ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ («10 մլն դրամ վկայագրեր») և 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ (40+10,000) որոշումներով սահմանված շահառուների ցանկերում առկա խնդիրների մասին:
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման՝ այն ընտանիքները, ովքեր ստանում են «10 մլն դրամ վկայագրեր» զրկվում են (40+10,000) սոցիալական աջակցությունից:
Կարելի է առանձնացնել 3 հիմնական խնդիր`
1. «10 մլն դրամ վկայագիր» ստանալու համար դիմողը պետք է էլեկտրոնային տարբերակով դիմում ներկայացնի միասնական սոցիալական ծառայություն։ Ստացված դիմումի մշակման արդյունքում, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջվարչակազմի ղեկավարի և համայնքների ղեկավարների տրամադրած շահառուների տվյալները, 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշման պահանջներին բավարարող դիմողն ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ:
Ներկայումս բազմաթիվ ընտանիքներ շահառուի կարգավիճակ են ստացել առանց դիմելու, ինչն էլ խոչընդոտում է օգտվել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ հատկացվող սոցիալական աջակցությունից (40+10,000)։
2. ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմանբ սահմանված շահառուները ՀՀ-ից ԱՀ վերաբնակեցված ընտանիքներն են։
Ներկայումս շահառուների ցուցակներում հայտնվել են Ադրբեջանի Հանրապետությունից փախստական ընտանիքներ, ովքեր երբևէ ՀՀ հաշվառում չեն ունեցել:
3. Եթե շահառու ընտանիքը Արցախի Հանրապետությունում բնակտարածք է ստացել, ապա չի կարող լինել «10 մլն դրամ վկայագրի» շահառու: 2024 թվականի փետրվարի 15-ի N 210-Լ որոշմամբ փոփոխություն է իրականացվել և վերոնշյալ կետն ուժը կորցրել է, ինչի արդյունքում, առանց էլեկտրոնային դիմում ներկայացնելու, շահառուների ցուցակներում են հայտնվել ընտանիքներ, որոնք Արցախի Հանրապետությունում բնակտարածք էին ստացել:
Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 28֊րդ հոդվածի 2֊րդ մասի` դա վատթարացնող նորմ է, և հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Ելնելով վերոգրյալից՝ թվարկված ընտանիքները չեն կարող լինել «10 մլն դրամ վկայագրի» շահառու և կարող են օգտվել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ սահմանված սոցիալական աջակցությունից (40+10,000), ինչպես նաև բնակարանային ապահովման 2-5 մլն դրամ աջակցության ծրագրից։
Խնդրի մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղյակ են, և կարծում եմ, առաջիկա օրերին հարցին լուծում կտան:
Հ.Գ. Ամեն դեպքում խնդիրը կլուծվի, ուղղակի հարց է թե ինչ ճանապարհով: