Բոնն «Կլիմայի աշտարակ», կողմերի համաժողովին (COP)
Bonn, «Climate Tower», Conference of the Parties (COP)
ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարության կենտրոնակայանին
Այս տարի նոյեմբերի 11-ից 24-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP29) կկայանա Բաքվում։
Հիշեցնում ենք ձեզ, որ Արցախի հայաթափումից երկուսուկես ամիս հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, Դուբայում կայացած COP28 լիագումար նիստի որոշումը հաջորդ համաժողովը Բաքվում անցկացնելու մասին՝ Բաքվի ռեժիմի առաջնորդը գնահատել է որպես իր՝ Արցախի հայության դեմ արարքին բարձր աջակցություն։ Իհարկե, միջազգային կառույցների լռությունը թույլ է տալիս ավտորիտար այդ առաջնորդին թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ի լայնամասշտաբ ագրեսիան, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի՝ տաս ամիսներ տևած սովամահության շրջափակումից հետո ռազմական ագրեսիան, դրան հետևած 150 հազար հայերի դեմ տարված ցեղասպանությունն ու հայրենազրկումը, ուժի կիրառումը «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար, Արցախի հայաթափումը` բնորոշել որպես հակաահաբեկչական գործողություն[1], [2], [3]։
Հիշեցնում ենք նաև, որ Հայաստանը նույնպես առաջադրել էր COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին արված համատեղ հայտարարության մեջ ասվել էր, որ Հայաստանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։ Այո՛, Հայաստանը իր թեկնածությունը հանեց, քանի որ դրա արդյունքում կարողացավ տուն վերադարձնել Բաքվում անարդար զնդանված 32 հայ գերի, փրկվեց 32 մարդու կյանք ու առողջություն։
Բաքվի հայատյաց առաջնորդը ոչ միայն արհամարհում է միջազգային օրենքն ու միջազգային դատարանների որոշումները, այլև ի սպառ ոտնահարել է 2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդյունքում մեծաթիվ հայեր՝ զինվորներ, Արցախի Հանրապետության քաղաքական իշխանավորներ, շարքային հայեր այսօր գտնվում են գերեվարության մեջ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի երրորդ ագրեսիան չճանաչված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ և տարածքների օկուպացիան, մահվան սպառնալիքի տակ խաղաղ բնակչության բռնի տեղահանումը, այնուհետև օկուպացիայից դուրս մնացած տարածքներում խաղաղ բնակչության դեմ տասն ամիս ձգված տոտալ շրջափակումն ու նրանց սովամահության մատնելը, և դրանից հետո էլ արդեն 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին բնակչության դեմ չորրորդ ագրեսիայով ցեղասպանության իրականացումն ու Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափումը (Արցախի Հանրապետության տարածքում այլևս հայեր չկան), ապա դրանից հետո համաշխարհային հանրության ներողամիտ վերաբերմունքը Ալիևի նկատմամբ, ով խոստովանել էր, որ իրավացի էր, երբ ասում էր, թե ինքը հակամարտությունը կլուծի ուժով, քաղաքական հարցերը բիրտ ուժի միջոցով լուծելու ձգտող բռնապետերի համար ընկալվում է կանաչ լույս։
Այնուամենայնիվ, COP29-ի գագաթնաժողովը պետք է անցկացվի ավտորիտար, նավթ արդյունահանող երկրում, երկիր, որի արտանետած ջերմոցային գազերը մեծ ներդրում ունեն կլիմայի գլոբալ փոփոխման մեջ, բայց որը իր իսկ արտանետած ջերմոցային գազերից ստանում է միլիարդավոր դոլարներ, որով զինվում է, որ հետո հանգիստ ու անարգելք ջախջախի ժողովրդավարության կղզյակ, չճանաչված Արցախի Հանրապետությանը, հայաթափ անի այդ փոքրիկ երկիրը, իրենց տներից սպանելով, բռնաբարելով, մորթելով քշել շուրջ 150 հազար հայի։
Արտանետված ջերմոցային գազերով ավտորիտար Բաքվի առաջնորդը կուտակում է միլիարդներ, որ կաշառի անվստահ Արևմուտքին ու արհամարհի միջազգային դատարանի որոշումները, ցինիկաբար հայտարարի, թե միջազգային օրենքը չի գործում, ու միայն իր «երկաթե բռունցքն» է հարց լուծում։
Ահա, թե ինչ վնասներ են հասցնում անհամաչափ արտանետվող այդ ջերմոցային գազերը. ավերում են եվրոպական և համամարդկային արժեքները, ավերում են փոքր ժողովրդներին հանուն անծայրածիր բարեկեցության, ավերում են բնությունը, անտառը, Կասպիցի ջրերը։
Ու ոչ միայն ջերմոցային գազերը։ Լպիրշ ու անպատիժ կանոններ թելադրող Բաքվի առաջնորդը 2020 թվի սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախի անտառները ավերեց սպիտակ ֆոսֆորով, հետապնդելով այդ անտառներում թաքնված հայերին, ու դա ուղիղ շարունակությունն էր 1992 թվի հունիսի 12-13-ի, երբ Բաքուն հայաթափում էր Շահումյանի շրջանը ու կիրառեց ֆոսֆոր, ու ոչ մի պատիժ, նույնիսկ այն միջազգային կառույցների կողմից, որոնք ներկայանում են որպես բնության խնդիրներով մտահոգ կազմակերպություններ։ Ահա թե որտեղից Բաքվի մարդասպան առաջնորդին միջազգային իրավունքի ամուլ լինելու մասին պատկերացումները, ահա թե որտեղից դրան այդ «դրական» փորձը։
1958-1980 թվերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում արտադրվել է 24000 տոննա DDT և 181 տոննա լինդան։ Բացի այդ, արտադրվել է նաև հեքսաքլորան։ 1989-1991 թվականների ընթացքում մոտ 8000 տոննա հնացած և արգելված թունաքիմիկատներ, հիմնականում DDT և հեքսաքլորան առաքվել է Բաքվից 53 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայր: Հետագայում այն մնացել է առանց մասնագիտացված պաշտպանության։ Թունաքիմիկատների մեծ մասը թալանվել է տեղի բնակչության կողմից։ Ներկայումս տեղանքում առկա է ընդամենը 4000 տոննա թունաքիմիկատ։ Տասնյակ հազարավոր արգելված քլորօրգանական այդ թունաքիմիկատները մեծ «միգրացիա» են ապրել, ստվերային վերավաճառվել Ռուսաստանում, Հարավկովկասյան ռեգիոնում։ 1984-2004 թվերին 100 անուն թունաքիմիկատներից 18735 տոննա արտադրվել է Ադրբեջանում, և ներկրվել է 429 586 տոննա թունաքիմիկատ[4]։ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ տարեկան մոտ 500 տոննա թունաքիմիկատ է ներմուծվում Ադրբեջան, իսկ ըստ ԵԱՀԿ-ի տվյալների` դրանց մի մասը արգելված թունաքիմիկատներ են՝ DDT, հեքսաքլորան, իզոֆեն, նատրիումպրոֆինատ, քլորոֆոսը և այլն[5]։ Արգելված այդ թունաքիմիկատներով հագեցած ջրերով էին ջրում անգամ Բաքվի տները[6]։ Արգելված կայուն օրգանական աղտոտիչները հայտնաբերվել են նաև արտահանվող մրգերում[7]։
Ալիևների ընտանիքը ոչ միայն միլիարդներ է կուտակում անգամ արգելված կայուն օրգանական աղտոտիչների կիրառումից ու «սև ոսկուց», այլև «սպիտակ ոսկուց», ու հոգ չէ, որ անհայտ ծագման թունաքիմիկատներով ապականում են բամբակի դաշտերը նույնիսկ կանանց աշխատանքին զուգահեռ [8]։
Բաքվի մարդատյաց ռեժիմի համար գրոշ գին ունի մարդու կյանքը, կարևորը «սև ոսկուց» ու «սպիտակ ոսկուց» կուտակած միլիարդներն են, իսկ խախտումները աղաղակող են, հղփացած Բաքուն արագ և հաջող է խեղդում նման աղաղակները։ Բաքուն ունի մարդու իրավունքների ոտնահարման ցնցող պատմություններ, ինչպես բնապահպանական բողոքի ցույցեր ճնշելը և լրագրողների ձերբակալությունները:
Չճանաչված Արցախի Հանրապետության դեմ տարված ցեղասպանությունից արդեն երեք ամիս հետո Բաքվի ռեժիմը հայտարարում է, որ Արցախի օկուպացված տարածքները վեր է ածում կոշտ կենցաղային աղբի պոլիգոնների ու վերբեռնման կետերի[9]։ Մյուս կողմից Բաքուն Նախիջևանի Քենգերլի շրջանի Բեյուքդյուզ գյուղի 9 հա տարածքում արդեն այս տարվա հուլիս ամսին բացում է վտանգավոր թափոնների պոլիգոն[10]։
Փաստացի կոռումպացված Բաքուն, օգտվելով միջազգային հանրության աստվածամերժ անտարբերությունից, ցինիկաբար նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում ոչ միայն Արցախի հայությանը՝ նրանց վերադարձը իրենց տներ արգելափակելով աղբի կույտերով, այլև այդ կույտերով հերթական ոտնձգությունն է անում ավտոխտոն հայության մշակութային ժառանգության դեմ, ու վերջնական վտանգի տակ է դնում տարածաշրջանի էկոլոգիական որակը։ Ու կրկին հարցեր՝ Նախիջևան ի՞նչ վտանգավոր թափոնները են պատրաստվում տանել, որտեղի՞ց, ո՞ր երկրից, ինչպե՞ս է տեղափոխվելու տվյալ վայր, ի՞նչ հեռավորության վրա է գտնվում այն սահմանակից երկու պետություններից։ Չի՞ ծառայի, արդյոք, նման պոլիգոնը «կեղտոտ միջուկային զենք»-ի համար, այդ դեպքում ու՞մ դեմ։
