Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնումից հետո ոչ միայն միջպետական ճանապարհն ու ինտերնետ մալուխը (որն, ի դեպ, արդեն ստիպված են եղել տեղափոխել), այլեւ գազատարը, որով Ռուսաստանից գազը հոսում է Հայաստան, վտանգի տակ է։ Փորձագետները չեն կասկածում, որ ինչ-որ պահի ադրբեջանական կողմը կդադարեցնի գազի մուտքը Հայաստան, ինչպես դա արեց 2 տարի առաջ Արցախում։ Այլընտրանքը ադրբեջանական գազն է (որը նույնպես կվերահսկի Բաքուն) և իրանական գազը։
Բացի այդ, Հայաստանի գազային բոլոր ենթակառուցվածքները պատկանում են Ռուսաստանին, և Հայաստանին գազ մատակարարելու ցանկացած գործարք պետք է ինտեգրված լինի «Գազպրոմին»:
Մոսկվան վստահ է, որ Բաքուն կդադարեցնի գազը Հայաստանին, և այլ տարբերակներ է փնտրում։ Սկզբում կար ռուսական գազը Հայաստան, նույնիսկ Եվրոպա ադրբեջանական ապրանքանիշով կամ սվոպով տանելու տարբերակ։ Սակայն Թուրքիան, ըստ երեւույթին, պատժամիջոցների վախից ելնելով, նվազեցրել է գազի գնումները ռուսներից։
Լուրեր են հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին գազ մատակարարել 75 տոկոս զեղչով՝ եվրոպական և թուրքական շուկաների գնի համեմատ։ Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, երկրները քննարկում են պայմանագիր կնքելու հնարավորությունը, որով «Գազպրոմը» օրական 300 մլն խմ գազ կմատակարարի իրանական շուկա, ինչը Թեհրանին կարժենա տարեկան 10-12 մլրդ.։ Այսպիսով, վառելիքի արժեքը կկազմի մոտ $100 1000 խորանարդ մետրի համար, ինչը կլինի ամենացածր մակարդակը նշված ռուսական ընկերության բոլոր հաճախորդների շրջանում։
Եվրոպական և թուրքական շուկայում ռուսական գազը վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց 400 դոլար գնով։ Նույնիսկ Չինաստան ռուսական վառելիքը մատակարարվում է հազար խորանարդ մետրի համար 260 դոլար գնով։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 165 դոլարով։
Քննարկվող պայմանագրի պայմանները ենթադրում են տարեկան 110 մլրդ խմ մատակարարում։ Սա «Գազպրոմի» գրեթե ողջ ավելցուկային գազն է, որը գոյացել է եվրոպացի հաճախորդների կորստից հետո:
Հայաստանը տարեկան օգտագործում է ընդամենը մոտ 2 մլրդ խմ, և հնարավոր է, որ ռուսական գազը Իրանի տարածքով սկսի Հայաստան հոսել իրանական գազի անվան տակ։
Հարցն այն է, թե արդյոք «Գազպրոմը» կպահպանի Հայաստանի ներքին ենթակառուցվածքների իրավունքները, եթե ռուս-հայկական գազամատակարարման պայմանագիրը պաշտոնապես խզվի։