Արցախցիների համար Տաշիրը ապրելու առումով հարմար է, միայն աշխատանք չկա

  • 00:26 15.07.2024

Բռնի տեղհանումը արցախահայության ուսերին ծանրացրել է ոչ միայն հայրենիք կորցնելու ցավը, այլև առաջ է բերել մի շարք սոցիալական խնդիրներ՝ տների և աշխատանքի հարցեր:

Տները համեմատաբար հասանելի են շրջաններում, սակայն մայրաքաղաքից այն կողմ այլ խնդիր է ծագում՝ աշխատանք:

Տաշիրը այն համայնքներից է, որտեղ արցախահայությունը կոմպակտ բնակեցված է: Ըստ համայնքապետարանի վերջին տվյալների, Տաշիր խոշորացված համայնքում բնակվում են արցախցիների 302 ընտանիք՝ 1174 անձ, որը մեծմասամբ իրականացվել է ի շնորհիվ «Տաշիր բարեգործական հիմնադրամ»-ի:

Աշխատանքի հարցը որոշակիորեն հնարավոր էր լուծել կանանց պարագայում: Համայնքի դպրոցների մանկավարժների թափուր հաստիքները համալրվել են արցախցի ուսուցիչներով, սակայն տղամարդկանց զբաղվածության հարցը բավականին սուր է դրված:

Տաշիրի համայնքապետարանում գտնվելու ժամանակ հանդիպեցինք արցախի բնակիչներից մեկին, ով եկել է տղայի ընտանիքը գրանցելու համար, նշելով, որ Երևանում աշխատանք չեն գտել, ստիպված եկել են իրենց մոտ, այդպես գոնե մեղմելով ծանր սոցիալական վիճակը:

Ըստ համայնքապետարանի տվյալների, առաջին մի քանի ամիսներին աշխատանքը գերծանրաբեռնված էր, հիմա արդեն արցախահայությունը որոշ չափով ինտեգրվել է և համայնքապետարանին դիմում են նույն հաճախականությամբ, ինչպես մյուս բնակիչները, իսկ որոշները նույնիս փոքրիկ բիզնեսներ են հիմնել՝ հացի փուռ, վարսավիրանոց:

Նորաշեն

Աշանի բնակիչ Հովիկ Վարդանյանը հաստատվել է Տաշիրի Նորաշեն գյուղում և ցանկանում է այստեղ մնալ, նշելով, որ գյուղի մթնոլորտը տրամադրող է, հեշտ են հարմարվել ի շնորհիվ գյուղացիների՝ «4 տղա ունեմ, 3 գնացել են Ռուսաստան աշխատելու: Այստեղ կցանկանամ տուն գնել, եթե գները նորմալ լինեն»:

Մեր հարցին, արդյո՞ք մարդիկ պատրաստվում են օգտվել բնակապահովման ծրագրերից, պատասխանը գրեթե նույնն էր՝ եթե այստեղ աշխատանք լինի…

Քրիստինա Ալավերդյան

f