Արդեն մի քանի օր է, ինչ համացանցի ադրբեջանական հատվածում շրջանառվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի վանդալը քայլում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի պղծված տապանաքարի վրայով։
Եթե այդքան անտանելի ցավալի չլիներ, կարելի էր ասել, որ արցախցիներն արդեն վարժվել են բարբարոսների կողմից նման վայրագություններ տեսնել 2020 թվականից։ Այն ժամանակ համացանցում ինտենսիվ կերպով տեղադրվում էին խաղաղ բնակիչների դաժան սպանության տեսագրություններ (Հադրութի մերձակա Վարդաշատ գյուղում ծերունու և բուն Հադրութի բնակչի գլխատումը, Հադրութի կենտրոնական հրապարակում երկու տղամարդու գնդակահարությունը և այլն), ինչպես նաև բնակելի շենքերի ավերումն ու կողոպուտը։ Ավելի ուշ հայտնվեցին կադրեր, որտեղ ավազակները և ահաբեկիչները ջարդուփշուր են անում արցախյան առաջին պատերազմում զոհվածների լուսանկարները, պղծում օկուպացված տարածքում խաղաղ բնակիչների տապանաքարերն ու գերեզմանները: Դաժանություններ եղան նաև ճարտարապետամշակութային հուշարձանների, պատերազմներում զոհված արցախցիների պատվին հուշարձանների հանդեպ։
Զավթելով ողջ Արցախը և վտարելով նրա բոլոր բնակիչներին՝ Ալիևը ցույց է տալիս աշխարհին, որ ադրբեջանական կողմը նպատակաուղղված ոչնչացնում է Արցախում հայության դարավոր բնակության բոլոր խորհրդանիշները։ Բայց առանձնահատուկ ցինիզմով ոչնչացվում են Արցախում հայերի ինքնիշխան իրավունքների խորհրդանիշները՝ խորհրդարանի շենքը, իսկ այժմ նրա առաջին նախագահի՝ Արթուր Մկրտչյանի տապանաքարը։
Դատելով ահաբեկիչների տրամաբանությունից՝ նրանք Արցախի ժողովրդի մեջ ձգտում են սպանել այն ամենն, ինչ կապված է նրա ինքնորոշման և հանուն ազատության պայքարի հետ, որը նրանք հաղթեցին իրենց լավագույն որդիների և դուստրերի կյանքի գնով։
Դեռ ավելի վաղ՝ մոտ երկու ամիս առաջ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկին զուգահեռ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարօրինակ տեղեկություններ հայտնվեցին, որոնք թարգմանվեցին մեր թշնամիների լեզվով խոսող մարդկանց կողմից։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը, չգիտես ինչու, հանկարծ հիշեց ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, այն էլ՝ փաստերի խեղաթյուրմամբ։
Ներկայացնենք ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի նյութից մի հատված, որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչի մասին է խոսքը։
«Բազմաթիվ միջադեպերի մանրամասներ՝ սկսած պատուհանից նետված նռնակի պայթյունից, որի հետևանքով զոհվել է ղարաբաղցի անջատողականների առաջին առաջնորդ Արթուր Մկրտչյանը (ինչպես գիտեք, Արթուր Մկրտչյանի մահը որակվել է որպես ինքնասպանություն ատրճանակից սեփական բնակարանում, խմբ․), որը թույլ տվեց Քոչարյանին դուրս գալ առաջատար դիրք և ավարտվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի արդյունքում Քոչարյանի ամենահզոր հակառակորդները՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, սպանվել են, մտածելու շատ տեղիք են տալիս։
Բայց շատ ավելի վտանգավոր է Հայաստանում իրավիճակի ներկայիս լայնածավալ ապակայունացումը, որը կարող է այս երկիրը վերածել երկրորդ Լիբանանի՝ բոլորի դեմ բոլորի քաղաքացիական պատերազմով, որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրը կունենա իր արտաքին խաղացնողին։
Եվ եթե իրավիճակը հասնի «կարմիր գծին», Ադրբեջանն ու Թուրքիան կարող են մտածել իրենց սահմանափակ զորակազմը Հայաստանի տարածք մտցնելու մասին՝ իրավիճակը կարգավորելու համար”։
Նախ՝ որտեղի՞ց ադրբեջանական կողմին տեղեկությունը, որ նռնակ է նետվել պատուհանի մեջ, և Մկրտչյանը մահացել է դրա պայթյունից։ Մինչ այժմ նման վարկած ոչ մի տեղ չի հնչել։ Տարիների ընթացքում բոլորը գիտեին, որ Արթուր Մկրտչյանը մահացել է (իր վրա կրակել կամ սպանվել է) ատրճանակից։
Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը 2024-ի Երևանի իրադարձությունները կապում 1992-ի և 1999-ի դեպքերի հետ։ Ադրբեջանական կողմն ունի՞ ապացույցներ Արթուր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի սպանությանը Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Իսկ ինչու՞ «Հայաստանում իրավիճակի ապակայունացումը, որը կարող է այս երկիրը վերածել երկրորդ Լիբանանի, այդքան ոգևորել ֆաշիստական կազմավորմանը։
Ինչպե՞ս են Հայաստանում և Արցախում կյանքի տարբեր ժամանակաշրջանների այս բոլոր իրադարձությունները կապված և ի՞նչ առնչություն ունեն Բաքուն և Անկարան այս բոլոր իրադարձությունների և Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակի հետ։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներկայիս վերնախավը, ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի եթե ոչ լիակատար վերահսկողության, ապա անհավանական ճնշման ու ազդեցության տակ է, որը նպատակ է դրել ոչնչացնել հայկական պետականությունը։ Գաղտնիք չէ նաեւ, որ Ռուսաստանը Թուրքիային բերել է Հարավային Կովկաս՝ նրա հետ կիսելու համար։
Նույն իրավիճակը կար 90-ականներին, բայց այն ժամանակ արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդները ձգտում էին անկախանալ Ռուսաստանից և ադրբեջանա-թուրքական տանդեմից։ Այո, դա մեզ շատ չարչարանքներ արժեցավ (Արցախի և Շաումյանի տոտալ շրջափակում, Օղակ օպերացիա, Գետաշենի, Շաումյանի և բուն ԼՂ տարածքների մի մասի կորուստ, պատերազմ), բայց մենք դիմացանք կայսերական հավակնությունների գրոհին։ Եվ գոյատևեցինք մեծ մասամբ Արթուր Մկրտչյանի նման անհատականությունների շնորհիվ։ Գուցե, դրա համար էլ նրան «հեռացրին»: Իսկ ո՞վ է դա արել։
Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները կարող են լույս սփռել Արցախի կորստի, գործող իշխանության՝ Արցախը Հայաստանի մաս չընդունելու, Արցախի ժողովրդի հանդեպ արհամարհական վերաբերմունքի և 90-ականներից սկսած բոլոր անախորժությունների մեջ նրան մեղադրելու վրա։ Եվ, որ ամենակարեւորն է, ի՞նչ դեր ունեն այստեղ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Բայց, ավաղ, պատասխաններ չեղան, այսօր էլ չկան։
Ըստ ամենայնի, արցախցիներին պետք է ամեն ինչ ինքնուրույն պարզել։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: