Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը

  • 14:54 18.07.2024

Հեղուկ գազի գինը հիմա 190-200 դրամ է դարձել, սկսեց բարձրանալ հուլիսի 1-ից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա խոսքով՝ մայիսին նույնիսկ առանձին գազալցակայաններ գինը սահմանել էին 30-35 դրամ, բայց հիմնականում մայիսին 90 դրամ էր:

Տնտեսագետի կարծիքով՝ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է լոգիստիկայի խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ Վերին Լարսի անցակետը տարվա այս շրջանում բավականին ծանրաբեռնված է աշխատում, խցանումներ են լինում, և նույն հեղուկ գազի տարանցման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ»,- նշեց նա:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հեղուկ գազի  շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի  սուբյեկտների միջև գրեթե անհնար է։

Նշենք նաև, որ առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին  բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ` կախված տնտեսավարողից և ներմուծման ամսաթվից։

Ընդ որում, նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են և համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող  հեղուկ գազի գնային բարձրացումներին:

f