Հնդկաստանի ամենահարուստ ընտանիքը հարսանիք է նշում

  • 21:51 13.07.2024

ВВС

Հնդկաստանում երկրի ամենահարուստ մարդու՝ գործարար Մուկեշ Ամբանիի ընտանիքը մեծ մասշտաբով նշում է հարսանիք։ Նրա որդին՝ 29-ամյա Անանտ Ամբանին, ուրբաթ օրն ամուսնացել է իր հասակակից Ռադհիկա Մերչանտի՝ միլիարդատեր Շրի Վիրեն Մերչանտի դստեր հետ:

Մումբայում հարսանիքի հյուրերի թվում են ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և նրա կինը, ամերիկացի ըմբշամարտիկ և կինոդերասան Ջոն Սինան և Բոլիվուդի աստղերը։

Այս շաբաթավերջի տոնակատարությունները Անանտ Ամբանիի և Ռադհիկա Մերչանտի ամուսնության շուրջ տոնակատարությունների վերջին մասն են:

Հարսանեկան տոնակատարությունները սկսվել են մարտին և շարունակվել մինչև հուլիսի 12-ի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքին նախորդած տոնակատարությունների ժամանակ նկատել են նաև բազմաթիվ հայտնիների։

Այսպես, մեկ շաբաթ առաջ ավանդական նախահարսանեկան արարողության առիթով Ջասթին Բիբերն է ելույթ ունեցել փեսայի և բազմաթիվ հյուրերի առջև։

Առաջին նախահարսանեկան խնջույքին Ռիհաննան է ելույթ ունեցել, իսկ երկրորդում՝ Միջերկրական ծովով նավարկության ժամանակ՝ Backstreet Boys խումբը, ամերիկացի երգչուհի Քեթի Փերին և իտալացի տենոր Անդրեա Բոչելին։

Թե ինչ արժեն այս բոլոր երեկույթները, հայտնի չէ։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ ելույթի համար Ռիհաննային վճարել են 7 մլն դոլար, իսկ Ջասթին Բիբերին՝ 10 մլն․ դոլար։

Մուկեշ Ամբանին հնդկական Reliance Industries ընկերության մեծամասնության սեփականատերն է եւ տնօրենների խորհրդի նախագահը, որը Հնդկաստանի մասնավոր հատվածի ամենամեծ ընկերությունն է:

Ըստ Forbes-ի՝ նա ոչ միայն Հնդկաստանի, այլեւ Ասիայի ամենահարուստ մարդն է եւ զբաղեցնում է 11-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Նրա կարողությունը գնահատվում է 124 միլիարդ ԱՄՆ դոլար։

Forbes-ի ռուսական տարբերակի համաձայն՝ 2023 թվականին Ամբանիի Reliance Industries ընկերությունն իր եկամտի 60%-ը ստացել է նավթի, դիզվառելիքի և նաֆթայի վաճառքից։ Միաժամանակ, ինչպես գրում է հրատարակությունը, այդ ժամանակ ընկերությունը գնում էր ռուսական նավթ, որը էժանացել էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով։

Անանտ Ամբանին Մուկեշ Ամբանիի երեք երեխաներից կրտսերն է և Յեյլի համալսարանի շրջանավարտ է։

Ռադհիկա Մերչանտի հայրը միլիարդատեր Վիրեն Մերչանտն է, դեղագործական մագնատ և Encore Healthcare դեղագործական ընկերության հիմնադիրը։ Նրա կարողությունը գնահատվում է 92 մլն դոլար։ Ռադհիկա Մարչանտը Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ է` քաղաքագիտության աստիճանով:

f