Մի հիշեցում ևս. 1989-2006 թթ. Նախիջևանում ոչնչացվեցին վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր և այլ հուշարձաններ, որոնց թիվը 27 հազարի է հասնում[11], հայկական հետքը ի սպառ վերացված է, դրա մասին տեղյակ են ՄԱԿ-ում։
Ու կարևոր մի հարց՝ որքանո՞վ է հավանական, որ կոռումպացված, ցինիկ ու միջազգային օրենք ու որոշում ոտնահարող պետական միավորը կհետևի, ասենք, վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիային կամ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին կոնվենցիային, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային, ՄԱԿ-ի համակարգի մեջ ՄԱԳԱՏԷ-ի որոշումներին և այլն։
Հիշեցնում ենք, որ երբևէ ավտորիտար, քսենոֆոբիայով տառապող, կոռուպցիայի մեջ խրված պետությունը չի կարող վարել նորարարական տեխնոլոգիաներով գործունեություն, դա անհնար է, այստեղից էլ հետևում է, որ Բաքուն արհամարհական կշրջանցի բոլոր այդ կոնվենցիաները և պոլիգոններում կվարի իրեն հարիր ու բնորոշ կողոպտիչ և վայրագ գործունեություն, ինչը կստեղծի տեխնածին, տարատեսակ վթարների ու աղետների սպառնալիքներ ողջ տարածաշրջանի համար։
Ահա սա է այն ռեժիմի նկարագիրը, որտեղ պետք է նոյեմբերի 11-ից 24-ը կայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP29)։
«Մեզնից հետո թեկուզ ջրհեղե՛ղ»,-ահա ալիևների կլանի կյանքի ուղերձը, որը անշուշտ Բաքվի շլացնող փայլի տակից կաղաղակի ողջ COP29-ի ընթացքում, նաև Բաքվից շատ հեռու, որտեղ այսօր արդեն ահագնանում է ջերմացող կլիման։
Արդյո՞ք, չի ոտնահարվում հանրային վստահությունը, մարդու կյանքը, մարդու միջավայրի վիճակը, մարդու իրավունքները, բնությունը, երբ կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերը նման գլոբալ միջոցառումը թույլ են տալիս անցկացնել Բնությունը և նրա օրենքները ավերող ռեժիմի վերահսկողության տակ գտնվող վայրում։
Բնությունը ի վիճակի չէ ընդվզել համամարդկային այս կեղծ իրողությունների, պիղծ գլոբալ միջոցառումների դեմ, նրան մնում է մի ելք՝ արտանետվող ջերմոցային գազերի օր-օրի ահագնացող քանակներին պատասխանել կլիմայի անկայունությամբ ու տեխնածին աղետներով։
Մենք Մայր բնության հետ միասին ընդվզում ենք կեղծ ու աստվածամերժ այդ որոշման դեմ՝ անցկացնել COP29-ը հակամարդ Բաքվի ճիրաններում և պահանջում ենք կասեցնել ու վերանայել այն։
Ուզում ենք հավատալ, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարությունը անաչառ կլինի ու հավատարիմ կլինի Բնությանն ու նրա խնդիրների լուծմանը ու կմերժի COP29-ը Բաքվում անցկացնելու հրեշավոր ծրագիրը։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
«Հանուն Հադրութի» ՀԿ
«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
Նամակին կարող են միանալ ՀԿ-ներ և անհատներ։
[1] https://www.youtube.com/watch?v=svOixQaF1D0&t=254s
[2] https://1news.az/news/20240417123042743-COP29-O-tom-kak-v-noyabre-Baku-stanet-tsentrom-mira-i-chto-eto-dast-Azerbaidzhanu-VIDEO
[3] https://azertag.az/ru/xeber/chto_takoe_cop_i_chto_dast_azerbaidzhanu_provedenie_cop29-2875741
[4] http://www.ecoaccord.org/pop/ipep/azreport.htm
[5] http://www.turan.az/ext/news/2018/6/free/Want%20to%20Say/ru/73178.htm
[6] https://news.day.az/society/126089.html
[7] https://regnum.ru/news/798827
[8] https://www.bbc.com/russian/news-44552634
[9] https://azertag.az/ru/xeber/v_osvobozhdennyh_ot_okkupacii_raionah_vydeleny_territorii_pod_stroitelstvo_poligonov_othodov_i_perevalochnyh_punktov-2889664?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0SFlOAdgwD2pvHwjOzph9mc3Al3bJC4cxXSBB4N0EZKonMfsH35GFCeks_aem_TpHZPGu0-K1bigpNo2AzDQ
[10] https://report.az/ru/infrastruktura/v-nahchyvane-budet-sozdan-novyj-poligon-dlya-obezvrezhivaniya-opasnyh-othodov/
[11] Արգամ Այվազյան, Նախիջևանի նյութական և մշակութային ժառանգությունը/հայերեն, անգլերեն, ռուսերեն/, Եր․, 2024, 1072 էջ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: