժոխային ճանապարհն անցնելու ընթացքում և հիմա մշտական կապի մեջ է երեխաների ու ՀՀ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի տնօրենության հետ։
Հ․Գ․ Կենտրոնի տնօրեն՝ տիկին Ռուզաննայից ճշտեցինք Ստեփանակերտի գիշերօթիկի երեխաների խնամքի ներկայիս պայմանների մասին։ «Այստեղ են տեղափոխվել բռնի տեղահանված արցախցի 10 բալիկները (մնացած 4-ի ծնողները տեղահանությունից հետո տարել են իրենց երեխաներին), որոնք կեցության ապահով պայմաններում ստանում են մասնագիտական անհրաժեշտ աջակցություն։ Այս ընթացքում հանդիպել ենք մյուս ծնողների հետ, կազմակերպել տեսակցություններ։ Աշխատանքներ ենք տանում, որ երեխաները վերամիավորվեն իրենց ընտանիքներին»,-տեղեկացրեց Կենտրոնի պատասխանատուն։ Նրա հետ ունեցած զրույցից պարզվեց, որ նշյալ հաստատությունում բժշկի հսկողության ներքո միասին խնամվում են նաև հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ։ Նա հավաստիացրեց, որ հոգեկան առողջության խնդիրներով երեխաները չեն խաթարում մյուսների կենսակերպը։
Զառա Մայիլյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: