Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
-Տիկի՛ն Ավագյան, կա մտավախություն, որ Ադրբեջանն առիթն օգտագործելու է և COP29-ը ուղղելու է Հայաստանի դեմ։ Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում, հատկապես որ պարբերաբար Բաքվից հնչում են մեղադրանքներ, թե իբր Հայաստանը էկոլոգիական խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում։
-Այո՛, Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի դեմ՝ բոլոր ուղղություններով, նաև էկոլոգիական։ Դրա ավտորիտար առաջնորդը խնդիր է դրել Հայաստանի վարկանիշը միջազգային հարթակներում նսեմացնել ու ներկայացնել Հայաստանը որպես էկոլոգիական խնդիրներ ստեղծող երկիր, ու սա էլ Հայաստանի չեզոքացման թուրքական ծրագրի մաս է։ Անցած տարի էր, որ Ադրբեջանի առաջնորդը նախահարձակ գնաց անխտիր բոլոր տեսակի քայլերի՝ ընդհուպ հրահանգեց կրակել Երասխում մետալուրգիական գործարանը կառուցող բանվորների վրա, իրենց զինված ագրեսիան հիմնավորելով կառուցվելիք մետալուրգիական գործարանը Նախիջևանի սահմանի մոտ գտնվելու հանգամանքով և իբրև «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայով (Էսպոյի կոնվենցիա), մեջ բերեց Կոնվենցիայի 3.1 հոդվածի՝ «Հայաստանը պարտավոր էր Ադրբեջանին տեղեկացնել շրջակա միջավայրի վրա նշյալ գործունեության ազդեցության մասին» 3.7 կետը, որով Ադրբեջանը պահանջում էր տեղեկատվություն նախագծի անդրսահմանային բացասական ազդեցության քննարկման համար։ Արդյունքում՝ հայկական կողմը որոշեց Արարատ գյուղում կառուցել պողպատի գործարանը, հայկական կողմը տեղի տվեց: Հիմա հարց. հայկական կողմը չէր կարո՞ղ կանխատեսել նման ելքը և ի սկզբանե Երասխում չպլանավորել կառուցումը։ Մի՞թե սա վնասարար կարճատեսություն չէ Հայաստանի կողմից։
Ավտորիտար, արմենոֆոբիայի մեջ խեղդվող Բաքուն կազմել է Հայաստանի այսպես կոչված «էկոլոգիական քարտեզը», որը, անկասկած է, դարձնելու է COP29-ի հիմնական իր թեման։ Ես որևէ ձևով չեմ արդարացնում COP29-ից ի օգուտ ցեղասպան Ադրբեջանի հրաժարվելու Հայաստանի քայլը։ Դրանով Հայաստանը Ադրբեջանին կրկին զիջեց ահռելի ռեսուրսներ։ Այդ միջոցառմանը սովորաբար այցելում են մինչև 80-100 հազար մարդ աշխարհի տարբեր անկյուններից։ Բաքուն ինքնագովազդի, ինքնահաստատման, աշխարհին ներկայանալու, ներդրումների, զբոսաշրջության մեծ պոտենցիալ նվեր ստացավ Հայաստանից, ու այդ հանգամանքն էլ լկտիացնում է դրան ու դրա մինչև արմունկները արնաթաթախ առաջնորդին։ COP29-ը Ադրբեջանը կօգտագործի Հայաստանին հերթական «շրջափակման» մեջ մտցնելու համար, տնտեսապես չեզոքացնելով՝ ներուժի թուլացման նկատառումներով, ներկայացնելով Հայաստանին ոչ օգտակար գործընկերոջ։
Ու նաև մի կարևոր հանգամանք՝ Բաքուն ստացավ ևս մի լրացուցիչ հնար աշխարհի ուշադրությունը շեղելու Արցախի ու արցախահայերի խնդրից։ Հայաստանը արդեն հիմա պետք է ձեռնարկի հակահարձակման քայլեր, նաև նախահարձակ լինի։ Մի կողմից Հայաստանը պարտավոր է անցնել արդեն ինքնապաշտպանական դիրքի, մյուս կողմից էլ աշխարհին համարձակ ցուցադրել, թե բնությունը կողոպտած Բաքուն ինչ էկոլոգիական խնդիրների է հանգեցրել, հասցնելով ավերել թե՛ նավթակիր Ապշերոնը, թե՛ Կասպիցի ջրերը, թե՛ Արցախի անտառներն ու բնությունը։ Ակնհայտ է, որ պետք է բարձրաձայնել բնական ռեսուրսների կողոպուտի մասին, երբ տարածաշրջանի բնիկ, ավտոխտոն ժողովրդներին քշելով, ցեղասպանելով կամ էլ առնվազն ճնշելով, հափշտակել և յուրացրել են նրանց պատկանող բնական ռեսուրսները ու զրկել նրանց բաժին ռեսուրսից։ Հայությանը պատկան բնական ռեսուրսները թե՛ Ապշերոնում, թե՛ Գարդմանքում, թե՛ Նախիջևանում, հիմա էլ արդեն Արցախում յուրացրել է Բաքուն։ Որքան էլ ցինիկաբար շրջանցի միջազգային օրենքը, միևնույն է՝ Բաքվից միջազգային դատարանով պետք է պահանջել գոնե Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 820 հազար փախստականների ու նրանց ժառանգներին հասանելիք բաժինը, նաև Արցախին տված վնասների փոխհատուցման հարցը պետք է առաջ տանել։ Սրա մասին տասնամյակներ ենք խոսել, սակայն հայկական իշխանությունները ոչ մի քայլ էլ չեն ձեռնարկել, ամեն ինչ ավարտվել է նեղանձնային շահերի սպասարկումով և ինքնագովազդով, պարզապես անկարող են ու կախյալ, մինչ օրս էլ արտաքին կառավարման տակ ընդառաջում են ցեղասպան թրքական միավորին ու կասկածի տակ դնում հայության գոյությունը ։
-Տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը ծրագրում է Նախիջեւանում կառուցել վտանգավոր թափոնների վնասազերծման պոլիգոն: Սա ի՞նչ է նշանակում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
-Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ պոլիգոնը կզբաղեցնի 9 հա Նախիջևանի Քենգերլի շրջանի Բեյուքդյուզ գյուղի տարածքում, այդ շրջանը հարավում հարում է Իրանին, հյուսիսում՝ Հայաստանին։ Ու սրան հետևում են մի շարք հարցեր։ Վտանգավոր թափոնները որո՞նք են այս դեպքում, որտեղի՞ց, ո՞ր երկրից, ինչպե՞ս է տեղափոխվելու տվյալ վայր, ի՞նչ հեռավորության վրա է գտնվում այդ վայրը սահմանակից երկու պետություններից։
Որքանո՞վ է հավանական, որ կոռումպացված, ցինիկ ու միջազգային օրենք ու որոշում ոտնահարող պետական միավորը կհետևի, ասենք, վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիային կամ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին կոնվենցիային, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային, ՄԱԿ-ի համակարգի մեջ ՄԱԳԱՏԷ-ի որոշումներին և այլն։
Հիշենք, որ երբևէ ավտորիտար, քսենոֆոբիայով տառապող, կոռուպցիայի մեջ խրված պետությունը չի կարող վարել նորարարական տեխնոլոգիաներով գործունեություն, դա անհնար է, այստեղից էլ հետևում է, որ Ադրբեջանը արհամարհական կշրջանցի բոլոր այդ կոնվենցիաները և պոլիգոնում կվարի իրեն հարիր ու բնորոշ կողոպտիչ և վայրագ գործունեություն, ինչը կստեղծի տեխնածին սպառնալիքներ ողջ տարածաշրջանի համար։ Հավանական է, որ դա Թուրքիայի ծրագիրն է, հիմնական թափոնները կլինեն դրա ատոմակայանի վտանգավոր թափոնները, կախյալ վասալական Ադրբեջանի հայկական տարածքը Թուրքիայի համար վտանգավոր թափոնների վնասազերծման պոլիգոն կծառայի, ու կոռուպցիայի պարագայում՝ ռիսկերը տարատեսակ վթարների ու աղետների համար շատ մեծ են։ Իհարկե, խոսքը նաև հայապատկան Նախիջևանի էկոլոգիայի մասին է, որքա՞ն խորը այն կապականեն։
Ընդգծենք, որ նման պոլիգոնը կծառայի նաև «կեղտոտ միջուկային զենք»-ի համար, այդ դեպքում ու՞մ դեմ։
-Բաքվի այս գործողությունների դեմ պայքարելու համար ի՞նչ աշխատանք պետք է տանի Հայաստանը՝ մասնագիտական խմբեր ներգրավելով, նաեւ համագործակցելով միջազգային կառույցների հետ։
-Պետությունը պարտավոր է ներգրավել մասնագիտական խմբերի, փորձագետների։ Ընդունված ձևաչափը, երբ կադրային քաղաքականության հիմքում բացառապես ժողովրդական լեզվով ասած՝ խծբ-ն է (խնամի, ծանոթ, բարեկամ), դարձել է կործանարար։ Թող իշխանամոտ սատելիտները սրընթաց դեպի մեզ եկող սպառնալիքը չընկալեն սեփական բարեկեցության ապահովման ևս մի հնարավորություն, երբ որքան վատ է երկրին, այնքան բարեբեր է դրանց համար։
Պետությունը, քաղաքական իշխանությունները, համագործակցելով հանրային դաշտի հետ, պետք է վարեն հեռատես քաղաքականություն, մեծագույն կենտրոնացումով ուժերի և մտքերի, ներգրավելով Սփյուռքի ներուժը։ Հապաղելու ժամանակ չունենք, թեև իշխանությունների պահվածքից էլ չի երևում, որ իրենք կարողացել են օբյեկտիվ հաշվարկել ռիսկերը ու հիմա պատրաստ են որևէ գործնական արդյունավետ քայլի։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: