Արցախցիների 11 ընտանիք՝ Տաշիր քաղաքի հյուրանոցում․ “Երեխաներս զրկված են ամենափոքր ուրախություններից”

  • 12:02 14.07.2024

Արցախից բռնի տեղահանվելուց հետո արցախցիների մի մասը բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերում։ Այսօրվա դրությամբ համայնքի 12 բնակավայրերում ապրում են 302 ընտանիքներ՝ 1174 անձանց ընդգրկմամբ։ 11 ընտանիք հաստատվել է Տաշիր քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում են անվճար հիմունքներով, անժամկետ։ Սենյակները վերանորոգվել են և տրվել նրանց։

Տեսնելու, թե ինչպես են ապրում խոցելի խմբի այդ մարդիկ՝ մենք այցելեցինք հյուրանոց, սակայն օրվա այդ ժամին ոչ բոլորն էին իրենց կացարաններում։

 

Թամարա Թադևոսովան Ստեփանակերտից է տեղահանվել։ Երեխա էր, երբ առաջին անգամ մոր հետ 1988 թվականին բռնատեղահանվել է Ադրբեջանի Մինգեչավուր քաղաքից։ Միայնակ մայր է, ունի երկու անչափահաս երեխաներ, տարեց ու հաշմանդամ մոր խնամակալությունը ևս նրա վրա է։ Կացարանն անմխիթար վիճակում էր։ Երկու սենյակներից բաղկացած բնակարանը կահավորված չէր։ Չկար լվացքի մեքենա ու սառնարան։

Սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից և մեծ դժվարությամբ հասել Գորիս։ Անկողնուն գամված մայրը ճանապարհը մի կերպ է հաղթահարել։ Ծայրահեղ ծանր կացության մեջ են Թադևոսովները։

-Պետության կողմից տրվող աջակցությունները չենք ստանում, ապրում ենք մորս կենսաթոշակով ու երեխաներիս նպաստով։ Դժվար է շատ, մի կերպ ենք յոլա գնում։ Լուրջ խնդիրներ ունենք, որոնց լուծման համար գումար է հարկավոր։ Երեխաներս փոքր են, զրկված են ամենափոքր ուրախություններից, որովհետև հնարավորություն չունեմ հոգալու նրանց կարիքները։ Ճիշտ է, որոշակի սնունդ ենք ստանում, բայց փոքրիկներս ու տարեց մայրս մրգի, բանջարեղենի, մսեղենի ու կաթնամթերքի կարիք ևս ունեն։ Կրտսեր տղաս դեռ մանկապարտեզ չի գնում, այդ պատճառով չեմ կարող աշխատանք գտնել։

Լսել եմ բնակարանային աջակցության ծրագրի մասին, սակայն չգիտեմ, ինչպես մոտենալ հարցին։ Չեմ կարողանում կողմնորոշվել։ Մտածում եմ՝ ստանալ սոցիալական բնակարան ու ապրել Տաշիր համայնքում,-ասում է Թամարան։

Մյուս արցախցին, որի հետ հաջողվեց հանդիպել՝ Սերգեյ Ավագիմովն է Արցախի Մարտունի քաղաքից։ Նա նույնպես երկրորդ անգամ է բռնատեղահանվում։ Առաջին անգամ Բաքու քաղաքից է որպես փախստական տեղահանվել ու հաստատվել Մարտունիում։ Սերգեյը ընտանիք չի կազմել, ապրել է մենակ և հարազատ բնակավայրում իր մեծ ու հարմարավետ տունն է ունեցել։ Զինվորական թոշակառու է, և այսօր իր ապրուստի միջոցը միայն այդ թոշակն է։

-Արցախից տեղահանվելուց հետո, երբ ինձ առաջարկել են հաստատվել այս հյուրանոցում, անմիջապես համաձայնել եմ, որովհետև ինքս չէի կարող տուն վարձակալել։ Այստեղ սննդով ապահովում են մեզ, թոշակիս գումարով կարողանում եմ գոյատևել։ Ուղղակի հեռուստացույց ու սառնարան չունեմ, ինչը շատ անհրաժեշտ է ինձ համար։ Իմ միջոցներով հնարավոր չէ ձեռք բերել։ Իրականացվող բնակարանային աջակցության ծրագրի մասին այնքան էլ տեղեկացված չեմ ու չեմ հետաքրքրվում։ Քանի-որ ինձ հասնում է ընդամենը 3 մլն դրամ, դրանով ի՞նչ տուն կարող եմ գնել։ Իմ կարծիքով միայնակ մարդկանց համար լավ կլինի կացարաններ կառուցեն ու տրամադրեն, այլապես մենք կմնանք առանց տանիքի։

Երբ հեռանում էինք հյուրանոցից, մի քանի արցախցիների ևս հանդիպեցինք, որոնք ապրում են նույն հյուրանոցում։ Բոլորն էլ դժգոհ էին բնակարանային ծրագրից ու համոզված, որ տրամադրվող հավաստագրերով 1 կամ 2 հոգանոց ընտանիքները չեն կարողանա տուն ձեռք բերել։ Արցախցիների միակ երազանքն ու փրկությունը հարազատ բնակավայրեր վերադառնալն է, որի իրականացմանն արդեն չեն հավատում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

f