Արցախցիների շրջանում արտագաղթի տեմպը մեծանում է

  • 18:28 16.07.2024

Արցախցիների շրջանում արտագաղթի տեմպը մեծանում է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «Արդարություն եւ վերադարձ» ՀԿ-ն երկու ամիսների ընթացքում մարզերում հանդիպումներ է ունեցել արցախցիների հետ՝ անցկացնելով հարցումներ։ «Եվ այդտեղ մենք մի բան պարզեցինք, որ կոնկրետ հիմա անհնար է հստակ որոշել արցախցիների տեղակայման վայրերը, որովհետեւ շարժն անդադար է։ Մենք փորձեցինք ամիսների ընթացքում հասկանալ կայունությունը, բայց հավատացեք, կայուն գրեթե ոչինչ չկա։ Նախ Հայաստանի տարածքով մեկ ներքին շարժն է շատ մեծ, որովհետեւ աշխատանքի եւ բնակվարձերի հետ կապված անընդհատ փոփոխություն է տեղի ունենում։ Եվ նաեւ, այո՛, արտագաղթում են։ Փորձեցինք այլ կերպ ճշտել իրավիճակը եւ դիտարկեցինք արվեստի, մշակույթի, արհեստի ոլորտների այն խմբակները, որոնք վերականգնվել են եւ ՀՀ տարածքում շարունակում են իրենց գործունեությունը։ Եվ ինչ-որ համաչափություն ստացվեց՝ յուրաքանչյուր խմբակի մասնակիցների մոտ 25 տոկոսն արդեն մայիսի վերջերին պատրաստվում էին լքել Հայաստանը։ Այսինքն՝ բռնի տեղահանվելուց հետո մինչեւ մայիս ամիսը Հայաստանը լքած արցախցիներից բացի եւս այդքան մարդ պատրաստվում էր արտագաղթել մայիսից հետո»,- ասաց նա։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ այս փուլում արցախցիների արտագաղթը մեծացել է՝ պայմանավորված նաեւ ՀՀ կառավարության բնակապահովման անբարենպաստ ծրագրով։ «Մարդիկ հասկանում են, որ այդ ծրագրով այս իշխանությունները փակում են նաեւԱրցախ վերադառնալու հարցը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ բնակապահովման ծրագրից բացի, մարդիկ դժգոհում են նաեւ սոցիալական աջակցության ծրագրերի անհասանելիությունից։ Մասնավորապես, վերաբնակիչները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո շարունակում էին ապրել Արցախում եւ բռնի տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին, այդ մարդկանց զրկել են «40+10» հազար աջակցության ծրագրից՝ պատճառաբանելով, որ նրանք բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրի շահառուներ են։ Եվ այդ մարդիկ այսօր դեռ բնակարան ձեռք չեն բերել, զուգահեռ չեն օգտվում աջակցության ծրագրերից։ «Մարդիկ բնակվարձերի պատճառով հայտնվում են փողոցում։ Եվ նաեւ այդպիսի խնդիրներով պայմանավորված՝ արտագաղթի տենդեցն ավելի է մեծանում, ավելի շատ մարդիկ են տրամադրված լքել Հայաստանը»,- հավելեց նա։

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Հայաստանից հեռացող արցախցիները հիմնականում Ռուսաստան են տեղափոխվում։ Բայց կան նաեւ Ֆրանսիա ու ԱՄՆ տեղափոխված ընտանիքներ։

Ռոզա Հովհաննիսյան

f